Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-686-23.10.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ի ՀՕ-112 օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 11-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-րդ եւ 1.2.-րդ մասերով.

«1.1. Հայաստանի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտն ունի բանակցային ուժեղ դիրք, եթե վերջինիս հասույթի չափը գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում կամ վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը, իսկ գյուղատնտեսական արտադրանք իրացնող տնտեսավարող սուբյեկտի հասույթի չափը գյուղատնտեսական արտադրանքի գնման պայմանագրի կնքման պահին նախորդող 12 ամսում կամ վերջին ֆինանսական տարում չի գերազանցել Հանձնաժողովի որոշմամբ սահմանված հասույթի չափը:

1.2. Գյուղատնտեսական արտադրանք իրացնող ֆիզիկական անձանց դեպքում Հանձնաժողովը հասույթի չափ չի դիտարկում:»:

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասում.

1) 7-րդ կետում «ցանցերում» բառը փոխարինել «օբյեկտներում» բառով.

2) 8-րդ կետի «գ» պարբերությունում «առեւտրային ցանցի» բառը փոխարինել «բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի» բառով.

3) 11-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«11) բանակցային ուժեղ դիրք ունեցող գյուղատնտեսական արտադրանք ձեռք բերող տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվարկային փաստաթղթերով կամ պայմանագրով նախատեսված վճարումների չիրականացումը՝ մատակարարի կողմից  հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման, իսկ հաշվարկային փաստաթուղթ դուրս գրած չլինելու դեպքում՝ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման պահից 30 օրացուցային օրվա ընթացքում.»:

4)  լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-14-րդ կետերով.

«12) եթե բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտը մատակարարի նկատմամբ թույլ է տվել «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 15.12-րդ հոդվածով սահմանված վճարումների իրականացման 3 միլիոն կամ ավել դրամի չափով 90 օրացուցային օր կամ ավել ժամկետով կետանց.

13) «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի 4.4-րդ գլխով նախատեսված առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ արդար առեւտրի կանոնների խախտում թույլ տալը, որը հանգեցնում է կամ կարող է հանգեցնել տնտեսական մրցակցության կանխմանը, սահմանափակմանը, արգելմանը կամ անբարեխիղճ մրցակցությանը, ինչպես նաեւ վնասել սպառողների շահերը.

14)  այլ գործողություն կամ վարքագիծ, որը պարունակում է սույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշները:»:

Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածի.

1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1) իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում, միջազգային եւ այլ կազմակերպություններում, համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, ինչպես նաեւ միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ, այդ թվում՝ կնքելով հուշագրեր եւ իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթեր.»:

Հոդված 4. Օրենքի 37-րդ հոդվածում.

1) 1-ին մասի 33-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«33) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա իրականացնում է Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված ընթացակարգային առանձին գործողություններ.».

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 34-րդ եւ 35-րդ կետերով.

«34) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում բանակցային ուժեղ դիրք ունեցող ձեռք բերողի եւ իրացնողի անհրաժեշտ հասույթի չափերը.

35) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:».

3) 2-րդ մասում «13-31-րդ» բառերից հետո լրացնել «եւ 34-րդ» բառով:

Հոդված 5. Օրենքի 59-րդ հոդվածի 4-րդ մասում «տեղեկացվում է» բառերից հետո լրացնել «երեք օրվա ընթացքում» բառերը:

Հոդված 6. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Ներկայացված դիմումը սույն օրենքի պահանջներին չհամապատասխանելու դեպքում չի քննարկվում, որի մասին Հանձնաժողովի նախագահի գրությամբ դիմում ներկայացրած անձը տեղեկացվում է երեք օրվա ընթացքում:» նախադասությունը:

Հոդված 7. Օրենքի 63-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 63. Վարչական վարույթի ժամկետը

1. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի եւ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների ժամկետը վեց ամիս է:

3. Հանձնաժողովի որոշման դեմ բերված վարչական բողոքի հիման վրա իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է, բացառությամբ՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավախախտումներով կայացված Հանձնաժողովի որոշումների դեմ բերված վարչական բողոքների, որի ժամկետը վեց ամիս է:

4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը որոշվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով:

5. Եթե Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթը վերաբերում է մեկից ավելի իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը սույն հոդվածի 2-րդ մասում նշված իրավախախտում է կամ այդպիսի գործով կայացված որոշման դեմ բերված վարչական բողոք, ապա այդ վարչական վարույթի ժամկետը վեց ամիս է:

6. Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարչական վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչեւ երեք ամսով:»:

Հոդված 8. Օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «3-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով:

Հոդված 9. Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասում.

1) «ժամկետում» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի երկարաձգման դեպքում՝ երկարաձգված ժամկետում,» բառերը.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Այն դեպքում, երբ իրավախախտման հետեւանքները վերացնելն անհնար է, իրավախախտման հետեւանքները վերացված լինելու պայմանն իրավախախտման փաստի ընդունման դեպքում համարվում է առկա:»:

Հոդված 10. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 1-ին հոդվածի եւ 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:

2. Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում բանակցային ուժեղ դիրք ունեցող ձեռք բերողի եւ իրացնողի անհրաժեշտ հասույթի չափերը սահմանող Հանձնաժողովի որոշումն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:

3. Սույն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերով սահմանված ժամկետները մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած պարտավորությունների դեպքում հաշվարկվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ  ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

1) Վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում եւ ընդլայնվում է խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը: Առեւտրային ցանցերի մուտքը, մի կողմից, դրական ազդեցություն է ունեցել սպառողների շահերի տեսանկյունից՝ բարձրացնելով սպասարկման որակը, ապահովելով ապրանքների պահպանման պայմանները, գնումներ կատարելու համար առավել հաճելի միջավայրը, սակայն մյուս կողմից հանգեցրել է սպառողական ապրանքների կենտրոնացմանը: Մասնավորապես, մանրածախ առեւտրի ոլորտում առեւտրային ցանցերի բաշխվածությունն ու իրացման մեծ ծավալներն անհամաչափություն են ստեղծում առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ գոյություն ունեցող բանակցային դիրքերի միջեւ, ինչն էլ իր հերթին առաջ է բերում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առեւտրային ցանցերի կողմից մատակարարների ընտրության հարցում խտրական մոտեցումների ցուցաբերումը, խտրական զեղչային քաղաքականության կիրառումը, գների անհիմն տատանումները, մատակարարներին իրականացվող վճարումների հետաձգումները, նոր տնտեսավարող սուբյեկտների մուտքի սահմանափակումը եւ այլն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել հավասարակշռելու առեւտրային ցանցերի եւ մատակարարների շահերը, զսպելու հնարավոր ռիսկերը եւ ապահովելու բարեխիղճ, արդար եւ մրցակցային միջավայր:

Բացի այդ, առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ արդար առեւտրի կանոնների բացակայության պայմաններում տուժում են հատկապես գերփոքր, փոքր եւ միջին ընկերությունները, որոնք իրենց բանակցային թույլ դիրքից ելնելով ստիպված են լինում համաձայնել փաստացի առաջարկվող պայմաններին կամ կորցնել իրենց արտադրանքը սպառող խոշոր գործընկերներին:

Հարկ է նկատի ունենալ, որ վերոշարադրյալ խնդիրներն արձանագրվել են նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաեւ՝ Հանձնաժողով) կողմից առեւտրային ցանցերի գործունեության ոլորտում 2021 թվականին իրականացված ուսումնասիրության շրջանակներում (ուսումնասիրությունը հասանելի է հետեւյալ հղմամբ՝ http://competition.am/wp-content/uploads/2022/03/Trading_chains.pdf):

Առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ առկա արդիական խնդիրներից է նաեւ առեւտրային ցանցերի կողմից արդեն իսկ մատակարարված ապրանքների դիմաց վճարման հետաձգումները: Որոշ դեպքերում մի շարք առեւտրային ցանցերին մատակարարված արտադրանքի համար ենթակա վճարների ժամկետները երկարաձգվում են՝ հասնելով մինչեւ մեկ տարվա շեմին, ինչը մատակարար ընկերությունների համար ստեղծում է ֆինանսական խնդիրներ եւ կանխիկի շրջանառության խնդիր:

Ընդ որում, հարկ է նկատել, որ առհասարակ առեւտրային ցանցերի գործունեությունը եւ դրա ժամանակ ի հայտ եկած խնդիրներն ուղղակիորեն ազդում են վերջնական սպառողների վրա: Ամբողջ աշխարհում առեւտրային ցանցերը, առավելություն ստանալով մատակարարների հանդեպ եւ զարգանալով, գրավել են շուկայի մեծ մասը եւ ազդում են սպառողների վրա՝ տեսականու, գնի եւ այլ պայմանների վրա ազդելու միջոցով:

Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները նույնպես ցույց են տալիս, որ առեւտրային ցանցերի եւ մատակարարների շահերը հավասարակշռելու, բարեխիղճ եւ արդար մրցակցային միջավայր ապահովելու համար միջազգային պրակտիկայում ընդունված է կիրառել հետեւյալ իրավական կարգավորումները.

ա) հատուկ  կարգավորումներ՝ մանրածախ առեւտրի շղթայի վերաբերյալ ակտեր (Սլովակիայի Հանրապետություն), առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ բարեխիղճ վարքագծի կանոնագրքեր եւ ուղեցույցներ (Ռուսաստանի Դաշնություն, Պորտուգալիա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա եւ այլ), գյուղատնտեսական ապրանքների եւ սննդամթերքի մատակարարման շղթայում անբարեխիղճ գործարար հարաբերությունների վերաբերյալ, առեւտրային գործարքներում ուշ վճարումների դեմ պայքարի վերաբերյալ դիրեկտիվներ (Եվրոպական միություն) եւ այլն.

բ) մրցակցային օրենսդրություն, որում ներառված են առեւտրային ցանցերի եւ մատակարարների գործողությունների վերաբերյալ հատուկ կարգավորումներ (Եվրոպական միություն, Ավստրիա, Իտալիա, Նորվեգիա, Սերբիա, Ռուսաստանի Դաշնություն, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Խորվաթիա, Ինդոնեզիա եւ այլն).

գ) այլ (մրցակցային օրենսդրությունից բացի) կարգավորումներ՝ սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենքներ (Բելգիա, Պակիստան), քաղաքացիական օրենսգրքեր (Բրազիլիա, Չիլի, Իտալիա), առեւտրի մասին օրենքներ (Խորվաթիա, Չեխիա, Նոր Զելանդիա), մարքեթինգային վերահսկողության մասին օրենքներ (Նորվեգիա)  եւ այլն:

Արդյունքում, նախատեսվում է սահմանել առեւտրային ցանցերի եւ  մատակարարների միջեւ առեւտրի արդար կանոնները, այդ թվում՝ կարգավորել ուշ վճարումների խնդիրը՝ հավասարակշռելու առեւտրային ցանց - մատակարարներ հարաբերությունները:

2) Գյուղատնտեսական արտադրանքի երաշխավորված իրացման եւ վերարտադրության ապահովումը գյուղատնտեսության զարգացման կարեւորագույն ոլորտներից մեկն է: Չնայած նշվածին՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկայում առկա են մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են իրացման շղթայում «պայմանագրային առավելություն» ունեցող կողմի առկայությամբ: Մասնավորապես հաճախ իրացման շղթայում ներգրավված են մի կողմից տնտեսապես ուժեղ բաշխող եւ վերամշակմամբ զբաղվող կազմակերպություն, իսկ մյուս կողմից՝ ավելի թույլ տնտեսավարող սուբյեկտներ կամ ֆիզիկական անձինք, որոնք զբաղվում են  գյուղատնտեսական մթերքի աճեցմամբ: Արդյունքում արձանագրվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ պայմանագիր կնքելուց հրաժարվելը, պայմանագրի համար ուշ վճարելը եւ այլն:

Նշված խնդիրների լուծման արդյունավետ ուղղություններից է այս ոլորտում արդար առեւտրի կանոնների ներդրումը: Այս առումով ուշագրավ է միջազգային փորձը: Այսպես,  Եվրոպական միության 2019 թվականի ապրիլի 17-ի Գյուղատնտեսական եւ սննդամթերքի մատակարարման շղթայում բիզնեսից բիզնես հարաբերություններում անարդար առեւտրային պրակտիկայի մասին 2019/633 դիրեկտիվով ըստ էության սահմանվել են անհրաժեշտ կարգավորումներ՝ պաշտպանելու շուկայի ավելի թույլ մասնակիցներին: Դիրեկտիվով առանձնացվել են անարդար առեւտրի կանոնների ոչ սպառիչ ցանկ, որպեսզի արգելվեն արդար եւ արդյունավետ պայմանների սահմանափակման դեպքերը, պայմանագրի կնքումից հետո դրա միակողմանի փոփոխությունները եւ այլն: Դիրեկտիվի հիման վրա նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսված են նաեւ մի շարք ԵՄ անդամ պետություններում, այդ թվում՝ Լեհաստանի Հանրապետությունում, Հունաստանի Հանրապետությունում եւ այլն:

Վերոնշյալի հաշվարկմամբ՝ նախատեսվում է կարգավորել գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում գնորդի կողմից ուշ վճարման խնդիրը, որը պայմանավորված է իրացման շղթայում «պայմանագրային առավելություն» ունեցող կողմի առկայությամբ:

3) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 19-րդ հավելվածի 22-րդ կետի համաձայն՝ պայմանագրի XVIII մասի եւ սույն Արձանագրության իրականացման նպատակով անդամ պետությունների լիազոր մարմինների միջեւ համագործակցությունն իրականացվում է (...) առանձին ընթացակարգային գործողություններ կատարելու վերաբերյալ հարցումներ ուղարկելու եւ հանձնարարականներ տալու (...) միջոցով:

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 19-րդ հավելվածի 61-րդ կետի համաձայն՝ (...) Հանձնաժողովն իրավունք ունի անդամ պետությունների լիազոր մարմիններին ուղարկելու հիմնավորված միջնորդություն՝ հետեւյալ ընթացակարգային գործողություններն իրականացնելու վերաբերյալ՝

հարցաքննել այն անձանց, որոնց առնչությամբ իրականացվում է քննությունը, կամ որոնց առնչությամբ ուսումնասիրվում է գործը, ինչպես նաեւ վկաներին.

պահանջել քննության կամ գործով վարույթի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը.

զննել այն անձի տարածքները, շինությունները, փաստաթղթերը եւ առարկաները, որի նկատմամբ իրականացվում է քննությունը, կամ ուսումնասիրվում է մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործը (բացառությամբ նման անձի բնակավայրի).

հանձնել համապատասխան գործի մասնակիցներին փաստաթղթերը եւ դրանց պատճենները.

փորձաքննություն եւ այլ գործողություններ:

Նման պայմաններում առկա է անհրաժեշտություն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը համապատասխանել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի կարգավորումներին, մասնավորապես՝ հստակ ամրագրել Հանձնաժողովի լիազորությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա իրականացնելու Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված առանձին ընթացակարգային գործողություններ:

4) Հանձնաժողովի նախագահը տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաեւ ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ  պարբերաբար համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում համագործակցության արդյունքներն արձանագրել միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթղթերով: Հարկ է նշել, որ Օրենքի գործող կարգավորումներով Հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթուղթ, այդ թվում՝ հուշագիր ստորագրելու իրավասությունն իրականացվում է որպես օրենքով իրեն վերապահված այլ լիազորությունների շրջանակում: Մինչդեռ անհրաժեշտություն է առաջացել ուղղակիորեն նախատեսել Հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթուղթ, այդ թվում՝ հուշագիր ստորագրելու առանձին հիմքը:

5) Օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը համարվում է արգելված, եթե Հանձնաժողովի կողմից սույն օնքի 72-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման դեպքում համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) կողմից պարտադիր կատարման ենթակա պայմանների եւ պարտավորությունների խախտման հիմքով Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը:

Մինչդեռ, հարկ է նկատել, որ համակենտրոնացման մասնակցի համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ եւ պարտավորություններ սահմանելու վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու վերաբերյալ դրույթն նախատեսված է Օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասում:

6) Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում վարույթով պատասխանողը իրեն վերագրվող իրավախախտման հետեւանքները վերացրած լինելու եւ իրավախախտման փաստն ընդունելու (...) դեպքում կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով: Միաժամանակ, Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ վարչական վարույթի մասնակիցը կարող է գրավոր դիրքորոշում ներկայացնել Հանձնաժողով վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո երկշաբաթյա ժամկետում, որը կարող է երկարաձգվել մինչեւ երկշաբաթյա ժամկետով:

Նման պայմաններում ակնհայտ է, որ իրավախախտման հետեւանքները վերացրած լինելը, իրավախախտման փաստն ընդունելը, ինչպես նաեւ արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելը եւս վարչական վարույթի մասնակցի դիրքորոշում է, որպիսի պայմաններում առկա է աններդաշնակություն Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով եւ 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների միջեւ:

Սահմանվում է նաեւ, որ այն դեպքում, երբ իրավախախտման հետեւանքները վերացնելն անհնար է, իրավախախտման հետեւանքները վերացված լինելու պայմանը համարվում է առկա:

7) Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչեւ երեք ամսով:

Օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի եւ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների ժամկետը վեց ամիս է:

Օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝

1. Հանձնաժողովը վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի գործունեության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն օրենքով:

2. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի համար սույն օրենքով առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում համապատասխան հարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:

3. Հանձնաժողովի վարչական ակտի դեմ բերված բողոքի քննությունը իրականացվում է սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին համապատասխան:

Վերոնշյալ նորմերի առկայության պայմաններում գործնականում առաջանում էր տարակարծություն, օրինակ՝ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահման առնչությամբ վարչական ակտի դեմ բերված բողոքի քննությունը պետք է իրականացվի ընդհանուր կանոնով սահմանված 3-ամսյա ժամկետում, թե 6-ամսյա:

Նման պայմաններում առկա է անհրաժեշտություն խմբագրել համապատասխան դրույթը՝ տարընկալումներից խուսափելու նպատակով:

Հաշվի առնելով վերոնշյալը եւ միջազգային փորձի արդյունքները՝ գտնում ենք, որ առկա է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:

2. Առաջարկվող կարգավորման նպատակը.

1)   «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում  փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.

2)   «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.
  3. Ակնկալվող արդյունքը.

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ նաեւ՝ Նախագծեր) ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի եւ որոշակի օրենսդրական հիմքեր առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունների, ինչպես նաեւ  գյուղատնտեսական արտադրանքների իրացման շուկայի համար, որոնք կնպաստեն արդար առեւտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագծերը մշակվել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա  որոշումից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն