Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 2-րդ հոդվածում.
1) «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թիվը՝ հաջորդող պարբերությունները համապատասխանաբար համարակալելով 1-ից 30 թվերով.
2) «առեւտրի օբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «2.1» պարբերություն.
«2.1) առեւտրային ցանց՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտ.».
3) «ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առեւտուր՝» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.
«2. Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները եւ տերմինները կիրառվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներով, ինչպես նաեւ այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իմաստով:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.4-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 4.4.
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 15.8. Առեւտրային ցանցի եւ մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջները
1. Արգելվում է առեւտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանումը եւ կիրառումը մատակարարների հետ հարաբերությունների հաստատման, ընթացիկ ու դադարեցման գործընթացում, բացառությամբ, եթե դա ունի ողջամիտ եւ օբյեկտիվ տարբերության հիմք, այդ թվում՝ պայմանավորված է տնտեսական պայմաններով (գործոններով) կամ առանձին խմբի կարգավիճակով:
Հոդված 15.9. Առեւտրային ցանցի պաշտոնական ինտերնետային կայքը
1. Առեւտրային ցանցն ունի պաշտոնական ինտերնետային կայք:
2. Առեւտրային ցանցը պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է.
1) հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները եւ սկզբունքները.
2) առեւտրային ցանցի կողմից իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը.
3) առեւտրային ցանցում ապրանքի ցուցադրման պայմանները.
4) մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը:
Հոդված 15.10. Մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները եւ սկզբունքները, նոր մատակարարների մուտքն առեւտրային ցանց
1. Առեւտրային ցանցերը սահմանում են հավանական մատակարարների ապրանքի ընտրության նվազագույն պահանջներ եւ սկզբունքներ: Նվազագույն պահանջները եւ սկզբունքները կարող են սահմանվել ըստ ապրանքատեսակների՝ պայմանով, որ մատակարարի համար ընկալելի լինի տվյալ պահանջի կամ սկզբունքի վերաբերելիությունը կոնկրետ ապրանքատեսակին:
2. Մատակարարի ապրանքի ընտրությունն իրականացվում է առեւտրային ցանցի նախաձեռնությամբ կամ հավանական մատակարարի գրավոր առեւտրային առաջարկի ուսումնասիրության արդյունքում՝ հաշվի առնելով առեւտրային ցանցի կողմից հրապարակած մատակարարի ապրանքին ներկայացվող նվազագույն պահանջները եւ սկզբունքները:
3. Առեւտրային ցանցը գրավոր առեւտրային առաջարկը քննարկում է այն ստանալուց հետո ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ մատակարարի ընտրության համար անհրաժեշտ է լրացուցիչ գործողությունների կատարում (փորձաքննության իրականացում եւ այլն), ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 15 աշխատանքային օրով, եթե նշված գործողության իրականացման համար անհրաժեշտ չէ այլ ժամկետ, որի մասին առեւտրային ցանցը գրավոր եղանակով տեղեկացնում է առեւտրային առաջարկ ներկայացրած հավանական մատակարարին:
4. Առեւտրային ցանցը հավանական մատակարարի ապրանքի ընտրության վերաբերյալ բացասական որոշման մասին գրավոր եղանակով տեղեկացնում է առաջարկ ներկայացնողին՝ հիմնավորելով առեւտրային ցանցի կողմից հրապարակված նվազագույն պահանջներին եւ սկզբունքներին չհամապատասխանելը:
5. Առեւտրային ցանցի կողմից հավանական մատակարարին լրացուցիչ՝ մատակարարման պայմանագրի հետ չկապված ծառայությունների պարտադրումը կամ դրանցից հրաժարվելու հիմքով մատակարարման պայմանագիր կնքելուց հրաժարվելն արգելվում է:
Հոդված 15.11. Առեւտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները
1. Մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Պայմանագիրը առնվազն պարունակում է.
1) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առեւտրային ցանցի կողմից կատարվելիք բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.
2) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը.
3) պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ պայմանագրի դադարեցման եւ միակողմանի լուծման կարգը եւ հիմքերը.
4) պիտանիության ժամկետում չիրացված ապրանքների վերադարձման հնարավորություն նախատեսված լինելու դեպքում, դրա վերադարձման կարգը:
3. Առեւտրային ցանցը պաշտոնական ինտերնետային կայքում կարող է հրապարակել մատակարարների հետ կնքվող պայմանագրի բովանդակությունը:
Հոդված 15.12. Առեւտրային ցանցին մատակարարված ապրանքների համար վճարման իրականացման պայմանները եւ կարգը
1. Առեւտրային ցանցի կողմից մատակարարին վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան.
1) սննդամթերքի համար՝ 30 օրվա ընթացքում.
2) ոչ պարենային ապրանքներ համար՝ 60 օրվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների հաշվարկը սկսվում է օրենքով եւ պայմանագրով սահմանված կարգով մատակարարված ապրանքն ընդունելուց եւ մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման պահից:
3. Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող է սահմանվել սույն հոդվածի 1-ին մասում նախատեսվածից վճարման ավելի սեղմ ժամկետներ:
Հոդված 15.13. Ապրանքների ցուցադրման պայմաններն առեւտրային ցանցում
1. Առեւտրային ցանցը սահմանում է ապրանքի ցուցադրման պայմանները, այդ թվում՝ ապրանքների գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքների առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմանները, ինչպես նաեւ ապրանքի ցուցադրման պայմանները, այդ թվում՝ ցուցադրման տարբերակները եւ դրանց համար սահմանված վճարները:
2. Ապրանքների ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով, որը կարող է լինել նաեւ մատակարարման պայմանագրի մաս:
3. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող պայմանագիրն առնվազն պարունակում է.
1) ապրանքների ցուցադրման նկարագիրը, առանձնահատկությունները եւ ապրանքների առաջխաղացմանն ուղղված միջոցառումների իրականացման պայմանները.
2) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առեւտրային ցանցի կողմից կատարվելիք ցուցադրման պայմաններին առնչվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.
3) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «4.3-րդ գլխի,» բառերից հետո լրացնել «, 4.4-րդ գլխի» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 15.12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած պարտավորությունների դեպքում հաշվարկվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
1) Վերջին տարիներին արագ տեմպերով զարգանում եւ ընդլայնվում է խոշոր առեւտրային ցանցերի գործունեությունը: Առեւտրային ցանցերի մուտքը, մի կողմից, դրական ազդեցություն է ունեցել սպառողների շահերի տեսանկյունից՝ բարձրացնելով սպասարկման որակը, ապահովելով ապրանքների պահպանման պայմանները, գնումներ կատարելու համար առավել հաճելի միջավայրը, սակայն մյուս կողմից հանգեցրել է սպառողական ապրանքների կենտրոնացմանը: Մասնավորապես, մանրածախ առեւտրի ոլորտում առեւտրային ցանցերի բաշխվածությունն ու իրացման մեծ ծավալներն անհամաչափություն են ստեղծում առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ գոյություն ունեցող բանակցային դիրքերի միջեւ, ինչն էլ իր հերթին առաջ է բերում այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են առեւտրային ցանցերի կողմից մատակարարների ընտրության հարցում խտրական մոտեցումների ցուցաբերումը, խտրական զեղչային քաղաքականության կիրառումը, գների անհիմն տատանումները, մատակարարներին իրականացվող վճարումների հետաձգումները, նոր տնտեսավարող սուբյեկտների մուտքի սահմանափակումը եւ այլն:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել հավասարակշռելու առեւտրային ցանցերի եւ մատակարարների շահերը, զսպելու հնարավոր ռիսկերը եւ ապահովելու բարեխիղճ, արդար եւ մրցակցային միջավայր:
Բացի այդ, առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ արդար առեւտրի կանոնների բացակայության պայմաններում տուժում են հատկապես գերփոքր, փոքր եւ միջին ընկերությունները, որոնք իրենց բանակցային թույլ դիրքից ելնելով ստիպված են լինում համաձայնել փաստացի առաջարկվող պայմաններին կամ կորցնել իրենց արտադրանքը սպառող խոշոր գործընկերներին:
Հարկ է նկատի ունենալ, որ վերոշարադրյալ խնդիրներն արձանագրվել են նաեւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաեւ՝ Հանձնաժողով) կողմից առեւտրային ցանցերի գործունեության ոլորտում 2021 թվականին իրականացված ուսումնասիրության շրջանակներում (ուսումնասիրությունը հասանելի է հետեւյալ հղմամբ՝ http://competition.am/wp-content/uploads/2022/03/Trading_chains.pdf):
Առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ առկա արդիական խնդիրներից է նաեւ առեւտրային ցանցերի կողմից արդեն իսկ մատակարարված ապրանքների դիմաց վճարման հետաձգումները: Որոշ դեպքերում մի շարք առեւտրային ցանցերին մատակարարված արտադրանքի համար ենթակա վճարների ժամկետները երկարաձգվում են՝ հասնելով մինչեւ մեկ տարվա շեմին, ինչը մատակարար ընկերությունների համար ստեղծում է ֆինանսական խնդիրներ եւ կանխիկի շրջանառության խնդիր:
Ընդ որում, հարկ է նկատել, որ առհասարակ առեւտրային ցանցերի գործունեությունը եւ դրա ժամանակ ի հայտ եկած խնդիրներն ուղղակիորեն ազդում են վերջնական սպառողների վրա: Ամբողջ աշխարհում առեւտրային ցանցերը, առավելություն ստանալով մատակարարների հանդեպ եւ զարգանալով, գրավել են շուկայի մեծ մասը եւ ազդում են սպառողների վրա՝ տեսականու, գնի եւ այլ պայմանների վրա ազդելու միջոցով:
Միեւնույն ժամանակ հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները նույնպես ցույց են տալիս, որ առեւտրային ցանցերի եւ մատակարարների շահերը հավասարակշռելու, բարեխիղճ եւ արդար մրցակցային միջավայր ապահովելու համար միջազգային պրակտիկայում ընդունված է կիրառել հետեւյալ իրավական կարգավորումները.
ա) հատուկ կարգավորումներ՝ մանրածախ առեւտրի շղթայի վերաբերյալ ակտեր (Սլովակիայի Հանրապետություն), առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ բարեխիղճ վարքագծի կանոնագրքեր եւ ուղեցույցներ (Ռուսաստանի Դաշնություն, Պորտուգալիա, Ավստրալիա, Մեծ Բրիտանիա, Ավստրիա եւ այլ), գյուղատնտեսական ապրանքների եւ սննդամթերքի մատակարարման շղթայում անբարեխիղճ գործարար հարաբերությունների վերաբերյալ, առեւտրային գործարքներում ուշ վճարումների դեմ պայքարի վերաբերյալ դիրեկտիվներ (Եվրոպական միություն) եւ այլն.
բ) մրցակցային օրենսդրություն, որում ներառված են առեւտրային ցանցերի եւ մատակարարների գործողությունների վերաբերյալ հատուկ կարգավորումներ (Եվրոպական միություն, Ավստրիա, Իտալիա, Նորվեգիա, Սերբիա, Ռուսաստանի Դաշնություն, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Խորվաթիա, Ինդոնեզիա եւ այլն).
գ) այլ (մրցակցային օրենսդրությունից բացի) կարգավորումներ՝ սպառողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ օրենքներ (Բելգիա, Պակիստան), քաղաքացիական օրենսգրքեր (Բրազիլիա, Չիլի, Իտալիա), առեւտրի մասին օրենքներ (Խորվաթիա, Չեխիա, Նոր Զելանդիա), մարքեթինգային վերահսկողության մասին օրենքներ (Նորվեգիա) եւ այլն:
Արդյունքում, նախատեսվում է սահմանել առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ առեւտրի արդար կանոնները, այդ թվում՝ կարգավորել ուշ վճարումների խնդիրը՝ հավասարակշռելու առեւտրային ցանց մատակարարներ հարաբերությունները:
2) Գյուղատնտեսական արտադրանքի երաշխավորված իրացման եւ վերարտադրության ապահովումը գյուղատնտեսության զարգացման կարեւորագույն ոլորտներից մեկն է: Չնայած նշվածին՝ գյուղատնտեսական արտադրանքի իրացման շուկայում առկա են մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են իրացման շղթայում «պայմանագրային առավելություն» ունեցող կողմի առկայությամբ: Մասնավորապես հաճախ իրացման շղթայում ներգրավված են մի կողմից տնտեսապես ուժեղ բաշխող եւ վերամշակմամբ զբաղվող կազմակերպություն, իսկ մյուս կողմից՝ ավելի թույլ տնտեսավարող սուբյեկտներ կամ ֆիզիկական անձինք, որոնք զբաղվում են գյուղատնտեսական մթերքի աճեցմամբ: Արդյունքում արձանագրվում են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ պայմանագիր կնքելուց հրաժարվելը, պայմանագրի համար ուշ վճարելը եւ այլն:
Նշված խնդիրների լուծման արդյունավետ ուղղություններից է այս ոլորտում արդար առեւտրի կանոնների ներդրումը: Այս առումով ուշագրավ է միջազգային փորձը: Այսպես, Եվրոպական միության 2019 թվականի ապրիլի 17-ի Գյուղատնտեսական եւ սննդամթերքի մատակարարման շղթայում բիզնեսից բիզնես հարաբերություններում անարդար առեւտրային պրակտիկայի մասին 2019/633 դիրեկտիվով ըստ էության սահմանվել են անհրաժեշտ կարգավորումներ՝ պաշտպանելու շուկայի ավելի թույլ մասնակիցներին: Դիրեկտիվով առանձնացվել են անարդար առեւտրի կանոնների ոչ սպառիչ ցանկ, որպեսզի արգելվեն արդար եւ արդյունավետ պայմանների սահմանափակման դեպքերը, պայմանագրի կնքումից հետո դրա միակողմանի փոփոխությունները եւ այլն: Դիրեկտիվի հիման վրա նույնաբովանդակ կարգավորումներ նախատեսված են նաեւ մի շարք ԵՄ անդամ պետություններում, այդ թվում՝ Լեհաստանի Հանրապետությունում, Հունաստանի Հանրապետությունում եւ այլն:
Վերոնշյալի հաշվարկմամբ՝ նախատեսվում է կարգավորել գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման հարաբերություններում գնորդի կողմից ուշ վճարման խնդիրը, որը պայմանավորված է իրացման շղթայում «պայմանագրային առավելություն» ունեցող կողմի առկայությամբ:
3) «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 19-րդ հավելվածի 22-րդ կետի համաձայն՝ պայմանագրի XVIII մասի եւ սույն Արձանագրության իրականացման նպատակով անդամ պետությունների լիազոր մարմինների միջեւ համագործակցությունն իրականացվում է (...) առանձին ընթացակարգային գործողություններ կատարելու վերաբերյալ հարցումներ ուղարկելու եւ հանձնարարականներ տալու (...) միջոցով:
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 19-րդ հավելվածի 61-րդ կետի համաձայն՝ (...) Հանձնաժողովն իրավունք ունի անդամ պետությունների լիազոր մարմիններին ուղարկելու հիմնավորված միջնորդություն՝ հետեւյալ ընթացակարգային գործողություններն իրականացնելու վերաբերյալ՝
հարցաքննել այն անձանց, որոնց առնչությամբ իրականացվում է քննությունը, կամ որոնց առնչությամբ ուսումնասիրվում է գործը, ինչպես նաեւ վկաներին.
պահանջել քննության կամ գործով վարույթի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը.
զննել այն անձի տարածքները, շինությունները, փաստաթղթերը եւ առարկաները, որի նկատմամբ իրականացվում է քննությունը, կամ ուսումնասիրվում է մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին գործը (բացառությամբ նման անձի բնակավայրի).
հանձնել համապատասխան գործի մասնակիցներին փաստաթղթերը եւ դրանց պատճենները.
փորձաքննություն եւ այլ գործողություններ:
Նման պայմաններում առկա է անհրաժեշտություն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը համապատասխանել «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի կարգավորումներին, մասնավորապես՝ հստակ ամրագրել Հանձնաժողովի լիազորությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա իրականացնելու Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված առանձին ընթացակարգային գործողություններ:
4) Հանձնաժողովի նախագահը տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում առկա խնդիրների, ինչպես նաեւ ոլորտի հետագա զարգացման ուղղությամբ պարբերաբար համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, միջազգային եւ այլ կազմակերպությունների հետ, որի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում համագործակցության արդյունքներն արձանագրել միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթղթերով: Հարկ է նշել, որ Օրենքի գործող կարգավորումներով Հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթուղթ, այդ թվում՝ հուշագիր ստորագրելու իրավասությունն իրականացվում է որպես օրենքով իրեն վերապահված այլ լիազորությունների շրջանակում: Մինչդեռ անհրաժեշտություն է առաջացել ուղղակիորեն նախատեսել Հանձնաժողովի նախագահի կողմից իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ միջազգային ոչ պարտադիր բնույթի փաստաթուղթ, այդ թվում՝ հուշագիր ստորագրելու առանձին հիմքը:
5) Օրենքի 73-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը համարվում է արգելված, եթե Հանձնաժողովի կողմից սույն օնքի 72-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված որոշման դեպքում համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) կողմից պարտադիր կատարման ենթակա պայմանների եւ պարտավորությունների խախտման հիմքով Հանձնաժողովն ուժը կորցրած է ճանաչել համակենտրոնացումը թույլատրելու մասին որոշումը:
Մինչդեռ, հարկ է նկատել, որ համակենտրոնացման մասնակցի համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ եւ պարտավորություններ սահմանելու վերաբերյալ Հանձնաժողովի կողմից որոշում ընդունելու վերաբերյալ դրույթն նախատեսված է Օրենքի 72-րդ հոդվածի 4-րդ մասում:
6) Օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին որոշումն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում վարույթով պատասխանողը իրեն վերագրվող իրավախախտման հետեւանքները վերացրած լինելու եւ իրավախախտման փաստն ընդունելու (...) դեպքում կարող է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնել Հանձնաժողով: Միաժամանակ, Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ վարչական վարույթի մասնակիցը կարող է գրավոր դիրքորոշում ներկայացնել Հանձնաժողով վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո երկշաբաթյա ժամկետում, որը կարող է երկարաձգվել մինչեւ երկշաբաթյա ժամկետով:
Նման պայմաններում ակնհայտ է, որ իրավախախտման հետեւանքները վերացրած լինելը, իրավախախտման փաստն ընդունելը, ինչպես նաեւ արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդություն ներկայացնելը եւս վարչական վարույթի մասնակցի դիրքորոշում է, որպիսի պայմաններում առկա է աններդաշնակություն Օրենքի 64-րդ հոդվածի 1-ին մասով եւ 88-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների միջեւ:
Սահմանվում է նաեւ, որ այն դեպքում, երբ իրավախախտման հետեւանքները վերացնելն անհնար է, իրավախախտման հետեւանքները վերացված լինելու պայմանը համարվում է առկա:
7) Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ժամկետը երեք ամիս է: Հանձնաժողովի պատճառաբանված որոշմամբ վարույթի ժամկետը մեկ անգամ կարող է երկարաձգվել մինչեւ երեք ամսով:
Օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի եւ բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վերաբերյալ վարչական վարույթների ժամկետը վեց ամիս է:
Օրենքի 62-րդ հոդվածի համաձայն՝
1. Հանձնաժողովը վարչական վարույթն իրականացնում է Հանձնաժողովի գործունեության ընդհանուր կանոնների համաձայն՝ այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն օրենքով:
2. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի համար սույն օրենքով առանձնահատկություններ սահմանված չլինելու դեպքում համապատասխան հարաբերությունների նկատմամբ կիրառելի են «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:
3. Հանձնաժողովի վարչական ակտի դեմ բերված բողոքի քննությունը իրականացվում է սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերին համապատասխան:
Վերոնշյալ նորմերի առկայության պայմաններում գործնականում առաջանում էր տարակարծություն, օրինակ՝ հակամրցակցային համաձայնությունների կամ գերիշխող դիրքի չարաշահման առնչությամբ վարչական ակտի դեմ բերված բողոքի քննությունը պետք է իրականացվի ընդհանուր կանոնով սահմանված 3-ամսյա ժամկետում, թե 6-ամսյա:
Նման պայմաններում առկա է անհրաժեշտություն խմբագրել համապատասխան դրույթը՝ տարընկալումներից խուսափելու նպատակով:
Հաշվի առնելով վերոնշյալը եւ միջազգային փորձի արդյունքները՝ գտնում ենք, որ առկա է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն:
2. Առաջարկվող կարգավորման նպատակը.
1) «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով.
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ նաեւ՝ Նախագծեր) ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել անհրաժեշտ, կանխատեսելի եւ որոշակի օրենսդրական հիմքեր առեւտրային ցանց-մատակարարներ հարաբերությունների, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքների իրացման շուկայի համար, որոնք կնպաստեն արդար առեւտրի իրականացմանը, այդ թվում՝ մրցակցային միջավայրի բարելավմանը եւ սպառողների իրավունքների պաշտպանության բարձրացմանը:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագծերը մշակվել են ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի հետ համագործակցությամբ:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի մասին» թիվ 1363-Ա որոշումից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում