Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ նաեւ՝ Օրենք) 2-րդ հոդվածում.
1) «Սույն» բառից առաջ լրացնել «1.» թիվը՝ հաջորդող պարբերությունները համապատասխանաբար համարակալելով 1-ից 30 թվերով.
2) «առեւտրի օբյեկտ» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ «2.1» պարբերություն.
«2.1) առեւտրային ցանց՝ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված չափանիշներին համապատասխանող տնտեսավարող սուբյեկտ.».
3) «ավտոտրանսպորտային միջոցի (այդ թվում՝ գյուղատնտեսական տեխնիկայի) ձեռքբերման թրեյդ-ին առեւտուր՝» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նախադասություն.
«2. Սույն օրենքում օգտագործվող մյուս հասկացությունները եւ տերմինները կիրառվում են սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքներով, ինչպես նաեւ այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով սահմանված իմաստով:»:
Հոդված 2. Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.4-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 4.4.
ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՑԱՆՑԻ ԵՎ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԱՐԴԱՐ ԱՌԵՎՏՐԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Հոդված 15.8. Առեւտրային ցանցի եւ մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջները
1. Արգելվում է առեւտրային ցանցի կողմից խտրական պայմանների սահմանումը եւ կիրառումը մատակարարների հետ հարաբերությունների հաստատման, ընթացիկ ու դադարեցման գործընթացում, բացառությամբ, եթե դա ունի ողջամիտ եւ օբյեկտիվ տարբերության հիմք, այդ թվում՝ պայմանավորված է տնտեսական պայմաններով (գործոններով) կամ առանձին խմբի կարգավիճակով:
Հոդված 15.9. Առեւտրային ցանցի պաշտոնական ինտերնետային կայքը
1. Առեւտրային ցանցն ունի պաշտոնական ինտերնետային կայք:
2. Առեւտրային ցանցը պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակում է.
1) հավանական մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները եւ սկզբունքները.
2) առեւտրային ցանցի կողմից իրացման ենթակա ապրանքատեսակների ցանկը.
3) առեւտրային ցանցում ապրանքի ցուցադրման պայմանները.
4) մատակարարման հարաբերությունների դադարեցման հիմքերը:
Հոդված 15.10. Մատակարարի ապրանքի ընտրության նվազագույն պահանջները եւ սկզբունքները, նոր մատակարարների մուտքն առեւտրային ցանց
1. Առեւտրային ցանցերը սահմանում են հավանական մատակարարների ապրանքի ընտրության նվազագույն պահանջներ եւ սկզբունքներ: Նվազագույն պահանջները եւ սկզբունքները կարող են սահմանվել ըստ ապրանքատեսակների՝ պայմանով, որ մատակարարի համար ընկալելի լինի տվյալ պահանջի կամ սկզբունքի վերաբերելիությունը կոնկրետ ապրանքատեսակին:
2. Մատակարարի ապրանքի ընտրությունն իրականացվում է առեւտրային ցանցի նախաձեռնությամբ կամ հավանական մատակարարի գրավոր առեւտրային առաջարկի ուսումնասիրության արդյունքում՝ հաշվի առնելով առեւտրային ցանցի կողմից հրապարակած մատակարարի ապրանքին ներկայացվող նվազագույն պահանջները եւ սկզբունքները:
3. Առեւտրային ցանցը գրավոր առեւտրային առաջարկը քննարկում է այն ստանալուց հետո ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում: Այն դեպքում, երբ մատակարարի ընտրության համար անհրաժեշտ է լրացուցիչ գործողությունների կատարում (փորձաքննության իրականացում եւ այլն), ժամկետը կարող է երկարաձգվել մինչեւ 15 աշխատանքային օրով, եթե նշված գործողության իրականացման համար անհրաժեշտ չէ այլ ժամկետ, որի մասին առեւտրային ցանցը գրավոր եղանակով տեղեկացնում է առեւտրային առաջարկ ներկայացրած հավանական մատակարարին:
4. Առեւտրային ցանցը հավանական մատակարարի ապրանքի ընտրության վերաբերյալ բացասական որոշման մասին գրավոր եղանակով տեղեկացնում է առաջարկ ներկայացնողին՝ հիմնավորելով առեւտրային ցանցի կողմից հրապարակված նվազագույն պահանջներին եւ սկզբունքներին չհամապատասխանելը:
5. Առեւտրային ցանցի կողմից հավանական մատակարարին լրացուցիչ՝ մատակարարման պայմանագրի հետ չկապված ծառայությունների պարտադրումը կամ դրանցից հրաժարվելու հիմքով մատակարարման պայմանագիր կնքելուց հրաժարվելն արգելվում է:
Հոդված 15.11. Առեւտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները
1. Մատակարարման պայմանագիրը կնքվում է գրավոր:
2. Պայմանագիրը առնվազն պարունակում է.
1) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առեւտրային ցանցի կողմից կատարվելիք բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.
2) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը.
3) պայմանագրում փոփոխություններ կատարելու, ինչպես նաեւ պայմանագրի դադարեցման եւ միակողմանի լուծման կարգը եւ հիմքերը.
4) պիտանիության ժամկետում չիրացված ապրանքների վերադարձման հնարավորություն նախատեսված լինելու դեպքում, դրա վերադարձման կարգը:
3. Առեւտրային ցանցը պաշտոնական ինտերնետային կայքում կարող է հրապարակել մատակարարների հետ կնքվող պայմանագրի բովանդակությունը:
Հոդված 15.12. Առեւտրային ցանցին մատակարարված ապրանքների համար վճարման իրականացման պայմանները եւ կարգը
1. Առեւտրային ցանցի կողմից մատակարարին վճարումն իրականացվում է ոչ ուշ, քան.
1) սննդամթերքի համար՝ 30 օրվա ընթացքում.
2) ոչ պարենային ապրանքներ համար՝ 60 օրվա ընթացքում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետների հաշվարկը սկսվում է օրենքով եւ պայմանագրով սահմանված կարգով մատակարարված ապրանքն ընդունելուց եւ մատակարարի կողմից հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման պահից:
3. Կողմերի գրավոր համաձայնությամբ կարող է սահմանվել սույն հոդվածի 1-ին մասում նախատեսվածից վճարման ավելի սեղմ ժամկետներ:
Հոդված 15.13. Ապրանքների ցուցադրման պայմաններն առեւտրային ցանցում
1. Առեւտրային ցանցը սահմանում է ապրանքի ցուցադրման պայմանները, այդ թվում՝ ապրանքների գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքների առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմանները, ինչպես նաեւ ապրանքի ցուցադրման պայմանները, այդ թվում՝ ցուցադրման տարբերակները եւ դրանց համար սահմանված վճարները:
2. Ապրանքների ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են գրավոր պայմանագրով, որը կարող է լինել նաեւ մատակարարման պայմանագրի մաս:
3. Ապրանքի ցուցադրման հետ կապված հարաբերությունները կարգավորող պայմանագիրն առնվազն պարունակում է.
1) ապրանքների ցուցադրման նկարագիրը, առանձնահատկությունները եւ ապրանքների առաջխաղացմանն ուղղված միջոցառումների իրականացման պայմանները.
2) պայմանագրի գինը, որը, ի թիվս այլնի, ներառում է առեւտրային ցանցի կողմից կատարվելիք ցուցադրման պայմաններին առնչվող բոլոր վճարները կամ գնի սահմանման կարգը.
3) վճարման կարգը, ժամկետները կամ դրանց որոշման կարգը:
Հոդված 3. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «4.3-րդ գլխի,» բառերից հետո լրացնել «, 4.4-րդ գլխի» բառերով:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երեք ամիս հետո:
2. Սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող 15.12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետները մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած պարտավորությունների դեպքում հաշվարկվում են սույն օրենքի ուժի մեջ մտնելու օրվանից: