«Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում են իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից»:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու նախագծի վերաբերյալ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող կարգավորմամբ սահմանված կրկնակի պատասխանատվության վերացմամբ: Մասնավորապես՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1292 հոդվածի 7-րդ պարբերությունը վարչական իրավախախտում կատարած անձի նկատմամբ սահմանում է իրավախախտումը վերացնելուց հետո հավելյալ պարտավորություն՝ սահմանելով կրկնակի պատասխանատվություն միեւնույն իրավախախտման կատարման հիմքով: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է վերացնել վարչական իրավախախտում կատարած անձի կողմից հավելյալ պարտավորության կատարումը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է փոփոխություն կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում, մասնավորապես՝ 1292 հոդվածի 7-րդ պարբերությունը առաջարկվում է շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից»՝ վարչական իրավախախտում կատարած անձին ազատելով լիազորված մարմին (պաշտոնատար անձին) ապացույց (տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր) ներկայացնելու պարտավորությունից:
3. Ակնկալվող արդյունքը.
Առաջարկվող փոփոխության, լրացման ընդունման արդյունքում կվերացվի վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտման վերացումից հետո նրա նկատմամբ կրկնակի պատասխանատվության բեռ սահմանող դրույթը:
Գործող կանոնակարգմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1292 հոդվածի 3-րդ պարբերությունը սահմանում է՝ «Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով»:
Նույն հոդվածի 7-րդ պարբերությունը սահմանում է խրախուսող նորմ՝ «Եթե սույն հոդվածի 2-րդ մասում նշված դեպքում վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) է ներկայացնում համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր): Այդ մասին կազմվում է համապատասխան արձանագրություն, որի պատճենը տրվում է իրավախախտումը կատարած անձին»:
(129.2-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-65-Ն, խմբ. 19.06.13 ՀՕ-94-Ն, 09.12.19 ՀՕ-300-Ն, փոփ., լրաց. 06.07.22 ՀՕ-285-Ն)
Օրենսդրի կողմից վերոնշյալ խրախուսող նորմի սահմանումը ողջունելի է, բայց գործնականում կիրառման գործուն կառուցակարգից զուրկ է: 24 ժամվա ընթացում իրավախախտման հատկանիշները վերացնելուց հետո, այսինքն՝ այդ նույն ժամանակահատվածում նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո իրավախախտում կատարած անձը պարտավորվում է նաեւ այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մամին (պաշտոնատար անձին) ներկայացնի ապացույց: Օրենսդրի կողմից սահմանված լիազորված մարմինը ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունն է: ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը, պարզաբանելով իրավակիրառ պրակտիկայում այս դրույթի իրագործման քայլերի հերթականությունը, հայտնում է, որ տվյալ դեպքում իրավախախտում կատարած եւ 24 ժամվա ընթացում իրավախախտման հատկանիշները վերացրած անձը պետք է այդ նույն 24 ժամվա ընթացում փորձի գտնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության շրջող կամ կայանած ավտոմեքենա, կամ մոտենա ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության վարչական շենք եւ ներկայացնի տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված նոր ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագրի պատճենը: Գործնականում, գերակշիռ դեպքերում, դա չի կատարվում՝ հաշվի առնելով այդ դրույթի կատարման ժամկետների, ներկայացման կարգի անհարմարությունները, ինչի արդյունքում 24 ժամվա ընթացքում իրավախախտումը վերացրած անձը (որը լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում վերացնում է իրավախախտման հատկանիշները, այսինքն՝ կնքում է նոր ԱՊՊԱ պայամանագիր եւ վճարում է սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի 25 տոկոսն, այն է՝ քսանհինգ հազար ՀՀ դրամ) միեւնույն է ենթարկվում է հավելյալ վարչական պատասխանատվության եւս հարյուր հազար ՀՀ դրամով՝ այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմին (պաշտոնատար անձին) համապատասխան ապացույց չներկայացնելու հիմքով, ինչը 24 ժամվա ընթացքում կատարելը գործնականում իրատեսական չէ եւ իրավակիրառ պրակտիկայում չի կատարվում գերակշիռ դեպքերում:
Ստացվում է, որ օրենսդիրը, սահմանելով խրախուսող նորմ, իրավակիրառ պրակտիկայում այդ նորմի թյուրընկալման, լիազոր մարմնի կողմից իրավախախտում կատարած անձին ոչ լիարժեք պարզաբանման դեպքում առաջացնում է մի իրավակիրառ պատկեր, որտեղ թյուրընկալման եւ ոչ ռացիոնալ հավելյալ պարտավորության կատարման բեռի պայմաններում, խրախուսող նորմը հավելյալ 25 տոկոսով ավելացնում է տուգանքի չափը: Այսինքն՝ 24 ժամվա ընթացքում նոր ԱՊՊԱ պայմանագիր չկնքած եւ տուգանքի 25 տոկոսը չվճարած անձը վճարում է մեկ հարյուր հազար ՀՀ դրամ տուգանք, այն դեպքում, երբ 24 ժամվա ընթացքում նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքած եւ տուգանքի 25 տոկոսը վճարած անձն, այսինքն՝ փաստացի իրավախախտումը 24 ժամվա ընթացքում վերացրած անձը վճարում է քսանհինգ հազար ՀՀ դրամ ավել տուգանք՝ մեկ հայրյուր քսանհինգ հազար ՀՀ դրամի չափով:
Բացի այդ, լիազոր մարմնին (պաշտոնատար անձին) համապատասխան ապացույց (տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա ընթացքում ուժի մեջ մտնող պայմանագիր) ներկայացնելու պահանջը, եթե նախկինում ներդրվել է այդ մասին ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության տեղեկատվական բազայում այդ տեղեկության հասանելիությունը 24 ժամվա ընթացքում ապահովելու նպատակով, ապա ներկայումս էլեկտրոնային հարթակով պայմանագրի կնքման դեպքում լիազոր մարմինը հաշված ժամերի ընթացքում ստանում է այդ տեղեկատվությունը հարթակի միջոցով:
Փոփոխության եւ լրացման կատարման արդյունքում վարչական իրավախախտում կատարած անձի կողմից իրավախախտումը հայտնաբերվելու պահից 24 ժամվա ընթացքում իրավախախտման հատկանիշները վերացնելու եւ նշանակված տուգանքի 25 տոկոսի չափով վճարումը կատարելուց հետո այդ անձի նկատմամբ այլեւս չի կիառվի կրկնակի տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 1292
հոդվածի 7-րդ պարբերությամբ սահմանված խրախուսող նորմը կգործի իր բուն բովանդակությամբ:
23.10.2023թ.
պարոն Ալեն Սիմոնյանին
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների պահանջները` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացնում եմ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագծի փաթեթը:
Ազգային ժողովի Աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են.
1. նախագիծը (հիմնական զեկուցող՝ Էդուարդ Աղաջանյան),
2. նախագծի ընդունման հիմնավորումը,
3. գործող օրենսգրքի փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:
Խնդրում եմ սահմանված կարգով օրենքի նախագիծը դնել շրջանառության մեջ:
Հարգանքով՝
Էդուարդ Աղաջանյան