Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-689-26.10.2023-ՊԱ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին« 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետից հետո լրացնել 1.1-ին եւ 1.2-րդ կետեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-ին մասում նշված քաղաքացիների համար՝ 12 ամիս.

1.2) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.2-րդ մասում նշված քաղաքացիների համար՝ այդ մասով սահմանված ժամկետներով.«:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել 1.1-ին եւ 1.2-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած եւ մինչեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալը 12 ամսից պակաս ժամկետով որեւէ պետության զինված ուժերի կազմում զինվորական ծառայություն անցած կամ այդպիսի ծառայություն չանցած մինչեւ 37 տարեկան արական սեռի քաղաքացիները: Սույն մասում նշված քաղաքացին  սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերով, 23-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով եւ 24-րդ հոդվածի 1-ին մասով  սահմանված պայմաններին չբավարարելու դեպքում  կարող է 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու փոխարեն Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարել  երկու միլիոն հինգ հարյուր հազար  Հայաստանի Հանրապետության դրամ եւ ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

1.2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքները լրացած եւ սույն օրենքի կամ 2018 թվականի ապրիլի 9-ին ուժը կորցրած  «Զինապարտության մասին« օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած արական սեռի քաղաքացիները կարող են մինչեւ 37 տարին լրանալն իրենց ցանկությամբ զորակոչվել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության՝ 24 ամիս ժամկետով, կամ 12 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով երկու միլիոն հինգ հարյուր հազար  Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 6 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով հինգ  միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ 1 ամիս ժամկետով՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասը  միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ, կամ պարտադիր զինվորական ծառայության չզորակոչվել, փոխարենը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարելով տասնհինգ  միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ: Սույն մասի իմաստով օրենքի պահանջների խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած է համարվում Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, ում նկատմամբ պարտադիր զինվորական կամ այլընտանքային ծառայության հայտարարված զորակոչից խուսափելու համար օրենքով սահմանված կարգով հարուցված է քրեական հետապնդում կամ ով սահմանված կարգով զինվորական հաշվառման է վերցվել 27 տարին լրանալուց հետո:«:

Հոդված 3. Օրենքի 56-րդ հոդվածի 2-րդ մասում.

1) 2-րդ կետից հետո լրացնել 2.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) սույն օրենքի 19-րդ հոդվածի 1.1-րդ եւ 1.2-րդ մասերով սահմանված կարգով եւ ժամկետներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցած եւ համապատասխան ծառայությունից սույն օրենքով սահմանված կարգով արձակված կամ սահմանված համապատասխան գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարած քաղաքացիները.«.

2) 7-րդ կետում «27« թիվը փոխարինել «37« թվով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: