Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-6891-26.10.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. 2021 թվականի մայիսի 5-ի՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 4-րդ մասը «ծառայության» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել օրենքով սահմանված գումարը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

Համաձայն գործող օրենսդրության (մասնավորապես՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք))՝ 18-ից 27 տարեկան արական սեռի ՀՀ քաղաքացիները ենթակա են պարտադիր զինվորական ծառայության ՀՀ զինված ուժերում: Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար քրեական օրենսդրությամբ սահմանված է պատիժ՝ ազատազրկման ձեւով: Եթե քաղաքացին խուսափում է ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից, նրա նկատմամբ հարուցվում է քրեական հետապնդում եւ իրականացվում են օրենքով սահմանված համապատասխան գործընթացներ: Եթե միչեւ 27 տարին լրանալը քաղաքացին կամավոր ներկայանում եւ անցնում է պարտադիր զինվորական ծառայություն, ապա քրեական հետապնդումը դադարում է:

Օրենքով սահմանված 27 տարին լրանալուց հետո պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացին չի կարող  զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության, քանի որ նրա տարիքը գերազանցում է պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը:

Այսպիսով, 27 տարին լրանալուց հետո ներկայանալու դեպքում քաղաքացու համար գործում է  մեկ տարբերակ՝ պատժվել ազատազրկմամբ:

Առկա կարգավորումների պայմաններում հանրապետությունում փաստացի ստեղծվել է անցանկալի եւ անելանելի իրավիճակ՝ կապված այն հանգամանքների հետ, որ մի կողմից սահմանափակվել է ՀՀ զինված ուժերի եւ պահեստազորի շարքերը առավել մեծ թվով քաղաքացիներով համալրելու հնարավորությունը, իսկ մյուս կողմից՝ մեր հայրենակիցների ոչ ստվար զանգված գտնվելով քրեական հետապնդման ու հետախուզման մեջ, ստիպված բացակայում են իրենց հայրենիքից եւ ընտանեկան միջավայրից, մինչդեռ նրանք նույնպես մեծագույն ցանկություն ունեն վերադառնալու եւ ծառայելու ՀՀ զինված ուժերում, ինչի հնարավորությունը ներկայումս չունեն: Իսկ եթե նկատի ունենալու լինենք նաեւ իրավապահ մարմինների կողմից վերը նշված անձանց նկատմամբ համապատասխան դատավարական եւ քրեակատարողական ընթացակարգերի իրականացումը, ապա հաստատապես կարելի է արձանագրել այդ կապակցությամբ հսկայական պետական միջոցներ ու ժամանակ ծախսվելու, ինչպես նաեւ լրացուցիչ աշխատանքային ծանրաբեռնվածություն ստեղծվելու հանգամանքների մասին: Միանգամայն հասկանալի է, որ առկա նման իրավիճակը ՀՀ-ի համար անընդունելի է, ինչպես ռազմավարական, այնպես էլ՝ բարոյահոգեբանական եւ ֆինանսատնտեսական առումներով:

Առաջարկվող Նախագծով նախատեսվում է 27 տարին լրացած եւ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն՝ միաժամանակ ՀՀ պետական բյուջե վճարելով համապատասխան գումարներ, կամ՝ առանց զինվորական ծառայություն անցնելու, պետական բյուջե վճարելով համապատասխան գումար՝ նշված բոլոր դեպքերում ազատվելով քրական պատասխանատվությունից: Մասնավորապես.

Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացուն հնարավորություն է տրվում՝

1) զինվորական ծառայություն անցնել  24 ամիս ժամկետով,

2) զինվորական ծառայություն անցնել  12 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ,

3) զինվորական ծառայություն անցնել  6  ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել հինգ միլիոն ՀՀ դրամ,

4) զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով եւ ՀՀ պետական բյուջե վճարել տասը միլիոն ՀՀ դրամ,

5) զինվորական ծառայության փոխարեն ՀՀ պետական բյուջե վճարել տասնհինգ  միլիոն ՀՀ դրամ:

Բացի այդ, գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում ծնված կամ մինչեւ 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք ենթակա են 2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայության, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտականություն չունեն, ինչն էական անհավասարություն է առաջացնում հիշյալ երկու խումբի ՀՀ քաղաքացիների միջեւ՝ վերջիններիս համապատասխան պարտականությունները հավասարակշռելու առումով:

Նախագծի փաթեթի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները: Ընդ որում, նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում, կամ՝ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից:

ԿԱՐԱԳԱՎՈՐՄԱՄԲ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Նախագծով առաջարկվող կարգավորումների կիրառմամբ ակնկալվում են հետեւյալ հիմնական արդունքները.՝

1) բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք,

2) ՀՀ զինված ուժերը  կհամալրվեն հայրենադարձ քաղաքացիներով, նրանք սահմանված կարգով ծառայության կանցնեն ՀՀ զինված ուժերում, կտան զինվորական երդում, իսկ ծառայությունից արձակվելուց հետո  կհաշվառվեն պահեստազորում,

3) լրացուցիչ ֆինանսական միջոցներ կմուտքագրվեն ՀՀ պետական բյուջե,

4) կխնայվեն 27 տարին լրացած, զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին հայտնաբերելու, քրեական պատասխանատվության ենթարկելու, դատապարտելու, անազատության մեջ նրանց պահելու համար ծախսվող ֆինանսական եւ նյութական միջոցները,

5) որոշակի չափով կթոթափվի ոստիկանության, քննչական կոմիտեի, դատախազության, դատարանների,  պրոբացիայի ծառայության եւ իրավասու մյուս մարմինների համապատասխան գործառութային  ծանրաբեռնվածությունը,

6) բազմաթիվ երիտասարդներ՝ շատերն ընտանիքներով, կվերադառնան հայրենիք մշտական բնակության՝ իրենց հետ բերելով օտարերկրյա պետություներում  կուտակած ֆինանսական միջոցները, որոնց հաշվին կկատարվեն ներդրումներ, կներգրավվեն աշխատանքում , ինչպես նաեւ  կստեղծվեն նոր աշխատատեղեր,

7) այն երիտասարդները, ովքեր չեն տեղափոխվի ՀՀ մշտական բնակության, առնվազն՝ որպես զբոսաշրջիկ, հաճախակի անխոչընդոտ կայցելեն հայրենիք,

8) կամրապնդվեն ու կխորանան Սփյուռքի եւ Հայաստանի միջեւ առկա բազմաբնույթ կապերը եւ այլն:

Եթե 27 տարին լրացած քաղաքացիներին չընձեռնվի Նախագծով առաջարկվող հնարավորությունը, ապա գործող կարգավորումներով նա չի վերադառնա հայրենիք մինչեւ 37 տարեկանը լրանալը, քանի որ 37 տարեկանում քաղաքացին ազատվում է քրեական հետապնդումից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով: Սակայն, հասկանալի պատճառներով, այս դեպքում նրանցից քչերի մոտ պահպանված կլինի հայրենիք վերադառնալու ցանկությունը, իսկ վերադարձողները եւ՛ չեն ծառայի ՀՀ զինված ուժերում, եւ՛ ՀՀ պետական բյուջե գումար չեն վճարի:

Նախագծով Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասից հետո առաջարկվող մյուս՝ 1.2-րդ լրացումով կարգավորումը հնարավորություն է տալիս շտկելու մի կողմից՝ ՀՀ-ում ծնված կամ մինչեւ 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց եւ մյուս կողմից՝ 27 տարեկանից հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձանց միջեւ առկա անհավասարությունը՝ կապված այն հանգամանքի հետ, որ գործող իրավակարգավորումների համաձայն՝ ՀՀ-ում ծնված կամ մինչեւ 27 տարին լրանալը ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք պարտավոր են անցնելու  2 տարի ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն, իսկ 27 տարին լրանալուց հետո ՀՀ քաղաքացիություն ստացող անձինք այդպիսի պարտավորություն չունեն: Մինչդեռ, ինչպես արդեն նշվեց վերեւում, Նախագծի ընդունման դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա կլինեն նաեւ 27 տարին լրանալուց հետո օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած արական սեռի քաղաքացիները: Ընդ որում, նրանք կարող են 12 ամիս ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնել ՀՀ զինված ուժերում, կամ ՀՀ պետական բյուջե վճարել երկու միլիոն հինգ հարյուր հազար ՀՀ դրամ եւ ազատվել զինվորական ծառայությունից:

ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԲՆՈՒՅԹԸ

Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկվում է ներդնել Նախագծով առաջարկվող՝ ՀՀ զինված ուժերի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության վերոնշյալ նոր համակարգը, ըստ այդմ՝ համապատասխան փոփոխություն եւ լրացումներ կատարելով համապատասխանաբար՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում, որից բխող համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կկատարվեն նաեւ խնդրո առարկային վերաբերող ենթաօրենսդրական կարգավորումներում, ինչով հնարավոր կլինի հասնելու վերը հիշատակված ակնկալվող արդյունքներին:

25 հոկտեմբեր 2023թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ
ՊԱՐՈՆ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ

Հարգարժան՛ պարոն Սիմոնյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով  Ձեզ եմ ներկայացնում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ  կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ գրությանը կցվում են.

ա) օրենքների նախագծերի փաթեթը (հիմնական զեկուցող՝ Հայկ Սարգսյան),

բ) օրենքների նախագծերի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքներում փոփոխվող հոդվածների մասին տեղեկանքը:

Խնդրում եմ սահմանված կարգով օրենքների նախագծերի փաթեթը դնել շրջանառության մեջ:

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ՝         ՀԱՅԿ ՍԱՐԳՍՅԱՆ
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ