Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 189-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել 3.1-ին եւ 3.2-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված առեւտրային գործունեության թույլտվությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 256-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«1.1. Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման է հանդիսանում իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայությունը:»:
Հոդված 3. Օրենքի 261-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«1.1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցիչը հանվում է սույն օրենքի 256-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմանի չպահպանման դեպքում:»:
Հոդված 4. Օրենքի 262-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«5. Մաքսային ներկայացուցիչները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը՝ Կոմիտեի կողմից սահմանված կարգով:»:
Հոդված 5. Օրենքի 284-րդ հոդվածը լրացնել 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝
«5. Անմաքս առեւտրի խանութների վայրերը սահմանում է Կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վայրերում կարող են գործունեություն իրականացնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նախաորակավորված անձինք՝ մրցույթի արդյունքում:
7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 6. Օրենքի 285-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3-րդ կետով հետեւյալ բոնվանդակությամբ՝
«3) նախաորակավորված լինելու եւ սույն օրենքի 284-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին տեղեկություններ:»:
Հոդված 7. Օրենքի 287-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ՝
«1.1. Անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրից անմաքս առեւտրի խանութի տիրապետողին հանելու հիմք է հանդիսանում անմաքս առեւտրի խանութի տիրապետողի կողմից նախաորակավորման արդյունքում ստանձնած պարտավորությունների չկատարումը:»:
Հոդված 8. Մինչեւ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը, անմաքս առեւտրի խանութների համար Կոմիտեի կողմից սահմանված վայրերում գործունեություն կարող են իրականացնել մինչեւ Օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախաորակավորման կարգի ընդունումը անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ներառված անձինք:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հոդված 10. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
«Մաքսային կարգավորման մասին» օրենքով սահմանված են մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից համապատասխան ռեեստրներում ընդգրկվելու պայմանները, ինչպես նաեւ մաքսային հսկողության գոտիներում իրականացվող գործունեության նկատմամբ ընդհանուր պահանջները: Մասնավորապես,
1) «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մաքսային հսկողության գոտու տարածքում առեւտրային գործողության իրականացումը, ապրանքների, տրանսպորտային միջոցների տեղաշարժը, անձանց, ներառյալ այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց մուտք գործելը եւ դուրս գալը կարող է տեղի ունենալ միայն մաքսային մարմինների թույլտվությամբ եւ նրանց հսկողության ներքո, բացառությամբ Միության եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի: Վերոնշյալ կարգավորման շրջանակներում մանրամասնեցված չեն, թե որ դեպքերում եւ ինչ պայմաններում է թույլատրվում մաքսային հսկողության գոտու տարածքում համապատասխան գործունեության իրականացումը:
Միաժամանակ, նույն օրենքի 257-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկվելու նպատակով ներկայացվող դիմումում նշվում են տեղեկություններ՝ դիմումը ներկայացնելու օրվա դրությամբ իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայության մասին տեղեկություններ, մինչդեռ այդպիսի անձանց առկայության հանագամանքը նախատեսված չէ իրավաբանական անձանց՝ համապատասխան ռեեստրում ընդգրկման պայմանների մեջ:
Մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող այլ իրավաբանական անձանց համար (ժամանակավոր պահպանության պահեստների տիրապետողներ) սահմանված է իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար սահմանված սակագների հրապարակայնության պահանջ, ինչը հաշվի առնելով առաջարկվում է նաեւ մաքսային ներկայացուցիչների համար եւս նախատեսել համանման պարտավորություն:
2) «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Միության մաքսային օրենսգրքի 427-րդ հոդվածի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու պայման է նաեւ անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու համար Կառավարության որոշմամբ սահմանված կարգով նախաորակավորված լինելը, մինչդեռ նույն օրենքի 285-րդ հոդվածով նախատեսված չէ նախաորակավորված լինելու վերաբերյալ տեղեկությունների ներառում մաքսային մարմին ներկայացվող դիմումի մեջ: Միաժամանակ, անմաքս առեւտրի խանութների տիրապետողների ռեեստրից իրավաբանական անձանց հանելու հիմքերի մեջ նախատեսված չէ անմաքս առեւտրի խանութների կազմակերպման գործունեություն իրականացնող անձանց կողմից նախաորակավորման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարումը:
Նախագծով նախատեսվում է նաեւ անմաքս առեւտրի խանութների կազմակերպման գործունեության ընդհանուր պայմանների բարելավման, մատուցվող ծառայությունների որակի բարելավման եւ մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակներով նախատեսել այդպիսի գործունեության իրականացումը՝ Կոմիտեի կողմից սահմանված վայրերում եւ նախաորակավորված անձանց միջեւ իրականացվող մրցույթի հիման վրա, որի պայմանները կսահմանի ՀՀ կառավարությունը:
Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.
Նախագծով նախատեսվում է մաքսային գործի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց՝ մասնավորապես մաքսային ներկայացուցիչների եւ անմաքս առեւտրի խանութների տիրապետողների, ինչպես նաեւ մաքսային հսկողության գոտիներում գործունեություն իրականացնող անձանց գործունեության առավել արդյունավետ համակարգի ներդրում՝ մաքսային հսկողության արդյունավետության ապահովման եւ իրականացվող գործունեության կառավարելիության ապահովման նպատակով:
Մասնավորապես նախագծով նախատեսվում է սահմանել, որ մաքսային հսկողության այն գոտիներում, որոնք կհանդիսանան պետական կամ համայնքային սեփականություն (օրինակ՝ մաքսային կետերում), առեւտրային գործունեության իրականացումը (օրինակ՝ բանկի մասնաճյուղի տեղակայումը) կկազմակերպվի մրցույթի հիման վրա, որը կսահմանվի ՀՀ կառավարության կողմից, եւ մրցույթի արդյունքում հաղթող անձանց հետ ուղղակի եղանակով կկնքվեն վարձակալության պայմանագրեր: Միաժամանակ, մաքսային հսկողության գոտի հանդիսացող մասնավոր տարածքներում (օրինակ՝ ժամանակավոր պահպանման պահեստներ) նախատեսվում է, որ այս կամ այն առեւտրային գործունեության իրականացումը կսահմանվի որպես նվազագույն պահանջ (օրինակ՝ անկանխիկի վճարման հնարավորության ապահովում), իսկ տնտեսվարողն արդեն կորոշի, թե ում հետ է կնքում պայմանագիր:
Միաժամանակ, նախատեսվում է որպես իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման սահմանել իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայությունը (օրենքում առանձին դրույթների միջեւ հակասությունները վերացնելու նպատակով) եւ նախատեսել մաքսային ներկայացուցիչների կողմից մատուցվող ծառայությունների սակագների հրապարակայնության պահանջ՝ գործունեության այլ տեսակներին համանման:
Անմաքս առեւտրի խանութների կազմակերպման գործունեության եւ մատուցվող ծառայությունների որակի բարելավման, ինչպես նաեւ մաքսային հսկողության արդյունավետության ապահովման նպատակներով նախատեսվում է անմաքս առեւտրի խանութների կազմակերպման համար նախաորակավորված իրավաբանական անձանց ընտրությունը եւ համապատասխան ռեեստրում ներառումն իրականացնել մրցութային կարգով, ինչպես նաեւ նախատեսել այդպիսի գործունեության իրականացումը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից որոշված վայրերում: Միաժամանակ, նախատեսվում է անմաքս առեւտրի խանութների պարտավորությունների մեջ լրացնել նախաորակավորման ժամանակ ստանձնած պարտավորությունների կատարումը, ինչպես նաեւ լրացնել իրավաբանական անձանց կողմից մաքսային մարմին ներկայացվող՝ համապատասխան ռեեստրում ընդգրկվելու դիմումի մեջ պարունակվող տեղեկությունները: Նախագծով նախատեսվում է նաեւ մինչեւ նախաորակավորման եւ մրցույթի կարգերի ընդունումը գործող անմաքս առեւտրի խանութների գործունեության մասով համապատասխան անցումային դրույթ:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծն ուղղակիորեն չի առնչվում ռազմավարական փաստաթղթերին:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.
Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Մաքսային կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում