Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-690-30.10.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 189-րդ հոդվածի 3-րդ մասից հետո լրացնել 3.1-ին եւ 3.2-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված առեւտրային գործունեության թույլտվությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր:

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենքի 256-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1. Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման է հանդիսանում իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայությունը:»:

Հոդված 3. Օրենքի 261-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցիչը հանվում է սույն օրենքի 256-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմանի չպահպանման դեպքում:»:

Հոդված 4. Օրենքի 262-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«5. Մաքսային ներկայացուցիչները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը՝ Կոմիտեի կողմից սահմանված կարգով:»:

Հոդված 5. Օրենքի 284-րդ հոդվածը լրացնել 5-րդ, 6-րդ եւ 7-րդ մասերով՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«5. Անմաքս առեւտրի խանութների վայրերը սահմանում է Կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վայրերում կարող են գործունեություն իրականացնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նախաորակավորված անձինք՝ մրցույթի արդյունքում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենքի 285-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3-րդ կետով հետեւյալ բոնվանդակությամբ՝

«3) նախաորակավորված լինելու եւ սույն օրենքի 284-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչվելու մասին տեղեկություններ:»:

Հոդված 7. Օրենքի 287-րդ հոդվածի 1-ին մասից հետո լրացնել նոր 1.1-ին մաս հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1. Անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրից անմաքս առեւտրի խանութի տիրապետողին հանելու հիմք է հանդիսանում անմաքս առեւտրի խանութի տիրապետողի կողմից նախաորակավորման արդյունքում ստանձնած պարտավորությունների չկատարումը:»:

Հոդված 8. Մինչեւ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մրցույթի արդյունքում հաղթող ճանաչելը, անմաքս առեւտրի խանութների համար Կոմիտեի կողմից սահմանված վայրերում գործունեություն կարող են իրականացնել մինչեւ Օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախաորակավորման կարգի ընդունումը անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ներառված անձինք:

Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հոդված 10. Սույն օրենքով նախատեսված իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում: