Armenian ARMSCII Armenian
Կ-690-30.10.2023-ՏՀ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.  «Մաքսային  կարգավորման  մասին»  2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 2-րդ մասում «ապրանքների ներմուծումը» բառերը փոխարինել «ապրանքների՝ մաքսային ընթացակարգով հայտարարագրումը (բացառությամբ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի)» բառերով:

Հոդված 2. Օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 187-րդ հոդվածի 10-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 5. Օրենքի 189-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին եւ 3.2-րդ մասերով.

«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ առեւտրային գործունեության թույլտվությունը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում տրամադրվում է մրցույթի հիման վրա, որի արդյունքով հաղթող ճանաչված մասնակցի հետ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմինը կամ համայնքի ղեկավարը կնքում է մաքսային հսկողության գոտի հանդիսացող համապատասխան տարածքն ուղղակի եղանակով վարձակալության տրամադրման պայմանագիր:

3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:».

2) 6-րդ մասից հանել «հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները եւ մաքսային» բառերը.

3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.

«7. Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով մաքսային հսկողության գոտիներին ներկայացվող տեխնիկական պահանջները կարող է սահմանել Կոմիտեն:»:

Հոդված 6. Օրենքի 212-րդ հոդվածի 7-րդ մասում «Կառավարությունը սահմանում է» բառերը փոխարինել «Մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեն կարող է սահմանել» բառերով:

Հոդված 7. Օրենքի 229-րդ հոդվածի 4-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8.   Օրենքի 256-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Միության մաքսային օրենսգրքի 402-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետին համապատասխան՝ իրավաբանական անձին մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ընդգրկելու պայման է իրավաբանական անձի անձնակազմում մաքսային մարմնի սահմանած կարգով մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում ստացած առնվազն երեք անձի առկայությունը:»:

Հոդված 10.   Օրենքի 261-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

 «1.1. Մաքսային ներկայացուցիչների ռեեստրից մաքսային ներկայացուցիչը հանվում է սույն օրենքի 256-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված պայմանը չպահպանելու դեպքում:»:

Հոդված 11.   Օրենքի 262-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Մաքսային ներկայացուցիչները պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների դիմաց սահմանված սակագների մասին տեղեկատվության հրապարակայնությունը՝ Կոմիտեի սահմանած կարգով:»:

Հոդված  12.    Օրենքի  284-րդ  հոդվածը  լրացնել  հետեւյալ  բովանդակությամբ 5-7-րդ մասերով.

«5. Անմաքս առեւտրի խանութների վայրերը սահմանում է Կոմիտեն՝ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ համաձայնեցմամբ:

6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված վայրերում կարող են գործունեություն իրականացնել սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով նախաորակավորված անձինք՝ մրցույթով ընտրվելու դեպքում:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված մրցույթի իրականացման կարգը սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 13.   Օրենքի 285-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) նախաորակավորված լինելու եւ սույն օրենքի 284-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով կազմակերպված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելու մասին տեղեկություններ:»:

Հոդված  14.   Օրենքի  287-րդ  հոդվածը  լրացնել  հետեւյալ   բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրից անմաքս առեւտրի խանութի տիրապետողին հանելու հիմք է անմաքս առեւտրի խանութի տիրապետողի կողմից նախաորակավորման արդյունքով ստանձնած պարտավորությունները չկատարելը:»:

Հոդված 15.   Մինչեւ սույն օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված մրցույթի արդյունքով հաղթող ճանաչվելը անմաքս առեւտրի խանութների համար Կոմիտեի սահմանած վայրերում գործունեություն կարող են իրականացնել մինչեւ Օրենքի              284-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված նախաորակավորման կարգի ընդունումը անմաքս առեւտրի խանութի տիրապետողների ռեեստրում ներառված անձինք:

Հոդված 16.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հոդված 17.   Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում: