Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-692-30.10.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» պարբերությունում «Պետական պահպանության ծառայությունում զինվորական ծառայության պաշտոններ զբաղեցնող ծառայողների որակավորման համար՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերից հետո լրացնել «կամ Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների կատարողականի գնահատման հիման վրա՝ պաշտոնային դրույքաչափին դրամական բացարձակ մեծությամբ սահմանվող ավելացում» բառերը:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասում «եւ փրկարար ծառայության» բառերը փոխարինել «, փրկարար ծառայության եւ Պետական եկամուտների կոմիտեի» բառերով:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.3-րդ մաս.

«6.3. Պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին տրվում է հավելավճար կատարողականի գնահատման հիման վրա:

Կատարողականի գնահատման չափանիշները եւ դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Սույն մասով սահմանված հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը սահմանում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:»,

2) 7-րդ մասում «6.1-ին մասով» բառերը փոխարինել «6.1-ին եւ 6.3-րդ մասերով» բառերով:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Մինչեւ կատարողականի գնահատման հիման վրա հավելավճարի տրամադրման նոր համակարգին անցումը Պետական եկամուտների կոմիտեի ծառայողների վարձատրությունն իրականացվում է մինչեւ սույն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող՝ Օրենքի 7-րդ հոդվածի 6.3-րդ մասն ուժի մեջ մտնելը գործող կարգով:

3. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:



ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Կարգավորման ենթակա խնդիրը.

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման նպատակն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեում (այսուհետ՝ Կոմիտե) ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ՝ հաշվի առնելով ծառայության անցնելու գրավչությունն ու շահագրգռվածությունը մեծացնելու, ծառայողների աշխատավարձերը բարձրացնելու եւ կադրերի արտահոսքը կանխելու անհրաժեշտությունը:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձը կազմված է Օրենքով սահմանված հիմնական աշխատավարձից, լրացուցիչ աշխատավարձից եւ պարգեւատրումներից: Լրացուցիչ աշխատավարձը ներառում է հավելումները եւ հավելավճարները:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը չի կարող գերազանցել հիմնական աշխատավարձի 30 տոկոսը:

Միաժամանակ, նույն հոդվածի 5-րդ մասով սահմանվում են այն պաշտոնները, որոնք զբաղեցնող անձանց նկատմամբ չի տարածվում նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումը:

Օրենքի 7-րդ հոդվածով սահմանվում են պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելավճարները եւ դրանց հաշվարկման կարգը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Նախագծով նախատեսվում է ներդնել Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու նոր գործիքակազմ, մասնավորապես՝ սահմանվում է, որ Պետական եկամուտների կոմիտեի ծառայողներին տրվում է հավելավճար կատարողականի գնահատման հիման վրա:

Նախագծով նախատեսվում է, որ կատարողականի գնահատման չափանիշները եւ դրա հիման վրա յուրաքանչյուր պաշտոնի հավելավճարի առավելագույն չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ հավելավճարի տրամադրման, հաշվարկման կարգն ու մեթոդաբանությունը սահմանում է Պետական եկամուտների կոմիտեի նախագահը:

Մասնավորապես՝ նախատեսվում է, որ հավելավճարի հաշվարկման կարգով պետք է սահմանվի, որ դրա ձեւավորման ժամանակ հաշվի են առնվելու օրենքով նախատեսված պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելու հանգամանքը, որի պարագայում աշխատակիցն արդեն իսկ ունենալու է հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Ընդ որում, եթե աշխատողն ունենա Կառավարության կողմից սահմանված որակավորում ((ACCA), (CPTP), ( CTA), (CPA), (CTS), (CCP), (CITP), (CCCS), (CTPP) եւ հարկային/մաքսային ոլորտի այլ հավաստագիր, ապա այդ աշխատողի համար պատրաստում կամ վերապատրաստում անցած լինելը հավելավճար ստանալու համար պարտադիր չի լինի եւ նա արդեն իսկ կունենա հավելավճարի 30 տոկոսը ստանալու իրավունքը: Հավելավճարի մնացած մասը պետք է ձեւավորվի կատարողականի գնահատման (KPI) կոնկրետ չափանիշներից ու չափելի հանգամանքներից ելնելով (օրինակ՝ հարկային ծառայողների մասով լրացուցիչ հարկային պարտավորությունների հայտնաբերում, իրականացված ստուգումների քանակ եւ այլն, իսկ մաքսային ծառայողի դեպքում արագ սպասարկում):

Ընդ որում, նախատեսվում է, որ հավելավճարի տրամադրման նոր համակարգին անցումն իրականացվելու է աստիճանաբար՝ յուրաքանչյուր տարի Կոմիտեի աշխատողների 1/3-ի մասով, իսկ Կոմիտեի մյուս ծառայողներին հավելավճար տրվելու է մինչեւ Նախագծով նախատեսված լրացումները ու փոփոխություններն ուժի մեջ մտնելը գործող կարգով՝ պարգեւատրման միջոցով: Նշված հարաբերությունների կարգավորման նպատակով Նախագծով նախատեսվել են անցումային դրույթներ:

Արդյունքում հնարավորություն կստեղծվի Կոմիտեի ծառայողների համար նախատեսել լրացուցիչ սոցիալական երաշխիքներ, վերանայել ծառայողների վարձատրության հարցը՝ սահմանելով արժանապատիվ վարձատրության չափ, որը երաշխիք կհանդիսանա նաեւ ծառայողներին կոռուպցիոն դրսեւորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը. Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել է Նախագիծը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

5. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել կատարողականի գնահատման հիման վրա Կոմիտեի ծառայողներին հավելավճար տրամադրելու գործիքակազմ՝ ապահովելով Կոմիտեի ծառայողների համար լրացուցիչ սոցիալական երաշխիքներ, սահմանելով արժանապատիվ վարձատրության չափ, որը երաշխիք կհանդիսանա նաեւ ծառայողներին կոռուպցիոն դրսեւորումներից հնարավորինս զերծ պահելու հարցում:

6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 6.3-րդ կետից, ինչպես նաեւ պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի 5-րդ նպատակից:

Ըստ Կառավարության 2021-2016թթ. Ծրագրի 6.3-րդ կետի՝ «Հանրային ծառայության համակարգ եւ մարդկային ռեսուրսների կառավարում» հատվածում կառավարությունը հավակնում է զարգացնել եւ կայացնել հանրային ծառայության արդյունավետ համակարգ՝ հանրային ծառայության գրավչությունը բարձրացնելու եւ պետական համակարգի առջեւ դրված խնդիրներն արդյունավետորեն լուծող բարձր պրոֆեսիոնալիզմով եւ բարեվարքությամբ օժտված մարդկային կապիտալ ձեւավորելու միջոցով:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն