Հոդված 1. 1998 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «595,» թիվը եւ կետադրական նշանը:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
Քաղաքացիական օրենսգրքի գործող կարգավորումների համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքները (առուվաճառք, նվիրատվություն, վարձակալություն ) ենթակա են նոտարական վավերացման, բացառությամբ, եթե դրանք կնքվում են Կառավարության կողմից սահմանված օրինակելի ձեւերով, որի դեպքում գործարքը կարող է կնքվել Կադաստրի կոմիտեում:
Ոլորտային վիճակագրությունը վկայում է, որ օրենսդրական կարգավորումը նախատեսելիս հաշվի չեն առնվել գործարքների որոշ տեսակների առավել բարձր ռիսկայնությունը, մասնավորապես՝ նվիրատվության գործարքների դեպքում առկա է գործարքի իրական նպատակը թաքցնելու, այն է՝ առուվաճառքի գործարքը նվիրատվության գործարքի միջոցով քողարկելու ռիսկ:
Նվիրատվության պայմանագիրը ՀՀ կադաստրի կոմիտեում Կառավարության կողմից սահմանված օրինակելի ձեւով կնքելու դեպքում, Կադաստրի կոմիտեն չունի պարտավորություն եւ իրավասություն պարզելու պայմանագրի կողմի իրական կամքը, տրամադրելու խորհրդատվություն՝ ի տարբերություն նոտարի, որի վրա օրենքով դրված է պարտավորություն՝ նոտարական գործողություններ իրականացնելիս անձանց օգնություն ցույց տալու, նրանց իրավունքները եւ օրինական շահերը իրականացնելու նպատակով նրանց իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու, նոտարական գործողությունների կատարման հետեւանքների մասին զգուշացնելու, որպեսզի անձի իրավական անտեղյակությունը չօգտագործվի ի վնաս իրեն, կողմերին պարզաբանելու նրանց ներկայացրած գործարքների նախագծերի իմաստն ու նշանակությունը եւ ստուգելու դրանց բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը:
Վերոգրյալից պարզ է դառնում, որ նոտարը օրենքով իրեն վերապահված իրավասությունների շրջանակում ունի առավել լայն գործիքակազմ՝ ապահովելու քաղաքացիների իրավական պաշտպանությունը, զերծ պահելու վերջիններիս իրավական անտեղյակության հետեւանաքով այնպիսի գործարքների կնքումից, որոնք չեն արտահայտում քաղաքացու իրական կամքը եւ կարող են խախտել վերջիններիս իրավունքները:
Հաշվի առնելով անշարժ գույքի նվիրատվության գործարքի առանձնահատկությունները եւ հետեւանքները, որոնք կարող են առաջանալ անձի համար՝ օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է այդպիսի գործարքների վավերացման իրավասությունը տրամադրել բացառապես նոտարներին:
Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» (այսուհետ՝ Օրենք) օրենքի պահանջների առավել արդյունավետ կատարմամբ, մասնավորապես՝ Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում են այն դեպքերը, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին (այսուհետ՝ Լիազոր մարմին) ներկայացվում են հաշվետվություններ՝ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության եւ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ:
Վերոգրյալ կարգավորումների գործնական կիրառման արդյունքում առաջացել է իրավիճակ, երբ անշարժ գույքի նվիրատվության գործարքի պարագայում հաշվետվություն ներկայացնում է մի դեպքում նոտարը, մյուս դեպքում՝ Կադաստրի կոմիտեն, երբ անշարժ գույքի նվիրատվության պայմանագիրը կնքվում է Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձեւով:
Քննարկվող գործարքների նկատմամբ առավել համապարփակ եւ արդյունավետ վերահսկողություն իրականացնելու տեսանկյունից առավել նպատակահարմար է դիտարկվում նվիրատվության գործարքների՝ որպես փողերի լվացման տեսանկյունից առավել ռիսկային գործարքների վերաբերյալ հաշվետվությունները կենտրոնացված ձեւով՝ մեկ աղբյուրից հավաքագրելու կառուցակարգը: Նվիրատվության գործարքների հնարավոր առավել բարձր ռիսկայնության մասին վկայում են նաեւ ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալները, համաձայն որոնց՝ վերջին տարիներին աճել են նվիրատվության հիման վրա սեփականության իրավունքի ձեռքբերման դեպքերը: Այսպես.
Վերոգրյալի համատեքստում ակնհայտ է, որ նվիրատվության գործարքների աճն իր մեջ կարող է պարունակել հիմնավոր ռիսկեր առ այն, որ դրանց թվում կարող են լինել կեղծ եւ շինծու գործարքներ՝ ապօրինի ձեռք բերված գույքն իբրեւ օրինական ճանապարհով օտարելու միջոցով ՀՀ իրավապահ մարմիններից թաքցնելու եւ օրինականացնելու նպատակով, ուստի՝ օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է ուժեղացնել հնարավոր շինծու գործարքների կնքման առկա ռիսկերի զսպման մեխանիզմները:
Ողջ վերոգրյալով նկարագրված նպատակներին հասնելու համար սույն նախագծի ընդունումից հետո անհրաժեշտություն է առաջանալու նաեւ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջող պայմանագրերի օրինակելի ձեւերը հաստատելու մասին» N 1851-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում ուժը կորցրած ճանաչել անշարժ գույքի նվիրատվության պայմանագրի օրինակելի ձեւը:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է կատարել օրենսդրական փոփոխություն, անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության: Միաժամանակ, վերացվում է նաեւ Կադաստրի կոմիտեի կողմից նշված գործարքները Կառավարության որոշմամբ սահմանված օրինակելի ձեւով կնքելու իրավասությունը: Նախագծի ընդունումից հետո կառաջարկվի նաեւ ուժը կորցրած ճանաչել Կառավարության որոշմամբ սահմանված անշարժ գույքի նվիրատվության պայմանգրի օրինակելի ձեւը:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը կնպաստի անշարժ գույքի նվիրատվության գործարքների մասով քաղաքացիների եւ պետության իրավունքների առավել արդյունավետ պաշտապանությանը՝ հաշվի առնելով, որ նոտարներն ունեն առավել լայն լիազորություններ զսպելու հնարավոր շինծու գործարքների կնքման ռիսկը, ինչպես նաեւ առանձին դեպքերում կբարձրանա փողերի լվացման դեպքերի կանխման արդյունավետությունը:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:
Սույն նախագծի ընդունումն անմիջականորեն նախատեսված չէ ռազմավարական փաստաթղթերով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների ավելացման՝ հաշվի առնելով, որ նախագծի ընդունման պարագայում անշարժ գույքի նվիրատվության բոլոր գործարքները կենթարկվեն նոտարական վավերացման, որոնց մասով էլ ամեն նոտարական գործարքից կգանձվի պետական տուրք, իսկ պետական բյուջեի ծախսերը չեն ավելանալու:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում