Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-065-25.07.2003-ՊԱ,ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

Սույն օրենքով կարգավորվում են օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառում ծագող իրավահարաբերությունները: Օրենքը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը, խնդիրները, սկզբունքները, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, նրանց իրավունքները եւ պարտականությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմքերը, տեսակները, օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ հսկողությունը եւ վերահսկողությունը:

Հոդված 2. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքից, Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքից, «Ազգային անվտանգության մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, իրավական այլ ակտերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման եւ իրականացման տակտիկան կարգավորվում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով։

Հոդված 3. Օպերատիվ-հետախուզական գործունեության հասկացությունը

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պետական ու հասարակական անվտանգությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու նպատակով՝ օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումն է:

Հոդված 4. Օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրներն են՝

1) հանցագործությունների բացահայտումը, կանխումը եւ խափանումը.

2) հանցագործությունը նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերումը.

3) հետաքննության, նախաքննության մարմիններից եւ դատարանից թաքնվող, քրեական պատասխանատվությունից խուսափող, ինչպես նաեւ անհայտ կորած անձանց հայտնաբերումը

4) դիակների ինքնության պարզումը.

5) վկաների, հանցագործության հետքերի, առարկաների, իրեղեն ապացույցների եւ այլ իրերի, փաստաթղթերի հայտնաբերումը.

6) Հայաստանի Հանրապետության պետական եւ հասարակական անվտանգությանը սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների վերաբերյալ տեղեկությունների ձեռք բերումը.

7) մաքսանենգության դեմ պայքարը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով տրանսպորտային միջոցների ապօրինի տեղափոխման կանխարգելումը.

8) հարկային օրենսդրության խախտումների նախազգուշացումը, հայտնաբերումը, կանխումը եւ բացահայտումը

9) հատուկ պետական պաշտպանության ենթակա սուբյեկտների անվտանգության ապահովումը։

2. Արգելվում է օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացումը օրենքով չնախատեսված խնդիրների իրականացման նպատակով:

Հոդված 5. Օպերատիվ-հետախուզական գործունեության սկզբունքները

Օպերատիվ-հետախուզական գործունեությունը իրականացվում է հետեւյալ հիմնական սկզբունքների հիման վրա՝

1) օրինականության

2) մարդու եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանության

3) գործունեության բացահայտ եւ գաղտնի մեթոդների ու միջոցների համակցության

4) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, աշխատանքի ձեւերի, մեթոդների եւ միջոցների գաղտնապահության

5) օպերատիվ-հետախուզական գործունեության բազմակողմանիության, լրիվության եւ օբյեկտիվության

Հոդված 6. Օպերատիվ-հետախուզական գործունեության սահմանափակումները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին արգելվում է՝

1) անցկացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ի շահ որեւէ ֆիզիկական կամ իրավաբանական անձի

2) գաղտնի կերպով մասնակցել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կուսակցությունների եւ այլ կազմակերպությունների գործունեությանը՝ այդ գործունեության բնույթի վրա ազդեցություն գործելու նպատակով:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման ընթացքում պետք է պահպանվեն մարդու եւ քաղաքացու անձնական եւ ընտանեկան կյանքի, բնակարանի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքները, որոնք կարող են սահմանափակվել միայն սույն օրենքով սահմանված կարգով:

Արգելվում է անցկացնել սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի հետ։ Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում պարզվում է, որ տեղի է ունեցել վերը նշված հաղորդակցությունը, միջոցառման անցկացումը կասեցվում է, իսկ դրա վերաբերյալ կատարված նշումները, ձայնագրությունները, կինոնկարահանումները, լուսանկարները եւ այլն, անհապաղ ոչնչացվում։

Անհապաղ ոչնչացման են ենթակա սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ եւ 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

3. Այն անձինք, որոնց նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժվել է, կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է հանցագործության դեպքի բացակայության կամ արարքի կատարման մեջ հանցակազմի բացակայության պատճառով, կամ պատճառված վնասը քրեական օրենքով համարվում է օրինաչափ, կամ նրանց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, եւ որոնք տեղեկություններ ունեն իրենց նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման մասին եւ ենթադրում են, որ դրանցով խախտվել են իրենց իրավունքները՝ իրավունք ունեն օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջել համապատասխան նյութեր իրենց վերաբերյալ ստացված տեղեկությունների մասին:

Նշված նյութերը չեն տրամադրվում, եթե առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները եւ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք: Սույն պարբերությամբ նախատեսված նյութերը ենթակա են ոչնչացման գործի հարուցումը մերժելուց կամ հարուցված քրեական գործի վարույթը կարճելուց հետո եռամսյա ժամկետում։

ԳԼՈՒԽ 2.

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 7. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները

1. Սույն օրենքով սահմանված կարգով օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն՝

1) ոստիկանությունը՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում.

2) ազգային անվտանգության ծառայությունը՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների սահմաններում.

3) հարկային ծառայությունը՝ օրենքով նրանց վերապահված լիազորությունների սահմաններում.

4) մաքսային ծառայությունը՝ օրենքով նրանց վերապահված լիազորությունների սահմաններում.

5) քրեակատարողական ծառայությունը՝ օրենքով նրան վերապահված լիազորությունների սահմաններում եւ միմիայն նախնական կալանքի վայրերում եւ ուղղիչ-աշխատանքային հիմնարկներում։

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ցանկը կարող է փոփոխվել օրենքով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված մարմինները օպերատիվ-հետախուզական գործունեություն են իրականացնում իրենց օպերատիվ ստորաբաժանումների միջոցով:

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների կառուցվածքը, ենթակայությունը ինչպես նաեւ աշխատանքի կազմակերպման կարգը սահմանում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը:

Հոդված 8. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավունքները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց խնդիրներն իրականացնելիս իրավունք ունեն՝

1) բացահայտ կամ գաղտնի մեթոդներով իրականացնել սույն օրենքի 13 հոդվածով նախատեսված միջոցառումները.

2) հատուցումով կամ անհատույց, պայմանագրով կամ առանց դրա համագործակցել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցելու ցանկություն հայտնած անձանց հետ.

3) օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշմամբ նախատեսված դեպքերում օգտագործել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին պատկանող շինությունները, հատուկ եւ այլ տեխնիկական ու տրանսպորտային միջոցները.

4) օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում պայմանագրով կամ այլ ձեւով համաձայնեցված օգտագործել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց սեփականություն հանդիսացող տարածքները, տրանսպորտային եւ տեխնիկական միջոցներն ու այլ գույքը։

Ազգային անվտանգության ծառայությունն, օրենքով իրեն վերապահված խնդիրների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է ստեղծել իրականում կամ պայմանականորեն գոյություն ունեցող կազմակերպություններ:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների անօրինական գործողությունները օրենքով սահմանված կարգով կարող են բողոքարկվել ինչպես վերադաս պաշտոնատար անձանց եւ դատախազին, այնպես էլ՝ դատական կարգով:

Հոդված 9. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պարտականությունները

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են՝

1) իրենց լիազորությունների սահմաններում իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները մարդու եւ քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, պետական, հասարակական, ռազմական, տնտեսական եւ բնապահպանական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ.

2) կատարել հետաքննության մարմնի հանձնարարությունները, դատախազի պարտադիր գրավոր ցուցումները, քննիչի եւ դատարանի որոշումները՝ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ.

3) պահպանել պետական եւ ծառայողական գաղտնիքը.

4) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով համագործակցել միջազգային իրավապահ կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների հետ.

5) հանցավոր ոտնձգություններից պաշտպանել օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներին, այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց, քրեական դատավարությանը մասնակցող անձանց, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին եւ նրանց գույքը:

6) իրենց լիազորությունները իրականացնելիս համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ նրանց փոխանցել իրենց հայտնի դարձած եւ այդ մարմինների իրավասությանը վերաբերող տեղեկությունները։

Հոդված 10. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցները

1. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցներն իրենց գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում են օրենքով եւ ենթարկվում իրենց անմիջական ղեկավարին: Նրանց գործունեությանը միջամտելու իրավունք ունեն միայն օրենքով նախատեսված մարմինները եւ պաշտոնատար անձինք:

Անօրինական հրաման կամ ցուցում ստանալու դեպքում օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը պարտավոր է ղեկավարվել օրենքով:

2. Օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցների սոցիալական ապահովման հարցերը կարգավորվում են օրենքով եւ իրավական այլ ակտերով:

Հոդված 11. Հասարակայնության աջակցությունը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների գործունեությանը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը անվճար կամ պայմանագրի հիման վրա վճարովի հիմունքներով կարող են ներգրավվել չափահաս եւ գործունակ անձինք՝ պահպանելով համագործակցության գաղտնիությունը: Համագործակցությունը հնարավոր է այդ անձանց համաձայնությամբ: Այդ անձինք պարտավոր են չհրապարակել համագործակցության առնչությամբ իրենց հայտնի դարձած տեղեկությունները, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ տեղեկություններ չտրամադրել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին: Վերջիններս պարտավոր են գաղտնի պահել իրենց հետ գաղտնի հիմունքներով համագործակցող եւ համագործակցած անձանց ինքնությունը:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են ապահովել օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը ներգրավված անձանց եւ նրանց ընտանիքի անդամների պաշտպանությունը, եթե առկա է նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող իրական վտանգ, որը պայմանավորված է այդ մարմինների հետ նրանց համագործակցությամբ:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող, ինչպես նաեւ հանցագործությունների բացահայտմանն ու հանցագործների հայտնաբերմանն աջակցած անձինք կարող են ստանալ դրամական եւ այլ պարգեւատրումներ։ Այդ պարգեւատրումների գումարները հարկման եւ հայտարարագրման ենթակա չեն։

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմինների հետ գաղտնի համագործակցող անձի՝ օպերատիվ-հետախուզական միջոցառմանը մասնակցելու հետեւանքով զոհվելու դեպքում նրա ընտանիքին եւ խնամքի տակ գտնվող անձանց պետական բյուջեի միջոցներից վճարվում է միանվագ նպաստ զոհվածի ամսական դրամական բավարարման հինգ տարվա գումարի չափով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է կերակրողին կորցնողի կենսաթոշակ։ Իսկ եթե անձը նշված պայմաններում վիրավորվել է, ստացել է խեղում, կոնտուզիա կամ հաշմանդամություն, որը բացառում է այդ մարմինների հետ նրա հետագա համագործակցությունը, ապա պետական բյուջեի միջոցներից նրան վճարվում է միանվագ նպաստ ամսական դրամական բավարարման երկու տարվա գումարի չափով եւ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է հաշմանդամության կենսաթոշակ։

4. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները իրավունք չունեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպմանն ու իրականացմանը ներգրավել պատգամավորների, նախարարների, դատավորների, դատախազների, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, զինված ուժերի, ինչպես նաեւ այլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

ԳԼՈՒԽ 3.

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հոդված 12. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հիմքերը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվում են հետեւյալ հիմքերից որեւէ մեկի առկայությամբ դեպքում՝

1) հարուցված քրեական գործի առկայությունը.

2) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին հայտնի դարձած տեղեկությունները’

ա) նախապատրաստվող, կատարվող կամ կատարված հակաօրինական արարքի, ինչպես նաեւ նման արարք նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց մասին, երբ դեռեւս չկան բավարար հիմքեր քրեական գործ հարուցելու համար

բ) Հայաստանի Հանրապետության պետական, հասարակական, ազգային, ռազմական, տնտեսական կամ բնապահպանական անվտանգությանը սպառնացող գործողությունների կամ իրադարձությունների մասին

գ) հետաքննության մարմիններից, նախաքննությունից կամ դատարանից, ինչպես նաեւ քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց մասին

դ) անհայտ կորած անձանց մասին

ե) դիակ հայտնաբերելու մասին.

3) օտարերկրյա պետությունների իրավապահ մարմինների եւ հատուկ ծառայությունների, միջազգային իրավապահ կազմակերպությունների հարցումները՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան.

4) հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանը սպառնացող հանգամանքների առկայությունը, ինչպես նաեւ հատուկ պետական պաշտպանություն իրականացնող մարմնի կողմից՝ օրենքով նրան վերապահված լիազորությունների շրջանակներում, օպերատիվ-հետախուզական մարմիններին տրված ցուցումները, որոնք վերաբերվում են հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգությանը սպառնացող հանգամանքների վերացմանը:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց լիազորությունների շրջանակներում կարող են հավաքել տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են՝

1) պետական եւ ծառայողական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հետ առընչվելու թույլտվություն տալու որոշում կայացնելու համար

2) օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների աշխատակիցների, ինչպես նաեւ այդ մարմինների հետ համագործակցող կամ համագործակցած անձանց (եւ նրանց ընտանիքի անդամների) անվտանգությունը ապահովելու համար

3) ոստիկանության կողմից օրենքով սահմանված կարգով սահմանային գոտում գտնվելու թույլտվություն տալու համար

4) օրենքով սահմանված կարգով սահմանային շերտ մուտք գործելու եւ այնտեղ գտնվելու թույլտվություն տալու համար սահմանապահ զորքերին համաձայնություն տալու համար

5) օպերատիվ-հետախուզական գործունեությանը մասնակցելու, կամ դրա իրականացման արդյունքում ստացված նյութերին ծանոթանալու թույլտվություն տալու մասին որոշում ընդունելու համար:

Հոդված 13. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում իրականացվում են հետեւյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների տեսակները՝

1) օպերատիվ հարցում

2) օպերատիվ պարզաբանում

3) համեմատական հետազոտումների համար նմուշների հավաքում

4) հսկիչ գնում

5) վերահսկելի մատակարարում եւ գնում

6) իրերի եւ փաստաթղթերի հետազոտում

7) արտաքին դիտում

8) ներքին դիտում

9) անձի նույնացում՝

10) շենքերի, կառույցների, տեղանքի, շինությունների եւ տրանսպորտային միջոցների հետազոտում

11) նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկում

12) հեռախոսային խոսակցությունների լսում

13) օպերատիվ ներդրում

14) օպերատիվ փորձարարություն

15) կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների դուրս բերում:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումները սահմանվում են միայն օրենքով:

2. Ոստիկանական գործառույթներ իրականացնող մարմինները՝ իրավունք ունեն իրականացնելու սույն հոդվածի առաջին մասի 1), 2), 3), 5), 6), 7), 8), 9), 10), 11), 12), 13), 14) եւ 15) կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները: Հեռախոսային խոսակցությունների լսումը ոստիկանության կողմից իրականացվում է ազգային անվտանգության ծառայության կողմից կապի ուղիների տրամադրումով ու հեռահաղորդակցության օպերատորի մոտ այլ օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, ոստիկանության կողմից ստացվող տվյալների եւ տեղեկատվության անմիջական հսկմամբ եւ ամրագրմամբ, ընդ որում, բացառելով ազգային անվտանգության ծառայության կողմից այդ տվյալների եւ տեղեկատվության հսկումը կամ ամրագրումը։

Կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների դուրս բերումը, եթե դա իրականացվում է հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ, ոստիկանության կողմից իրականացվում է ազգային անվտանգության ծառայության կողմից կապի տեխնիկական ուղիների եւ միջոցների տրամադրումով ու հեռահաղորդակցության օպերատորի մոտ այլ օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, ոստիկանության կողմից ստացվող տեղեկությունների անմիջական հանմամբ, ընդ որում, բացառելով ազգային անվտանգության ծառայության կողմից այդ տեղեկությունների հանումը կամ ամրագրումը։

3. Ազգային անվտանգության ծառայությունն իրավունք ունեն իրականացնելու սույն հոդվածի առաջին մասի 1), 2), 3), 5), 6), 7), 8), 9), 10), 11), 12), 13), 14) եւ 15) կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

4. Մաքսային ծառայությունն իրավունք ունեն իրականացնելու սույն հոդվածի առաջին մասի 1), 2), 3), 5), 6), 7), 9), 13), եւ 14) կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

5. Հարկային ծառայությունն իրավունք ունեն իրականացնելու սույն հոդվածի առաջին մասի 1), 2), 3), 4), 5), 6), 7), 10), 13), եւ 14) կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները:

6. Քրեակատարողական ծառայությունն իրավունք ունի իրականացնել սույն հոդվածի 1-ին մասի 1), 2), 3), 5), 6), 7), 8) 9), 10), 11), 12), 13) եւ 14) կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները` միմիայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական համակարգի նախնական կալանքի վայրերում եւ ուղղիչ-աշխատանքային հիմնարկների տարածքներում։

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցները կարող են համատեղ ընդունված գերատեսչական նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով, համագործակցել ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումների հետ, սույն մասով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնելիս։

7. Սույն հոդվածի 1-մասի 8-րդ եւ 12-րդ նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է իրականացնել միայն այն դեպքերում, երբ անձը, ում նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կասկածվում է այնպիսի հանցագործության նախապատրաստման, կատարման /հանցակցության/ կամ հանցագործության կատարման փորձի մեջ, որի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը հավասար կամ գերազանցում է հինգ տարի ժամկետով ազատազրկումը, եւ եթե կան հիմնավոր ապացույցներ, որ այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռք բերումն անհնարին է։

8. Սույն հոդվածի 1-ին մասի 8) եւ 10) (եթե վերջինս կատարվում է գաղտնի եղանակով) եւ 15) կետերով նախատեսված միջոցառումներն իրականացվում են դատարանի որոշմամբ:

Սույն մասում նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարող են իրականացվել առանց դատարանի որոշման, եթե դիտարկվողներից, բնակարանի, շենքի, շինության եւ տրանսպորտային միջոցի տերերից, կամ կապի տեխնիկական ուղիներն ու միջոցներն օգտագործողներից մեկը, նախապես դիտարկելու կամ դրանք հետազոտելու, կամ տեղեկությունները դուրս բերելու համաձայնություն է տվել, բացառությամբ այն դեպքերի, երբ անձը, որի նկատմամբ իրականացվում կամ կարող են իրականացվել այդ օպերատիվ-հետախուզական միջոցառումները, ողջամտորեն չէր կարող ենթադրել դրանց անցկացման անարգել հնարավորության մասին:

9. Սույն հոդվածի 1-ին մասի 11) եւ 12) կետերով նախատեսված միջոցառումները կարող են իրականացվել միայն դատարանի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսակցության մասնակիցներից կամ հաղորդակցվողներից մեկը նախապես դրանք լսելու կամ վերահսկելու համաձայնություն է տվել:

10. Սույն հոդվածի 1-ին մասի 11, 12, 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացնելիս հեռահաղորդակցության եւ փոստային կապի կազմակերպությունները պարտավոր են օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացնող մարմինների օրինական պահանջով իրենց ունեցած տեխնիկական հնարավորությունների սահմաններում տրամադրել տեխնիկական համակարգեր եւ ստեղծել համապատասխան հնարավորություններ:

Հոդված 14. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու մասին որոշումը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն իրականացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի որոշման հիման վրա, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման որոշման կայացման հիմք են հանդիսանում դատախազի գրավոր ցուցումները, քննիչի, հետաքննության մարմնի եւ դատարանի որոշումները, իրենց վարույթում գտնվող քրեական գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու վերաբերյալ:

Օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը կայացնում է նաեւ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդության հիման վրա:

Միջնորդության մեջ պետք է նշվեն օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը, այն տվյալները, որոնք նախատեսվում է ստանալ դրա արդյունքում, միջոցառման անցկացման տեղը եւ ժամկետը, ինչպես նաեւ այն բոլոր տվյալները, որոնք անհրաժեշտ են օպերատիվ ստորաբաժանման ղեկավարին՝ որոշում կայացնելու համար: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաեւ այն հեռախոսահամարը (հեռախոսահամարները), որոնք լսվելու են: Սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու վերաբերյալ միջնորդությունը պետք է պարունակի նաեւ փոստային կամ էլեկտրոնային հասցեն, որը վերահսկվելու է (փոստային առաքումների վերահսկման դեպքում փոստային հասցեի բացակայության դեպքում կարող է ներկայացվել անձի ձեռագրի նմուշը, ում փոստային առաքումները պետք է վերահսկվեն): Օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու հիմքերի բավարար լինելը ստուգելու համար օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը կարող է միջնորդությունը ներկայացրած օպերատիվ ստորաբաժանման աշխատակցից պահանջել բացատրություններ եւ լրացուցիչ այլ նյութեր:

Միջնորդությունը քննարկում է օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը միանձնյա՝ միջնորդություն ներկայացրած աշխատակցի մասնակցությամբ:

Հարցի քննարկման արդյունքում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն տալու կամ միջնորդությունը մերժելու մասին՝ որոշման մեջ նշելով բավարարման կամ մերժման հիմքերը: Եթե օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման համար սույն օրենքով պարտադիր է համարվում դատարանի թույլտվությունը, ապա օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարին զեկուցում է օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ, ներկայացնելով օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշումը եւ միջնորդությունը` օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու համար դատարան դիմելու վերաբերյալ: Որոշումը եւ դրան կցվող նյութերը դատարան է ներկայացնում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարը կամ նրա տեղակալը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ պետք է նշված լինեն՝ որոշումը կազմելու օրը, ամիսը տարին եւ տեղը, որոշումը կայացրած օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի անունը, ազգանունը, միջնորդությունը ներկայացրած օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի անունը, ազգանունը եւ պաշտոնը, օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու մասին նշում՝ ցույց տալով, թե այդ միջոցառումն ում վրա է տարածվում (սույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու որոշումը պետք է պարունակի նաեւ այն հեռախոսահամարը /հեռախոսահամարները/ որոնք լսվելու են), որոշման գործողության ժամկետը, որոշումը կատարելու համար իրավասու օպերատիվ ստորաբաժանման աշխատակիցը, օպերատիվ ստորաբաժանման ղեկավարի ստորագրությունը՝ վավերացված օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի կնիքով:

4. Օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման ժամկետի հաշվարկումը սկսվում է դրա ընդունման օրից եւ չի կարող 6 ամսից ավելին լինել: Որոշման ժամկետը կարող է երկարացվել օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացման մասին որոշման ընդունման համար սույն հոդվածով սահմանված կարգով:

5. Այն դեպքերում, երբ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հապաղումը կարող է հանգեցնել տեռորիստական ակտի կատարմանը, կամ հնարավոր են Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանը սպառնացող իրադարձություններ կամ գործողություններ, թույլատրվում է նման միջոցառումների իրականացումը՝ այդ մասին անհապաղ տեղյակ պահելով օպերատիվ ստորաբաժանման ղեկավարին: Եթե օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը, դրա իրականացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը՝ անհապաղ ոչնչացվում: Հակառակ դեպքում օպերատիվ ստորաբաժանման ղեկավարը՝ տեղեկացվելուց հետո 1 ժամվա ընթացքում, որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին:

Եթե տեռորիստական ակտի կատարման, կամ Հայաստանի Հանրապետության պետական, ռազմական կամ բնապահպանական անվտանգությանը սպառնացող իրադարձությունների կամ գործողությունների կարող են հանգեցնել այնպիսի օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման հապաղումը, որոնց իրականացման համար սույն օրենքով պարտադիր է համարվում դատարանի թույլտվությունը , ապա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա թույլատրվում է նման միջոցառումների իրականացումը՝ 48 ժամվա ընթացքում այդ մասին Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ծանուցելով դատարանին: Եթե դատարանը բավարար չի համարում օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման հիմքերը, դրա իրականացումն անմիջապես դադարեցվում է, իսկ դրա արդյունքում ձեռք բերված տեղեկությունները եւ նյութերը՝ անհապաղ ոչնչացվում: Հակառակ դեպքում դատարանը որոշում է կայացնում օպերատիվ-հետախուզական միջոցառման անցկացումը թույլատրելու մասին` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Հոդված 15. Օպերատիվ Հարցում

Հարցումը՝ կատարված, նախապատրաստվող կամ կատարվող հանցագործությունների, ինչպես նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա այլ հանգամանքների վերաբերյալ տեղեկությունների հավաքելն է՝ իրականում կամ հավանաբար այդպիսի տեղեկատվության տիրապետող իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հարցեր տալու /հարցումներ անելու/ եւ պատասխաններ ստանալու միջոցով։

Հոդված 16. Օպերատիվ պարզաբանում

Օպերատիվ-պարզաբանումը օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրների իրականացման նպատակով, օպերատիվ հետաքրքրություն ներկայացնող անձանց եւ փաստերի վերաբերյալ տեղեկությունների հավաքումն է։

Հոդված 17. Համեմատական հետազոտությունների համար նմուշների հավաքում

Համեմատական հետազոտություններ համար նմուշների հավաքումը համապատասխան նյութերի, առարկաների, իրերի, փաստաթղթերի, եւ այլ նմուշների հավաքումն է (ստացումն է)՝ անհրաժեշտ ուսումնասիրություններ կատարելու համար։

Հոդված 18. Հսկիչ գնում

Հսկիչ գնումն իրականացվում է ստանդարտացման եւ չափումների միասնականության ապահովման օրենսդրության եւ հարկային հաշվառման կանոնների պահպանումը ստուգելու, ինչպես նաեւ հետագա հետազոտությունների նպատակով նմուշներ ստանալու, ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների իրական գների բացահայտման համար:

Հոդված 19. Վերահսկելի մատակարարում եւ գնում

1. Վերահսկելի մատակարարումը եւ գնումը՝ ապրանքների եւ ծառայությունների շրջանառության վերահսկումն է, այդ թվում ապրանքներն ու ծառայությունները գնելու կամ այդպիսիք վաճառելու միջոցով՝ հանցագործության մասնակիցներին պարզելու նպատակով:

2. Այն առարկաների, ապրանքների եւ արտադրանքի վերահսկելի մատակարարումը եւ գնումը, որոնց ազատ իրացումը արգելված է կամ որոնց շրջանառությունը սահմանափակված է, իրականացվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի ղեկավարի որոշման հիման վրա:

Հոդված 20. Իրերի եւ փաստաթղթերի հետազոտում

Իրերի եւ փաստաթղթերի հետազոտումը՝ դրանց զննումը, հատկանիշների եւ բովանդակության բացահայտումն է տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրա, ինչպես նաեւ հետազոտման արդյունքների ամրագրումը տեսագրման, ձայնագրման կինոնկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրա։ Հետազոտման արդյունքում ապահովվում է օբյեկտների եւ դրանց վրա եղած հետքերի պահպանությունը։

Հոդված 21. Արտաքին դիտում

1. Արտաքին դիտումը, առանց բնակարանի անձեռնմխելիության խախտման, անձանց հետեւելն ու առանձին դեպքերի եւ իրադարձությունների ընթացքի վերահսկումն է բաց տարածությունում կամ հասարակական վայրերում, հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ, կամ առանց դրա, ինչպես նաեւ դիտման արդյունքների ամրագրումը տեսագրման ձայնագրման կինոնկարահանման լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրա։

2. Եթե հնարավոր են այնպիսի իրավունքների սահմանափակումներ ինչպիսիք են՝ բնակարանի անձեռնմխելիության, նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքները, ապա դիտումը կարող է իրականացվել միայն սույն օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով սահմանված կարգով:

Հոդված 22. Ներքին դիտում

Ներքին դիտումն առանձին դեպքերի եւ իրադարձությունների ընթացքի վերահսկումն ու անձին հետեւելն է բնակարանում, հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների կիրառմամբ կամ առանց դրա, ինչպես նաեւ դիտման արդյունքների ամրագրումը տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրա:

Հոդված 23. Անձի նույնացում

Անձի նույնացումը՝ օպերատիվ-հետախուզական նպատակներով, նրա ինքնությունը պարզելն է արտաքին նշանների, մատնահետքերի եւ քրեագիտական այլ հետքերի հիման վրա:

Հոդված 24. Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի եւ տրանսպորտային միջոցների հետազոտում

Շենքերի, շինությունների, կառույցների, տեղանքի եւ տրանսպորտային միջոցների հետազոտումը դրանց զննումը, հատկանիշների եւ այլ տեղեկությունների բացահայտումն է հատուկ եւ այլ տեխնիկական միջոցներով կամ առանց դրանց, ինչպես նաեւ հետազոտման արդյունքների ամրագրումը տեսագրման, ձայնագրման, կինոնկարահանման, լուսանկարահանման, էլեկտրոնային եւ այլ կրիչների միջոցով կամ առանց դրա։

Հոդված 25. Նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկումը

1. Նամակագրության, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկումը՝ տեխնիկական միջոցների օգտագործմամբ կամ առանց դրանց, փոխանցվող նամակների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների հետազոտումը եւ դրա արդյունքների ամրագրումն է:

2. Նամակագրական, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների վերահսկման իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ սույն օրենքով:

Հոդված 26. Հեռախոսային խոսակցությունների լսում

1. Հեռախոսային խոսակցությունների լսումը հատուկ եւ այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների գաղտնի լսումն է եւ դրանց ձայնագրումը էլեկտրոնային կրիչների միջոցով կամ արձանագրումը կամ առանց դրա։

2. Հեռախոսային խոսակցությունների լսումների իրականացման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով եւ սույն օրենքով:

Հոդված 27. Կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների դուրս բերում

Կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների դուրս բերումը, առանց փոխանցվող նամակների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների, հեռախոսային խոսակցությունների հետազոտման, կապի տեխնիկական ուղիներից եւ միջոցներից տեղեկությունների հանումն է, առանց անձանց նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական եւ այլ հաղորդումների գաղտնիության իրավունքի սահմանափակման։

Հոդված 28. Օպերատիվ ներդրում

1. Օպերատիվ ներդրումը՝ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաեւ այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց գաղտնի ներդրումն է որոշակի մարմիններում, կազմակերպություններում կամ խմբավորումներում:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող անձանց հավաքագրման, ներդրման եւ վճարման կարգը սահմանվում է այդ մարմինների իրավական ակտերով:

Հոդված 29. Օպերատիվ փորձարարություն

Օպերատիվ փորձարարությունը՝ որոշակի հանգամանքներում այս կամ այն իրադարձությունների կատարման հնարավորության ստուգումն է՝ օպերատիվ-հետախուզական գործունեության ընթացքում պարզաբանման ենթակա հանգամանքների կամ դրանց մի մասի վերարտադրության միջոցով:

Հոդված 30. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորումը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների փաստաթղթավորումն իրականացվում է օպերատիվ հաշվառման գործեր կազմելու միջոցով: Օպերատիվ հաշվառման գործերը կազմվում են անհրաժեշտ տեղեկությունների հավաքման եւ համակարգման, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների ստուգման, գնահատման, ինչպես նաեւ դրանց հիման վրա անհրաժեշտ վերլուծություններ կատարելու համար:

2. Օպերատիվ հաշվառման գործը կարճվում է օպերատիվ-հետախուզական գործունեության խնդիրների լուծման, դրանց լուծման օբյեկտիվ անհնարինության, ինչպես նաեւ տվյալ օպերատիվ-հետախուզական միջոցառման անհրաժեշտության վերացման դեպքերում:

3. Օպերատիվ հաշվառման գործերի տեսակները, դրանց կազմելու եւ կարճելու կարգը հաստատվում են օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:

4. Կարճված օպերատիվ հաշվառման գործերը, այդ թվում նաեւ դրանց վերաբերվող տեղեկությունները, փաստաթղթերը, էլեկտրոնային եւ այլ կրիչները /լուսանկարներ, ձայնագրություններ, կինոնկարահանումներ եւ այլն/ ոչնչացվում են։

Փաստաթղթավորման ենթակա չեն եւ ստանալուն պես անհապաղ ոչնչացվում են օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձեռք բերված անձի անձնական կյանքին վերաբերվող տեղեկատվությունը, որը արատավորում է նրա պատիվն ու արժանապատվությունը, կարող է վնասել նրա օրինական շահերին եւ չի օգտագործվում օպերատիվ-հետախուզական միջոցառման կոնկրետ խնդրի իրականացման համար։ Սույն պարբերությունում նշված տեղեկատվությունը, որը օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացվող մարմնի կողմից օգտագործվում է սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար, այլ պետական, այդ թվում նաեւ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող, մարմնի փոխանցվում է միմիայն նրանց կողմից օրենքով իրենց վերապահված կոնկրետ խնդրի իրականացման համար։

Հոդված 31. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքների օգտագործումը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ արձանագրվում են դրանք իրականացնող պաշտոնատար անձի կողմից:

Արձանագրության մեջ պետք է նշվեն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառման իրականացման տեղը, ժամանակը, հանգամանքները, օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող օպերատիվ աշխատակցի, օպերատիվ-հետախուզական միջոցառման այլ մասնակիցների անունները, ազգանունները, պաշտոնները, ինչպես նաեւ այն անձանց (կամ նրանց օրինական ներկայացուցիչների), անունները եւ ազգանունները, որոնց վրա տարածվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումը: Արձանագրության մեջ պետք է նկարագրվեն օպերատիվ-հետախուզական միջոցառման ընթացքում ձեռնարկված բոլոր գործողությունները այն հաջորդականությամբ, ինչպես որ դրանք կատարվել են, կիրառված գիտատեխնիկական մեթոդները եւ միջոցները, ինչպես նաեւ միջոցառման արդյունքում վերցված իրերը եւ փաստաթղթերը:

Արձանագրությունը ստորագրում է օպերատիվ-հետախուզական միջոցառումն իրականացնող պաշտոնատար անձը, ինչպես նաեւ այն անձինք (կամ նրանց օրինական ներկայացուցիչները), որոնց վրա տարածվում է օպերատիվ-հետախուզական միջոցառումը:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները օգտագործվում են հանցագործությունների հայտնաբերման, նախազգուշացման, կանխման եւ բացահայտման, դրանք նախապատրաստող, կատարող կամ կատարած անձանց հայտնաբերման, հետաքննության մարմիններից եւ նախաքննությունից, դատարանից, քրեական պատասխանատվությունից խուսափող անձանց հետախուզման եւ անհայտ կորած անձանց որոնման, չճանաչված դիակների ինքնության պարզման համար:

Օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքները կարող են քրեական գործի հարուցման հիմք հանդիսանալ, ինչպես նաեւ օգտագործվել ապացուցման ընթացքում` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

3. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները համապատասխան պետական մարմիններին ներկայացնելու կարգը սահմանվում է օրենքով եւ օպերատիվ-հետախուզական-գործունեություն իրականացնող մարմինների իրավական ակտերով:

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինը սույն օրենքով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տեղեկատվությունը կարող է փոխանցել միայն քրեական վարույթ կամ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող այլ մարմիններին, նրանց խնդրանքով՝ օրենքով իրենց վերապահված կոնկրետ լիազորության իրականացման համար։

Հոդված 32. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների մասին տեղեկությունների պաշտպանությունը

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ուժերի, միջոցների ու աղբյուրների, մեթոդների, պլանների, այդ միջոցառումների արդյունքների, դրանց ֆինանսավորման, օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների, ինչպես նաեւ այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող եւ համագործակցած անձանց մասին տեղեկությունները հանդիսանում են պետական գաղտնիք։

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցների եւ այդ մարմինների հետ գաղտնիության հիման վրա համագործակցող անձանց մասին տեղեկությունների հրապարակումը թույլատրվում է միայն նրանց գրավոր համաձայնությամբ կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական գաղտնիքի հրապարակման համար օրենքով սահմանված կարգով:

Հոդված 33. Հատուկ տեխնիկական միջոցներ

1. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը, լիազոր պետական մարմնի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման ընթացքում կիրառվող հատուկ տեխնիկական միջոցները չպետք է վնաս պատճառեն մարդկանց կյանքին ու առողջությանը ինչպես նաեւ շրջակա միջավայրին:

Արգելվում է գաղտնի տեղեկություններ ստանալու համար նախատեսված /մշակված, ծրագրավորված, հարմարեցված/ հատուկ տեխնիկական եւ այլ միջոցների օգտագործումը եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացումը օպերատիվ-հետախուզական գործունեություն չիրականացնող պետական մարմինների, ստորաբաժանումների, կամ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից։

ԳԼՈՒԽ 4.

ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

Հոդված 34. Օպերատիվ-հետախուզական գործունեության ֆինանսավորումը

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները ֆինանսավորվում են պետական բյուջեի միջոցներից:

Հոդված 35. Օպերատիվ-հետախուզական գործունեության տեղեկատվական ապահովումը

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները իրենց խնդիրներն իրականացնելու նպատակով՝ իրենց իրավական ակտերով սահմանված կարգով ստեղծում են տեղեկատվական համակարգեր:

ԳԼՈՒԽ 5.

ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

Հոդված 36. Վերահսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

1. Օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ դատական վերահսկողության ոլորտը սահմանվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման նկատմամբ անմիջական վերահսկողություն են իրականացնում օպերատիվ-հետախուզական մարմինների եւ օպերատիվ ստորաբաժանումների ղեկավարները, որոնք անձնական պատասխանատվություն են կրում օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման օրինականության նկատմամբ:

Հոդված 37. Դատախազական հսկողությունը օպերատիվ-հետախուզական գործունեության նկատմամբ

1. Նախաքննության եւ հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս՝ դատախազը հսկողություն է իրականացնում օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ՝ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում։ Դատախազի կողմից հսկողության ենթակա չեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման եւ իրականացման եղանակները։

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների ղեկավարները պարտավոր են դատախազի պահանջով նրան ներկայացնել այդ միջոցառումների անցկացման համար հիմք հանդիսացող փաստաթղթերը եւ այլ անհրաժեշտ տեղեկատվություն։ Դատախազը պարտավոր է ապահովել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից իրենց ներկայացված փաստաթղթերի եւ տեղեկությունների գաղտնիությունը։

Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային աշխատակիցների եւ այդ մարմինների հետ գաղտնի համագործակցող անձանց վերաբերյալ տեղեկությունները դատախազին ներկայացվում են միայն այդ անձանց համաձայնությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ առաջ է գալիս նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարց։