Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 29-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 29. Քրեական գործի ընթացքի արձնագրման պարտադիր լինելը
1. Դատավարական գործողությունների ընթացքը եւ արդյունքները արտացոլվում են արձանագրություններում, որոնք կազմվում են դատավարական գործողության ընթացքում կամ դրա ավարտից անմիջապես հետո:
2. Արձանագրությունը կարող է գրվել ձեռքով կամ պատրաստվել տեխնիկական միջոցների օգնությամբ: Դատավարական գործողություններ իրականացնելիս կարող է կատարվել սղագրում, լուսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրում եւ տեսագրում:
Արձանագրությունն ու սղագրական գրառումը, լուսանկարչական նեգատիվներն ու լուսանկարները, ձայնագրման եւ տեսագրման նյութերը կցվում են քրեական գործին:
3. Արձանագրությունում նշվում են՝
1) դատավարական գործողության իրականացման վայրը եւ օրը, ամիսը, տարեթիվը, այն սկսելու եւ ավարտելու ժամանակը՝ րոպեի ճշտությամբ,
2) արձանագրությունը կազմողի պաշտոնը եւ ազգանունը,
3) դատավարական գործողությանը մասնակցող յուրաքանչյուր անձի ազգանունը, անունը, հայրանունը, անհրաժեշտության դեպքում՝ նրա հասցնեն եւ անձնական այլ տվյալները:
4. Դատավարական գործողությունները արձանագրություններում նկարագրվում են այն հաջորդականությամբ, ինչ հաջորդականությամբ իրականում տեղի են ունեցել: Արձանագրությունում նշվում են դրանց իրականացման ընթացքում ձեռք բերված եւ գործի համար նշանակություն ունեցող հանգամանքները, շարադրվում են դատավարական գործողության մասնակիցների հայտարարությունները:
5. Արձանագրության մեջ նշվում են տեղեկություններ դատավարական գործողության ընթացքում կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման կարգի եւ պայմանների, այն օբյեկտների, որոնց նկատմամբ տեխնիկական միջոցները կիրառվել են, եւ ստացված արդյունքների, ինչպես նաեւ մասնակիցներին տեխնիկական միջոցների կիրառման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:
6. Արձանագրությունը ներկայացվում է դատավարական գործողությանը մասնակցած անձանց ծանոթացման: Ընդ որում՝ նշված անձանց բացատրվում է արձանագրության մեջ լրացումներ եւ ուղղումներ կատարելու իրենց իրավունքը: Արձանագրության մեջ լրացումներ եւ ուղղումներ կատարելու բոլոր հայտարարությունները ստորագրվում են այդ անձանց կողմից:
7. Արձանագրությունը ստորագրվում է քննիչի եւ դատավարական գործողությանը մասնակցած անձանց կողմից:
Արձանագրությունը ստորագրելուց կասկածյալի, մեղադրյալի, տուժողի, վկայի կամ դատավարական գործողությանը մասնակցած այլ անձի հրաժարվելու դեպքում քննիչն արձանագրության մեջ այդ մասին կատարում է համապատասխան գրառում, որը հավաստվում է քննիչի, պաշտպանի, ներկայացուցչի, օրինական ներկայացուցչի, իրավահաջորդի կամ ընթերակայի ստորագրություններով, եթե նրանք մասնակցում են դատավարական գործողությանը:
Արձանագրությունը ստորագրելուց հրաժարվող անձին պետք է հնարավորություն տրվի բացատրել հրաժարման պատճառները, կամ պատճառները բացատրելուց հրաժարվելը, որը նույնպես արձանագրվում է:
Եթե կասկածյալը, մեղադրյալը, տուժողը կամ վկան ֆիզիկական պակասությունների, կամ առողջական վիճակի, կամ անգրագիտության հետեւանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, ապա այդ անձին արձանագրությունը ծանոթության է ներկայացվում պաշտպանի, օրինական ներկայացուցչի, ներկայացուցչի կամ ընթերակայի ներկայությամբ, որոնք իրենց ստորագրությամբ հաստատում են արձանագրության բովանդակության համապատասխանությունն իրականությանը եւ կասկածյալի, մեղադրյալի, տուժողի կամ վկայի կողմից այս ստորագրելու անհնարինությունը»:
8. Արձանագրությանը կցվում են այն լուսանկարչական նեգատիվները եւ լուսանկարները, կինոժապավենները, դիապոզիտիվները, հարցաքննության ֆոնոգրամմաները, տեսաերիզները, համակարգչային տեղեկատվության կիրչները, գծագրերը, պլանները, ծեփապատճենները, հետքների դրոշմները, որոնք կազմվել են դատավարական գործողության ընթացքում:
9. Արձանագրությունը պետք է պարունակի նաեւ գրառումներ դատավարական գործողության մասնակիցներին իրենց իրավունքներն ու պարտականությունները բացատրելու, պարտականությունները չկատարելու հետեւանքները պարզաբանելու, դատավարական գործողության իրականացման ընդհանուր կարգը բացատրելու մասին, որը հավաստվում է դատավարական գործողության մասնակիցների ստորագրությամբ:
Հոդված 2. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.
«10) քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալ փաստաբանի հետ»:
Հոդված 3. Օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրության.
«1. Ձերբակալումն անձի կողմից կատարվող հանցանքը խափանելու, ինչպես նաեւ հանցագործություն կատարելուց հետո նրա փախուստը բացառելու նպատակով նրան արգելանքի վերցնելն է, հետաքննության կամ վարույթ իրականացնող մարմին բերելը, համապատասխան արձանագրություն կազմելը եւ այդ մասին նրան հայտարարելը՝ օրենքով որոշված վայրերում ու պայմաններում արգելանքի տակ կարճաժամկետ պահելու համար:»:
Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հոդվածով.
«Հոդված 1311 . Կասկածյալի ձերբակալման կարգը
1. Հանցանք կատարելու մեջ կասկածվող անձին հետաքննության մարմին, քննիչի կամ դատախազի մոտ բերելուց հետո երեք ժամվա ընթացքում կազմվում է արձանագրություն՝ կասկածյալին ձերբակալելու մասին, որի պատճենը ստորագությամբ տրվում է ձերբակալված անձին: Ձերբակալման մասին արձանագրության մեջ նշվում է կասկածյալին՝ նրա պաշտպանության, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 63-րդ հոդվածով նախատեսված իրավունքներն ու պարտականությունները պարզաբանելու մասին»:
2. Արձանագրության մեջ նշվում են այն կազմելու ժամանակը (օրը, ամիսը, տարեթիվը, ժամը, րոպեն), ձերբակալման ժամանակը, վայրը, հիմքը (հիմքերը) եւ նպատակը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այն հոդվածը, որի կատարման մեջ կասկածվում է ձերբակալվածը, նրա անձնական խուզարկության արդյունքները եւ այլ հանգամանքներ, ինչպես նաեւ ձերբակալվածի հայտարարություններն ու միջնորդությունները:
3. Ձերբակալման արձանագրությունը կազմելուց հետո 12 ժամվա ընթացքում հետաքննության մարմինը կամ քննիչը գրավոր իրազեկում է դատախազին:»:
Հոդված 5. Օրենսգրքի 173-րդ հոդվածի 3-րդ մասի վերջին նախադասության «արձանագրությունը կազմելու» բառերը փոխարինել «արգելանքի վերցնելու» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 26-րդ գլխի վերնագրից հանել «կատարելու ընդհանուր պայմանները» բառերը:
Հոդված 7. Օրենսգրքի 188-րդ հոդվածից հետ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1881 -րդ հոդված.
«Հոդված 1881 . Նախնական քննության ընդհանուր պայմանները
1. Քննչական գործողությունների իրականացումը գիշերային ժամերին չի թույլատրվում, բացառությամբ անհետաձգելի դեպքերի:
2. Քննչական գործողություններ իրականացնելիս անթույլատրելի են նախնական քննության մասնակիցների նկատմամբ բռնության, սպառնալիքի եւ անօրինական այլ գործողությունների գործադրումը, ինչպես նաեւ նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր պայմանների ստեղծումը:
3. Քննիչը, քննչական գործողությունների իրականացմանը ներգրավելով կասկածյալին, մեղադրյալին, տուժողին, քաղաքացիական հայցվորին, քաղաքացիական պատասխանողին, նրանց ներկայացուցիչներին կամ իրավահաջորդներին, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 81-րդ, 83-86-րդ հոդվածներում նշված անձանց, ճշտում է նրանց ինքնությունը, բացատրում իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ քննչական գործողության իրականացման ընդհանուր կարգը: Եթե քննչական գործողության իրականացմանը մասնակցում են տուժողը, վկան, փորձագետը կամ թարգմանիչը, ապա քննիչը նրանց համապատասխանաբար նախազգուշացնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 338-րդ, 339-րդ հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին:
4. Քննիչն իրավունք ունի քննչական գործողության իրականացմանը ներգրավել օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց, որի մասին նշում է կատարվում համապատասխան քննչական գործողության արձանագրության մեջ:»:
Հոդված 8. Օրենսգրքի 205-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 205. Հարցաքննության կանչելու կարգը
1. Վկան, տուժողը, կասկածյալը եւ մեղադրյալը քննիչի մոտ կանչվում են ծանուցագրով: Ծանացագրում նշվում է, թե ով է կանչում, ում, դատավարական ինչպիսի կարգավիճակով, ինչպես նաեւ ուր եւ երբ (ներկայանալու օրն ու ժամը) պետք է ներկայանա կանչվողը, ինչպես նաեւ անհարգելի պատճառներով չներկայանալու հետեւանքները:
2. Ծանուցագիրը կանչվող անձին հանձնվում է ստորագրությամբ կամ փոխանցվում է կապի միջոցներով: Նրա ժամանակավոր բացակայության դեպքում ծանուցագիրը հանձնվում է կանչվողի ընտանիքի չափահաս անդամներից որեւէ մեկին, հարեւաններին, համատիրությանը (բնակարանային շահագործման կազմակերպությանը), կամ փոխանցվում է նրան աշխատանքի կամ ուսման վայրի վարչակազմի միջոցով:
3. Հարցաքննության կանչված անձը պարտավոր է քննիչին ներկայանալ նշանակված ժամկետում կամ նրան նախապես իրազեկել չներկայանալու պատճառները: Անհարգելի պատճատով չներկայանալու դեպքում հարցաքննության կանչված անձը կարող է բերման ենթարկվել սույն օրենսգրքի 153-րդ հոդվածով նախատեսված հիմքով կամ նրա նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված դատավարական հարկադրանքի այլ միջոցներ:
4. Արգելանքի տակ չգտնվող անչափահասները, որպես կանոն, կանչվում են իրենց օրինական ներկայացուցիչների միջոցով:
5. Արգելանքի տակ գտնվող կասկածյալը կամ մեղադրյալը կանչվում են արգելանքի տակ պահելու վա՝յրի վարչակազմի միջոցով:
Զինծառայողները հարցաքննության են կանչվում զորամասի հրամանատարության միջոցով:»:
Հոդված 9. Օրենսգրքի 205-րդ հոդվածից հետ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2051 -րդ հոդված.
«Հոդված 2051 . Հարցաքննության տեւողությունը
1. Հարցաքննությունը չի կարող տեւել անընդմեջ չորս ժամից, իսկ անչափահասի, ինչպես նաեւ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի հարցաքննությունը՝ երկու ժամից ավելի:
2. Հարցաքննությունը թույլատրվում է շարունակել հարցաքննվող անձին հանգստի եւ սնվելու համար անհրաժեշտ առնվազն մեկ ժամ ընդմիջում տրամադրելուց հետո: Օրվա մեջ հարցաքննության ընդհանուր տեւողությունը չի կարող գերազանցել ութ, իսկ անչափահասի, ինչպես նաեւ հոգեկան կամ այլ ծանր հիվանդությամբ տառապող անձի համար՝ վեց ժամը:
3. Բժշկի եզրակացության հիման վրա քննիչի կողմից կարող է սահմանվել սույն հոդվածով նախատեսված հարցաքննության ժամկետներից ավելի կարճ ժամկետներ:
Հոդված 10. Օրենսգրքի 206-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ եւ 7-րդ մասերով.
« 6. Եթե վկան հարցաքննության է ներկայացել փաստաբանի հետ, որը հրավիրվում է վկայի կողմից վերջինիս իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով, ապա փաստաբանն իրավունք ունի ներկա գտնվել հարցաքննությանը, սակայն իրավասու չէ հարցեր տալ վկային կամ մեկնաբանել նրա պատասխանները: Վկայի՝ սույն օրենսգրքի 86-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված իրավունքները խախտող հարցեր տալու կամ գործողություններ կատարելու դեպքերում փաստաբանն իրավունք ունի անել հայտարարություններ, որոնք մտցվում են հարցաքննության արձանագրության մեջ:
7. Վկայի իրավունքների խախտումներով ձեռք բերված ցուցմունքը գնահատվում է որպես ապացույց չթույլատրվող նյութ»:
Հոդված 11. Օրենսգրքի 207-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 207. Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննությունը
1. Անչափահաս վկան կամ անչափահաս տուժողը, անկախ տարիքից, կարող է հարցաքննվել՝ պայմանով, որ նա կարող է հաղորդել գործի համար նշանակություն ունեցող տեղեկություններ:
2. Մինչեւ տասնչորս տարեկան, իսկ քննիչի հայեցողությամբ՝ նաեւ մինչեւ տասնվեց տարեկան վկայի կամ տուժողի հարցաքննությունը կատարվում է մանկավարժի մասնակցությամբ: Անչափահաս վկայի կամ անչափահաս տուժողի հարցաքննության ժամանակ իրավունք ունի ներկա գտնվել նրա օրինական ներկայացուցիչը:
3. Հարցաքննությունը սկսելուց առաջ օրինական ներկայացուցչին բացատրվում է հարցաքննությանը ներկա գտնվելու, քննիչի թույլտվությամբ իր դիտողությունները շարադրելու եւ հարցեր տալու իր իրավունքները, ինչպես նաեւ պարտականությունները: Քննիչն իրավունք ունի չընդունել տրված հարցերը, սակայն դրանք պետք է մտցվեն արձանագրության մեջ:
4. Տասնվեց տարին չլրացած վկային կամ տուժողին բացատրվում է գործին վերաբերող ամեն ինչի մասին ճշմարտացիորեն պատմելու նրա պարտականությունը, բայց նա չի նախազգուշացվում ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար օրենքով սահմանված պատասխանատվության մասին:»:
Հոդված 12. Օրենսգրքի 209-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 209. Հարցաքննության արձանագրությունը
1. Հարցաքննության փաստը, ընթացքը եւ արդյունքները արտացոլվում են արձանագրության մեջ, որը կազմվում է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:
2. Հարցաքննվող անձի ցուցմունքները գրի են առնվում առաջին դեմքով եւ, հնարավորության սահմաններում, բառացիորեն: Հարցերը եւ դրանց պատասխանները գրի են առնվում այն նույն հաջորդականությամբ, որը տեղի է ունեցել հարցաքննության ընթացքում: Արձանագրության մեջ նշվում են բոլոր հարցերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնք չեն ընդունվել քննիչի կողմից, կամ որոնց հրաժարվել է պատասխանել հարցաքննվող անձը: Հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառները նշվում են արձանագրության մեջ:
Հարցաքննվող անձն իրավունք ունի իր ցուցմունքները գրել իր ձեռքով, որի մասին քննիչն արձանագրության մեջ նշում է կատարում: Ցուցմունքին ծանոթանալուց հետո քննիչը նրան կարող է տալ լրացուցիչ հարցեր: Հարցերը եւ տրվող պատասխանները մտցվում են արձանագրության մեջ:
3. Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձին ներկայացվում են իրեղեն ապացույցներ կամ փաստաթղթեր, կամ հրապարակվում են քննչական այլ գործողությունների արձանագրություններ, կամ վերարտադրվում են ձայնագրման եւ (կամ) տեսագրման նյութեր կամ քննչական գործողությունների կինոնկարներ, ապա այդ մասին նշում է կատարվում հարցաքննության արձանագրության մեջ: Արձանագրության մեջ պետք է արտացոլվեն հարցաքննվող անձի ցուցմունքները դրանց կապակցությամբ:
4. Եթե հարցաքննության ընթացքում իրականացվել է լուսանկարահանում, ձայնագրում, եւ (կամ) տեսագրում, կինոնկարահանում, ապա արձանագրությունը պետք է պարունակի՝
1) նշումներ լուսանկարահանում, ձայնագրում եւ (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու մասին,
2) նշումներ օգտագործվող տեխնիկական միջոցների, լուսանկարահանման, ձայնագրման եւ (կամ) տեսագրման, կինոնկարահանման պայմանների կամ ձայնագրման եւ (կամ) տեսագրման, կինոնկարահանման ընդհատման տեւողության մասին,
3) հարցաքննվող անձի հայտարարությունները եւ դիտողությունները լուսանկարահանում, ձայնագրում եւ (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու առիթով,
4) քննիչի եւ հարցաքննվող անձի՝ արձանագրության ճշտությունը հավաստող ստորագրությունները,
5) նշումներ հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձի կողմից սխեմաներ, գծագրեր, նկարներ, դիագրամաներ պատրաստելու եւ դրանք արձանագրությանը կցելու մասին:
5. Հարցաքննության ավարտից հետո արձանագրությունը ներկայացվում է հարցաքննվող անձի ծանոթացմանը, կամ էլ նրա խնդրանքով արձանագրությունը հրապարակում է քննիչը, ինչի մասին նշում է կատարվում արձանագրությունում: Արձանագրությունը լրացնելու կամ դրանում ուղղումներ կատարելու վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչի կողմից մերժման ենթակա չեն:
6. Արձանագրությունում նշվում են բոլոր այն անձանց տվյալները, ովքեր մասնակցել են հարցաքննությանը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ստորագրի արձանագրությունը, ինչպես նաեւ դրանում արված բոլոր լրացումները եւ ուղղումները:
Հարցաքննությանը մասնակցող անձանց կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարումը կամ ստորագրման անհնարինությունը հավաստվում է սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված կարգով:»:
7. Ցուցմունքի հետ ծանոթանալու եւ դրանում առկա գրառումների ճշտության փաստը հարցաքննվող անձը հավաստում է իր ստորագրությամբ, որը դրվում է արձանագրության վերջում: Հարցաքննվող անձը ստորագրում է նաեւ արձանագրության յուրաքանչյուր էջի տեքստի վերջում:
Հոդված 13. Օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կասկածյալը հարցաքննվում է արգելանքի վերցվելու պահից 24 ժամվա ընթացքում: Ձերբակալված կասկածյալն իրավունք ունի հարցաքննվել պաշտպանի մասնակցությամբ:
Հարցաքննությունից առաջ կասկածյալին նրա ցանկությամբ հնարավորություն է տրվում առանձին, կոնֆիդենցիալ, անարգել տեսակցել իր պաշտպանի հետ: Եթե առկա է կասկածյալի մասնակցությամբ դատավարական այլ գործողություններ կատարելու անհրաժեշտությունը, ապա հետաքննության մարմինը կամ քննիչը տեսակցության տեւողությունը կարող է սահմանափակել՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով կասկածյալին եւ նրա պաշտպանին: Պաշտպանի հետ տրամադրվող տեսակցության ժամկետը չի կարող երկու ժամից պակաս լինել:»:
Հոդված 14. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 213-րդ եւ 214-րդ հոդվածները:
Հոդված 15. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: