Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետում «երեք» բառերը փոխարինել «երկու» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Դատախազության մասին» ՀՕ-198-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2017 թվականի նոյեմբերի 17-ին, ուժի մեջ մտել՝ 2018 թվականի ապրիլի 9-ին: Օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսվում է, որ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձն ազատվում է արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց, եթե վերջին հինգ տարվա ընթացքում ունի դատավորի, դատախազի, քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոններում կամ փաստաբանական գործունեության առնվազն երեք տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող, մասնագիտական աշխատանքի ստաժ:
Վերջին շրջանում դատախազության համակարգում իրականացվող բարեփոխումները, դատախազներին տրամադրվող դրամական բավարարումների աճը հանգեցրել են դատախազի պաշտոն զբաղեցնելու ցանկություն ունեցող անձանց թվի աճի, հատկապես երիտասարդ, բարձրագույն ուսումնական հաստատությունն նոր ավարտած անձանց շրջանում: Անհրաժեշտ է փաստել սակայն, որ առանց պրակտիկ գիտելիքների եւ աշխատանքային որոշակի փորձառության՝ երիտասարդ կադրերի համար բավականին դժվար է դատախազի պաշտոնը զբաղեցնելուց անմիջապես հետո ապահովել անհրաժեշտ անձնային, մասնագիտական, կամային որակներ՝ դատախազի պաշտոնից բխող բարդ եւ պատասխանատու պաշտոնեական պարտականությունների իրականացման համար: Մինչդեռ, վերջին տարիներին քրեական վարույթների աննախադեպ թվով աճը, դատախազների գերծանրաբեռնված աշխատանքը պահանջում են համարժեք լուծումներ: Այսպես, Օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված իրավակարգավորման տրամաբանությունը կայանում է նրանում, որ որոշակի աշխատանքային փորձառություն եւ մասնագիտական համապատասխան ճանապարհ անցած անձանց հնարավորություն ընձեռվի, առանց արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսումնառություն անցնելու, ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովում համապատասխան քննությունը հանձնելուց, դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկվելուց հետո ՀՀ գլխավոր դատախազի կողմից նշանակվել դատախազի պաշտոնում, քանի որ, ըստ էության, մասնագիտական պատրաստման այն հմտությունները եւ արդյունքները, որոնք անձը կարող էր ձեռք բերել Արդարադատության ակադեմիայում ուսումնառության ընթացքում, վերջինիս մոտ արդեն իսկ առկա են ունեցած մասնագիտական փորձառության շնորհիվ: Գտնում ենք, որ օրենսդրի նշված մոտեցումը լիովին արդարացված է, բխում է փորձառու եւ արհեստավարժ կադրերով դատախազական համակարգը համալրելու հրամայականից, ապահովում է անհրաժեշտ իրավական կառուցակարգեր՝ կադրային հնարավոր խնդիրները օպերատիվ կերպով լուծելու նպատակով: Հետեւաբար, անհրաժեշտ է նշված կառուցակարգը դարձնել էլ ավելի ճկուն, քանի որ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատավորի, դատախազի, քննիչի (քննչական բաժնի պետի, քննչական մարմնի ղեկավարի) պաշտոններում կամ փաստաբանական գործունեության առնվազն երկու տարին արդեն իսկ բավարար ժամանակահատված է դատախազի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ անձնային, մասնագիտական, բարոյակամային որակների ու հմտությունների ձեւավորման եւ դատախազական պարտականությունների իրականացման համար՝ առանց արդարադատության ակադեմիայում համապատասխան ուսումնառության դասընթացներ անցնելու:
Հարկ է փաստել նաեւ, որ վերջին տարիներին հանցավորության զարգացման միտումները ցույց են տալիս, որ գնալով ավելանում է այնպիսի հանցագործությունների տեսակարար կշիռը, որոնց քննությունը, քննության նկատմամբ դատախազական հսկողությունը եւ դատարանում մեղադրանքի պաշտպանությունը պահանջում են մասնագիտական որոշակի փորձառություն եւ արհեստավարժություն: Մասնավորապես, համապատասխան փորձառություն չունեցող դատախազների համար բավականին դժվար կլինի ապահովել դատախազական գործառույթների պատշաճ իրականացումն այնպիսի հանցատեսակների կապակցությամբ, ինչպիսիք են, օրինակ, կոռուպցիոն բարդ սխեմաներով կատարված հանցագործությունները եւ կիբեռհանցավորությունը: Ընդ որում, հարկ է փաստել, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքների ավելացմամբ պայմանավորված՝ նախատեսվում է հաստիքների ավելացում նաեւ ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում, որպիսի պայմաններում անհրաժեշտ են առավել ճկուն իրավական կառուցակարգեր մասնագիտական անհրաժեշտ փորձառություն եւ որակներ ունեցող մասնագետների հոսքը դատախազական համակարգ ապահովելու համար:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է Օրենքի 38-րդ հոդվածի 10-րդ մասի 1-ին կետով նախատեսված՝ դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձի համար արդարադատության ակադեմիայում ուսումնառության դասընթացներից եւ քննություններ հանձնելուց ազատվելու համար սահմանված՝ վերջին հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջը փոխարինել առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժի պահանջով, քանի որ նշված ժամանակահատվածն արդեն իսկ բավարար է անհրաժեշտ պրակտիկ մասնագիտական հմտությունների եւ անձնային որակների ձեւավորման համար:
3. Նախագիծը մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է սահմանել առավել ճկուն իրավական կառուցակարգեր ՀՀ դատախազության համակարգը փորձառու եւ արհեստավարժ կադրերով ապահովելու նպատակով:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՊԱՏԳԱՄԱՎՈՐ
«07» նոյեմբերի, 2023թ.
Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ազգային ժողովի քննարկմանն ենք ներկայացնում «Դատախազության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արփինե Դավոյանը:
Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ կից ներկայացնում ենք առաջադրվող նախագիծը, դրա ընդունման հիմնավորումը, ինչպես նաեւ համապատասխան օրենքում առաջարկվող փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը:
Խնդրում ենք ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐ`
ԱՐՓԻՆԵ ԴԱՎՈՅԱՆ
ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ