Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-6981-07.11.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փաստաբանության մասին» 2004 թվականի դեկտեմբերի 14-ի ՀՕ-29-Ն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը «ավագանու» բառերից հետո լրացնել «, կամ Դատավորների ընդհանուր ժողովի հանձնաժողովի անդամի» բառերը.

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի, «Փաստաբանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսերի ավելացումներ, մասնավորապես՝

1) Նախագծերի համաձայն նախատեսվում է Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների թիվը ավելացնել 3-ով: Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի ոչ դատավոր անդամների գործունեությունը հատուցելի է:

Կառավարության 2020 թվականի հուլիսի 7-ի թիվ 1282-Ն որոշման 1-ին կետի համաձայն՝ «Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի եւ Ուսումնական հարցերի հանձնաժողովի (այսուհետ` ընդհանուր ժողովի հանձնաժողովներ) դատավոր չհանդիսացող անդամի գործունեության համար հատուցման ամսական չափ սահմանվել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի յոթնապատիկի չափով:»:

«Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ «2023 թվականին պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կազմում է 83 200 դրամ.»:

Այսինքն՝ Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող մեկ անդամի գործունեության համար հատուցման ամսական չափը կազմում է 582.400 ՀՀ դրամ /83.200*7/: Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովում դատավոր չհանդիսացող անդամների թիվը 3-ով ավելացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում նախատեսվում են ծախսեր՝ յուրաքանչյուր ամիս 1.747.200 ՀՀ դրամի չափով /582.400*3/:

2) Նախագծերի համաձայն՝ դիմումների, այդ թվում՝ անանուն եւ առանց դատավորին նույնականացնելու հնարավորության ներկայացման եւ գաղտնի խորհրդատվության տրամադրման կարգը սահմանվում է Դատավորների ընդհանուր ժողովի կողմից՝ էթիկայի եւ վարքագծի կանոնների հարցերով խորհրդատվական հանձնաժողովի գործունեության կարգով:

Միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքում պարզ է դառնում, որ դատավորներին գաղտնի խորհրդատվություն տրամադրելու կարգը առավել արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ստեղծել էլեկտրոնային հարթակ, որը հնարավորություն կտա դատավորներին իրենց մուտքանվան եւ գաղտնաբառի միջոցով մուտք գործել հարթակ եւ ներկայացնել դիմում, միաժամանակ, հարթակը հնարավորություն կտա անանուն գեներացնել դիմումը՝ խորհրդատվության գաղտնիությունը ապահովելու համար:

Էլեկտրոնային հարթակը մշակելու եւ գործարկելու համար պետական բյուջեում նախատեսվում են լրացուցիչ ծախսեր, որոնց հաշվարկը տվյալ պահին հնարավոր չէ կատարել:

Միաժամանակ հայտնում ենք, որ Նախագծերի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում չի նախատեսվում:
 

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն