Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-702-13.11.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 29-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 30 տոկոսի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

ՀՀ 2024-2026թթ. ՄԺԾԾ-ում, ինչպես նաեւ 2024թ. ՀՀ պետական բյուջեի նախագծում ՀՀ համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաների տրամադրման նպատակով 2024 թվականին նախատեսվում է տրամադրել շուրջ 85.3 մլրդ դրամ, իսկ ՀՀ 2024-2026թթ. ՄԺԾԾ-ում 2025թ.եւ 2026թ. համար նախատեսվել է համապատասխանաբար 96.5 եւ 110.1 մլրդ դրամ: Հարկ է նշել, որ գործող իրավակարգավորումների համաձայն համայնքային բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից ֆինանսական միջոցները կարող են ուղղվել բյուջեի ֆոնդային մաս, իսկ համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը կարող է նախատեսվել համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի չափով: Բացի այդ, անհրաժեշտ է նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրի գումարային չափը ուղիղ համեմատական կապի մեջ է համայնքային բյուջեների ֆոնդային մասի համաֆինանսավորման չափի հետ: Այս համատեքստում, համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի չափով նախատեսման հանգամանքը սահմանափակում է առավել խոշոր ներդրումային ծրագրերին համայնքի մասնակցության հնարավորությունը: Հետեւաբար, հաշվի առնելով ՀՀ համայնքներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների չափի ավելացման հանգամանքը, ՀՀ համայնքներին առավել խոշոր ներդրումային ծրագրերին մասնակցության հնարավորության ընձեռնման նպատակով Նախագծերի փաթեթով առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություներ՝ ընդլայնելով համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի հնարավորությունները:

2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները եւ կարգավորման առարկան.

Ներկայում գործող իրավակարգավորումների համաձայն, համայնքներին տրվող ֆինանսական համահարթեցման դոտացիաները համայնքի ընթացիկ ծախսերի ծածկման համար պետական բյուջեից անհատույց եւ անվերադարձ կարգով տրվող դրամական միջոցներն են, որոնք հանդիսանում են համայնքների վարչական բյուջեի մուտքեր: Համայնքներին չեն կարող պարտադրվել այդ միջոցներն օգտագործել որեւէ կոնկրետ ծախսեր իրականացնելու կամ հաշվանցում կատարելու համար: Դոտացիաներ ստացող համայնքների համար պահպանվում են սեփական պատասխանատվությամբ գործելու իրավունքը եւ այդ ֆինանսական միջոցների օգտագործման ազատությունը:

Միաժամանակ, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշմամբ 2018 թվականից սկսած մեծ տարածում եւ կիրարկում ունի ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման ծրագիրը, որի համաձայն իրականացվող ծրագրի գումարային չափը պայմանավորված է համայնքի համաֆինանսավորումից եւ նկատի ունենալով համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով նախատեսվող դոտացիաների չափերի զգալի աճը, ինչպես նաեւ գործող օրենսդրական մեխանիզմերով համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցները համայնքի ավագանու որոշմամբ համայնքի ֆոնդային բյուջե ուղղելու հանգամանքը, համայնքներում խոշոր ներդրումային ծրագրերի կենսագործման հնարավորության ապահովման նպատակով Նախագծերի փաթեթով առաջարկվում է ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով:

Հարկ է նաեւ փաստել, որ համայնքներում ներդրումային ծրագրերի իրականացման մեխանիզմների ապահովումը իր հերթին կխթանի նոր աշխատատեղերի ստեղծմանը, հարկային եւ վարչական եկամուտների ավելացմանը, մարզի սոցիալտնտեսական վիճակի բարելավմանը, ենթակառուցվածքների արագ վերականգմանը եւ այլն:

Անհրաժեշտ է նաեւ նշել, որ Նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորվում է 2024թ. սուբվենցիոն ծրագրերին մասնակցության ընթացակարգերի ապահովմամբ:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք.

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:

4. Ակնկալվող արդյունքը.

Ներկայացված օրենսդրական փոփոխության կիրառման դեպքում ակնկալվում է, որ կապահովվի համայնքներում խոշոր ներդրումային ծրագրերի կենսագործման իրավական գործիք ունենալու հնարավորությունը:

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում:

6. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ».

Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050», «Կառավարության 2021-2026թթ. ծրագիր» /կետ 6.10, 4-րդ ենթակետ/ ռազմավարական փաստաթղթերի դրույթներից:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն