Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում «հարկային ծառայության կադրերի ռեզերվ» հասկացությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«հարկային ծառայության կադրերի ռեզերվ՝ ռեեստր, որտեղ գրանցվում են սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերով նախատեսված հիմքերով պաշտոնից ազատված հարկային ծառայողները, բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող հարկային ծառայողների:»:
Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-3.3-րդ մասերով.
«3.1. Հարկային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոններն զբաղեցվելը, հաշվի առնելով սույն օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 17-րդ հոդվածով սահմանված պահանջները եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը, այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող՝ հարկային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:
3.2. Հարկային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոններն զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել հարկային ծառայության կադրերի ռեզերվից սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն հարկային ծառայողին, որը հարկային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով հարկային ծառայության պաշտոնից:
3.3. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը եւ այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր եւ թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց դասային աստիճաններ չեն շնորհվում:»:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Հարկային ծառայության ժամանակավոր թափուր եւ թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց հատուկ կոչումներ չեն շնորհվում:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: