Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7011-13.11.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Մաքսային ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 03-ի ՀՕ-402-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3.1-ին հոդված.

«Հոդված 3.1. Մաքսային ծառայողը

1. Մաքսային ծառայողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, որը սույն օրենքով սահմանված կարգով զբաղեցնում է մաքսային ծառայության պաշտոն եւ իրականացնում այդ պաշտոնին վերապահված մասնագիտական գործունեություն կամ գրանցված է մաքսային ծառայության կադրերի ռեզերվում եւ վարձատրվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից:»:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում՝

3) 3-րդ մասում «բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը փոխարինել «ինչպես նաեւ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում» բառերով,

2) լրացնել հետեւյալ խմբագրությամբ 3.1-ին, 3.2-րդ եւ 3.3-րդ մասեր.

«3.1. Մաքսային ծառայության թափուր պաշտոններ առաջանալու դեպքում, մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը, հաշվի առնելով սույն օրենքի 12-րդ հոդվածով եւ 49-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերը՝ այդ պաշտոնները կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով: Ժամկետային աշխատանքային պայմանագիրը կնքվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով:

3.2. Մաքսային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում մինչեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնները զբաղեցվելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է այդ պաշտոնում նշանակել մաքսային ծառայության կադրերի ռեզերվից սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող այն մաքսային ծառայողին, որը մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցվել է՝ ազատվելով մաքսային ծառայության պաշտոնից:

3.3. Մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնելու դեպքերը եւ այդ պաշտոնների զբաղեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:»:

Հոդված 3. Օրենքի 18-րդ հոդվածը լրացնել նոր 6-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.Մաքսային ծառայության ժամանակավոր թափուր եւ թափուր պաշտոնները որոշակի ժամկետով զբաղեցնող անձանց համար չեն սահմանվում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հատուկ կոչումները:» :

Հոդված 4. Օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասում «Մաքսային» բառը փոխարինել «Բացառությամբ ժամկետային աշխատանքային պայմանագրով մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնող մաքսային ծառայողների՝ մաքսային» բառերով:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: