Armenian ARMSCII Armenian
Կ-7031-13.11.2023-ԳԿ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1.8-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1.8) սոցիալական գործընկերություն՝ բարձրագույն եւ մասնագիտական կրթության եւ ուսուցման կազմակերպությունների, գործատուների, դրանց միավորումների եւ ոչ առեւտրային այլ կազմակերպությունների, արհեստակցական միությունների, հանրային իշխանության մարմինների միջեւ, աշխատաշուկայի եւ տնտեսության զարգացման կարիքներին համապատասխան, կրթության ապահովմանը համընդհանուր համաձայնեցված նպատակների իրականացմանը միտված կրթական, աշխատանքային, գործընկերային ու սոցիալական համագործակցության դրսեւորման ձեւ.».

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.19-րդ կետով.

«1.19) ուսումնառության վերջնարդյունք՝ դասընթացի կամ կրթական ծրագրի ավարտին պահանջվող գիտելիքի, կարողունակությունների ամբողջություն.».

3) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) կրթական ծրագիր՝ ուսումնառության բոլոր բաղադրիչների ամբողջություն, որով սահմանվում են համապատասխան կրթության մակարդակը, ուղղվածությունը, բովանդակությունը եւ ուսումնառության վերջնարդյունքները.».

4) 3.1-ին կետից հանել «, մասնագիտական» բառը.

5) 8.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել.

6) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«9) քոլեջ՝ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող մասնագիտական ուսումնական հաստատություն.».

7) 17-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

8) 17.1-ին կետի «ամփոփիչ ատեստավորման» բառերը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգման» բառերով.

9) 17.2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«17.2) որակավորումների ազգային շրջանակ (ՈԱՇ)՝ կրթության համակարգի բոլոր մակարդակներում շնորհվող որակավորումների բնութագրերի ամբողջություն, որն ընդգրկում է կրթության յուրաքանչյուր մակարդակում ուսումնառության արդյունքների կամ մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գիտելիքի, կարողունակությունների եւ հմտությունների ընդհանրական բնութագրիչները.».

10) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 17.3-րդ կետով.

«17.3) ոլորտային որակավորումների շրջանակ (ՈՈՇ)՝ որակավորումների ազգային շրջանակին համապատասխան՝ որոշակի ոլորտում կրթական մակարդակի որակավորումների  խումբ (ցանկ, ամբողջություն) եւ դրա հետ կապված ուսումնառության ընդհանուր վերջնարդյունքներն ապահովելու պահանջներ (բնութագիր).».

11) 18-րդ, 18.1-ին եւ 19-րդ կետերը  շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«18) ուսումնական հաստատության հավատարմագրում՝ որակի արտաքին գնահատման գործընթաց, որով հավաստվում է ուսումնական հաստատության կամ դրա կրթական ծրագրի (կրթական ծրագրերի խմբի) համապատասխանությունը հավատարմագրման սահմանված չափանիշներին.

18.1) արհեստավոր կամ կրտսեր մասնագետ՝ անձին շնորհվող որակավորման աստիճան, որով հավաստվում է արհեստագործական մակարդակի (մասնագիտական կրթության առաջին մակարդակի) կրթական ծրագրի ուսումնառության ավարտը.

19) մասնագետ՝ անձին շնորհվող կրթության որակավորման աստիճան, որով հավաստվում է միջին մասնագիտական մակարդակի (մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի) կրթական ծրագրի ուսումնառության ավարտը.».

12) 20-րդ կետի «ատեստավորված»  բառը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգում անցած» բառերով.

13) 21-րդ, 22-րդ, 23-րդ, 25-րդ, 26-րդ կետերի «ատեստավորման» բառը փոխարինել «պետական ամփոփիչ ստուգման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1)  3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Պետությունը  երաշխավորում  է  պետական  ուսումնական հաստատություններում անվճար ընդհանուր միջնակարգ եւ մրցութային կարգով անվճար մասնագիտական եւ բարձրագույն կրթություն: Հայաստանի Հանրապետության այն երկքաղաքացիները կամ քաղաքացիները, որոնք վերջին երեք տարում սովորել են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում եւ ավարտել դրանք, կարող են իրենց ընտրությամբ մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ պայմաններով:  Այն օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք, որոնք վերջին երեք տարում սովորել են Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատություններում եւ ավարտել դրանք, մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելությանը մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար սահմանված կարգով եւ պայմաններով:

3.1. Արգելվում է ուսումնական հաստատությունների վճարովի ուսուցմամբ ուսումնառող՝ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի, Հայաստանի Հանրապետությունում փախստական ճանաչված, տեղահանված եւ ապաստան ստացած անձանց, ինչպես նաեւ ծագումով հայ այն օտարերկրյա քաղաքացիների համար, որոնց մշտական բնակության օտարերկրյա պետությունում ստեղծվել է քաղաքացիների կյանքին կամ առողջությանը սպառնացող արտակարգ իրավիճակ, կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատությունում սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար:

3.2. Նպատակային ուսուցմամբ ուսանող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար մասնագիտական եւ բարձրագույն կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցութային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձնացված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմանագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. ուսանողն ավարտելուց հետո առնվազն երեք տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազմակերպության նախատեսած վայրերում: Այս պայմանը չկատարելու դեպքում շրջանավարտը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամկետներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը: Փոխհատուցված գումարի 70 տոկոսը բարձրագույն ուսումնական հաստատությունը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, իսկ 30 տոկոսը տնօրինում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

3.3. Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի քանակին համապատասխան՝ ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի (զեղչ)) նպաստի ձեւով տրվում է մրցույթի արդյունքներով  մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողներին, օրենքներով նախատեսված սոցիալական խմբերին, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով եւ չափով՝ ըստ առաջադիմության, ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ուսանողներին, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողներին, մարտական գործողություններին մասնակցած ուսանողներին, սահմանված կարգով առկա ուսուցմամբ արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրով կամ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու եւ ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին, պետության համար առաջնահերթություն եւ կարեւորություն ներկայացնող մասնագիտություններով նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողներին:».

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Պետությունը երաշխավորում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող քաղաքացիների ներառական եւ հավասարապես որակյալ կրթություն ստանալու իրավունքը՝ նրանց համար ապահովելով համապատասխան մատչելի կրթական միջավայր, խելամիտ  հարմարեցումներ եւ համապատասխան աջակցություն:»:

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածը «պետական կրթական չափորոշիչները» բառերից հետո լրացնել «եւ որակավորումների ազգային շրջանակը» բառերով, իսկ «պետական կրթական չափորոշիչներ» բառերից հետո՝  «եւ որակավորումների ազգային շրջանակը» բառերով:

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.

«3) բարձրագույն կրթություն (հիմնական եւ լրացուցիչ):».

3) 3-րդ մասի երկրորդ պարբերության 1-ին կետի «նախնական մասնագիտական (արհեստագործական)» բառերը փոխարինել «արհեստագործական» բառով.

4) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Ուսումնական հաստատություններում հանրակրթական, մասնագիտական եւ բարձրագույն կրթության հիմնական ծրագրերի յուրացման ժամկետները որոշվում են սույն օրենքով, կրթական մակարդակները կարգավորող այլ օրենքներով եւ համապատասխան պետական կրթական չափորոշիչով կամ համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակով:»:

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 12. Կրթության կազմակերպման մեթոդաբանական ձեւերը

1. Կրթական ծրագրերը կարող են կազմակերպվել առկա, հեռավար եւ դրսեկության մեթոդաբանական ձեւերով, իսկ մասնագիտական եւ բարձրագույն կրթության դեպքում՝ նաեւ լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կրթության բոլոր ձեւերի համար նույն կրթական ծրագրերի շրջանակներում գործում է միասնական պետական կրթական չափորոշիչը կամ ոլորտային որակավորումների շրջանակը:»:

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2.1-ին կետն ուժը կորցրած ճանաչել, իսկ 3-րդ կետից հանել «միջին» բառը.

2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Սույն օրենքին համապատասխան՝ կրթական ծրագրեր կարող են իրականացվել նաեւ այլ կազմակերպություններում՝ համապատասխան մակարդակի կրթական ծրագրի իրականացման իրավունքի եւ որակավորման լիցենզիայի հիման վրա՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը «առարկայական ծրագրերով,» բառերից հետո լրացնել  «մոդուլային ծրագրերով,» բառերով.

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան մակարդակի ոլորտային որակավորումների շրջանակի բնութագրերի հիման վրա կրթության պետական կառավարման լիազոր մարմինը կազմում եւ հաստատում է տվյալ մակարդակի յուրաքանչյուր որակավորման շրջանակային նկարագիր, որի հիման վրա մասնագիտական ուսումնական հաստատությունները մշակում ու հաստատում են համապատասխան մակարդակի որակավորումն ապահովող կրթական ծրագիրը, դրա ուսումնամեթոդական  փաթեթը:».

3) 5-րդ մասը «կրթական չափորոշիչով» բառերից հետո լրացնել «, տվյալ մակարդակի կրթական ծրագրի նկարագրով՝ հաշվի առնելով նաեւ կրթության կազմակերպման ձեւը» բառերով.

4) 6-րդ մասը «պարտադիր» բառից հետո լրացնել «պետական» բառով.

5) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6.1-ին մասով.

«6.1. Մասնագիտական  կրթության  յուրաքանչյուր  մակարդակի որակավորման կրթական ծրագրերի պետական ամփոփիչ ստուգման ձեւերը եւ պարբերականությունը կազմում եւ հաստատում է մասնագիտական ուսումնական հաստատությունը:».

6) 7-րդ եւ 8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 1-ին մասից հանել «նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին» բառերը.

2) 4-րդ մասի «Նախնական (արհեստագործական), միջին եւ բարձրագույն մասնագիտական» բառերը փոխարինել «Մասնագիտական եւ բարձրագույն» բառերով, իսկ երրորդ պարբերությունից հանել «միջին» բառը:

Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի 7-րդ մասում՝

1) առաջին պարբերությունից հանել «նախնական (արհեստագործական) մասնագիտական կամ միջին» բառերը.

2) երկրորդ պարբերությունից հանել «նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ  միջին» բառերը.

3) երրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 10. Օրենքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 21. Մասնագիտական եւ բարձրագույն կրթական ծրագրերի իրականացումը

1. Մասնագիտական եւ բարձրագույն կրթական ծրագրերը կազմվում եւ իրականացվում են որակավորումների ազգային շրջանակի եւ ոլորտային որակավորումների շրջանակի պահանջներին համապատասխան:

2. Կրթական ծրագրերը երաշխավորում են մասնագիտական կրթության տարբեր մակարդակներում ուսանողների ուսումնառության գործընթացը՝ ապահովելով կրեդիտների կուտակման եւ փոխանցման համակարգի կիրարկումը եւ որակավորման աստիճանների շնորհումը:

3. Մասնագիտական եւ բարձրագույն կրթության ոլորտային որակավորումների շրջանակը եւ դրա բնութագրերը  սահմանում է  կրթության պետական կառավարման լիազոր մարմինը, բացառությամբ ոստիկանության ոլորտի որակավորումների:»:

Հոդված 11. Օրենքի 22-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 12. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 23. Մասնագիտական կրթությունն ու ուսուցումը

1. Մասնագիտական կրթությունն իրականացվում է հետեւյալ կրթական ծրագրերի մակարդակներով.

1) արհեստագործական հիմնական կրթական ծրագիր՝ արհեստավորի կամ կրտսեր մասնագետի որակավորում.

2) միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիր՝ մասնագետի որակավորում:

2. Մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է մշակել եւ իրականացնել լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնցով  ձեռք բերված ուսումնառության արդյունքները վկայագրվում են եւ հիմք են միկրոորակավորման համար:

3. Մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է ըստ որակավորումների իրականացնել նաեւ փորձարարական կրթական ծրագրեր՝ կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:

4. Միջին մասնագիտական կրթական ծրագրի համապատասխան որակավորման ուսումնառությունը բարձր առաջադիմությամբ ավարտած շրջանավարտը կարող է կրթությունը շարունակել բարձրագույն կրթության համապատասխան որակավորման առաջին մակարդակում՝  ձեռք բերված կրեդիտներին կամ համեմատվող ծրագրերի ակադեմիական տարբերությունների ողջամիտ ծավալին համապատասխան՝ լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Մասնագիտական կրթության ծրագրերի հաջորդական շարունակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Մասնագիտական կրթության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ մասնագիտական կրթության եւ ուսուցման ոլորտները կարգավորող օրենքներով:»:

Հոդված 13. Օրենքի 24-րդ հոդվածի 6-րդ մասից հանել «նախնական (արհեստագործական) եւ միջին» բառերը:

Հոդված 14. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 2.1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2.1) հաստատում է որակավորումների ազգային շրջանակի եւ դրա մակարդակների (որակավորումների) ընդհանրական բնութագրերը.».

2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4) հաստատում է հանրակրթական, մասնագիտական եւ բարձրագույն կրթության պետական պատվերը.»:

Հոդված 15. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 6-9-րդ  կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6) սահմանում է մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժական եւ վարչական պաշտոններին ներկայացվող հիմնական չափանիշները, ՄՈՒՀ-ի մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար մրցույթի կարգը, մրցույթ չհայտարարելու դեպքերը.

6.1) կազմում եւ հաստատում է ոլորտային որակավորումների շրջանակը, որակավորումների ցանկերը եւ որակավորումների բնութագրերը.

6.2) հաստատում է յուրաքանչյուր մակարդակի կրթական ծրագրի եւ որակավորման նկարագրերը.

7) ձեւավորում է ուսումնական մասնագիտությունների ցանկերը.

8) մշակում է հանրակրթական, մասնագիտական եւ բարձրագույն  ուսումնական հաստատությունների պետական պատվերը.

9) հաստատում է պետական եւ հավատարմագրված ոչ պետական մասնագիտական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերով եւ որակավորումներով ընդունելության կարգը.».

2) 10-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«10) հաստատում է պետական ամփոփիչ ստուգման կազմակերպման եւ անցկացման, վերահանձնման, պետական որակավորող հանձնաժողովի ձեւավորման կարգը.».

3) 12.1-ին կետից հանել «նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին» բառերը.

4) 14.4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16. Օրենքի  37.1-ին  հոդվածի  վերնագրում,  1-ին  եւ 2-րդ մասերում  «, նախնական մասնագիտական (արհեստագործական) եւ միջին» բառերը փոխարինել «եւ» բառով:

Հոդված 17. Օրենքի 40-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը «օրենքին,» բառից հետո լրացնել «համապատասխան ոլորտը կարգավորող  օրենքին,» բառերով.

2) 4-րդ մասի երկրորդ նախադասությունը «սահմանվում են» բառերից հետո լրացնել «համապատասխան ոլորտը կարգավորող օրենքով եւ» բառերով:

Հոդված 18. Օրենքի 41-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 41. Կրթական գործունեության լիցենզավորումը

1. Սույն օրենքով նախատեսված կրթական ծրագրերը եւ նախադպրոցական ծառայությունը կարող են իրականացվել հանրակրթական, մասնագիտական եւ բարձրագույն կրթության մակարդակի համապատասխան կրթական ծրագրի իրականացման իրավունքի, ինչպես նաեւ յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների համար լիցենզիայի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ու պայմաններով:

2. Կրթական գործունեության լիցենզիան տալիս է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

3. Կրթության համապատասխան մակարդակներում կրթական ծրագրի իրականացման իրավունքի տրամադրման պայման են՝

1) կրթական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ շենքի եւ ուսումնական տարածքի առկայությունը, որի նկատմամբ ուսումնական հաստատությունն ունի սեփականության, վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունք.

2) ուսումնական գործընթացին օժանդակող մարզական տարածքի կամ դրա օգտագործման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի  առկայությունը եւ գրադարանային համապատասխան հագեցվածությամբ տարածքների առկայությունը՝ լիազոր մարմնի սահմանած սանիտարահիգիենիկ եւ տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան.

3) լսարանային, գործնական ուսուցման գործընթացին օժանդակող ուսումնաարտադրական, լաբորատոր տարածքների եւ բազաների առկայությունը՝ սանիտարահիգիենիկ եւ տեխնիկական անվտանգության նորմերին համապատասխան.

4) ուսումնական հաստատության հինգ տարվա ռազմավարական ծրագրի առկայությունը:

4. Կրթության համապատասխան մակարդակի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորման համար  լիցենզիան տրվում է հետեւյալ պայմաններն ապահովելու դեպքում.

1) տվյալ կրթական ծրագրի աստիճանի (մակարդակի) կամ որակավորման ուղղվածությանը համապատասխան լաբորատորիաների, ուսումնաարտադրական տարածքների (արհեստանոցների),  ուսումնական գույքի եւ սարքավորումների, գրադարանային-տեղեկատվական համակարգի առկայությունը կամ դրանց օգտագործման կամ ծառայությունների մատուցման պայմանագրի առկայությունը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած հագեցվածության չափաքանակների.

2) տվյալ կրթական ծրագրի աստիճանը (մակարդակը) կամ որակավորումը (ուղղվածությունը) ապահովող փաստաթղթերի եւ ուսումնամեթոդական փաթեթի առկայությունը.

3) տվյալ կրթական ծրագրի աստիճանը (մակարդակը) կամ որակավորումը (ուղղվածությունը) ապահովելու համար անհրաժեշտ մանկավարժական եւ ուսումնաօժանդակ աշխատողների առկայությունը:

5. Լիցենզավորման, լիցենզիայի գործողության կասեցման, դադարեցման, բողոքարկման եւ այլ իրավահարաբերությունները կարգավորվում են լիցենզավորման եւ կրթության համապատասխան մակարդակի իրավահարաբերությունները կարգավորող օրենքներով եւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական այլ ակտերով: Կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքով կարող են սահմանվել լիցենզավորման լրացուցիչ պայմաններ:

6. Կրթական ծրագրերի, ինչպես նաեւ համապատասխան կրթական ծրագրի յուրաքանչյուր աստիճանի ու որակավորումների մասով արված սահմանային տեղերի փոփոխությունը սահմանվում է լիցենզիայի ներդիրում, եւ յուրաքանչյուր փոփոխության դեպքում տրվում է հերթական ներդիր:»:

Հոդված 19. Օրենքի 44-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 44. Ուսումնական հաստատության  ավարտական փաստաթղթերը

1. Կրթական ծրագրի մակարդակների եւ որակավորման աստիճանների ավարտին եւ պետական ամփոփիչ ստուգման դրական արդյունքի հիման վրա համապատասխան ուսումնական հաստատությունը անձին շնորհում է տվյալ աստիճանը կամ որակավորումը հավաստող փաստաթուղթ՝ ատեստատ, վկայական, դիպլոմ եւ դրանց ներդիր:

2. Կրթական ծրագրերի ավարտական փաստաթղթերի տեսակները եւ տրամադրման պայմանները սահմանվում են կրթության համապատասխան մակարդակը կարգավորող օրենքներով:

3. Կրթական ծրագրերի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման, գրանցման,  պահպանման, կրկնօրինակի տրամադրման կարգը, այդ թվում՝ զինվորական կրթության փաստաթղթերի առանձնահատկությունները,  ինչպես նաեւ ակադեմիական տեղեկանքի ձեւը սահմանում է կրթության պետական կառավարման լիազոր մարմինը:

4. Անձին շնորհված մասնագիտական եւ բարձրագույն կրթության օտարերկրյա որակավորումները ճանաչվում եւ գնահատվում են այդ բնագավառում Հայաստանի Հանրապետության վավերացրած կոնվենցիաների, Հայաստանի Հանրապետության եւ այլ պետությունների միջեւ կնքված միջազգային պայմանագրերի եւ այլ նորմատիվ իրավական ակտերի համաձայն՝ իր գործառույթներում անկախ մասնագիտացված կառույցի տված տեղեկատվության  (խորհրդատվության) հիման վրա: Այն դեպքերում, երբ անձի ձեռք բերած որակավորումը չի կարող ապացուցվել փաստաթղթի միջոցով, ապա որակավորման ճանաչման գործընթացն իրականացվում է կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով:»:

Հոդված 20. Օրենքի 45-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Մասնագիտական   ուսումնական  հաստատությունների սեփականության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ մասնագիտական կրթության ոլորտը կարգավորող օրենքով:»:

Հոդված 21. Օրենքի 46-րդ հոդվածում՝

1) 6-րդ մասի երկրորդ պարբերության 2-րդ կետը «օրենսդրությամբ չարգելված» բառերից հետո լրացնել  «ձեռնարկատիրական»  բառով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ  6.1-ին մասով.

«6.1. Կրթության համապատասխան մակարդակները կարգավորող օրենքներով կարող են սահմանվել  կրթության ֆինանսավորման այլ համակարգեր եւ ձեւեր:»:

Հոդված 22. Օրենքի 49-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը  «համաձայնության» բառից հետո լրացնել «, բացառությամբ կրթական ծրագրի շրջանակում նախատեսված կամ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության տեսակներով կրթության կազմակերպման դեպքերի» բառերով.

2) 6-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«6. Պետական մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողները կրթաթոշակ են ստանում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ չափերով: Ուսանողական կրթաթոշակի տրամադրման առանձնահատկությունները  սահմանվում են մասնագիտական կամ բարձրագույն կրթության մակարդակները կարգավորող օրենքով:».

3) 8-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«8. Մասնագիտական եւ բարձրագույն կրթության ուսումնական հաստատությունների ուսանողներն իրավունք ունեն տվյալ կամ այլ հաստատությունում վճարովի հիմունքներով ստանալու մեկից ավելի մասնագիտություն՝ համաձայն տվյալ կրթության մակարդակը կարգավորող օրենքի:».

4) 9-րդ մասի «Սովորողներն ատեստավորումը» բառերը փոխարինել «Սովորողները պետական ամփոփիչ ստուգումը» բառերով:

Հոդված 23. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 7-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի, 10-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 21-րդ հոդվածի, 12-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասի,  որոնցով նախատեսված դրույթները կիրառության մեջ են մտնում, եւ դրանց հետ կապված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ենթակա են ընդունման՝ համաձայն վարչապետի որոշմամբ հաստատված գործողությունների պլանի եւ ժամանակացույցի՝ ոչ ուշ, քան մինչեւ 2026 թվականի հուլիսի 31-ը: Սույն օրենքի 18-րդ հոդվածով խմբագրված՝ Օրենքի 41-րդ հոդվածն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

2. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են կրթությունը շարունակել բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ՝ երկրորդ կուրսում՝ հեռակա ուսուցմամբ, իսկ այն մասնագիտություններով, որոնց համար, Օրենքի 13-րդ հոդվածի 8-րդ մասին համապատասխան, նախատեսված չէ հեռակա ուսուցման կրթության ձեւը՝ երկրորդ կուրսում՝ առկա ուսուցմամբ: Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը սահմանում է Կառավարությունը: