Հոդված 1. 2004 թվականի նոյեմբերի 9-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածում «կամ պաշտոնում» բառերը փոխարինել «, պաշտոնում կամ համապատասխան կրթական ծրագրի որակավորման նկարագրով սահմանված» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի «կամ պաշտոնի» բառերը փոխարինել «, պաշտոնի կամ համապատասխան կրթական ծրագրի որակավորման նկարագրի» բառերով.
2) 2-րդ մասը «անձինք» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառություն անցնող եւ աշխատանքային պայմանագրով սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողները» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 17.1-ին հոդվածում՝
1) 5-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող եւ որոշակի աշխատանք կատարող մինչեւ տասնութ տարեկան անձանց աշխատանքը կազմակերպվում է սույն օրենսգրքի 148-րդ եւ 257-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկությունները հաշվի առնելով:».
2) 6-րդ մասը «միջոցառումներին մասնակցելու» բառերից հետո լրացնել «, ինչպես նաեւ մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագրով սահմանված որոշակի աշխատանք կատարելու» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասը «որակավորում չպահանջող» բառերից հետո լրացնել «կամ մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը «կազմակերպած մրցույթով» բառերից հետո լրացնել «, ուսումնական հաստատությունների սովորողների (շրջանավարտների) ռեսուրսներից» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 89-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.3-րդ մասով.
«1.3. Սույն օրենսգրքի 101.1-ին հոդվածով նախատեսված պայմանագրի դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված փաստաթղթերի փոխարեն հիմք է ընդունվում համապատասխան մասնագիտական ուսումնական հաստատության եւ գործատուի միջեւ կնքված աշխատանքի վրա հիմնված ուսուցման կազմակերպման վերաբերյալ համագործակցության պայմանագիրը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 91-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը «անձինք» բառից հետո լրացնել «կամ մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողները» բառերով:
Հոդված 8. Օրենսգրքի 95-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին կետով.
«4.1) մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող եւ որոշակի աշխատանք կատարող սովորողների հետ.»:
Հոդված 9. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունը «միջոցառումներին» բառից հետո լրացնել «կամ կատարել մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագրով սահմանված որոշակի աշխատանք» բառերով:
Հոդված 10. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 101.1-ին հոդվածով.
«Հոդված 101.1. Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում աշխատանքային պայմանագիրը
1 Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող եւ որոշակի աշխատանք կատարող սովորողի (նրա օրինական ներկայացուցչի) հետ մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենսդրությամբ սահմանված դեպքերում կնքվում է աշխատանքային պայմանագիր:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային պայմանագիրը կնքվում է այն ժամանակահատվածի համար, որը սահմանվել է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրի իրագործման համար:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային պայմանագրով աշխատանքը վարձատրվում է փաստացի աշխատած ժամանակին կամ կատարված փաստացի աշխատանքին համապատասխան` համաձայն գործատուի սահմանած ժամանակացույցի (գրաֆիկի):
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված աշխատանքային պայմանագրի գործողության ժամանակահատվածում սովորողը ներգրավվում է գործնական աշխատանքային ուսուցման ծրագրից բխող աշխատանքներում:
5. Աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող եւ որոշակի աշխատանք կատարող սովորողի հետ աշխատանքային հարաբերությունների առանձնահատկությունները կարգավորվում են նաեւ մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին օրենսդրությամբ:»:
Հոդված 11. Օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-ին կետով.
«3.1) մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սույն օրենսգրքի 257-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատանքներում ներգրավված մինչեւ տասնութ տարեկան անձանց համար՝ օրական մինչեւ չորս ժամ, սակայն շաբաթվա ընթացքում ոչ ավելի, քան քսան ժամ.»:
Հոդված 12. Օրենսգրքի 148-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը «տասնութ տարեկան անձանց» բառերից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերի)» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3.1-3.4-րդ մասերով.
«3.1. Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրերով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան սովորողները բացառիկ դեպքերում կարող են ներգրավվել աշխատանքի գիշերային ժամանակ՝ սույն հոդվածի 3.2-3.4-րդ մասերի պահանջների պահպանմամբ, եթե աշխատանքը պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով, անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքներն ապահովելու համար եւ արգելված չէ բժշկական եզրակացությամբ: Սույն մասում նշված դեպքերում աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ եւ փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո:
3.2. Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված գիշերային ժամանակ աշխատանքը չի թույլատրվում ժամը 24-ից մինչեւ 4-ն ընկած ժամանակահատվածում, բացառությամբ զինված ուժերում, ոստիկանությունում, առողջապահական կամ բժշկական կազմակերպություններում աշխատանքի, եթե աշխատանքն անխուսափելիորեն անհրաժեշտ է կրթական ծրագրի որակավորման վերջնարդյունքների ապահովման համար:
3.3. Սույն հոդվածի 3.1-ին եւ 3.2-րդ մասերով նախատեսված դեպքերում տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան աշխատողների համար ամենօրյա անընդմեջ հանգստի տեւողությունը չի կարող պակաս լինել 14 ժամից:
3.4. Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրերով ուսումնառող տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձինք չեն կարող ներգրավվել աշխատանքի մասնագիտական ուսումնական հաստատությունում դասերին անմիջապես նախորդող օրը՝ ժամը 20:00-ից հետո, եթե դասերն սկսվում են ժամը 9:00-ից շուտ:»:
Հոդված 13. Օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասը «մինչեւ 6-ը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենսգրքի 148-րդ հոդվածի 3.2-րդ եւ 3.3-րդ մասերով նախատեսված դեպքերի» բառերով:
Հոդված 14. Օրենսգրքի 201.2-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 201.2. Աշխատողների մասնագիտական կատարելագործումը եւ զարգացումը
1. Գործատուն աշխատողի համաձայնությամբ եւ գնահատված կարիքի հիման վրա կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ օտարերկրյա պետությունում) կազմակերպել աշխատողի կարողությունների կատարելագործմանը, արդիականացմանը եւ նոր հմտությունների ձեռքբերմանը միտված լրացուցիչ կրթական ծրագրեր:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործատուի եւ աշխատողի միջեւ կնքվում է գրավոր պայմանագիր:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում աշխատողի մասնակցության ժամանակահատվածում պահպանվում են նրա աշխատատեղը (պաշտոնը) եւ հիմնական աշխատավարձը (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձը, բացառությամբ պարգեւատրման գումարների), բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքի:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցությունն աշխատողի համար սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի իմաստով՝ գործուղում չի համարվում:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատելու պարտականությունն իր մեղքով չկատարելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցած անձը պարտավոր է գործատուին հատուցել ոչ ավելի, քան իր ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագրով սահմանված կարգով ու պայմաններով:»:
Հոդված 15. Օրենսգրքի 249-րդ հոդվածի 1-ին մասը երկրորդ նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում սահմանված որոշակի աշխատանք կատարող սովորողների բժշկական զննությունը, այդ թվում՝ պարբերական բժշկական զննությունը կատարվում է ուսումնական հաստատության միջոցների հաշվին, եթե այլ բան սահմանված չէ գործատուի հետ կնքված պայմանագրով:»:
Հոդված 16. Օրենսգրքի 257-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «գովազդելուն ուղղված աշխատանքներում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
2) 2-րդ մասի առաջին նախադասությունը «վնասակար համարվող աշխատանքներում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի» բառերով.
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-6-րդ մասերով.
«3. Տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձինք մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում կարող են ներգրավվել ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաեւ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքներում, եթե դա պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով եւ անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքներն ապահովելու համար, ինչպես նաեւ պահպանված է վտանգավոր նյութերի արտանետումների օրենսդրությամբ նախատեսված սահմանային չափը:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում գործատուն ապահովում է տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձանց առողջության, անվտանգության եւ բարոյականության պաշտպանության համապատասխան պայմաններ եւ անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաեւ նախապես տրամադրում է տեղեկություններ հնարավոր ռիսկերի, անվտանգ աշխատանքային գործունեության վերաբերյալ, անցկացնում է ուսուցում եւ հրահանգավորում: Աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ եւ փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո: Գործատուն պետք է անչափահասին զերծ պահի ալկոհոլային խմիչքների սպառումից:
5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում գործատուն մինչեւ տասնութ տարեկան անձանց օրինական ներկայացուցիչներին գրավոր տեղեկացնում է աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերի եւ մինչեւ տասնութ տարեկան անձանց անվտանգության ապահովման եւ առողջության պահպանման վերաբերյալ ձեռնարկված բոլոր միջոցների մասին:
6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մասնագիտական կրթության եւ ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող եւ որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձանց՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը եւ բարոյականությունը պահպանելու պայմանները:»:
Հոդված 17. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեցամսյա ժամկետում: