Հոդված 1. «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության իրավական կարգավիճակի, դրա ստեղծման, գործունեության, վերակազմակերպման եւ լուծարման կարգի, կառավարման մարմինների, դրանց ձեւավորման եւ լիազորությունների, գույքի օգտագործման ու ֆինանսատնտեսական հարաբերությունների, ինչպես նաեւ պետական կառավարման համակարգի մարմինների հետ փոխհարաբերությունների առանձնահատկությունները սահմանվում են «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքով: Սույն օրենքի դրույթները տարածվում են մասնագիտական կրթության եւ ուսուցման համակարգի վրա, եթե այլ բան սահմանված չէ «Մասնագիտական կրթության եւ ուսուցման մասին» օրենքով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.
«5.1. Օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեության տեսակների շրջանակում մասնագիտական ուսումնական հաստատությունը կարող է հիմնադրի որոշմամբ միայնակ կամ համագործակցությամբ ստեղծել տնտեսական ընկերություն կամ դառնալ դրա մասնակից՝ լիցենզավորված կրթական ծրագրերի որակավորումներին եւ զբաղմունքին համապատասխան, ինչպես նաեւ աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցման շրջանակներում մատուցել ծառայություն, իրականացնել արտադրություն, արտադրանքի իրացում եւ վաճառք:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Վարձակալության հանձնված գույքի վարձակալական վճարներից ստացված դրամական միջոցներն ամբողջությամբ ուղղվում են պետական բյուջե, բացառությամբ այն դեպքերի եւ չափի, երբ մասնագիտական ուսումնական հաստատության եւ գործատուների հետ համագործակցության պայմանագրի հիմքով տվյալ վարձակալված տարածքն օգտագործվում է կրթական ծրագրի շրջանակում աշխատանքի վրա հիմնված ուսումնառության մոդելով գործնական աշխատանքային ուսուցում անցնելու եւ սահմանված որոշակի աշխատանք կատարելու նպատակով:»:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի առաջին նախադասությունից հանել «կամ միջին մասնագիտական» բառերը:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 7. Մինչեւ սույն օրենքի 2-րդ հոդվածով Օրենքի 3-րդ հոդվածի 5.1-ին մասով նախատեսված պահանջների սահմանումը մասնագիտական ուսումնական հաստատությունները կարող են կրթության պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած փորձարարական կարգով միայնակ կամ համագործակցությամբ ստեղծել տնտեսական ընկերություն կամ դառնալ դրա մասնակից՝ իրենց մասնագիտություններին համապատասխան: