Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-706-13.11.2023-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2006 թվականի նոյեմբերի 27-ի «Օզոնային շերտի պահպանության մասին»ՀՕ-218-Ն օրենքի (այսուհետ` Oրենք)
3-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «գազեր»բառից հետո լրացնել «կամ դրանք պարունակող խառնուրդներ»բառերը եւ 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 12-րդ,
13-րդ, 14-րդ եւ 15-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«12) հոսակորուստ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներից (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր եւ սառնագենտ պարունակող այլ սարքավորումներ)եւ տարաներից կարգավորվող նյութի կորուստը տարեկան 3 գրամից ավելի.

13) հոսակորուստի դիտանցում՝ իրավաբանական անձանց եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձանց կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովվող գործընթաց, որը ենթադրում է սահմանված դեպքերում եւ ժամանակահատվածում իրենց կողմից շահագործվող օդորակման, սառնամատակարարման, ջերմային պոմպերի եւ սառնագենտ պարունակող այլ սարքավորումների համակարգերում հոսակորուստների հայտնաբերման նպատակով ստուգում եւ արձանագրում համապատասխան գրանցամատյանում.

14) ռեգեներացված (վերականգնված)օզոնային շերտը քայքայող նյութ՝ արդեն իսկ օգտագործված, սակայն նոր նյութերի բնութագրերին համարժեք վերամշակված սառնագենտ, ինչի մասին վկայում է որակի հավաստագիրը:

15) հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներ՝ կարգավորվող նյութեր պարունակող կայանքներ (սառնարան, օդորակիչ, ջերմային պոմպեր եւ սառնագենտ պարունակող այլ սարքավորումներ), որոնցում այդ նյութերի պարունակությունը երեք եւ ավելի կիլոգրամ է:»:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 8-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.

«8) կարգավորվող նյութերի գործածման բնագավառում հոսակորուստների դիտանցման կարգի, դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյանի վարման կարգի եւ ձեւի հաստատումը:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը լրացնել 4-րդ եւ 5-րդ կետերով հետեւյալ բովանդակությամբ.

«4) կարգավորվող նյութերի ներմուծումը մեկանգամյա օգտագործման տարաներով, բացառությամբ լաբորատոր նպատակներով ներմուծման դեպքերի.

5) օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծումը Հայաստանի Հանրապետություն 2039 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ Մոնրեալի արձանագրությամբ սահմանված կարգավորումների: Ռեգեներացված նյութերը կարող են ներմուծվել մինչեւ 2039 թվականը ներառյալ:»

Հոդված 5. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1. 4-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ. «Կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակ ստացած իրավաբանական անձինք ու որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, պետական լիազոր մարմին են ներկայացնում կարգավորվող նյութերի ներմուծման անհատական չափաքանակի օգտագործման մասին տարեկան հաշվետվություն՝ համաձայն Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ սահմանված ձեւի:»:

2. 10-րդ մասում «նաեւ»բառը փոխարինել «բացառապես»բառով:

Հոդված 6. Օրենքը լրացնել 8.1 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 8.1. Հոսակուրուստների նկատմամբ հսկողություն

1. Այն իրավաբանական անձինք եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք, որոնց կողմից գործարկվում են հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտները, պարտավոր են այդ օբյեկտների նկատմամբ իրականացնել հոսակորուստների դիտանցում եւ սահմանված կարգով վարել դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյան: Հոսակորուստների հայտնաբերումից հետո տնտեսավարողները դրանք պարտավոր են վերացնել հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում:

2. Իրավաբանական անձինք եւ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված ֆիզիկական անձինք պարտավոր են Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով, յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, լիազոր պետական մարմին ներկայացնել հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվություն: Տեղեկատվությունը չներկայացնելու դեպքում՝ լիազոր պետական մարմինն այդ մասին գրավոր տեղեկացնում է մթնոլորտային օդի պահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին:»:

Հոդված 7. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ Կառավարությունը վեց ամսվա ընթացքում ընդունում է սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված ենթաօրենսդրական ակտը:

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված դրույթն ուժի մեջ է մտնում «Թույլատվական փաստաթղթեր (sw.gov.am)»համակարգի գործարկումից հետո: