Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-705-13.11.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2002 թվականի հունիսի 4-ի Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը «կրկնակի (երկրորդային) ջրօգտագործում» հասկացությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր հասկացությունով.

«հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգ՝ ջրախնայող համակարգ, որը կապահովի ձկնաբուծարանի ելքային ջրերի առնվազն 40%-ի մաքրումից հետո կրկին օգտագործումը նույն ձկնաբուծարանի նույն ավազաններում՝ հորատանցքից իրականացնելով ջրօգտագործման թույլտվությամբ սահմանված ջրառի ծավալի առավելագույնը 60%-ի չափով ջրառ եւ ապահովելով ձկնաբուծարանի մուտքային ջրերի առնվազն 40% ջրախնայողություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Հաշվի առնելով Արարատյան դաշտի ջրհավաք ավազանում կլիմայի փոփոխության ազդեցությամբ, ինչպես նաեւ մարդու տնտեսական գործունեության (այդ թվում ապօրինի) արդյունքում  Արարատյան արտեզյան ավազանի աղետալի վիճակը եւ հիմք ընդունելով վարչապետի կողմից 2023 թվականի հունվարի 4-ին շրջակա միջավայրի նախարարությունում անցկացված խորհրդակցության արձանագրության 2.4 կետը, ինչպես նաեւ շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի փետրվարի 21-ի N 56-Ա հրամանով ստեղծված աշխատանքային խմբի շրջանակներում տեղի ունեցած քննարկումները՝ ուղղված ձկնաբուծական տնտեսություններում փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների կարգավորմանը եւ «փակ շրջանառու համակարգ» հասկացության հստակեցմանը, մշակվել է «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ:

ԱՄՆ ՄԶԳ ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում առկա տվյալների օգտագործմամբ, միջազգայնորեն ընդունված մեթոդաբանությունով եւ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառությամբ հաշվարկվել են Արարատյան դաշտի ստորերկրյա ջրավազանի ստորերկրյա ջրերի բնական պաշարների, 2016 թվականի դրությամբ ջրավազանը սնող բնական ռեսուրսների եւ ընդհանուր շահագործական պաշարի արժեքները: Արարատյան դաշտի 2016 թվականի ջրատնտեսական հաշվեկշռի տարրերի հաշվարկային արժեքները ցույց են տալիս, որ մարդու գործունեության հետեւանքով Արարատյան արտեզյան ավազանում առկա է ջրի զգալի դեֆիցիտ: 2016 թվականին Արարատյան դաշտում առկա ջրային ռեսուրսների եւ ջրապահանջարկի միջեւ բացասական տարբերությունը կազմել է 1,120.46 մլն. մ3 : Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերի ընդհանուր շահագործական պաշարի արժեքը 2016 թվականի դրությամբ ավելի քան 15%-ով պակաս է 1984 թվականի Պաշարների պետական կոմիտեի կողմից հաստատված եւ 2015 թվականին «Ջրի ազգային ծրագրի մասին» ՀՀ օրենքով սահմանված ստորերկրյա ջրառի տարեկան թույլատրելի 1,1 մլրդ. մ3 ծավալից:

2013-2016 թվականների ընթացքում իրականացվեց տիրազուրկ եւ ապօրինի շահագործվող հորատանցքերի լուծարման եւ կոնսերվացման գործընթաց, ինչի արդյունքում լուծարվեցին 55 հորատանցքեր, կոնսերվացվեցին՝ 61-ը, որով խնայվեց  ընդհանուր 4843լ/վ ջրաքանակ: Միաժամանակ բազմաթիվ չօգտագործվող  հորատանցքեր փակվեցին փականներով, ինչպես նաեւ ձկնաբուծական տնտեսություններում վերանայվեցին ջրօգտագործման թույլտվությունները, իսկ փաստացի ջրառը համապատասխանեցվեց ջրօգտագործման թույլտվություներին՝ հորատանցքերը փականային ռեժիմի բերելով եւ դրանք կնքելով, ինչի արդյունքում 2015-2017 թվականներին Արարատյան գոգավրությունում ստորերկրյա ջրերի մակարդակները սկսեցին բարձրանալ, մեծացավ շատրվանող գոտու մակերեսը եւ բազմաթիվ հորատանցքեր, այդ թվում՝ ազգային ցանցի դիտակետերից սկսեցին կրկին շատրվանել:

Համաձայն 2016թ կատարված գույքագրման տվյալների՝ ավելի մեծ ջրառի (նախկինում կոնսերվացված, փականներով փակված կամ լուծարված, ինչպես նաեւ նոր հորատանցքերի գործարկման) արդյունքում նկատվում են ստորերկրյա ջրերի մակարդակների իջեցումներ, ինչն անթույլատրելի է: Հաշվարկներն ու վերլուծությունները ցույց են տալիս, որ  չնայած Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերի վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումներին, շարունակում է ստորերկրյա ջրերի վիճակի վատթարացումը: Դիտարկումների համաձայն գոգավորության ճնշումային ջրերի գերշահագործման արդյունքում (ոռոգման եւ, հատկապես, ձկնաբուծության նպատակով բազմաթիվ հորատանցքերի հորատում) իջնում են ստորերկրյա ջրերի ճնշումներն ու մակարդակները: Ավելի քան երկու անգամ պակասել է շատրվանող գոտու մակերեսը, բազմաթիվ հորատանցքեր դադարել են շատրվանել:

Դիտարկումները ցույց են տալիս, որ շարունակվում է ստորերկրյա ջրերի մակարդակների եւ ճնշումների իջեցումները, ինչը վկայում է, որ փաստացի ջրառը կատարվում է թույլատրելի սահմանից ավելի: Հատկանշական է, որ Արարատյան գոգավորության ստորերկրյա ջրերի քանակական փոփոխություններն հանգեցնում են որակական փոփոխությունների՝ ճնշումային ջրերի  մակարդակի  իջեցումներն  ուղեկցվում  են  դրանց ընդհանուր հանքայնացման եւ ընդհանուր կոշտության բարձրացմամբ:

Վերոնշյալ ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ պայմանավորված բնակլիմայական պայմաններով եւ մարդու անհաշվենկատ ու անխնա գործունեությամբ Արարատյան արտեզյան ավազանում տեղի է ունենում ստորերկրյա ջրերի հյուծում (սպառում, աղտոտում), ինչը շատ կարճ ժամանակահատվածում կբերի համընդհանուր բնապահպանական եւ սոցիալ-տնտեսական աղետի, ուստի անհրաժեշտ է իրականացնել ստորերկրյա ջրային ռեսուրսների գերշահագործման կանխմանն ուղղված միջոցառումներ:

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրերը հանդիսանում են Կենտրոնական Հայաստանի խմելու ջրամատակարարման միակ հեռանկարային ջրաղբյուրը: Բոլոր բնաղբյուրները օգտագործվում են խմելու ջրամատակարարման համար, ուստի Արարատյան արտեզյան ավազանի գերշահագործման հանրային վտանգավորության աստիճանը շատ բարձր է, ինչով էլ պայմանավորված է սույն կարգավորման անհրաժեշտությունը եւ հրատապությունը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծման հետ կապված խնդիրների իրավակարգավորման նպատակով «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով սահմանվել է նոր՝ «հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող փակ շրջանառու համակարգ» հասկացություն:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է վարչական պատասխանատվություն ձկնաբուծարանների կողմից առանց փակ շրջանառու համակարգի հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերից ջրօգտագործում իրականացնելու համար:

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է իրավական հիմք՝ հորատանցքի միջոցով ստորերկրյա քաղցրահամ ջրերի օգտագործում իրականացնող ձկնաբուծարաններում փակ շրջանառու համակարգի ներդրման կարգի սահմանման համար:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Վերոնշյալ նախագծերի ընդունմամբ կկանխվի Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծումը, ինչպես նաեւ նախագծերի ընդունումը կնպաստի փակ շրջանառու համակարգերի ներդրման խնդիրների կարգավորմանը եւ «փակ շրջանառու համակարգ» հասկացության հստակեցմանը:

5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին»  օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին»  օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի մասին» N 1363-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի «4.10 Շրջակա միջավայրի պահպանություն» բաժնի առաջնահերթություններից: Նախագծերի ընդունմամբ կկանխվի Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային ռեսուրսների հյուծումը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի նախատեսվում, իսկ պետական բյուջեի եկամուտներում կնախատեսվի ավելացում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն