Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-707-13.11.2023-ԱՍ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1) «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերությունում «կամ քաղաքացիություն չունեցող անձը» բառերը փոխարինել «, քաղաքացիություն չունեցող անձը կամ փախստականի կարգավիճակ ունեցող անձը» բառերով:»:

Հոդված 1. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի.

1) 1-ին կետը «Հայաստանի փրկարար ծառայության» բառերից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության» բառերով.

2) 3-րդ կետը «կատարողը» բառից հետո լրացնել «, Լեռնային Ղարաբաղի քրեակատարողական ծառայողը եւ դատական ակտերի հարկադիր կատարողը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5) սույն մասի 1-4-րդ կետերում նշված՝ Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «է», 2-րդ կետի «ե», 3-րդ կետի «ը» ենթակետերում «Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ» բառերը փոխարինել «Կառավարության կողմից» բառերով:

Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասը «այդ թվում՝» բառերից հետո լրացնել «Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը, ինչպես նաեւ» բառերով:

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9.2-րդ մասով.

«9.2. Փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը:»:

Հոդված 6. Օրենքի 47-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Շտեմարանը ձեւավորվում է նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող անձի վերաբերյալ միգրացիայի եւ քաղաքացիության բնագավառում լիազոր մարմնից ստացված՝ Կառավարության սահմանած տվյալներից:».

2) 3-րդ մասը «կառավարման» բառից հետո լրացնել «եւ» բառով:

Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

Հոդված 8. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծերի փաթեթի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերի հստակեցումն է՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

1. «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածով սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու, Հայաստանի Հանրապետության երկքաղաքացու, օտարերկրյա քաղաքացու, քաղաքացիություն չունեցող անձի կենսաթոշակի իրավունքը: Սա նշանակում է, որ փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակի իրավունքը իրացվում է որպես օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ: Անհրաժեշտություն է առաջացել փախստականի կարգավիճակ ունեցող անձանց առանձնացնել, որպես կենսաթոշակի իրավունք ունեցող առանձին խումբ, հստակեցնելու համար նրա կենսաթոշակի իրավունքը:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ Լեռնային Ղարաբաղի սոցիալական նախարարության միջեւ կնքված համաձայնագրի հիմա վրա Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի տարածքներում ձեռք բերված աշխատանքային ստաժները փոխադարձաբար ճանաչվել են: Նոր իրողությունների հաշվառմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել սահմանել Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս հաշվի առնելու օրենքի պահանջը:

3. Աշխատանքային ստաժը հաշվարկելու ընդհանուր կանոններում Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժի հաշվարկելու համար պետք է սահմանել առանձնահատկությունն (օրինակ՝ հաշվի առնել Լեռնային Ղարաբաղի հարկային մարմնի տվյալները, կենսաթոշակի բազայում առկա տվյալները եւ այլն):

4. Անհրաժեշտ է նաեւ հստակեցնել Լեռնային Ղարաբաղում արդեն իսկ կենսաթոշակ ստացող անձանց Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու ընթացակարգերը, սահմանել կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները:

5. Անհրաժեշտ է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձանց, քրեակատարողական ծառայողի եւ դատական ակտերի հարկադիր կատարողի կենսաթոշակի իրավունքի իրացման պայմանները:

6. Փախստականի կարգավիճակ ունեցող անձանց կենսաթոշակի իրավունքի իրացման հարցում կարեւոր է Լեռնային Ղարաբաղում ձեւավորված տեղեկատվության (կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ տվյալների) ներառումը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

7. «Պետական նպաստների մասին» օրենքի 23.1-ին հոդվածով նախատեսված է, որ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) ընթացքում: 2023 թվականի սեպտեմբերի 19-ից սկսված ռազմական գործողությունների հետեւանքով բռնի տեղահանված մայրերի համար խնդրահարույց է այդ ժամկետի պահպանումը: Այսպես, եթե 140 օրվա ժամկետը լրանում է 26.10.2023, ապա այդ ժամկետի 1-ին օրը 06.06.2023 է, իսկ երեխան ծնվել է մոտավորապես օգոստոսի 8-ին: Եթե հաշվի առնվի այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետություն բռնի տեղահանվելուց հետո՝ մինչեւ 26.10.2023 գործնականում հնարավոր չի եղել դիմել մայրության նպաստ նշանակելու համար, կարելի է ենթադրել, որ նրանք հիմնականում չեն ստացել մայրության նպաստ: Ըստ այդմ, անհրաժեշտ է սահմանել մայրության նպաստ նշանակելու համար դիմելու այլ ժամկետ:

8. Մայրության նպաստի դեպքում խնդրահարույց է նաեւ բացառապես ժամանակավոր անաշխատունակության թերթիկի հիման վրա նպաստ նշանակելը: Մայրերի մի մասը կարող է պահպանած չլինի Լեռնային Ղարաբաղում տրամադրած թերթիկը կամ ծննդաբերած լինի տեղահանվելուց հետո եւ չունենա ժամանակավոր անաշխատունակության թերթիկ: Ըստ այդմ, խնդրո առարկա դեպքում մայրության նպաստ նշանակելու համար պետք է սահմանել ժամանակավոր անաշխատունակության թերթիկը, իսկ դրա բացակայության դեպքում՝ երեխայի ծննդյան վկայականը:

Բոլոր դեպքերում կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու առաջնակի պայմանը Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեում հաշվառված լինելն է:

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է ընդունել ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

2. Կարգավորման առարկան

1. ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

1.1 Օրենքի 7-րդ հոդվածով սահմանել փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակի իրավունքը, այն է. օրենքով սահմանված պայմանները բավարարելը՝ փախստականի կարգավիճակ ունենալու ամբողջ ժամանակահատվածում,

1.2 Օրենքի 29-րդ հոդվածի եւ ՀՀ անդամակցած միջազգային պայմանագրերի հիման վրա ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս հաշվի է առնվում ՀՀ տարածքում կամ միջազգային պայմանագրի անդամ պետության տարածքում ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեության ժամանակահատվածները: Ըստ այդմ, առաջարկվում է ՀՀ-ում կենսաթոշակ նշանակելիս աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեության, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ Կառավարության սահմանած կարգով:

1.3 Օրենքի 32-րդ հոդվածով Կառավարությանը վերապահել Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերած աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները սահմանելու լիազորությունը, որի շրջանակներում հնարավոր կլինի հստակեցնել արդեն նշանակված կենսաթոշակների, ինչպես նաեւ նոր նշանակվելիք կենսաթոշակների դեպքերում խնդրո առարկա ստաժը հաշվարկելու կանոնները,

1.4 Օրենքի 33-րդ հոդվածով Կառավարությունը վերապահել նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող անձի՝ կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու կարգի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը: Այս դեպքում հնարավոր կլինի Լեռնային Ղարաբաղում նշանակված կենսաթոշակները «վերանշանակել» (ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել) առցանց դիմումի հիման վրա, առանց ստաժը վերահաշվարկելու, կենսաթոշակը վերահաշվարկելիս, տեսակը փոխելիս նախկին ստաժը չվերահաշվարկել, կենսաթոշակը վճարելիս հաշվի առնել Լեռնային Ղարաբաղում վերջին անգամ բանկ ներկայանալու պայմանը, կենսաթոշակի գործերը «տեղափոխել» պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան եւ այլն,

1.5 սահմանել, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգերում ծառայած անձը, քրեակատարողական ծառայողը եւ դատական ակտերի հարկադիր կատարողը ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք,

1.6 Օրենքի 41-րդ հոդվածով ստեղծվում է իրավական հիմք Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեւավորված տեղեկատվական բազաներից (կենսաթոշակի, հարկային մարմնի եւ այլն) կենսաթոշակի իրավունքն իրացնելու համար անհրաժեշտ տվյալները Միգրացիայի ծառայությունից (այդ տեղեկատվական բազաների տնօրինողից) ստանալու եւ պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու համար:

2. ««Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

2.1 Կառավարությունը վերապահել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու համար դիմելու ժամկետ սահմանելու լիազորությունը: Այս դեպքում հնարավոր կլինի սահմանել մայրության նպաստ նշանակելու համար դիմելու ողջամիտ ժամկետ՝ կախված սույն օրենքը եւ դրա կիրարկումն ապահովող Կառավարության որոշման ընդունման ժամկետներից,

2.2 Կառավարությունը վերապահել հղիության եւ ծննդաբերության արձակուրդի իրավունք ունենալու ժամանակահատվածի (140 օրվա) կամ երեխայի ծննդյան օրվանից հետո՝ 70 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ձեռք բերած՝ չաշխատող անձին մայրության նպաստ նշանակելու փաստաթղթերի ցանկը սահմանելու իրավասությունը: Այս դեպքում հնարավոր կլինի մայրության նպաստ նշանակել ոչ միայն ՀՀ կամ ԱՀ բժշկական կազմակերպության տված ժամանակավոր անաշխատունակության թերթիկի, այլ նաեւ ՀՀ կամ ԱՀ իրավասու մարմնի տված երեխայի ծննդյան վկայականի հիման վրա:

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում կհստակեցվեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակի, մայրության նպաստի (չաշխատող անձին նշանակվող) իրավունքի իրացման ընթացակարգերը՝ այդ ընթացակարգերի առանձնահատկությունները սահմանելու լիազորությունը Կառավարությանը վերապահելու միջոցով:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի փաթեթը չի բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից:

5. Տեղեկանք պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վերաբերյալ

Նախագծերի փաթեթի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը կավելանան՝ 26.10.2023-31.12.2023 ժամանակահատվածում վճարված կենսաթոշակների եւ մայրության նպաստների չափով:

Հարկ կլինի ավելացնել նաեւ ՀՀ 2024 թվականի ծախսերը կենսաթոշակային ապահովության (1102 ծրագիր) եւ մայրության նպաստի (1082 ծրագրի 12002 միջոցառում) գծով:

ՀՀ 2023, 2024թթ պետական բյուջեների ծախսերի ընդհանուր գնահատականը՝ կապված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակ, ծերության նպաստ, հաշմանդամության նպաստ, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ, երեխայի ծննդյան միանվագ նպաստ, մայրության նպաստ, խնամքի նպաստ նշանակելու հետ կապված լրացուցիչ ծախսերի գնահատականը կտրամադրվի առանձին:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփո՟խություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի եկամուտները չեն ավելանա, իսկ ծախսերը կավելանան՝ 26.10.2023-31.12.2023 ժամանակահատվածում վճարված կենսաթոշակների եւ մայրության նպաստների չափով:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն