Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7061-13.11.2023-ՏՏԳՇ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգիրքը լրացնել նոր՝ 87.4, 87.5 եւ 87.6 հոդվածներով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 87.4. Սահմանված կարգով կարգավորվող նյութերի հոսակորուստների դիտանցում չիրականացնելը

1. Սահմանված կարգով կարգավորվող նյութերի հոսակորուստների դիտանցում չիրականացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

Հոդված 87.5. Սահմանված կարգով եւ ժամկետում կարգավորվող նյութերի հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով պետական լիազոր մարմին չներկայացնելը

1. Սահմանված կարգով եւ ժամկետում կարգավորվող նյութերի հոսակորուստների դիտանցման վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով պետական լիազոր մարմին չներկայացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 87.6. Կարգավորվող նյութերի հոսակորուստների հայտնաբերումից հետո 14 օրվա ընթացքում դրանց չվերացնելը

1. Կարգավորվող նյութերի հոսակորուստների հայտնաբերումից հետո 14 օրվա ընթացքում դրանց չվերացնելը կամ սահմանված ժամկետից ուշ վերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

2. Նույն խախտումը, որը կատարվել է կրկին անգամ վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`

առաջացնում է տուգանքի նշանակում անհատ ձեռնարկատերերի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկի չափով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունիսի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրվել է համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ նաեւ՝ Համաձայնագիր), իսկ 2018թ. հունիսի 1-ից մեկնարկել է Համաձայնագրի՝ ԵՄ բացառիկ իրավասության ներքո գտնվող դրույթների ժամանակավոր կիրարկումը՝ ըստ նույն համաձայնագրի 385-րդ հոդվածի: Սույն հոդվածի համաձայն՝ մինչեւ վավերացման գործընթացի ավարտն ու վերջնական ուժի մեջ մտնելը Համաձայնագիրը կարող է ժամանակավորապես կիրարկվել ավանդապահին հանձնելուց հետո երկրորդ ամսվա առաջին օրվանից: Ժամանակավորապես կիրարկվող հոդվածները կազմում են Համաձայնագրի մոտավորապես 80%-ը, իսկ մնացած 20%-ը (հիմնականում այն հոդվածները, որոնք գտնվում են ԵՄ անդամ երկրների իրավասության շրջանակներում) ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից Համաձայնագրի վավերացումից հետո: 2019թ. հունիսի 1-ին Համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը (այսուհետ նաեւ՝ Ճանապարհային քարտեզ) հաստատվել է ՀՀ վարչապետի N666–Լ որոշմամբ, որը հավանության է արժանացել 2019թ. հունիսի 13-ին ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի երկրորդ նիստում:

Ժամանակավորապես կիրարկվող հոդվածներից են Համաձայնագրի նաեւ I-VII հավելվածները, որտեղ ամրագրված կիրարկման ենթակա կանոնակարգերից է Եվրոպական խորհրդարանի եւ Խորհրդի 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1005/2009 կանոնակարգը (այսուհետ նաեւ՝ Կանոնակարգ): Կանոնակարգից բխող պահանջներն արտացոլված են նաեւ Ճանապարհային քարտեզում, եւ ըստ ստանձնած պարտավորությունների՝ օզոնային շերտը քայքայող նյութերը վերականգնելու (ռեգեներացնելու) պարտավորություններ պետք է սահմանվեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց 6 տարի հետո, այսինքն՝ 2024 թվականից: Սա նշանակում է, որ այս նոր հասկացությունները պետք է արտացոլվեն ոլորտային ներպետական հիմնական կարգավորիչ իրավական ակտում՝ «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում: Բացի այս, նույն ժամանակահատվածում պետք է տեղայնացվեն եւ, որպես պարտավորություն, Օրենքում ներառվեն Կանոնակարգի այն դրույթները, որոնք վերաբերում են օզոնային շերտը քայքայող նյութերի հոսակորուստներին, հոսակորուստների դիտանցման ենթակա օբյեկտներին եւ հոսակորուստների դիտանցմանը, ինչպես նաեւ ամբողջական մասնագիտական սպասարկմանը, որոնք իրականացվելու են համապատասխան տնտեսավարողների կողմից իրենց շահագործման ներքո գտնվող օդորակման, սառնամատակարարման, ջերմային պոմպերի, ինչպես նաեւ հրդեհապաշտպան համակարգերի նկատմամբ: Օրենքի նախագծով սահմանվում է պարտականություն տնտեսավարողների համար: Վերջիններս պարտավոր են այդ օբյեկտների նկատմամբ իրականացնել հոսակորուստների դիտանցում եւ սահմանված կարգով վարել դիտանցման արդյունքների հաշվառման գրանցամատյան: Հոսակորուստների հայտնաբերումից հետո տնտեսավարողները դրանք պարտավոր են վերացնել հնարավորինս շուտ, բայց ոչ ուշ, քան 14 օրվա ընթացքում: Պարտավոր են նաեւ Կառավարության կողմից սահմանված կարգով, յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 1-ը, հոսակորուստների դիտանցման վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնել պետական լիազոր մարմին:

Բացի այս, Օրենքի նախագծով նախատեսվում է օզոնային շերտը քայքայող նյութերի գործածման բնագավառում այդ կայանքներում հոսակորուստների դիտանցման, դրանց արդյունքների հաշվառման կարգի եւ հաշվառման մատյանի ձեւի հաստատման կառավարության լիազորությունը:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ յուրաքանչյուր ոլորտում հասարակական հարաբերությունները ենթարկվում են դինամիկ փոփոխությունների՝ պայմանավորված գիտության արագ եւ մշտական զարգացմամբ, եւ դրա արդյունքում նոր տեխնոլոգիաների կիրառմամբ, այս ոլորտը նույնպես չի կարող անմասն մնալ այդ փոփոխություններից: Սա նշանակում է, որ ոլորտում գործող հասարակական հարաբերությունների դինամիկ փոփոխություններն առաջ են բերում նոր իրավակարգավորումների նախատեսում եւ ամրագրում: Եվ նկատի ունենալով այն, որ նոր իրավակարգավորումները պետք է հաշվի առնեն համաշխարհային միտումները, որոնք առկա են այսօր, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, դրանք պետք է հարմոնիզացնել այն իրավական ակտերի պահանջներին, որոնք պարտավորությունների շրջանակներում անհրաժեշտ է տեղայնացնել:

Ելնելով վերոգրյալից, նկատի ունենալով Համաձայանգրում ամրագրված երկու կողմերի ներպետական օրենսդրության հարմոնիզացման պահանջը, որը պարտավորեցնում է Հայաստանին Հանրապետությանը՝ կատարելու համարժեք քայլեր, ինչպես նաեւ Համաձայնագրի իրականացման Ճանապարհային քարտեզը, որտեղ ամրագրված են այդ քայլերը, Օրենքում կատարվում են համապատասխան փոփոխություններ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ օրենսդրությունը գործում է եւ գործելու է օրենսդրությամբ սահմանված կարգով՝ թարգմանվելուց հետո, ապա հաշվետվությունների ներկայացման գործող ձեւաչափի (ձեւ) թարմացման կամ նորի ընդունման անհրաժեշտությունը վերացել է: Հետեւաբար անհրաժեշտ է ուժը կորցրած ճանաչել Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, որով լիազորություն է տրվել շրջակա միջավայրի նախարարին հաստատելու հաշվետվության ձեւ, իսկ պահանջվող հաշվետվությունը տնտեսվարողները կներկայացնեն ԵՏՄ օրենսդրությամբ սահմանված ձեւով եւ ժամկետում:

Ի կատարումն վարչապետի 2022 թվականի հունիսի 16-ի N 02/16.11/19353 հանձնարարականի` շրջակա միջավայրի նախարարությունը ներկայացրել է կարծիք, ինչի համաձայն չի առարկում «Թույլատվական փաստաթղթեր» համակարգի շրջանակներում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում համապատասխան թույլատվական փաստաթղթերը բացառապես էլեկտրոնային եղանակով տրամադրելուն, անհրաժեշտություն է առաջացել «Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 10-րդ մասում «նաեւ» բառը փոխարինել «բացառապես» բառով:

Առաջարկվող կարգավորման բնույթը.
Այս բնագավառում Հայաստանի Հանրապետությունը շարունակում է կատարել իր ստանձնած միջազգային պարտավորությունները, որոնք բխում են «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայից եւ «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրությունից եւ դրանց փոփոխություններից ու լրացումներից, ինչպես նաեւ Համաձայանգրից եւ Ճանապարհային քարտեզից: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է ապահովել ոլորտի կարգավորիչ իրավական ակտերի ներդաշնակեցում:

Նախագծի ընդունմամբ սահմանվում են մի շարք նոր հասկացություններ, ինչպես նաեւ ՀՖԱ-ների հասկացության մեջ ներառվել են նաեւ ջերմոցային գազեր պարունակող խառնուրդները, քանի որ Հայաստանը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի Օզոնի քարտուղարությանը ՀՖԱ-ների գործածության տվյալները ներկայացնելիս պարտավոր է հաշվի առնել թե՛ մաքուր, եւ թե՛ խառնուրդներում դրանց պարունակության չափաբաժնի վերաբերյալ եւ նախատեսվում են Կառավարության եւ պետական լիազոր մարմնի համար ոլորտային որոշ լիազորություններ, որոնք հնարավորություն են տալու իրականացնելու ոլորտային հարաբերությունների լիարժեք իրավակարգավորում՝ ապահովելով Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը: Բացի այս, տնտեսավարողների համար նախատեսվում է պարտականություն՝ ներկայացնել պահանջվող տեղեկատվությունը, ինչպես նաեւ սահմանվում է մեկանգամյա օգտագործման տարաներով օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման արգելք:

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունմամբ սահմանվում է այն պատասխանատվության միջոցը, որը համարժեք է տնտեսավարողների կողմից հնարավոր իրավախախտման կանխարգելման կամ կիրառման համար, ինչն ուղղված է ամբողջական դարձնելու իրավական գործիքների այն համախումբը, որոնք միտված են լինելու ոլորտում ծագող հասարակական հարաբերությունների իրավակարգավորմանը առանց բացթողումների եւ լրիվությամբ: Արդյունքում դա հնարավորություն կտա լուծելու բնապահպանական որոշ խնդիրներ եւ ապահովելու Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացումը:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել են շրջակա միջավայրի նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունմամբ կապահովվի գործող ոլորտային ներպետական եւ Եվրոպական Միության ոլորտային օրենսդրության ներդաշնակեցում, որը, որպես պարտավորություն, Հայաստանը ստանձնել է Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության եւ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջեւ 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով: Բացի այս, նոր իրավակարգավորումների արդյունքում ոլորտում հնարավոր կլինի ապահովել հասարակական հարաբերությունների կարգավորման նոր մակարդակ՝ համահունչ ժամանակակից գիտական պահանջներին եւ միտումներին:

Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության մասին.

«Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերը ռազմավարական փաստաթղթերի հետ առնչություն չունի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Օզոնային շերտի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն