Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7081-13.11.2023-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2005 թվականի հոկտեմբերի 24-ի Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1-ին հոդվածը «վերահսկողության»բառից հետո լրացնել «, հսկողության»բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 6-րդ հոդվածում՝ «զ» կետն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենսգրքի 7-րդ եւ 7.1-ին հոդվածները շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 7. Անտառների կայուն կառավարման եւ վերահսկողության ոլորտում պետական լիազորված մարմինների իրավասությունները

1. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնի (այսուհետ՝ պետական կառավարման լիազորված մարմին) իրավասություններն են՝

1) պետական անտառների տիրապետումը եւ օգտագործումը՝ սույն օրենսգրքի եւ այլ իրավական ակտերի համաձայն.

2) պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

3) անտառների դասակարգումը՝ ըստ գործառնական նշանակության.

4) Հայաստանի Հանրապետության պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպումը.

5) պետական անտառների անտառաշինական նախագծերի հաստատումը.

6) անտառավերականգնման եւ անտառապատման իրականացման կարգի սահմանումը.

7) անտառների կայուն կառավարման չափորոշիչների եւ ցուցանիշների հաստատումը.

8) անտառահատման տոմսի եւ անտառային տոմսի օրինակելի ձեւերի եւ դրանց տրամադրման կարգի հաստատումը.

9) տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների ոլորտում լիազոր մարմնի հետ համատեղ ոչ արտադրական նպատակներով անվճար թափուկ վառելափայտ ձեռք բերելու արտոնություն ստացող՝ անտառների անմիջական հարեւանությամբ գտնվող բնակավայրերի ցանկի հաստատումը.

10) արտակարգ իրավիճակների ոլորտում լիազոր մարմնի հետ համատեղ անտառներում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհների արձագանքման պլանի օրինակելի ձեւի սահմանումը.

11) պետական անտառներում բնափայտի մթերման տարեկան հաշվարկային հատատեղի հաստատումը.

12) Հայաստանի Հանրապետության անտառների եւ անտառային հողերի պետական հաշվառումը, անտառային պետական կադաստրի վարումը.

13) անտառների արտադրողականության բարձրացմանը, անտառավերականգնմանը, անտառապատմանը եւ խնամքին ուղղված նպատակային ծրագրերի մշակումը, իրականացման կազմակերպումը.

14) անտառային հողերի բերրիության բարձրացումն ու պահպանումը, դրանց նպատակային օգտագործման ապահովումը.

15) իրականացնում է անտառների բնապահպանական, սոցիալական եւ տնտեսական ներուժի պահպանության, զարգացման եւ հավասարակշռման ուղղությամբ ծրագրերի մշակումը.

16) իրականացնում է անտառների եւ անտառային հողերի կայուն կառավարման վերաբերյալ ուսումնասիրություններ.

17) անտառների պետական մոնիթորինգի իրականացումը.

18) անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների՝ ապօրինի հատումների, ծառերի, թփերի, երիտասարդ տնկարկների եւ անտառային մշակույթների վնասման եւ ոչնչացման, քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով, կոմունալ-կենցաղային թափոններով անտառների աղտոտման եւ անտառային օրենսդրության այլ խախտումների հայտնաբերման ու կանխարգելման կազմակերպումը եւ այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավապահ մարմիններին տեղեկությունների անհապաղ տրամադրումը.

19) անտառների կայուն կառավարման բնագավառում միջազգային համագործակցության իրականացումը.

20) պետական, ինչպես նաեւ համայնքային անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված շինարարական, պայթեցման, օգտակար հանածոների արդյունահանման, մալուխների, խողովակաշարերի եւ այլ հաղորդակցուղիների անցկացման, հորատման եւ այլ աշխատանքների կատարման նպատակով հողերի նպատակային նշանակության փոփոխման, ինժեներաերկրաբանական հետազոտությունների իրականացման համար թույլտվության տրամադրումը.

21) մշակում է անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրեր՝ համագործակցելով նաեւ միջազգային համապատասխան կառույցների հետ.

22) կազմակերպում եւ հսկողություն է իրականացնում պետական անտառների անտառաշինության աշխատանքների նկատմամբ.

23) անտառաշինական նախագծերի բացակայության կամ ժամկետանց ճանաչվելու դեպքում բնափայտի մթերումն իրականացնելու համար փաստացի ուսումնասիրություններ կատարելու եւ եզրակացություններ տրամադրելու նպատակով ստեղծում է մասնագիտական հանձնաժողովներ եւ եզրակացությունների համաձայն տրամադրում է թույլտվություն.

24) իրականացնում է անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումները, ֆինանսական ռազմավարության մշակումը, հատկացված ֆինանսական միջոցների կառավարումը, ինչպես նաեւ դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստումը, պայմանագրերի կնքումը.

25) մշակում եւ իրականացնում է անտառային ոլորտում գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավման, զարգացման, սոցիալ-տնտեսական, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում, ներդրումային ծրագրեր.

26) մշակում եւ կազմակերպում է անտառներում եւ անտառային հողերում վնասատուների եւ հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերը.

27) կազմակերպում է անտառների վերականգնման եւ անտառապատման, ինչպես նաեւ սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, անտառային տնկադաշտերի հիմնման, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումներ.

28) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա տրամադրում է համաձայնություն անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման եւ վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ.

29) իրականացնում է անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու գործառույթներ.

30) ներկայացնում է առաջարկություններ անտառային հողերի եւ անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ.

31) օրենքով սահմանված դեպքերում տրամադրում է եզրակացություն արտահանվող եւ ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին.

32) տրամադրում է համաձայնություն անտառներում եւ անտառային հողերում անտառային տնտեսության վարման եւ անտառօգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման համար.

33) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման հայտերի ընդունումը եւ մրցույթների կազմակերպումը, համաձայնության տրամադրումը.

34) իրականացնում է ծառայողների եւ անտառային ոլորտի մասնագետների ուսուցման եւ վերապատրաստման կազմակերպումը.

35) իրականացնում է գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների եւ առաջավոր փորձի ներդնման կազմակերպումը.

36) իրականացնում է անտառային ոլորտի կադրերի պատրաստման եւ վերապատրաստման, այդ թվում՝ էկոլոգիական կրթության, աշխատանքների կազմակերպումը.

37) աջակցում է համայնքային անտառների ստեղծմանը եւ զարգացմանը.

38) ստեղծում է անտառային արդյունքի արտադրության եւ վերամշակման հզորություններ.

39) մշակում եւ իրականացնում է անտառօգտագործման, այդ թվում՝ հանգստի, զբոսաշրջության, Էկոտուրիզմի զարգացման ծրագրեր.

40) աջակցում է ագրոանտառաբուծության զարգացմանը.

41) մշակում է անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում հրդեհային անվտանգության միջոցառումների ծրագրերը.

42) սույն օրենսգրքով եւ օրենքով սահմանված այլ լիազորություններ:

2. Բնապահպանական վերահսկողությունն իրականացնում է շրջակա միջավայրի օրենսդրության կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնինը:

Հոդված 7.1. Շրջակա միջավայրի պահպանության ծառայությունը

Շրջակա միջավայրի պահպանության ծառայության լիազորությունները սահմանվում են օրենքով:»:

Հոդված 4. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 26-րդ եւ 27-րդ հոդվածները:

Հոդված 5. ՈՒժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 58-րդ հոդվածի 2-րդ մասը:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է 2024 թվականի հունվարի 1-ից: