Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (18-ը ապրիլի 2003 թվականի, ՀՕ-528-Ն, այսուհետ` օրենսգիրք) 76-րդ հոդվածի՝
1) առաջին մասի «Հանրային աշխատանքների, ուղղիչ» բառերը փոխարինել «Ուղղիչ» բառով,
2) երրորդ մասում՝
ա) 3-րդ կետը «հանցագործության» բառից հետո լրացնել «բացառությամբ սույն մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործությունների» բառերով,
բ) երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) սույն օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասով, 138-րդ հոդվածի երրորդ մասով, 139-րդ հոդվածի երրորդ մասով, 175-րդ հոդվածի երրորդ մասով, 217-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 218-րդ հոդվածի երրորդ մասով, 221-րդ հոդվածի երկրորդ եւ երրորդ մասերով, 222-րդ հոդվածի առաջին մասով, 266-րդ հոդվածի երրորդ մասով, 269-րդ հոդվածի երրորդ մասով, 299-րդ հոդվածի առաջին մասով, 305-րդ հոդվածով, 384-րդ հոդվածի երկրորդ մասով, 387-րդ հոդվածի երկրորդ մասով, 388-րդ հոդվածի երկրորդ մասով, 389-րդ հոդվածով, 390-րդ հոդվածի առաջին եւ երրորդ մասերով, 391-րդ հոդվածի երրորդ մասով, 392-րդ, 393-րդ եւ 394-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար նշանակված պատժի ոչ պակաս, քան երեք քառորդը»:
Հոդված 2. Օրենսգրքի 258-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 258. Խուլիգանությունը
1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով՝
պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնըհիսնապատիկի չափով, կամ կալանքով մինչեւ մեկ ամիս ժամկետով:
2. Նույն արարքը, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով , ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
3.Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված արարքը, որը՝
1) կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից,
2) զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով,
3) կատարվել է նախկինում խուլիգանություն կատարած անձի կողմից,
4) զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,
5) զուգորդվել է բացառիկ ցինիզմով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:
4. Սույն հոդվածի երկրորդ կամ երրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ՝
պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով:»:
Հոդված 3. Օ րենսգրքի 343-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ .
« Հոդված 343. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
1. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է վկայի կամ տուժողի կամ պաշտպանի դատարան ներկայանալուց չարամտորեն խուսափելով կամ դատավորի կարգադրությանը չենթարկվելով կամ դատական նիստի կարգը խախտելով կամ այլ գործողություն կատարելով, եւ վկայում է դատարանի կամ դատական նիստի կարգի նկատմամբ բացահայտ արհամարանքի մասին՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է դատաքննության մասնակիցներին վիրավորելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
3. Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով: