Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է: Գլխավոր քարտուղարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պետական մարմնի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները:»:
2) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝
1) 5-8-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել պաշտպանության հարցերով, ռազմական եւ առեւտրական կցորդներ, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ:
6. Պաշտպանության հարցերով, ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ եւ օգնականներ:
7. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են գործել այլ կցորդներ եւ ներկայացուցիչներ՝ այդ պայմանագրերով սահմանված կարգով եւ պայմաններով:
8. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված կցորդների եւ ներկայացուցիչների, ինչպես նաեւ պաշտպանության հարցերով, ռազմական կցորդների տեղակալների եւ օգնականների հաստիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:
9. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված կցորդները եւ ներկայացուցիչները պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ պաշտպանության հարցերով, ռազմական կցորդների տեղակալները եւ օգնականները՝ իրավասու պետական մարմնի ղեկավարի հրամանով:»
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ եւ 11-րդ մասերով.
«10. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված կցորդները եւ ներկայացուցիչները գործում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:
11. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված կցորդների եւ ներկայացուցիչների, ինչպես նաեւ պաշտպանության հարցերով, ռազմական կցորդների տեղակալների եւ օգնականների առաջադրման, նշանակման, ազատման, լիազորությունների շրջանակի, գործունեության, նրանց եւ նրանց ընտանիքի անդամների պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում «ներկայացուցիչները նշանակվում են» եւ «նշանակվելու դեպքում» բառերից հետո «մինչեւ» բառերը հանել:
Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի «արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար» բառերը հանել:
Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների եւ անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ մեկ կամ երկու աստիճան ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ:
5. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:»:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 25. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները .
1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները:»:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ (կամ)» բառերը հանել:
Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«3. Վարչապետի աշխատակազմից եւ պետական կառավարման համակարգի, բացառիկ դեպքերում՝ պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով՝ այլ մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ նշված մարմինների միջեւ գրավոր համաձայնության դեպքում:»:
2) 4-րդ մասում «քաղաքացիական» բառը փոխարինել «այլ պետական» բառերով:
Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «վարքագծի կանոնների խախտումը» եւ 2-րդ մասի «վարքագծի կանոնների խախտումների» բառերից հետո լրացնել «անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, եւ իրավիճակային շահերի բախման դեպքերը» բառերը:
Հոդված 11. Օրենքում ավելացնել նոր 42.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.
«Դիվանագիտական ծառայության եւ դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործը վարելու կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարը:»
Հոդված 12.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող գլխավոր քարտուղարը շարունակում է պաշտոնավարել՝ մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի հաստատումը: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը հաստատվելուց հետո գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցվում է Կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով՝ մինչեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով տվյալ պաշտոնին նշանակում կատարելը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ներկայիս իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գործունեության շարունակականության ապահովման, արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ հանրային ծառայության վերաբերյալ օրենսդրության հետ ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում կատարելու փոփոխություններ եւ լրացումներ:
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում պետական ծառայության հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով, եթե այլ օրենքներով առանձնահատկություններ սահմանված չեն:
Ներկայումս, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածում արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնի համար սահմանված է առանձնահատկություն՝ այն հանդիսանում է դիվանագիտական ծառայության պաշտոն: Պետական կառավարման համակարգի միասնականությունն ապահովելու նպատակով՝ անհրաժեշտություն է առաջացել արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության պաշտոնից դարձնելու քաղաքացիական ծառայության պաշտոն:
Ներկայիս օրենքով կարգավորված չեն օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից գործող ռազմական, առեւտրական կցորդների, միջազգային պայմանագրի առկայության դեպքում այլ կցորդների եւ ներկայացուցիչների, մասնագիտացած միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների (այսուհետ՝ կցորդներ/ներկայացուցիչներ) հաստիքների ստեղծման եւ նշանակման հետ կապված հարաբերությունները: Օրենքում համապատասխան լիազորող նորմի բացակայությամբ պայմանավորված՝ խնդիրներ են առաջանում օտարերկրյա պետությունում համապատասխան կցորդի/ ներկայացուցչի հաստիք ստեղծելու եւ նշանակելու կապակցությամբ:
Վերը նշվածը կարգավորելու նպատակով՝ «Դիվանագիտական ծառայության մասին» փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ՝ նախագիծ)՝ օրենքի 10-րդ հոդվածում սահմանվել են լիազորող նորմեր, որոնց հիման վրա վարչապետի եւ կառավարության համապատասխան որոշումներով կկարգավորվեն կցորդների/ներկայացուցիչների հաստիքների ստեղծման, նշանակման եւ ազատման հետ կապված հարցերը:
Օրենքի 32-րդ հոդվածով կարգավորվում են վարչապետի աշխատակազմից եւ պետական կառավարման համակարգի մարմիններից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն գործուղման իրավահարաբերությունները:
Վերոնշյալ դրույթի գործնական կիրառման արդյունքում առաջացել է կարգավորման առարկայի ընդլայնման անհրաժեշտություն՝ բացառիկ դեպքերում՝ պետական անվտանգության, ՀՀ քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով նախարարության համակարգ գործուղել նաեւ այլ մարմինների համապատասխան ծառայության պաշտոն զբաղեցնող ծառայողներ:
Դիվանագիտական ծառայության ընթացքում ոչ ավելի, քան մեկ անգամ՝ լուրջ հաջողություններ ունեցած եւ անբասիր աշխատանքի համար իրականացվում է դիվանագետի՝ արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհում:
Դիվանագետի կատարած աշխատանքը գնահատելու արդյունքում վերջինիս ավելի խրախուսելու համար օրենքում անհրաժեշտ է ներդնել նոր գործիքակազմ, որը հնարավորություն կտա վերը նշվածից բացի եւս մեկ բացառություն սահմանելու մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա: Կարգավորումը նախատեսվում է որպես գործիք՝ դիվանագետների կարողություններն առավել արդյունավետ օգտագործելու, խրախուսելու եւ կատարած աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Նախագծով՝ օրենքում առկա մի շարք կարգավորումներ համապատասխանեցվել են «Հանրային ծառայության մասին» օրենսդրությամբ սահմանված դրույթներին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը եւ ակնկալվող արդյունքը
Նախագծով առաջարկվում է՝
- Դիվանագիտական ծառայության պաշտոն համարվող արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը դարձնել քաղաքացիական ծառայության պաշտոն: Նշվածը իրականացնելու համար օրենքի 9-րդ հոդվածում ուժը կորցրած է ճանաչվում գլխավոր քարտուղարի՝ դիվանագիտական ծառայության պաշտոնին վերաբերելի առկա կարգավորումները, քանի որ դրանցով այլեւս որեւէ առանձնահատկություն չի սահմանվում, իսկ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով նախատեսված մարմինների գլխավոր քարտուղարներին առնչվող հարաբերությունները կարգավորող նորմերն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տարածելի կլինեն նաեւ ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոն զբաղեցնող անձի նկատմամբ:
- Բացառիկ դեպքերում՝ ՀՀ քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով նախարարության համակարգ գործուղել ոչ միայն պետական կառավարման համակարգի այլ մարմիններից, որը հնարավոր է դառնում օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասում լրացում կատարելու միջոցով:
- Սահմանել, որ դիվանագիտական ծառայության ընթացքում ձեռքբերումներ ունեցած, նշանակալի արդյունքներ ցուցաբերած աշխատակցի աշխատանքի գնահատումն արձանագրելու եւ վերջինիս կարողություններն առավել արդյունավետ օգտագործելու, ինչպես նաեւ խրախուսելու համար բացառիկ դեպքերում՝ արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան շնորհումից բացի՝ մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման կարող է իրականացվել բացառություն: Այն հնարավորություն կտա դիվանագիտական ծառայության մեջ բացառիկ ձեռքբերումներ ունեցած աշխատակցի աշխատանքի գնահատումն արձանագրելու եւ վերջինիս կարողություններն առավել արդյունավետ օգտագործելու համար:
- Օրենքը չծանրաբեռնելու նպատակով ուժը կորցած ճանաչել օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասը, իսկ 25-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ քանի որ «Հանրային ծառայության մասին» օրենքը կարգավորում է վերը նշված հոդվածներով սահմանված հարաբերությունները:
- Օրենքի 10-րդ հոդվածում սահմանել համապատասխան լիազորող նորմեր, որոնց հիման վրա կառավարությունը եւ վարչապետը լիազորություն կունենան ընդունելու օտարերկրյա պետություններում կցորդների/ներկայացուցիչների հաստիքների սահմանման, նշանակման որոշումներ:
- Օրենքի 13-րդ հոդվածում հանել «մինչեւ» բառերը, քանի որ գործող օրենքը նախատեսում է դեսպանին կամ մշտական ներկայացուցչին՝ ժամկետից շուտ հետ կանչելու հնարավորություն:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում