Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-711-14.11.2023-ԱՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Դիվանագիտական ծառայության մասին» 2001 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-249 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«1. Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը քաղաքացիական ծառայության պաշտոն է: Գլխավոր քարտուղարն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պետական մարմնի գլխավոր քարտուղարին վերապահված լիազորությունները:»:

2) 2-րդ եւ 3-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1) 5-8-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«5. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել պաշտպանության հարցերով, ռազմական եւ առեւտրական կցորդներ, մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ:

6. Պաշտպանության հարցերով, ռազմական կցորդները կարող են ունենալ տեղակալներ եւ օգնականներ:

7. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող են գործել այլ կցորդներ եւ ներկայացուցիչներ՝ այդ պայմանագրերով սահմանված կարգով եւ պայմաններով:

8. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված կցորդների եւ ներկայացուցիչների, ինչպես նաեւ պաշտպանության հարցերով, ռազմական կցորդների տեղակալների եւ օգնականների հաստիքները սահմանվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

9. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված կցորդները եւ ներկայացուցիչները պաշտոնի նշանակվում եւ պաշտոնից ազատվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ, իսկ պաշտպանության հարցերով, ռազմական կցորդների տեղակալները եւ օգնականները՝ իրավասու պետական մարմնի ղեկավարի հրամանով:»

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ եւ 11-րդ մասերով.

«10. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված կցորդները եւ ներկայացուցիչները գործում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:

11. Սույն հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերում նշված կցորդների եւ ներկայացուցիչների, ինչպես նաեւ պաշտպանության հարցերով, ռազմական կցորդների տեղակալների եւ օգնականների առաջադրման, նշանակման, ազատման, լիազորությունների շրջանակի, գործունեության, նրանց եւ նրանց ընտանիքի անդամների պահպանման ծախսերի ֆինանսավորման կարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ:»:

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասում «ներկայացուցիչները նշանակվում են» եւ «նշանակվելու դեպքում» բառերից հետո «մինչեւ» բառերը հանել:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի «արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար» բառերը հանել:

Հոդված 6. Օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ եւ 5-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Բացառիկ դեպքերում ծառայության մեջ ունեցած լուրջ հաջողությունների եւ անբասիր աշխատանքի համար մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա դիվանագետին կարող է շնորհվել արտահերթ՝ մեկ կամ երկու աստիճան ավելի բարձր դիվանագիտական աստիճան կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճան սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված ժամկետից շուտ:

5. Արտահերթ դիվանագիտական աստիճանի կամ սահմանված ժամկետից շուտ հերթական դիվանագիտական աստիճանի շնորհումը կարող է իրականացվել ծառայության ընթացքում ոչ ավելի, քան երկու անգամ:»:

Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 25. Դիվանագիտական ծառայության պաշտոնում նշանակման համար սահմանափակումները.

1. Դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ կիրառվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված սահմանափակումները:»:

Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում «առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլով եւ (կամ)» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Վարչապետի աշխատակազմից եւ պետական կառավարման համակարգի, բացառիկ դեպքերում՝ պետական անվտանգության կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավունքների, ազատությունների ու անվտանգության պաշտպանության նպատակով՝ այլ մարմիններից համապատասխան ծառայողներ կարող են գործուղվել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համակարգ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եւ նշված մարմինների միջեւ գրավոր համաձայնության դեպքում:»:

2) 4-րդ մասում «քաղաքացիական» բառը փոխարինել «այլ պետական» բառերով:

Հոդված 10. Օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի «վարքագծի կանոնների խախտումը» եւ 2-րդ մասի «վարքագծի կանոնների խախտումների» բառերից հետո լրացնել «անհամատեղելիության պահանջները, այլ սահմանափակումները, եւ իրավիճակային շահերի բախման դեպքերը» բառերը:

Հոդված 11. Օրենքում ավելացնել նոր 42.1 հոդված հետեւյալ բովանդակությամբ.

«Դիվանագիտական ծառայության եւ դիվանագիտական պաշտոն զբաղեցնող անձանց անձնական գործը վարելու կարգը սահմանում է արտաքին գործերի նախարարը:»

Հոդված 12.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դիվանագիտական ծառայության պաշտոն զբաղեցնող գլխավոր քարտուղարը շարունակում է պաշտոնավարել՝ մինչեւ օրենսդրությամբ սահմանված կարգով գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագրի հաստատումը: Գլխավոր քարտուղարի քաղաքացիական ծառայության պաշտոնի անձնագիրը հաստատվելուց հետո գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցվում է Կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 792-Ն որոշմամբ սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով՝ մինչեւ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մրցույթի արդյունքով տվյալ պաշտոնին նշանակում կատարելը: