Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 516-րդ հոդվածի՝
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Սույն բաժնով նախատեսված զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտը՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով, զինծառայող համարվող անձն է (այսուհետ՝ զինծառայող), ինչպես նաեւ «Պաշտպանության մասին» օրենքի իմաստով՝ աշխարհազորային համարվող անձն է՝ ով ընդգրկված է (ընդգրկված է եղել) «Պաշտպանության մասին» օրենքի 29.1-ին հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված գործառույթների կատարմանը:»:
2) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Սույն բաժնում հրամանատար (պետ) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով զինծառայողից բարձր այն անձը կամ զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող անձը կամ աշխարհազորային զորամիավորումների եւ դրանց ենթակա բրիգադների ու գումարտակների ղեկավարը, ով տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի կամ աշխարհազորայինի վերադասը, այսինքն՝ ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ կամ կարգադրություններ տալու կամ դրանց կատարումն ապահովելու իրավասություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ քրեական օրենսգրքի 516-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է համարվում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով, զինծառայող համարվող անձը:
Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ սույն բաժնում հրամանատար (պետ) է համարվում ծառայողական դիրքով կամ զինվորական կոչումով զինծառայողից բարձր այն անձը կամ զինվորական ծառայության գծով նրա պարտականությունները կատարող անձը, որը տվյալ իրավահարաբերության շրջանակում եղել է տվյալ զինծառայողի վերադասը, այսինքն՝ ունեցել է իր լիազորություններից բխող հրամաններ կամ կարգադրություններ տալու կամ դրանց կատարումն ապահովելու իրավասություն:
«Պաշտպանության մասին» օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի համաձայն՝ աշխարհազորը Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է, իսկ «աշխարհազոր» հասկացության բնորոշումը տրված է նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 9.1-ին կետով, ըստ որի աշխարհազորը՝ դա քաղաքացիների կամավորության եւ տարածքային սկզբունքով զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայությամբ գործող ստորաբաժանումների համալիր է, որում ընդգրկված քաղաքացիները մասնակցում են Հայաստանի Հանրապետության զինված պաշտպանությանը:
Վերը նշված իրավական դրույթի շրջանակներում աշխարհազորայինները ներգրավվում են մարտական հերթապահության, մարտական առաջադրանքների կատարմանը, ինչի ընթացքում հաճախ հրաժարվում են իրենց պարտականությունների կատարումից, որի արդյունքում առաջ է գալիս վեջիններիս քրեական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը:
Այնինչ՝ քրեական օրենսգրքի վերոգրյալ նորմը հստակ ամրագրում է, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է համարվում՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի իմաստով, զինծառայող համարվող անձը:
Սույն ձեւակերպման պայմաններում աշխարհազորայինները չեն հանդիսանում զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ, որի պարագայում հնարավոր չի լինում քրեական պատասխանատվության ենթարկել զինվորական ծառայության կարգը խախտած աշխարհազորայիններին:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվում են մի շարք քրեական վարույթներ, որոնք վերաբերում են աշխարհազորայինների մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոն խախտելուն, սակայն վերջիններիս՝ գործող օրենսդրության համաձայն զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության չհանդիսանալու փաստով պայմանավորված, նրանց նկատմամբ նախաձեռնված քրեական վարույթները կարճվում են ռեաբիլիտացնող հիմքով: Մասնավորապես՝ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում աշխարհազորայինների կողմից կատարված հանցագործություններով քննվող 19 քրեական վարույթներից 17-ը կարճվել են արդարացնող հիմքով, քանի որ՝ վերջիններս հանցագործության սուբյեկտ չեն հանդիսանցել:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ՝ հստակ ամրագրելով, որ զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտ է հանդիսանում նաեւ «Պաշտպանության մասին» օրենքի իմաստով՝ աշխարհազորային համարվող անձը:
3.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում՝ օրենսդրորեն կամրագրվի աշխարհազորայինների՝ որպես զինվորական ծառայության սահմանված կարգի դեմ ուղղված հանցագործության սուբյեկտի կարգավիճակը, ինչը հնարավորություն կընձեռի պատշաճ իրավական գնահատական տալ վերջիննեիս կողմից թույլ տրված խախտումներին եւ լուծելու գործնականում առաջացող խնդիրները:
4.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության եւ պետական բյուջեի եկամուտներում եւ ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում:
5.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծերի ընդունմամբ անհրաժեշտություն չի առաջանալու կատարել փոփոխություն ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի ընդունումն ուղղակիորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից: