Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7122-17.11.2023-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել նոր 6.5-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«6.5. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 27.2-րդ կամ 35.1-ին հոդվածով սահմանված անձը քաղաքաշինության բնագավառում իր անվամբ գրանցված լիցենզիաները ճանաչելու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում՝

1) դիմում,

2) համապատասխան լիցենզիայի ներդիրում ընդգրկված պատասխանատու մասնագետի դիպլոմի պատկերամուտով անցկացված տարբերակը, նախկինում կատարված աշխատանքներում ներգրավվածության վերաբերյալ քաղվածք, ինչպես նաեւ կարող են ներկայացվել պատասխանատու մասնագետի մասնագիտական ստաժը հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր:»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված անձի՝ քաղաքաշինության բնագավառի լիցենզիաների ճանաչումից հետո տրվում է նոր լիցենզիա՝ համապատասխան պատասխանատու մասնագետի ներդիրով, որի գործողության ժամկետը սահմանվում է մինչեւ 2024 թվականի սեպտեմբերի 17-ը ներառյալ:

3. Սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված լիցենզիաների համար տարեկան պետական տուրքի գծով լրացուցիչ պարտավորություն չի առաջանում: