Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-714-20.11.2023-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում «ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածում նշված եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած եւ պահեստազորում գրանցված անձանց)» բառերը փոխարինել «հաշվառվել պահեստազորում) կամ օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից եւ չունի օրենքով սահմանված վերափորձաքննություն անցնելու պարտականություն» բառերով:

Հոդված 2. Oրենքի 26-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 7-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 2-րդ մասում «, 3-րդ եւ 7-րդ» բառերը փոխարինել «եւ 3-րդ» բառերով.

3) 7-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Oրենքի 27-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 9-րդ եւ 10-րդ կետերով.

«9) գերության մեջ գտնվելու դեպքում.

10) մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս:»:

Հոդված 4. Oրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 28. Ծառայողների ատեստավորումը

1. Ազգային անվտանգության մարմիններում գլխավոր, ավագ, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմինների շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների (սույն հոդվածում այսուհետ՝ ծառայող) ատեստավորումն անցկացվում է հավելավճար հաշվարկելու նպատակով: Ազգային անվտանգության մարմինների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները ենթակա չեն ատեստավորման:

2. Ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողները ենթակա են ատեստավորման յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ՝ հավելավճարի հաշվարկումը շարունակելու համար:

3. Ազգային անվտանգության մարմիններում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք եւ ոչ ուշ, քան ինը ամսվա ընթացքում:

4. Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողներն ատեստավորվում են պաշտոնի նշանակվելու օրվանից հետո՝ ոչ շուտ, քան երեք եւ ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում:

5. Ատեստավորման ենթակա եւ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում կամ հղիության եւ ծննդաբերության արձակուրդում գտնվող ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան արձակուրդից վերադառնալուց երկու ամիս հետո:

6. Ատեստավորման ենթակա եւ արձակուրդում կամ գործուղման մեջ կամ կադրերի տրամադրության տակ գտնվող կամ ուսման (վերապատրաստման) ուղարկված կամ ժամանակավոր անաշխատունակ կամ պաշտոնավարումը կասեցված ծառայողն ատեստավորվում է ոչ շուտ, քան այդ հանգամանքները վերանալուց երկու ամիս հետո:

7. Ատեստավորման ենթակա ծառայողն ատեստավորման օրվանից ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ տեղեկացվում է ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

8. Ատեստավորումն անցկացվում է հանձնաժողովների կողմից, որոնց ձեւավորման կարգը սահմանվում է ատեստավորման կարգը սահմանող Կառավարության որոշմամբ:

9. Ատեստավորման արդյունքներով կայացվում է հետեւյալ եզրակացություններից մեկը.

1) ենթակա է հավելավճար հաշվարկելու.

2) ենթակա չէ հավելավճար հաշվարկելու:

10. Ծառայողը պարտադիր ծանոթանում է ատեստավորման արդյունքներին եւ կայացված եզրակացությանը: Ծառայողն իրավունք ունի բողոքարկելու ատեստավորման արդյունքները եւ կայացված եզրակացությունը պետական լիազոր մարմնի ղեկավարին՝ դրանց ծանոթանալու օրվանից հետո՝ ոչ ուշ, քան հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կամ դատական կարգով:

11. Ատեստավորման արդյունքներով հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերելու դեպքում հավելավճարը հաշվարկվում է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը կայացվելու օրվան հաջորդող ամսվա 1-ից:

12. Այն ծառայողները, որոնց վերաբերյալ ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, յուրաքանչյուր տարի մեկ անգամ կարող են դիմել նոր ատեստավորում անցնելու համար:

13. Ծառայողին այլ՝ հավասար կամ ցածր պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը: Հավասար կամ ցածր պաշտոնի նշանակելու դեպքում ծառայողի ատեստավորման արդյունքները պահպանվում են, ընդ որում, ցածր պաշտոնի նշանակելիս հավելավճարը հաշվարկվում է ցածր պաշտոնի խմբի համար սահմանված չափով: Առաջխաղացման կարգով սպայական պաշտոնի նշանակված ծառայողը մինչեւ նոր պաշտոնում ատեստավորվելը շարունակում է ստանալ նախորդ պաշտոնի համար հաշվարկված հավելավճարը:

14. Եթե հավելավճար ստանալու իրավունք ձեռք բերած ծառայողն ատեստավորվել է բարձր պաշտոնի պարտականությունների ժամանակավոր կատարման ընթացքում, ապա առաջխաղացման կարգով տվյալ պաշտոնին նշանակվելու դեպքում ծառայողը ենթակա չէ ատեստավորման, եթե չի լրացել սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետը, իսկ նրա ատեստավորման արդյունքները պահպանվում են:

15. Եթե ատեստավորման արդյունքներով կայացվել է «ենթակա է հավելավճար հաշվարկելու» եզրակացությունը, որից հետո ծառայողին տրամադրվել է հղիության եւ ծննդաբերության կամ մինչեւ երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ, կամ ծառայողը թողնվել է կադրերի տրամադրության տակ, կամ կասեցվել է նրա պաշտոնավարումը, ապա հավելավճարի հաշվարկման ժամկետն այդ ժամանակահատվածում կասեցվում է: Այն վերսկսվում է սույն մասում նշված հանգամանքները վերանալու օրը:

16. Համապատասխան պաշտոնում ատեստավորված եւ տվյալ պաշտոնի խմբի համար սահմանված չափով հավելավճար ստացող ծառայողների համար հաշվարկված հավելավճարի վճարումը դադարում է՝

1) ատեստավորման արդյունքներով «ենթակա չէ հավելավճար հաշվարկելու» եզրակացություն կայացվելու դեպքում.

2) բարձրագույն խմբի պաշտոնի նշանակվելիս:

17. Ատեստավորման կարգը, ինչպես նաեւ ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարի չափերը եւ վճարման կարգը սահմանվում են Կառավարության որոշմամբ:   Պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել հաստիքային գաղտնի աշխատակիցներով համալրվող համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներում ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ:

18. Հավելավճարի հաշվարկման կարգը սահմանվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Սույն հոդվածի համաձայն՝ հավելավճար հաշվարկվելու դեպքում ծառայողների համար «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները չեն հաշվարկվում: Հավելավճար հաշվարկելու իրավունք ձեռք չբերելու կամ հավելավճարի վճարումը դադարելու դեպքերում ծառայողների համար հաշվարկվում են «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված՝ տվյալ պաշտոնի համար Կառավարության որոշմամբ նախատեսված լրավճարը եւ զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողների համար նախատեսված հավելումները:»:

Հոդված 5. Օրենքի 43-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 8-րդ կետից հանել «, արհեստակցական» բառը,

2) 7-րդ մասում՝

ա. «կարող է» բառից հետո լրացնել «ուսումնական հաստատություններում» բառերը, իսկ «հեռակա ուսումնական հաստատություններում» բառերը փոխարինել «մասնագիտություններով հեռակա ուսուցման ձեւով» բառերով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող եւ ուսումնական հաստատությունում առկա ուսուցման ձեւով սովորող քաղաքացին պաշտոնի նշանակվելիս պարտավոր է ապահովել սույն մասով նախատեսված պահանջի կատարումը՝ պետական լիազոր մարմին ներկայացնելով հեռակա ուսուցման ձեւի անցնելու վերաբերյալ փաստաթղթերը:»:

Հոդված 6. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում՝

ա. 1-ին կետը «վերապատրաստումը» բառից հետո լրացնել «կամ հեռացվել է ուսումնական հաստատությունից» բառերով.

բ. 2-րդ կետի «6-9-րդ» թվերը փոխարինել «8-9-րդ» թվերով, իսկ «12-14-րդ կետերով» բառերից հետո լրացնել «եւ 1.1-ին մասով» բառերը.

գ. 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3) ծառայությունից արձակվել է սույն օրենքի 47-րդ հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով, բացառությամբ ընտանեկան հանգամանքներով պայմանավորված, եթե նշված հանգամանքները հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով եւ պետական լիազոր մարմնի ղեկավարի կողմից գնահատվում որպես ծառայությունը շարունակելու համար խոչընդոտ:».

2) 3-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը եւ չափերը սահմանվում են պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով:».

3) 4-րդ մասում «խախտվելու դեպքում սովորելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է» բառերը փոխարինել «խախտելու դեպքում զինծառայողը վճարում է տուժանք» բառերով, իսկ «կարգով» բառից հետո լրացնել «եւ չափով» բառերը:

Հոդված 7. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքից բխող իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածի գործողությունը տարածվում է նաեւ մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը պաշտոնի նշանակված, ինչպես նաեւ ատեստավորում անցած զինծառայողների վրա:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, որպես ազգային անվտանգության մարմինների ծառայողների նկատմամբ կիրառվող սահմանափակում, նախատեսված է արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը: ՀՀ սահմանադրական դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-1683 որոշմամբ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով ամրագրված կարգավորումը՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողի՝ արհեստակցական կազմակերպության անդամ լինելու բացարձակ արգելքի մասով, ճանաչվել է Սահմանադրության 45-րդ, 75-րդ, 80-րդ եւ 81-րդ հոդվածներին հակասող: Միաժամանակ, Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թվականի նոյեմբերի 11-ը: Ուստի անհրաժեշտություն է առաջացել ապահովելու Սահմանադրական դատարանի որոշման պահանջը:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում 2023 թվականի մարտի 1-ին կատարված փոփոխություններով Ազգային անվտանգության ծառայությունում ներդրվել է հավելավճար հաշվարկելու նպատակով ատեստավորում անցկացնելու նոր համակարգը: Հաշվի առնելով, որ ատեստավորման նման համակարգ դեռեւս ներդրված չէր այլ իրավապահ մարմիններում, որպես օրինակելի մոդել, հիմք էին ընդունվել «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում որդեգրված մոտեցումները, որոնք եւս այդ պահի դրությամբ գործնական կիրառություն չէին ստացել: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Ազգային անվտանգության ծառայությունում 2023 թվականի հունիսի 19-ից մեկնարկել է կամավոր ատեստավորման գործընթացը, հնարավոր է եղել գործնականում գնահատել օրենքի կարգավորումների արդյունավետությունը, ինչպես նաեւ վերհանել որոշ բացեր: Այսպես, օրենքում տարբերակված չեն ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող (առաջին անգամ պաշտոնի նշանակվող) եւ ծառայության որոշակի փորձ ունեցող ծառայողների ատեստավորման ժամկետները: Ելնելով ծառայության առանձնահատկություններից, բնույթից, օրենքով պարտադիր ատեստավորման համար նախատեսված 3-6 ամիս ժամկետը բավարար չէ ծառայության նոր ընդունվողների կողմից իրենց գործառույթներին, ոլորտային օրենսդրությանը (հաշվի առնելով դրա առավելապես գաղտնի բնույթը) տիրապետելու համար: Բացի այդ, ազգային անվտանգության մարմիններում ընդունվող եւ առանձին պաշտոններում նշանակվող ծառայողների համար նախատեսված են վերապատրաստման պարտադիր դասընթացներ, որոնց տեւողությունը կարող է գերազանցել ատեստավորման համար օրենքով նախատեսված ժամկետը: Միաժամանակ, ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողների համար եւս «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքով սահմանված է առավել երկար ժամկետ՝ ոչ շուտ, քան պաշտոնի նշանակվելուց 6 ամիս անց: Այս առումով անհրաժեշտություն է առաջացել վերանայելու ազգային անվտանգության մարմիններում առաջին անգամ պաշտոնի նշանակված ծառայողների ատեստավորման ժամկետները՝ վերջիններիս կողմից անհրաժեշտ գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերելու համար բավարար պայմաններ եւ ժամանակահատված նախատեսելու նպատակով:

Բացի այդ, օրենքով կարգավորված չեն կադրերի տրամադրության տակ գտնվող, ինչպես նաեւ պաշտոնավարումը կասեցված ծառայողների ատեստավորման եւ հավելավճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները, որոնք առաջարկվում է կանոնակարգել արձակուրդում, գործուղման կամ ժամանակավոր անաշխատունակության մեջ գտնվողների համանմանությամբ:

Միաժամանակ, անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու պաշտոնի առաջխաղացման արդյունքում ատեստավորման ենթակա ծառայողներին հավելավճար հաշվարկելու եւ վճարելու հետ կապված հարաբերությունները: Գործող կարգավորումների համաձայն՝ առաջխաղացման կարգով բարձր պաշտոնի նշանակվելու դեպքում հավելավճարի վճարումը դադարում է, որի արդյունքում արհեստականորեն նվազում է պաշտոնային առաջխաղացման գրավչությունը՝ հաշվի առնելով, որ ատեստավորված եւ բարձր վարձատրվող ծառայողի կողմից բարձր պաշտոնի նշանակվելու դեպքում տեւական ժամանակով (մինչեւ նոր պաշտոնում ատեստավորվելը) կնվազի նրա վարձատրության չափը: Արդյունքում առաջխաղացման արժանի կադրերի համար ստեղծվում են անբարենպաստ պայմաններ, ինչն իր հերթին վնասում է ծառայության շահերին: Ոստիկանության օրինակով առաջարկվում է պահպանել ատեստավորման արդյունքները մինչեւ նոր պաշտոնում ատեստավորվելը: Նման կարգավորումներ են նախատեսվում նաեւ ՀՀ Ազգային ժողով ներկայացված «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում:

Միաժամանակ, «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի համաձայն՝ Պետական պահպանության ծառայության ծառայողների համար ատեստավորման բացասական արդյունքի դեպքում նախատեսված չէ պաշտոնից ազատելու վերաբերյալ կարգավորում, ինչը տրամաբանական է, քանի որ նշված տեսակի ատեստավորման նպատակը ոչ թե պաշտոնին համապատասխանության եւ տվյալ պաշտոնի համար անհրաժեշտ բավարար գիտելիքների առկայության ստուգումն է, այլ առավել բարձր գիտելիքներ եւ հմտություններ ունենալու պարագայում վարձատրության հավելյալ աճի ապահովումը, այն է՝ ատեստավորման արդյունքներով հավելավճարի հաշվարկումը: Հաշվի առնելով ազգային անվտանգության մարմիններում ծառայության բնույթը, ծառայության պաշտոնների համալրման առանձնահատկությունները՝ նպատակահարմար է նման մոտեցում ամրագրել նաեւ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում՝ միաժամանակ վերանայելով ատեստավորման բացասական արդյունքի դեպքում նոր ատեստավորում անցնելու հնարավորությանը վերաբերող դրույթները:

ՀՀ կառավարության 2023 թվականի ապրիլի 27-ի «Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման կարգը սահմանելու մասին» N 647-Ն որոշման հավելվածի 67-րդ կետի համաձայն՝ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման գործունեության եւ գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով կարող են սահմանվել ատեստավորման անցկացման գործընթացի առանձնահատկություններ: Հաշվի առնելով, որ օրենքը լիազորում է Կառավարությանը սահմանելու ատեստավորման կարգը, ուստի իրավական որոշակիություն ապահովելու համար անհրաժեշտ է նշված բացառությունը նախատեսել նաեւ օրենքի մակարդակով՝ միաժամանակ ապահովելով Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջը:

Գործող օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայության կարող է ընդունվել ՀՀ այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների, բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած այն անձանց, ովքեր ուսման ընթացքում անցել են զինվորական պատրաստություն եւ հանձնել սահմանված քննությունները, ինչպես նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 24-րդ հոդվածում նշված եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած եւ պահեստազորում գրանցված անձանց): Այսպես, նշված օրենքի 24-րդ հոդվածի համաձայն, ի թիվս այլ ընտանեկան հանգամանքների, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ընտանեկան պայմաններից ելնելով տարկետում տրվում է այն քաղաքացուն, որն ունի 65 տարին լրացած կամ ... հաշմանդամություն ունեցող ... կամ ... անգործունակ ճանաչված ծնողներ (միայնակ ծնող), եթե ծնողները (միայնակ ծնողը) չունեն այլ զավակ կամ ունեն այլ զավակ, որն անչափահաս է կամ ունի հաշմանդամություն կամ ... ճանաչված է անգործունակ կամ գտնվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ: Մինչդեռ նույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված են պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու հիմքերը, որոնցից մեկը եւս պայմանավորված է ընտանեկան հանգամանքներով, մասնավորապես՝ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատվում է այն քաղաքացին, որն ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր, կամ որն ընտանիքի միակ արու զավակն է եւ ունի ՀՀ զինված ուժերում կամ այլ զորքերում կամ ՀՀ միջազգային պայմանագրերով ՀՀ-ում տեղակայված օտարերկրյա պետությունների զինվորական ստորաբաժանումներում զինվորական ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: Այսպիսով, արդարացված չէ Օրենքի 14-րդ հոդվածով որդեգրված այն մոտեցումը, որ ազգային անվտանգության մարմիններում թույլատրվում է ծառայության ընդունել պարտադիր զինվորական ծառայությունից ընտանեկան հանգամանքների հիմքով տարկետում ստացած կամ ազատված քաղաքացիներին, իսկ օրենքով սահմանված կարգով այլ հիմքերով ազատվածներին՝ ոչ, առավել եւս, որ մինչեւ 27 տարին լրանալը տարկետման հիմքը կորցնելու դեպքում անձը ենթակա է լինելու պարտադիր զինվորական ծառայույան զորակոչի: Միաժամանակ, «Զինապարտության մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով որպես պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմք էր նախատեսված գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունենալը, եթե քաղաքացին զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ: Ընդ որում նշված հիմքը գործել է նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, եւ ըստ էության, այդ հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիները ներկայումս զրկված են ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու հնարավորությունից: Բացի այդ, օրինակ՝ քրեակատարողական ծառայությունում եւ ոստիկանությունում ծառայությունը կանոնակարգող օրենքներով նման արգելք նախատեսված չէ, ինչը բխում է նաեւ «Հանրային ծառայության մասին» օրենքի տրամաբանությունից:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողը կարող է սովորել իր մասնագիտությանը մոտ կամ բնույթով իր կատարած աշխատանքի գծով մասնագիտական գիտելիքների խորացմանը նպաստող հեռակա ուսումնական հաստատություններում՝ միայն պետական լիազոր մարմնի ղեկավարի թույլտվությամբ: Օրենքով հստակ կարգավորված չէ, թե ծառայության նոր ընդունվող անձը, որն արդեն իսկ սովորում է առկա ուսուցման ձեւով, ինչ վարքագիծ պետք է դրսեւորի: Հաշվի առնելով, որ նշված դրույթն ինքնանպատակ չէ, անհրաժեշտ է համապատասխան կարգավորում նախատեսել նաեւ ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվող եւ ուսումնական հաստատությունում առկա ուսուցման ձեւով սովորող անձանց համար՝ պաշտոնի նշանակվելիս հնարավորություն տալով ապահովելու օրենքի պահանջի կատարումը եւ սահմանելով հեռակա ուսուցման ձեւի անցնելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահանջ:

Անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաեւ ծառայողների կողմից ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ իրավակարգավորումները՝ ուսումը դադարեցնելու, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակվելու առանձին հիմքերն ու դեպքերը հստակեցնելու տեսանկյունից: Մասնավորապես՝ գործող օրենքի համաձայն ծառայողը պարտավոր է փոխհատուցել իր սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա առանց հարգելի պատճառների, ինքնակամ դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը: Նախատեսված չէ այն դեպքը, երբ ծառայողը հեռացվել է ուսումնական հաստատությունից: Այսպես՝ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով նախատեսված հիմքը, բացի ուսումնական հաստատությունից իր դիմումի համաձայն ազատվելու դեպքից, սահմանում է նաեւ անբավարար առաջադիմության կամ անկարգապահության հիմքով ուսումնական հաստատությունից հեռացվելը, ուստի համանման հարաբերությունների համար անհրաժեշտ է ապահովել նույնաբովանդակ կարգավորումներ: Բացի այդ, գործող օրենքի համաձայն ուսումնական ծախսերի փոխհատուցման պահանջ է առաջանում նաեւ դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում, ինչն արդարացի չէ՝ հաշվի առնելով, որ նշված կարգավիճակն առաջանում է ծառայողի կամքից անկախ հանգամանքներում, եւ ծառայությունը շարունակելն օբյեկտիվորեն հնարավոր չէ նույնիսկ անձի ցանկության դեպքում: Անհրաժեշտ է նաեւ որպես ուսումնական ծախսերի փոխհատուցման դեպք նախատեսել օրենքի 47-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված՝ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակման հիմքը, որն օրենքում լրացվել է 2022 թվականին: Միաժամանակ, վերանայման ենթակա է նաեւ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ ազգային անվտանգության մարմիններում ծառայությունից արձակվելու դեպքում ծախսերի փոխհատուցման պահանջի ձեւակերպումը, քանի որ տվյալ դեպքում բաց է մնում իր զեկուցագրի հիման վրա (սեփական նախաձեռնությամբ) այլ հիմնավորմամբ ծառայությունից արձակվելու դեպքում ուսումնական ծախսերի փոխհատուցման հարցը: Օրինակ՝ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ ոստիկանության ծառայողը փոխհատուցում է ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից, բացառությամբ այն դեպքի, երբ անձնական նախաձեռնությամբ ծառայությունից ազատվելը պայմանավորված է ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով: Հաշվի առնելով, որ ազգային անվտանգության մարմինների ծառայողն իր զեկուցագրի հիման վրա կարող է ծառայությունից արձակվել բազմազան պատճառներով, անհրաժեշտ է հնարավորինս հստակեցնել այն հանգամանքների շրջանակը, որոնք կարող են բացառել ծախսերի փոխհատուցման պարտավորությունը՝ նորմի անհարկի լայն մեկնաբանություններից խուսափելու նպատակով:

Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դրույթը, ըստ որի՝ սովորելու կամ վերապատրաստվելու համար պետության կատարած ծախսերի փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Օրինականության սահմանադրական սկզբունքի ապահովման նպատակով նախագծով առաջարկվում է սահմանել հստակ լիազորող նորմ՝ ծախսերի փոխհատուցման կարգը եւ չափերը սահմանելու լիազորությունը վերապահելով լիազոր մարմնի ղեկավարին:

Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու՝ օրենքի 27-րդ հոդվածով նախատեսված հիմքերը եւ 26-րդ հոդվածով նախատեսված՝ ծառայողին կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերն առավել համահունչ դարձնելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ ծառայողը կադրերի տրամադրության տակ է թողնվում նաեւ գերության մեջ գտնվելիս կամ մեկ ամսից ավելի անհայտ բացակայելիս, մինչդեռ պաշտոնից ազատելու համարժեք հիմքեր նախատեսված չեն:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Վերոգրյալի հաշվառմամբ նախագծով.

1. Վերացվում է «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողների կողմից արհեստակցական կազմակերպություններին անդամակցելու արգելքը՝ ապահովելով ՀՀ սահմանադրական դատարանի 2023 թվականի ապրիլի 11-ի ՍԴՈ-1683 որոշման պահանջը:

2. Գործնական կիրառության արդյունքում կատարված վերլուծությունների հիման վրա վերանայվում են ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորմանը վերաբերող որոշ իրավակարգավորումներ, մասնավորապես՝

3. Վերանայվում են ծառայողների կողմից ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը փոխհատուցելու հիմքերը՝ 4. Նախագծով ուսումնական ծախսերի փոխհատուցման կարգը եւ չափերը սահմանելու լիազորությունը վերապահվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրենին:

5. Հստակեցվում է նաեւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատությունն ավարտած եւ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների կողմից հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորությունը խախտելու դեպքում առաջացող հետեւանքի հետ կապված դրույթը՝ հաշվի առնելով, որ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն նշված պարտավորությունը խախտելու դեպքում նախատեսված է ոչ թե ուսումնական ծախսերի փոխհատուցման, այլ տուժանք վճարելու պարտականություն, որի չափը սահմանված է հիշյալ օրենքով:

6. Վերանայվում են ազգային անվտանգության մարմիններում ծառայության ընդունվելու համար նախատեսված սահմանափակումները՝ հնարավորություն ընձեռելով ծառայության անցնել օրենքով սահմանված հիմքերով եւ կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված եւ օրենքով սահմանված պարտադիր վերափորձաքննություն անցնելու պարտականություն չունեցող անձանց:

7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների համար օրենքով նախատեսված առկա ուսուցման սահմանափակմանը համահունչ սահմանվում է ծառայության նոր ընդունվողների կողմից հեռակա ուսուցման ձեւին անցնելու վերաբերյալ իրավակարգավորում՝ պաշտոնի նշանակվելիս:

8. Ազգային անվտանգության մարմինների ծառայողներին զբաղեցրած պաշտոնից ազատելու հիմքերը համապատասխանեցվում են կադրերի տրամադրության տակ թողնելու հիմքերին՝ նախատեսելով մեկ ամսից ավելի անհայտ բացակայելու եւ գերության մեջ գտնվելու դեպքերը:

3. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում՝

1. կապահովվի Սահմանադրական դատարանի որոշման կատարումը.

2. ազգային անվտանգության մարմինների ծառայողների ատեստավորման հետ կապված իրավահարաբերությունները կկանոնակարգվեն առավել հստակ՝ հաշվի անելով ազգային անվտանգության մարմիններում ծառայության բնույթն ու առանձնահատկությունները, ինչպես նաեւ ազգային անվտանգության մարմիններում պրոֆեսիոնալ կադրային համալրվածության կարեւորությունը.

3. ուսման եւ վերապատրաստման համար պետության կողմից կատարած ծախսերի փոխհատուցումը կիրականացվի առավել հասցեական, ինչի արդյունքում կապահովվի պետական բյուջեի միջոցների արդյունավետ տնօրինումը:

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ

Նախագծերի ընդունումը բխում է Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի  26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության (2021-2026թթ.) ծրագրի 1-ին գլխի «Ազգային անվտանգության մարմինների կայուն համակարգը» կետից: Համաձայն նշված կետի՝ ՀՀ ներքին եւ արտաքին անվտանգության, կայունության, հասարակության բնականոն գործունեության կարեւորագույն նախապայմաններից է մշտապես կատարելագործվող, արդի մարտահրավերներին դիմակայելու ունակ, տեխնիկական զարգացումներին համընթաց արդիականացվող, համապատասխան որակյալ կադրերով համալրվող եւ հասարակության վստահությունը վայելող ազգային անվտանգության մարմինների առկայությունը: Հետախուզության, հակահետախուզության եւ ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով տեսանելի եւ գոհացուցիչ արդյունքների հասնելու համար գերակա խնդիր է ազգային անվտանգության մարմինները տեխնիկապես վերազինելը, որակյալ նոր կադրերով, անհրաժեշտ մասնագետներով համալրելը:

ՀՀ ազգային անվտանգության ծառայություն

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեի ծախսերում փոփոխություններ չեն առաջանա: ՀՀ պետական բյուջեի եկամուտներում հնարավոր են ավելացումներ՝ կապված ուսումնական ծախսերի փոխհատուցման դեպքերի շրջանակի վերանայման հետ, սակայն հաշվարկներ հնարավոր չէ ներկայացնել, քանի որ այս կամ այն հիմքով ծառայությունը դադարեցնելու դեպքերի քանակը եւ ժամկետները կանխատեսելի չեն:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն