Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-715-20.11.2023-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 69-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն, հետեւյալ բովանդակությամբ.

«Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով սույն հոդվածում նշված սկզբունքները չեն կիրառվում:»:

Հոդված 2. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն, հետեւյալ բովանդակությամբ.

«Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով սույն հոդվածում նշված կանոնները չեն կիրառվում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 76-րդ հոդվածում.

1. լրացնել 1.1.-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«1.1.Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվում է ազատազրկում կամ ցմահ ազատազրկում պատժատեսակը, եթե կատարված հանցանքի համար պատասխանատվություն նախատեսող հոդվածի սանկցիայում նախատեսված են այդ պատժատեսակները:»:

2. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ՝

«Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը կամ չափը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կամ չափի երկու երրորդից: Ցանկացած դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն ժամկետից կամ չափից:»:

Հոդված 4. Օրենսգրքի 77-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 77. Պատիժ նշանակելը համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված կամ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի դեպքում

1. Համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի երկու երրորդը: Եթե առավել խիստ պատժատեսակի երկու երրորդը պակաս է ստացվում սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից:

2. Չավարտված հանցագործություններով համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որն ստացվել է հաշվարկի արդյունքով:

3. Համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակի նվազագույն չափը կամ ժամկետը կամ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում:

4. Արագացված վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի երեք քառորդը: Եթե առավել խիստ պատժատեսակի երեք քառորդը պակաս է ստացվում սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից:

5. Չավարտված հանցագործություններով արագացված վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որն ստացվել է հաշվարկի արդյունքով:

6. Ոչ մեծ ծանրության ավարտված կամ չավարտված հանցագործություններով համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ եւ անվտանգության միջոց նշանակելու:

7. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված կանոններով պատժի նշանակման դեպքում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառելի չեն:

8. Սույն հոդվածի 4-5-րդ մասերով պատժի նշանակման դեպքում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառելի են: Սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ռեցիդիվի պայմաններում արագացված վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոնները կիրառվում են սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո:

9. Հանցագործությունների համակցության դեպքում պատիժ նշանակելիս սույն հոդվածի 1-5-րդ եւ 7-8-րդ մասերով նախատեսված կանոնները կիրառելի են համակցության մեջ ընդգրկված յուրաքանչյուր հանցագործության համար առանձին:

10. Համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված վարույթ կիրառելն արգելք չէ լրացուցիչ պատիժ կամ անվտանգության միջոց նշանակելու համար:»:

Հոդված 5. Օրենսգրքի 84-րդ հոդվածում.

1. լրացնել նոր 15.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«15.1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական ակտ կայացնելիս սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով կամ 75-րդ հոդվածով նախատեսված կարգով պատիժ նշանակելը հնարավոր չի եղել ժամանակագրական առումով դրան նախորդող դատական ակտի (ակտերի) օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառով եւ այդ դատական ակտերից որեւէ մեկով նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ապա ժամանակագրական առումով վերջինն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման փուլում դատարանը հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս՝

1) վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը, եթե սույն մասով նախատեսված դատական ակտերից առնվազն մեկով որոշվել է, որ անձը պետք է կրի նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատիժը.

2) հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքները՝ կարող է որոշում կայացնել պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու կամ վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ, եթե սույն մասով նախատեսված դատական ակտերից որեւէ մեկով չի որոշվել, որ անձը պետք է կրի նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատիժը:»:

2. լրացնել նոր 15.2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«15.2.Սույն հոդվածի 15.1-ին մասով նախատեսված դեպքում դատական ակտերից որեւէ մեկով նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելիս նշանակված պատիժները համակցելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 14-րդ մասի կանոններով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:»

Հոդված 6. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասում.

1. 7-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով,

2. լրացնել նոր՝ 8-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝»:

Հոդված 7. Օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.

«1. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով ստացված տվյալ, փաստաթուղթ կամ առարկա կամ քաղաքացիական գործով, քրեական կամ վարչական գործով կամ վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ քաղաքացիական գործով, քրեական կամ վարչական գործով կամ վարույթով կեղծ ապացույց ներկայացնելը՝

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:  

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման N 2 հավելվածով որպես նպատակ նախատեսվել է քրեական եւ քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո դրանց գործնական կիրառման կապակցությամբ մոնիթորինգի իրականացում: Քրեական, քրեական դատավարության եւ քրեակատարողական նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո իրականացվել է մոնիթորինգ, որը կրելու է շարունակական բնույթ:

Հարկ է նկատել, որ իրականացված մոնիթորինգի արդյունքներով վեր են հանվել քրեական, քրեական դատավարության եւ քրեակատարողական նոր օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում առավել հաճախ ծագող հիմնական խնդիրները, որոնց լուծմանը, իսկ որոշ դեպքերում դեպքերում արդեն իսկ առկա օրենսդրական կարգավորումների լավարկման նպատակով անհրաժեշտություն է առաջացել ձեռնամուխ լինել համապատասխան օրենսդրական փոփոխությունների իրականացմանը:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծերով ներկայացված փոփոխությունները եւ լրացումներն, ընդհանուր առմամբ, հանգում են հետեւյալին.

-ՀՀ քրեական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասում կատարվել է որոշակի փոփոխություն, մասնավորապես պատասխանատվություն նախատեսող հոդվածի սանկցիայում ազատազրկում կամ ցմահ ազատազրկում պատժատեսակները նախատեսված լինելու դեպքում դատարանը պետք է նշանակի ազատազրկում կամ ցմահ ազատազրկում: Միեւնույն ժամանակ կարգավորվել է նաեւ, որ եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձն է կատարել, ապա այդ պարագայում չի կարող պակաս լինել հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կամ չափի երկու երրորդից:

- ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված է, որ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններով համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակը կամ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում: Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 465-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ համագործակցության վարույթը կիրառվում է միջին ծանրության, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտումը եւ դրանք կատարած անձանց պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու նպատակով: Այլ կերպ՝ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքում համագործակցության վարույթ չի կիրառվում, ուստի ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի 3-րդ մասը համապատասխանեցվել է քննարկվող վարույթի կիրառման հիմքերն ու պայմաններն ամրագրած քրեական դատավարության օրենսդրությամբ նախատեսված կարգավորումներին:

Բացի այդ, ՀՀ քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածով սահմանվել են ըստ համաձայնության տուգանք կիրառելու վարույթի պարագայում պատիժ նշանակելու կանոնները:

- Ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով հանցանքը կատարելը որպես ծանրացնող հանգամանք, ի տարբերություն նախկին քրեական օրենսգրքի, նախատեսվել է շատ ավելի մեծ թիվ կազմող հանցակազմերում, սակայն 171-րդ հոդվածով նախատեսված առողջությանը թեթեւ վնաս պատճառելու դեպքում այն որպես ծանրացնող հանգամանք չի նախատեսվել՝ հաշվի առնելով վերոնշյալ շարժառիթով առողջության դեմ ուղղված հանցագործության բարձր վտանգավորությունը, նախագծով քննարկվող հանգամանքը նախատեսվել է արարքը որակյալ դարձնող հատկանիշ:

-ՀՀ քրեական օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ քաղաքացիական, վարչական կամ քրեական գործով կամ վարչական վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կամ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքով ստացված տվյալ կամ առարկա կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույց ներկայացնելը:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ եւ 3-րդ կետերի համաձայն՝

2) վարույթի նյութեր՝ քրեական վարույթը նախաձեռնելուց ի վեր պատշաճ կարգով հավաքված ու ստացված փաստաթղթերի եւ այլ նյութերի համարակալված ամբողջություն,

3) քրեական գործ՝ դատարան հանձնված եւ դատարանում կազմված վարույթի նյութեր:

Այսինքն, օրենսգրքում փաստացի քրեական վարույթով ապացույց կեղծելու պայմաններում նման արարքի համար քրեական պատասխանատվություն նախատեսված չէ, ուստի, փոփոխությամբ առաջարկվում է հոդվածը լրացնել ՝ ներառելով նաեւ քրեական վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ կեղծ ապացույց ներկայացնելը:

-Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսվում է լիազորող նորմ ամրագրել, որը թույլ կտա Առողջապահության նախարարին սահմանելու քրեական վարույթին մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հավաստող փաստաթղթի տրամադրման կարգն ու ձեւը՝ նպատակ հետապնդելով վերացնել վարույթի մասնավոր մասնակիցների կողմից դրսեւորվող անհարկի չարաշահումները:

-Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով վերաձեւակերպվում է վարույթի կարճման հիմքը: Այսպիսով, ի թիվս այլ հիմքերի, վարույթը ենթակա է կարճման նաեւ այն պարագայում, երբ կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին որոշում եւ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները:

-Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վերանայման բողոքն առանց քննության թողնելու, վարույթ ընդունելու կամ վարույթ ընդունելը մերժելու հարցերը լուծում է կոլեգիալ՝ Վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով՝ հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմի երեք դատավորի կազմով:

Ի տարբերություն վերոնշյալ որոշումները երեք դատավորի կազմով կայացնելու օրենսդրի մոտեցման՝ Քրեական դատավարության նախկին օրենսգրքի կարգավորմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հարցը քննվում էր վճռաբեկ դատարանի քրեական պալատի, իսկ հակակոռուպցիոն պալատում՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ: Նախկին կարգավորումն առավել ընդունելի է այն առումով, որ գործնականում հնարավոր են իրավիճակներ, երբ երեք դատավորի կազմով հարցը քննելիս վճռաբեկ բողոքը վարույթ չընդունվի, մինչդեռ, պալատի կազմով քննարկելու դեպքում վարույթի ընդունելիության հարցի կապակցությամբ ձայները հավասար բաշխվեն, ինչի արդյունքում կկայացվի մեղադրյալի համար բարենպաստ որոշում: Բացի այդ, Վճռաբեկ դատարանի համապատասխան պալատի բոլոր դատավորները վարույթ ընդունելու փուլից տեղեկացված կլինեն եւ կմասնակցեն գործի քննությանը, որպիսի պայմաններում նվազում է հավանականությունն առ այն, որ օրինակ՝ ընդունելիության փուլում հարցի քննարկմանը չմասնակցած դատավորները վարույթ ընդունված բողոքի քննարկման ժամանակ կբարձրացնեն առհասարակ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու պայմանների բացակայության հարցը: Նշվածով պայմանավորված նախագծով նախատեսվել է դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ քննարկվող որոշումները կայացնելու մասին կարգավորում:

- Քրեական դատավարության օրենսգրքով կարգավորված չէ, թե գրավ ընտրելուց հետո որքան ժամկետում պետք է կատարվի վճարումը: Գործնականում ժամկետն ընտրվում է վարույթն իրականացնող մարմնի կողմից՝ ողջախոհությունից ելնելով, եւ մեղադրյալի կողմից գրավը տեւական ժամկետով չմուծելը շատ դեպքերում պատճառաբանվում է օրենքով ժամկետ սահմանված չլինելու հանգամանքով, ինչպես նաեւ վիճարկվում վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշակի ժամկետ սահմանելու հանգամանքը, ուստի տարըմբռնումներից, ինչպես նաեւ այն իրավիճակներից խուսափելու համար, երբ գրավի կիրառումից հետո գրավի գումարը չի վճարվում եւ ստեղծված պայմաններում ստացվում է, որ գրավի կիրառելու մասին որոշումը թողնվում է անկատար, նախագծով առաջարկվում է սահմանել, որ գրավն որպես խափանման միջոց ընտրված է համարվում գրավի գումարը մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից: Միեւնույն ժամանակ, գրավատուի կողմից գրավը չմուծելու դեպքերը դիտարկվելու են մեղադրյալի կողմից պարտականությունների չկատարում եւ հիմք են տալու մեղադրյալի նկատմամբ առավել պիտանի խափանման միջոց ընտրելու:

-ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին:»:

Առկա իրավակարգավորումների պայմաններում ստացվում է, որ թե՛ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի եւ թե՛ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի առարկայական ընդդատության շրջանակը կանխորոշվում է առաջին ատյանի հակակոռուպցիոն դատարանի ընդդատությամբ: Մինչդեռ, գործնականում առաջանում են տարընկալումներ այն մասով, որ դատական երաշխիքների վարույթը ընդդատյա էին միայն առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին: Ուստի, հստակություն մտցնելու եւ տարատեսակ մեկնաբանությունները բացառելու նպատակով, անհրաժեշտ է կատարել օրենսդրական սույն փոփոխությունը:

Նույն տրամաբանության պահպանմամբ էլ անհրաժեշտ է նաեւ օրենսդրական փոփոխություններ կատարել տարածքային ընդդատության կանոնակարգումներում, մասնավորապես՝ Օրենսգրքի 261-րդ հոդվածի 7-րդ մասում «1-5-րդ» բառերը փոխարինելով «1-6-րդ» բառերով: Սույն փոփոխությունը նպատակ ունի հոդվածի համապատասխան մասում ներառել նաեւ դատական երաշխիքների վարույթները՝ խուսափելուվ նույն նորմի տարամեկնաբանությունից:

-Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, որի արդյունքում ակնկալվում է առավել ընդգրկուն կարգավորվել տարածքային եւ առարկայական ընդդատության հետ կապված վեճերը, մասնավորապես գործող կարգավորումների պարագայում նման վեճերի լուծումը վերապահված էր համապատասխանաբար՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի եւ նույն դատարանի նախագահներին: Նոր կարգավորումների պարագայում նման վեճերի լուծումն իրականացվելու է արդեն Վճռաբեկ դատարանի քրեական պալատի կողմից, իսկ առարկայական ընդդատության վեճի դեպքում՝ նույն դատարանի նախագահի եւ քրեական ու հակակոռուպցիոն պալատների նախագահների որոշմամբ: Նման կարգավորումը արդարացված է այն առումով, որ վեճի լուծումը թողնվում է մի դեպքում դատարանին, իսկ մյուս դեպքում դատարանի ներկայացուցիչներից բաղկացած կոլեգիալ մարմնին, որպիսի կարգավորումն ի համեմատ գործողի, երբ վեճի լուծումն իրականացվում էր դատարանի նախագահի կամ պալատի նախագահի կողմից առավել արդարացված է եւ բխում է արդարադատության շահերից, քանզի ինչպես արդեն նշվեց նոր կարգավորման բովանդակությունը հանգում է վեճի լուծումը բացառապես դատարանի կողմից իրականացնելու գաղափարին:

- Նախագծի 14-րդ հոդվածի Օրենսգրքի 271-րդ հոդվածում լրացվող նոր 5-րդ մասի համաձայն՝ դատական վարույթին ներգրավված եւ պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում:

Սույն կարգավորումը նպատակ է հետապնդում ապահովելու երաշխիք առ այն, որ կալանքի տակ պահելու ժամկետը լրանալու դեպքում, եթե դատարանը ողջամիտ պատճառով հնարավորություն չի ունեցել այդ հարցը քննարկել, ապա առանց մեղադրյալի կամ պաշտպանի ներկայության հնարավորություն ունենա երկարաձգել ժամկետը, իսկ պատշաճ ծանուցված մեղադրյալը կամ պաշտպանը դատական նիստին չմասնակցելու դեպքում իրենց իրավունքը կարող են իրացնել արդեն քննարկվող դատական ակտը վերադաս ատյանում բողոքարկելով:

-ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումների շրջանակում անհստակությունների լուծում հնարավոր է միայն եզրափակիչ դատական ակտի դեպքում, ինչի արդյունքում, օրինակ հնարավոր չի լինում ոչ եզրափակիչ, սակայն այլ ակտերի մեջ թույլ տրված անհստակությունների լուծումը, մինչդեռ գործնականում հաճախ է նման իրավիճակ առաջանում, որը եւս պետք է լուծել օրենսդրական փոփոխություններով: Հետեւաբար, Նախագծով նախատեսվում է կարգավորումներ, որոնք թույլ կտան լուծելու ինչպես եզրափակիչ, այնպես էլ այլ ակտերի անհստակությունները:

- ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

«Խափանման միջոց կիրառելու, ինչպես նաեւ կալանքի կամ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վարույթը հարուցվում է քննիչի միջնորդության հիման վրա:

2. Քննիչի միջնորդությունը պարունակում է՝

(...)

2) քննիչի անունը, ազգանունը եւ պաշտոնը.

(...):»:

Մինչդատական վարույթում կալանքի միջնորդություն ներկայացնելը քննիչի լիազորությունն է, միաժամանակ այն փուլում, երբ վարույթն իրականացնող մարմին համարվում է դատախազը եւ կարող է կալանքի հարց քննարկելու անհրաժեշտություն առաջանալ, օրինակ այն դեպքում, երբ դատարանը 310-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն վերադարձնում է քրեական գործը դատախազին խափանման միջոցի հարցը քննարկելու համար, ստացվում է, որ այս փուլում կալանքի ժամկետի երկարացման միջնորդություն ներկայացնելու համար դատախազը չի համարվում սուբյեկտ, իսկ օրենսդիրը նման պայմաններում գործը քննիչին վերադարձնելու մեխանիզմ չի նախատեսում: Ուստի, սույն փոփոխությունը նպատակ է հետապնդում հստակ սահմանել դատախազի լիազորություն՝ միջնորդություն ներկայացնելու համար:

Օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի համաձայն՝ «Մինչդատական վարույթի ընթացքում հսկող դատախազը «7) սույն օրենսգրքով սահմանված դեպքերում իրավասու է հետ վերցնելու քննիչի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը (...)»: Միեւնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ խափանման միջոցների կիրառման, ապացուցողական գործողությունների կատարման եւ սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքների վերաբերյալ կարգավորումները չեն անդրադառնում այն հարցին, թե ինչ որոշում պետք է կայացնի դատարանը դատախազի կողմից իր վերոնշյալ լիազորությունն իրականացնելու պարագայում: Հետեւաբար, նախատեսվում է օրենսդրորեն կարգավորել, թե ինչ որոշում պետք է կայացնի դատարանը դատախազի կողմից համապատասխան միջնորդությունը հետ վերցնելու պարագայում:

- Օրենսգրքի 302-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-301-րդ հոդվածներով սահմանված որեւէ պահանջ:»:

Վերոշարադրյալից բխում է, որ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքին ներկայացվող ցանկացած, այդ թվում՝ ձեւական որեւէ պահանջ խախտելու պարագայում անձը զրկվում է մինչդատական ակտերի իրավաչափության վիճարկման դատական երաշխիքներից (օրինակ՝ բողոքաբերը չի նշել հայրանունը կամ չի նշել բողոքին կցվող նյութերի ցանկը), ուստի առաջարկվում է վարույթի մասնավոր մասնակցի կողմից ներկայացված՝ ձեւական պահանջներին չհամապատասխանող բողոքի թերությունները վերացնելու նպատակով այն վերադարձնելու ինստիտուտի ներդրումը:

- Քրեական դատավարության նախկին օրենսգրքով ամրագրված էր համապատասխանաբար վերաքննիչ բողոքը եւ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու հիմք, այն է՝ բողոքում նշված հիմքով նույն գործով դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:

Ի տարբերություն նախկին կարգավորման՝ գործող Օրենսգիրքը վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու նման հիմք չի ամրագրում, որպիսի պայմաններում բողոքը վարույթ ընդունելու հարցի լուծումը պետք է տրվի բողոքի կապակցությամբ դատարանի կողմից այլ որոշում (վճռաբեկ բողոքի պարագայում՝ վարույթ ընդունելը մերժելու մասին որոշում) կայացնելու շրջանակներում: Ուստի, սույն փոփոխությամբ առաջարկվում է վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելու ինստիտուտ:

-Քրեադատավարական գործող կարգավորումների պայմաններում վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը կցելու պահանջ նախատեսված չէ: Մինչդեռ, հարկ է նկատել, որ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային կրիչի դատարան ներկայացնելու պահանջն ինքնանպատակ չէր այն առումով, որ նպաստում էր Վճռաբեկ դատարանի գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը՝ վճռաբեկ բողոքի վերաբերելի հատվածների կրկնակի շարադրումից խուսափելու եւ ժամանակի ու ռեսուրսների խնայողության առումով: Ավելին՝ նույն տրամաբանությամբ նախագծով նախատեսվել է ոչ միայն Վճռաբեկ, այլեւ վերաքննիչ եւ մինչդատական ակտերի վիճարկման դեմ բողոք բերելիս դրա էլեկտրոնային կրիչը կցելու համապատասխան կարգավորում:

- Օրենսգրքի 392-րդ հոդվածով սահմանվում են հատուկ վերանայման ժամկետներ, որոնք դատարանի ծանրաբեռնվածության պայմաններում պահպանելը գործնականում դառնում է անհնար, մասնավորապես՝ գործնական խնդիր է առաջանում այն դեպքում, երբ դատարանը որոշում է կայացնում գրավոր ընթացակարգից բանավոր ընթացակարգին անցնելու մասին: Օրենսգրքով գրավորից բանավոր ընթացակարգի անցման դեպքում ժամկետներ նախատեսված չեն, անգամ եթե մեկնաբանվի այնպես, որ պետք է պահպանել 392-րդ հոդվածի ժամկետները, գործնականում դառնում է անհնար եւ խնդրահարույց, օրինակ՝ երբ նման որոշում է կայացվում ժամկետի լրանալու նախորդ օրը կամ 2 օր առաջ: Օրենսգրքի 392-րդ հոդվածի ժամկետների պահպանումը գործնականում անհնար է դառնում նաեւ այն դեպքում, երբ դատավորը հրապարակման օրը գործուղման կամ դասընթացների է ներգրավված լինում կամ պարզապես առողջական խնդիրներով պայմանավորված չի կարող որոշումը հրապարակել նշանակված օրը: Առավել խնդրահարույց է ժամկետների պահպանումն այն դեպքերում, երբ կողմը հայերեն լեզվին չի տիրապետում եւ գործում առկա նյութերի եւ փաստաթղթերի թարգմանության անհրաժեշտություն է առաջանում: Օրենսգրքի 392-րդ հոդվածի ժամկետների պահպանումը գործնականում անհնար նաեւ այն դեպքերում, երբ առկա է մեկից ավելի բողոք, իսկ բողոքներից մեկը 391-րդ հոդվածի 1-ին մասին համաձայն վերադարձվում է բողոքաբերին թերությունները վերացնելու նպատակով: Անհստակ է նման դեպքերում ինչ ժամկետներ են գործում, սկիզբը երբ պետք է համարել, արդյունքում բողոքները միասին են քննվում, մեկ որոշում է կայացվում, թե՝ յուրաքանչյուր բողոքով տարբեր որոշումներ, իսկ տարբեր որոշումներ կայացնելու պարագայում՝ արդյոք երկրորդ բողոքի կապակցությամբ կայացված որոշումը տվյալ դատավորի կողմից կարող է կայացվել եւ արդյոք նման դեպքում դատավորը կասկածի տակ չի դնի իր կողմից կայացված առաջին որոշման իրավաչափությունը կամ հիմնավորվածությունը:

Ուստի, փոփոխությամբ նախատեսվում է 392-րդ հոդվածով նախատեսված ժամկետների երկարացման կառուցակարգ՝ դատարանի պատճառաբանված որոշման հիման վրա:

- Օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված է Վճռաբեկ դատարանում հատուկ վերանայման բողոքով նախնական վարույթի վերաբերյալ կարգավորումները:

Հատուկ վերանայման կարգով բողոքների քննության առանձնահատկությունների հաշվառմամբ՝ կրճատ ժամկետների սահմանման օրենսդրի մոտեցումն ինքնին ընդունելի է: Մինչդեռ, ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով հատուկ վերանայման բողոքով նախնական վարույթի չափազանց սեղմ ժամկետների ամրագրման արդյունքում ոչ միայն Վճռաբեկ դատարանի ծանրաբեռնվածությունն է աճել, այլեւ նման, մեր կարծիքով չարդարացված կարճ ժամկետների սահմանումը լուրջ խոչընդոտ եւ կաշկանդող գործոն է դարձել Վճռաբեկ դատարանի կողմից իր սահմանադրական գործառույթների պատշաճ իրականացման համար:

Այսպես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Վճռաբեկ դատարանը հատուկ վերանայման բողոքը վերադարձնելու կամ առանց քննության թողնելու մասին որոշումը կայացնում է վարույթի նյութերը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Իսկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու կամ վարույթ ընդունելու դեպքերում Վճռաբեկ դատարանը համապատասխան որոշումը կայացնում է վարույթի նյութերը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

Այդուհանդերձ, հաշվի առնելով ինչպես հատուկ վերանայման կարգով բողոքների քննության առանձնահատկությունները, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կողմից օրենքի միատեսակ կիրառության եւ իրավունքի զարգացման գործառույթների իրականացման համար անհրաժեշտ պայմանների ապահովման անհրաժեշտությունը, կայացման ենթակա որոշումների բնույթն ու առանձնահատկությունները, նախատեսվում է փոփոխությամբ սահմանել առավել երկար ժամկետներ՝ յոթնօրյա ժամկետի փոխարեն առնվազն տասնհինգօրյա, իսկ տասնհինգօրյա ժամկետի փոխարեն առնվազն մեկամսյա ժամկետ:

- Օրենսգրքի 407-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես բացառիկ վերանայման վարույթի հարուցումը որոշմամբ մերժելու հիմք սահմանված է բողոքն իրավասու դատարանի սահմանած ժամկետում օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 406-րդ հոդվածով սահմանված պահանջներին չհամապատասխանեցվելը:

Վերոնշյալ հիմքի կիրառությունն արդեն իսկ ենթադրում է, որ դատարանը թերությունների վերացման համար պետք է բողոքը վերադարձրած լինի՝ սահմանելով ժամկետ: Մինչդեռ, Օրենսգիրքը բացառիկ վերանայման կառուցակարգի շրջանակներում բողոքը վերադարձնելու ինստիտուտ չի նախատեսում, ինչը, անգամ տվյալ կառուցակարգի առանձնահատկությունների հաշվառմամբ, չի կարող արդարացված համարվել:

Ուստի, գործնականում հարցի լիարժեք լուծման տեսանկյունից առաջարկվում է օրենսդրորեն ուղղակի ամրագրել բացառիկ վերանայման կառուցակարգի շրջանակներում բողոքը վերադարձնելու հնարավորությունը:

-Նախագծով օրենսգրքում ներդրվել է համաձայնությամբ տուգանքի նշանակման ինստիտուտը:

Այսպես, պարզեցված վարույթների հարցում միջազգային փորձը շատ հարուստ եւ արտասահմանյան երկրների քրեադատավարական օրենսդրություններում նախատեսված են քրեադատավարական պարզեցված բազմաթիվ ընթացակարգեր: Ընդ որում, չկա ձեւավորված մեկ միասնական մոտեցում, այլ յուրաքանչյուր պետություն, հաշվի առնելով, իր երկրի իրավական մշակույթը, օրենսդրության կառուցվածը ստեղծում է իր համար նախընտրելի մոդել, որը մի կողմից անհամաչափորեն չի սահմանափակում անձի արդար դատաքննության իրավունքը եւ մյուս կողմից նպաստում է քրեական գործերի քննության օպտիմալացմանը, ավելորդ ծախսերի նվազեցմանը:

Որպես այլընտրանք դիտարկվում են հիմնականում հետեւյալ քրեադատավարական կառուցակարգերի. Այսպես կոչված «պարտականությունների մասին հիշեցումը», նախազգուշացումը, պատճառված վնասի հատուցման առաջարկությունը, մեդիացիան, «համաձայնությամբ տուգանքը» (Ֆրանսիա), տրանսակցիան (Նիդերլանդներ), պայմանով քրեական հետապնդումից հրաժարումը (Գերմանիա) եւ այլն:

Մայրցամաքային մոդելի քրեական դատավարություն ունեցող երկրներում գործում է «Պատժի կարգադրագրի» ինստիտուտն իր տարբեր դրսեւորումներով.

Ա. Դատական կարգադրագիրն արագացված եւ պարզեցված վարույթի տեսակ է: Քրեական դատավարության այս ոլորտը նման է վարչական պատասխանատվության վերաբերյալ վարույթին: Դատական կարգադրագիրը կիրառվում է միայն մեղադրյալի համաձայնությամբ, որպես մրցակցային դատավարությանը կամավոր այլընտրանք: Եթե դատավորը գտնում է, որ ներկայացված նյութերի հիման վրա հանցագործության կատարման փաստն ակնհայտ է, ապա, առանց կողմերի մասնակցության եւ վկաների, քննում է քրեական զանցանքի վերաբերյալ գործը եւ կայացնում է որոշում (կարգադրագիր), որը ենթակա է պարտադիր կատարման Հակառակ դեպքում կարգադրագիրը ճանաչվում է անվավեր եւ կիրառվում է ընդհանուր մրցակցային դատավարություն:

Պատժի կարգադրագրի ինստիտուտ նախատեսված է նաեւ Լատվիայում, Էստոնիայում եւ Գերմանիայում:

Էստոնիայի քրեական դատավարության օրենսգրքի 251-րդ հոդվածի համաձայն երկրորդ աստիճանի հանցագործություններով, որոնց համար դատախազը որպես հիմնական պատիժ հնարավոր է համարում դրամական տույժի կիրառումը, եւ եթե պարզված են ապացուցման առարկայի հանգամանքները, դատարանը կարող է դատախազի միջնորդությամբ քննել գործը դատական կարգադրագրի (cy1e6bi ipuka3) կարգով: Դատական կարգադրագրի կարգով իրականացվող վարույթում դատախազը կազմում է մեղադրական ակտ, որը ներառում է հանցագործության հանգամանքները, որակումը, հանցագործությամբ պատճաոված վնասի չափն ու բնույթը, մեղադրանքը հաստատող ապացույցները եւ կիրաովելիք պատժի տեսակի եւ չափի վերաբերյալ առաջարկություններ: Նշված ակտը քրեական գործի նյութերի հետ ուղարկվում է դատարան, իսկ դրա պատճենները տրվում են մեղադրյալին ու նրա պաշտպանին: Էստոնիայի քրեական դատավարության օրենսգրքի 51-րդ հոդվածի համաձայն դատական կարգադրագրի կարգով գործը ստանալիս դատարանը կայացնում հետեւյալ որոշումներից մեկը.

1. դատական կարգադրի կարգով դատավճիռ,

2. քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշում, եթե կան դրա հիմքերը,

3. դատական կարգադրագրի կարգով վարույթի մերժման եւ քրեական գործը դատախազություն վերադարձնելու մասին որոշում:

Գերմանիայի քրեական դատավարության օրենսգրքի վեցերորդ գրքի («Վարույթի հատուկ ձեւեր») առաջին բաժինը նվիրված է պատժի մասին դատական կարգադրագրին: Որոշ զանցանքների կատարման դեպքում, որոնց իրավական հետեւանքները կարող են պարզվել առանց դատական քննության, դատախազության գրավոր միջնորդության հիման վրա դատարանը կարող է կիրառել պատժի մասին դատական կարգադրագիր: Դատախազությունը նման միջնորդություն է ներկայացնում, եթե գտնում է, որ ընդհանուր կարգով գործը քննելու անհրաժեշտություն չկա:

բ. Քրեաիրավական վեճերի լուծման այլընտրանքային միջոց՝ օգտագործվում է տրանսակցիան (transactio պայմանագիր): Քրեական արդարադատության ոլորտում տրանսակցիայի կիրառման դուքում իրավասու պետական մարմինները հրաժարվում են քրեական հետապնդումից, եթե մեղադրյալը համաձայնվում է պետական բյուջե վճարել որոշակի գումար (Բելգիա, Նիդերլանդներ)

Նմանատիպ կարգավորում գործում է նաեւ Ֆրանսիայում, որը կոչվում է՝ «Տուգանք ըստ համաձայնության» (composition penale): Դատախազը գործի նյութերն հանձնում է դատարան՝ համաձայնության հաստատման համար: Ուսումնասիրելով դատախազի դիմումը՝ դատավորը կայացնում է բողոքարկման ոչ ենթակա որոշում՝ համաձայնությունը մերժելու (այդ դեպքում դատախազի առաջարկը կորցնում է իր ուժը), կամ հաստատելու մասին:

«Համաձայնությամբ տուգանք նշանակելու» վարույթի հիմնական հայեցակարգային դրույթները հանգում են հետեւյալին.

1) Այս կառուցակարգի առարկան են կազմում բացառապես հանրային մեղադրանքի կարգով հետապնդվող ոչ մեծ ծանրության քրեական գործերը,

2) Մեղադրյալը պետք է ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ ենթակետի իմաստով առաջին անգամ կատարած լինի հանցանք,

3) Անձը պետք է նախաքննության փուլում, պաշտպանի ներկայությամբ ընդունի առաջադրված մեղադրանքը եւ տա իր համաձայնությունը սույն վարույթի կարգով գործը քննելու վերաբերյալ,

4) Սույն վարույթի կիրառումը բացառել այն գործերով, որոնցով մեղադրյալին մեղսագրվող արարքով վնաս է պատճառվել մասնավոր անձի շահերին,

5) Դատախազը մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին որոշման մեջ պետք է դիրքորոշում հայտնի քրեական գործը սույն վարույթի կարգով քննելու վերաբերյալ,

6) Դատարանը ստանալով համապատասխան քրեական գործը եւ հավաստվելով, որ առկա են սույն վարույթի կիրառման հիմքերը ու պայմանները եռօրյա ժամկետում պետք է որոշում կայացնի քրեական գործի վարույթը ստանձնելու եւ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին,

7) Վարույթը հարուցելու որոշման մեջ պետք է նշում կատարվի այն գրավոր ընթացակարգով իրականացնելու մասին՝ սահմանելով դատավճռի կայացման օրը,

8) Սույն վարույթի կիրառման արդյունքում գրավոր ընթացակարգով կայացվում է մեղադրական դատավճիռ, որով անձի նկատմամբ նշանակվում է հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը,

9) Դատավճիռը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին: Կայացված դատավճռի բողոքարկման հիմքերը սահմանափակ են: Դատավճիռը ուժի մեջ է մտնում ընդհանուր կարգով եւ ուղարկվում է կատաման:

- Անդրադառնալով քրեակատարողական օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին եւ լրացումներին, ապա հարկ ենք համարում նշել, որ Նախագծով առաջարկվում է լուծել դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաեւ պատժի կատարման ընթացքում ի հայտ եկած, պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատիժ կատարող հիմնարկների եւ մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների դատարանում լուծման կարգի, տարբեր դատական ակտերով նշանակված պատիժները համակցելու վերաբերյալ գործնականում հանդիպող մի շարք խնդիրներ, որոնց մի մասը նաեւ կապված է քրեական օրենսգրքի հետ:

Այսպես՝

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 158-րդ սահմանում է դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաեւ պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի լուծման կարգը, որով փոփոխությունների ընթացքում նախատեսվել են երկու եղանակ՝ գրավոր եւ բանավոր՝ նախատեսելով յուրաքանչյուրի դեպքում իրականացման պայմաններն ու կարգը:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 158.1-ին հոդվածը սահմանում է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու ընթացակարգը: Նախատեսելով քննության հստակ կարգը, հարցի քննությանը պարտադիր մասնակցող անձանց ցանկը: Միեւնույն ժամանակ, այդ ինստիտուտի կիրառման համար էական նշանակություն ունի Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների կամ կարգապահական գումարտակի ներկայացուցիչների կողմից զեկույցները:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 160-րդ հոդվածը կարգավորում է պատիժ կատարող հիմնարկների եւ մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը դատարանում: Քննարկվող իրավակարգավորումը պայմանավորված է նշված բողոքների քննության համար ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր ընթացակարգ սահմանելով, հետեւաբար, եթե անձի մասնակցությունը դատարանը պարտադիր համարի, ապա ապա այդ դեպքում նշված անձինք կարող են մասնակցել դատական նիստին:

Միեւնույն ժամանակ, ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում՝ առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն՝ սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար: Այսպիսով, պատիժ կատարող հիմնարկների եւ մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների արդյունավետ քննություն իրականացնելու համար դատավորը իրավասու է լինելու ապացույցներ ձեռք բերելու նպատակով դրանք պահանջելու իրավասություն ունենա եւ դրա համար առանձին դատական ակտ կայացնելու հնարավորություն ունենա:

ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսվում է կարգավորել տարբեր դատական ակտերով նշանակված պատիժները համակցելու հարցը: Այսպիսով, եթե պատիժ նշանակելը հնարավոր չի եղել ժամանակագրական առումով դրան նախորդող դատական ակտի (ակտերի) օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառով, ապա ժամանակագրական առումով վերջինն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման փուլում դատախազի, պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի կամ դատապարտյալի միջնորդությամբ դատարանը քննում է տարբեր դատական ակտերով դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժները համակցելու հարցը:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կլավարկվեն Քրեական, քրեական դատավարության եւ քրեակատարողական օրենսգրքերով նախատեսված որոշ իրավակարգավորումներ, որոնք հնարավորություն կընձեռեն լուծելու գործնականում առաջացող խնդիրները:

5. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն է առաջանալու կատարելու փոփոխություն ոլորտային ենթաօրենսդրական ակտերում:

6. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծերի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն