Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 69-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն, հետեւյալ բովանդակությամբ.
«Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով սույն հոդվածում նշված սկզբունքները չեն կիրառվում:»:
Հոդված 2. Օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն, հետեւյալ բովանդակությամբ.
«Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով սույն հոդվածում նշված կանոնները չեն կիրառվում:»:
Հոդված 3. Օրենսգրքի 76-րդ հոդվածում.
1. լրացնել 1.1.-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1.1.Հանցագործությունների ռեցիդիվի դեպքում նշանակվում է ազատազրկում կամ ցմահ ազատազրկում պատժատեսակը, եթե կատարված հանցանքի համար պատասխանատվություն նախատեսող հոդվածի սանկցիայում նախատեսված են այդ պատժատեսակները:»:
2. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ՝
«Եթե դիտավորյալ հանցագործության համար նախկինում ազատազրկման կամ ցմահ ազատազրկման ձեւով պատիժ կրած կամ կրող, դատվածություն ունեցող անձը կատարել է դիտավորյալ հանցանք, ապա նշանակվող պատժի նվազագույն ժամկետը կամ չափը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կամ չափի երկու երրորդից: Ցանկացած դեպքում նշանակվող պատիժը չի կարող պակաս լինել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված պատժի նվազագույն ժամկետից կամ չափից:»:
Հոդված 4. Օրենսգրքի 77-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 77. Պատիժ նշանակելը համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված կամ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի դեպքում
1. Համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի երկու երրորդը: Եթե առավել խիստ պատժատեսակի երկու երրորդը պակաս է ստացվում սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից:
2. Չավարտված հանցագործություններով համաձայնեցման վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որն ստացվել է հաշվարկի արդյունքով:
3. Համագործակցության վարույթ կիրառելու դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել մեղմ պատժատեսակի նվազագույն չափը կամ ժամկետը կամ սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի կիրառմամբ օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ, կամ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվում:
4. Արագացված վարույթ կիրառելու դեպքում պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի համար նախատեսված առավելագույն չափի կամ ժամկետի երեք քառորդը: Եթե առավել խիստ պատժատեսակի երեք քառորդը պակաս է ստացվում սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա այն չի կարող պակաս լինել նվազագույն չափից կամ ժամկետից:
5. Չավարտված հանցագործություններով արագացված վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոնը կիրառվում է չավարտված հանցագործության համար սույն օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո: Եթե հաշվարկի արդյունքով պատժաչափը պակաս է ստացվում չավարտված հանցագործության համար պատժի նշանակման կանոնների կիրառմամբ սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված առավել խիստ պատժատեսակի նվազագույն չափից կամ ժամկետից, ապա նշանակվում է այն չափը կամ ժամկետը, որն ստացվել է հաշվարկի արդյունքով:
6. Ոչ մեծ ծանրության ավարտված կամ չավարտված հանցագործություններով համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի դեպքում նշանակվում է սույն օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածի սանկցիայով նախատեսված տուգանքի նվազագույն չափը՝ առանց լրացուցիչ պատիժ եւ անվտանգության միջոց նշանակելու:
7. Սույն հոդվածի 1-3-րդ մասերով նախատեսված կանոններով պատժի նշանակման դեպքում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառելի չեն:
8. Սույն հոդվածի 4-5-րդ մասերով պատժի նշանակման դեպքում սույն օրենսգրքի 76-րդ հոդվածով սահմանված կանոնները կիրառելի են: Սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված ռեցիդիվի պայմաններում արագացված վարույթ կիրառելու դեպքում սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված կանոնները կիրառվում են սույն օրենսգրքի 76-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված պատժի նշանակման կանոնները կիրառելուց հետո:
9. Հանցագործությունների համակցության դեպքում պատիժ նշանակելիս սույն հոդվածի 1-5-րդ եւ 7-8-րդ մասերով նախատեսված կանոնները կիրառելի են համակցության մեջ ընդգրկված յուրաքանչյուր հանցագործության համար առանձին:
10. Համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված վարույթ կիրառելն արգելք չէ լրացուցիչ պատիժ կամ անվտանգության միջոց նշանակելու համար:»:
Հոդված 5. Օրենսգրքի 84-րդ հոդվածում.
1. լրացնել նոր 15.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«15.1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական ակտ կայացնելիս սույն օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով կամ 75-րդ հոդվածով նախատեսված կարգով պատիժ նշանակելը հնարավոր չի եղել ժամանակագրական առումով դրան նախորդող դատական ակտի (ակտերի) օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառով եւ այդ դատական ակտերից որեւէ մեկով նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ապա ժամանակագրական առումով վերջինն օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման փուլում դատարանը հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ վերջնական պատիժ նշանակելիս՝
1) վերացնում է պատիժը պայմանականորեն չկիրառելը, եթե սույն մասով նախատեսված դատական ակտերից առնվազն մեկով որոշվել է, որ անձը պետք է կրի նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատիժը.
2) հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանգամանքները՝ կարող է որոշում կայացնել պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելու կամ վերջնական պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ, եթե սույն մասով նախատեսված դատական ակտերից որեւէ մեկով չի որոշվել, որ անձը պետք է կրի նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատիժը:»:
2. լրացնել նոր 15.2-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«15.2.Սույն հոդվածի 15.1-ին մասով նախատեսված դեպքում դատական ակտերից որեւէ մեկով նշանակված ազատությունից զրկելու հետ կապված պատիժը պայմանականորեն չկիրառելը վերացնելիս նշանակված պատիժները համակցելու հարցը լուծվում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 14-րդ մասի կանոններով այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ կիրառելի են:»
Հոդված 6. Օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասում.
1. 7-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով,
2. լրացնել նոր՝ 8-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«8) ռասայական, ազգային, էթնիկ կամ սոցիալական ծագումով, կրոնով, քաղաքական կամ այլ հայացքներով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով՝»:
Հոդված 7. Օրենսգրքի 479-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ, հետեւյալ բովանդակությամբ.
«1. Օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքով ստացված տվյալ, փաստաթուղթ կամ առարկա կամ քաղաքացիական գործով, քրեական կամ վարչական գործով կամ վարույթով ապացույց, բացատրություն կամ դատավարական փաստաթուղթ կեղծելը, փոխելը, ոչնչացնելը կամ թաքցնելը կամ քաղաքացիական գործով, քրեական կամ վարչական գործով կամ վարույթով կեղծ ապացույց ներկայացնելը՝
պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: