Հոդված 1. 2021 թվականի հունիսի 30-ի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 13-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3) կայացվել է անձի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու կամ մեղադրյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում եւ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները.»:
Հոդված 2. Օրենսգրքի 31-րդ հոդվածում.
1. 3-րդ մասի 2-րդ կետում «երեք դատավորի կազմով» բառերը փոխարինել «դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ» բառերով.
2. 3-րդ մասի 3-րդ կետում՝ «դատավորների պարզ մեծամասնության կազմով» բառերը փոխարինել «դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետում՝ «արագացված» բառից հետո լրացնել «կամ համաձայնությամբ տուգանք նշանակելու» բառերը:
Հոդված 4. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասում «1-ին մասի 1-ին եւ 3-րդ կետերով» բառերը փոխարինել «1-ին մասով» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 125-րդ հոդվածում.
1. 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4. Գրավատուն վարույթն իրականացնող մարմնի համապատասխան որոշման կայացման պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է գրավը մուծված լինելը հավաստող փաստաթուղթ, որը կցվում է վարույթի նյութերին: Գրավը կիրառված է համարվում գրավի մուծված լինելը հավաստող փաստաթուղթը վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու պահից:».
2. Լրացնել նոր 4.1.-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«4.1. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պարտականությունը չկատարելը հիմք է մեղադրյալի նկատմամբ խափանման միջոցի տեսակն ընտրելու հարցը վերստին քննարկելու համար:»:
Հոդված 6. Օրենսգրքի 153-րդ հոդվածի 2-րդ մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձեւը եւ տրամադրման կարգը սահմանում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը:»:
Հոդված 7. Օրենսգրքի 206-րդ հոդվածում լրացնել նոր 2.1.-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հիմքով քրեական գործը ստանալուց հետո մեղադրյալի նկատմամբ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում հսկող դատախազը համապատասխան միջնորդություն է ներկայացնում դատարան:»:
Հոդված 8. Օրենսգրքի 260-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«1. Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության եւ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, ինչպես նաեւ դատական երաշխիքների բոլոր վարույթները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ, այդ թվում՝ դատական երաշխիքների վարույթների, որոնք ընդդատյա են Հակակոռուպցիոն դատարանին:»:
Հոդված 9. Օրենսգրքի 261-րդ հոդվածի 7-րդ մասում «1-5-րդ» բառերը փոխարինել «1-6-րդ» բառերով, իսկ «վարույթների» բառից հետո լրացնել «,ինչպես նաեւ դատական երաշխիքների վարույթների» բառերը:
Հոդված 10. Օրենսգրքի 263-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Հոդված 263. Վարույթի փոխանցումը՝ ըստ ընդդատության
1. Նախնական դատալսումների ընթացքում պարզելով, որ տվյալ վարույթն ընդդատյա չէ իրեն, դատարանն այն որոշմամբ անհապաղ փոխանցում է ըստ ընդդատության:
2. Եթե հիմնական դատալսումների ընթացքում ի հայտ են գալիս այնպիսի փաստեր, որոնց հիման վրա վարույթը ենթակա է փոխանցման ըստ ընդդատության, ապա կողմերի համաձայնությամբ դատարանը շարունակում է վարույթը: Կողմերից մեկի առարկության դեպքում վարույթը որոշմամբ փոխանցվում է ըստ ընդդատության:
3. Մինչեւ վարույթն ըստ ընդդատության փոխանցելը կարող են կատարվել միայն անհետաձգելի վարութային գործողություններ:
4. Վարույթն ըստ տարածքային ընդդատության ստացած առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը մինչեւ նախնական դատալսումներ նշանակելը եռօրյա ժամկետում որոշում է վարույթը Վճռաբեկ դատարանի քրեական պալատին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ վարույթի տարածքային ընդդատությանը:
5. Վարույթն ըստ ընդդատության ստացած Հակակոռուպցիոն կամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, մինչեւ նախնական դատալսումներ նշանակելը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթը Վճռաբեկ դատարանին ուղարկելու մասին, եթե համաձայն չէ դրա առարկայական ընդդատությանը:
6. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքերում, դատավորը առարկայական ընդդատության հարցի որոշման համար վարույթը Վճռաբեկ դատարան ուղարկելու մասին կայացված որոշումը ուղարկում է դատական վարույթի մասնակիցներին, ովքեր այն ստանալու պահից եռօրյա ժամկետում կարող են վարույթի առարկայական ընդդատության վերաբերյալ դիրքորոշում ներկայացնել Վճռաբեկ դատարան:
7. Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում Վճռաբեկ դատարանի քրեական պալատը վարույթը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծում է վարույթի տարածքային ընդդատության հարցը:
8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում՝ Վճռաբեկ դատարանի նախագահը, Վճռաբեկ դատարանի քրեական եւ հակակոռուպցիոն պալատների նախագահները վարույթը Վճռաբեկ դատարանում ստանալու պահից տասնօրյա ժամկետում վերջնականապես լուծում են վարույթի առարկայական ընդդատության հարցը՝ ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ: Քվեարկելիս ձեռնպահ մնալ չի թույլատրվում:
9. Սույն հոդվածով սահմանված կարգով որոշված դատարանը համարվում է իրավասու դատարան:»:
Հոդված 11. Օրենսգրքի 271-րդ հոդվածում լրացնել նոր 3.1-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Դատական վարույթին ներգրավված եւ պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում:»:
Հոդված 12. Օրենսգրքի 283-րդ հոդվածի վերնագրից եւ 1-ին մասից հանել «Եզրափակիչ» բառը, իսկ «դատական» բառը փոխարինել «Դատական» բառով:
Հոդված 13. Օրենսգրքի 285-րդ հոդվածում.
1. 1-ին մասում «քննիչի» բառից հետո լրացնել «, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատախազի» բառերը.
2. 2-րդ մասում եւ 2-րդ մասի 2-րդ կետում «քննիչի» բառից հետո լրացնել «(սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում դատախազի)» բառերը.
3. Լրացնել նոր 10-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«10. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել,
2) խափանման միջոց կիրառելու կամ կիրառված խափանման միջոցի ժամկետը երկարաձգելու վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է:»:
Հոդված 14. Օրենսգրքի 292-րդ հոդվածում.
1. 3-րդ մասում «պատճենները» բառից հետո լրացնել «, իսկ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժված լինելու մասին որոշում կայացնելու դեպքում՝ նաեւ դատարանի համապատասխան որոշման պատճենը:» բառերը:
2. Լրացնել նոր 12-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«12. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել,
2) ապացուցողական գործողություն կատարելու կամ գաղտնի քննչական գործողության ժամկետը երկարաձգելու վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է:»:
Հոդված 15. Օրենսգրքի 293-րդ հոդվածում լրացնել նոր 3.1.-ին մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«3.1. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված որոշումը դատարանը կայացնում է նաեւ այն դեպքում, երբ միջնորդության քննության արդյունքով պարզում է, որ նույն քրեական վարույթով նույն միջնորդությունը մերժելուց հետո այն չի հիմնավորվել նոր ի հայտ եկած էական հանգամանքներով կամ վերաբերելի լրացուցիչ նյութերով:»:
Հոդված 16. Օրենսգրքի 295-րդ հոդվածում.
1. Լրացնել նոր 8-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.
«8. Դատախազի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդությունը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է հետեւյալ որոշումներից մեկը.
1) սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե համապատասխան վարույթը չի հարուցվել,
2) սեփականության իրավունքի սահմանափակման իրավաչափության ստուգման վարույթը կարճելու մասին, եթե համապատասխան վարույթը հարուցվել է:»:
Հոդված 17. Օրենսգրքի 301-րդ հոդվածի 2-րդ մասում «դեպքի» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)» բառերը:
Հոդված 18. Օրենսգրքի 302-րդ հոդվածում.
1. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1.-ին մաս.
«1.1. Եթե մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված որեւէ պահանջի, ապա համապատասխան թերությունները մատնանշելով եւ երեքից վեց օր ժամկետ տրամադրելով, դատարանն այն վերադարձնում է բողոքը ներկայացրած անձին: Դատարանի նշած ժամկետում թերությունները վերացնելու եւ կրկին ներկայացնելու դեպքում բողոքը համարվում է տրված դրա սկզբնական ներկայացման օրը:».
2. Լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.2.-րդ մաս.
«1.2. Մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կայացվում է եռօրյա ժամկետում եւ անհապաղ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին:».
3. 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.Վարույթի հարուցումը հիմնավորված մերժվում է, եթե պահպանված չէ սույն օրենսգրքի 299-րդ կամ 300-րդ հոդվածներով սահմանված որեւէ պահանջ կամ, երբ մինչդատական ակտի վերաբերյալ բողոքը դատարանի սահմանած ժամկետում չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 301-րդ հոդվածով սահմանված պահանջներին:»:
Հոդված 19. Օրենսգրքի 311-րդ հոդվածում լրացնել նոր 2-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հարցը կողմի միջնորդությամբ կամ դատարանի նախաձեռնությամբ կարող է քննարկվել առաջնահերթության կարգով:»:
Հոդված 20. Օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասում «փաստաթուղթը» բառից հետո լրացնել «, ինչպես նաեւ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը)» բառերը:
Հոդված 21. Օրենսգրքի 366-րդ հոդվածի 2-րդ մասում.
1. 4-րդ կետի «:» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով,
2. լրացնել նոր՝ 5-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ եւ նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:»:
Հոդված 22. Օրենսգրքի 382-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Վճռաբեկ բողոքին կցվում է նաեւ վճռաբեկ բողոքի էլեկտրոնային տարբերակը (էլեկտրոնային կրիչը):»:
Հոդված 23. Օրենսգրքի 383-րդ հոդվածում.
1.4-րդ կետի «:» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով,
2.2-րդ մասը լրացնել նոր 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ եւ նույն անձի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:»:
Հոդված 24. Օրենսգրքի 391-րդ հոդվածում.
1. 4-րդ կետի «:» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով.
2. 2-րդ մասը լրացնել 5-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ եւ նույն անձի վերաբերյալ վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:»:
Հոդված 25. Օրենսգրքի 392-րդ հոդվածը լրացնել նոր 2-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2. Սույն հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված ժամկետները Վերաքննիչ դատարանի հիմնավորված որոշմամբ կարող են երկարաձգվել համապատասխանաբար՝ ոչ ավել, քան հինգ, տասը եւ քսան օրով:»:
Հոդված 26. Օրենսգրքի 398-րդ հոդվածում.
1.4-րդ կետի «:» կետադրական նշանը փոխել «.» կետադրական նշանով.
2.2-րդ մասում լրացնել նոր 5-րդ կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«5) բողոքում նշված հիմքով, նույն դատական ակտի առնչությամբ եւ նույն անձի վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել:».
3. 5-րդ մասում «յոթնօրյա» բառը փոխարինել «տասնհինգօրյա» բառով, իսկ «տասնհինգօրյա» բառը «մեկամսյա» բառով:
Հոդված 27. Օրենսգրքի 403-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 2.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1) մեղադրյալին վերագրվող հանցագործության համար նշանակվել է օրենքով չնախատեսված պատժատեսակ կամ պատժաչափ կամ նրա նկատմամբ նշանակված պատիժը սխալ է հաշվարկվել կամ խախտվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ եւ 75-րդ հոդվածներով սահմանված կանոնները.»:
Հոդված 28. Օրենսգրքի 407-րդ հոդվածը լրացնել 2.1-ին մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1. Բացառիկ վերանայման բողոքը, համապատասխան թերությունները մատնանշելով եւ տասն օրից մեկ ամիս ժամկետ տրամադրելով, վերադարձվում է, եթե բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով կամ 406-րդ հոդվածով սահմանված պահանջներին:»:
Հոդված 29. Օրենսգրքում լրացնել նոր 55.2-րդ գլուխ՝ հետեւյալ բովանդակությամբ.
«ԳԼՈՒԽ 55.2.
ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՄԲ ՏՈՒԳԱՆՔ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 464.6. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ սկսելու կարգը
1. Սույն օրենսգրքի 199-րդ հոդվածով սահմանված կարգով նախաքննությունն ավարտելու դեպքում քննիչը, ստանալով հսկող դատախազի գրավոր համաձայնությունը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով առաջին անգամ հանցանք կատարած եւ ոչ մեծ ծանրության հանցագործության համար մեղադրվող մեղադրյալին գրավոր ծանուցում է նաեւ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հնարավորության եւ իրավական հետեւանքների մասին:
2. Վարույթի նյութերը մեղադրյալի ծանոթացմանը ներկայացնելիս քննիչը ճշտում է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու վերաբերյալ վերջինիս դիրքորոշումը:
3. Եթե մեղադրյալը չի վիճարկում իրեն ներկայացված մեղադրանքի փաստական հիմքն ու իրավական գնահատականը եւ պաշտպանի հետ խորհրդակցելուց հետո կամավոր ցանկություն է հայտնում, որպեսզի դատարանում գործի քննությունն իրականացվի համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի կարգով, ապա քննիչը մեղադրյալի բանավոր միջնորդության հիման վրա կազմում է համապատասխան արձանագրություն, որը ստորագրում են նաեւ մեղադրյալը եւ նրա պաշտպանը: Արձանագրությունը կցվում է մեղադրական եզրակացությանը:
4. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ նախաձեռնելու արձանագրություն կազմելուց առաջ քննիչն իրավասու է մեղադրյալին հարցեր տալու միջոցով հավաստիանալու, թե արդյոք մեղադրյալը գիտակցում է իր միջնորդության բնույթն ու հետեւանքները:
Հոդված 464.7. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ իրականացնելու հիմքը եւ բացառող հանգամանքները
1. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթն իրականացվում է, եթե առկա է սույն օրենսգրքի 464.6-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված եւ ստորագրված արձանագրություն:
2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ չի կարող իրականացվել, եթե՝
1) մեղադրյալն անչափահաս է.
2) մեղադրյալը մեղադրվում է մեկից ավելի հանցանքներ կատարելու համար.
3) մեղադրյալին մեղսագրվող արարքի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով տուգանք պատժատեսակ սահմանված չէ.
4) մեղադրյալին մեղսագրվող արարքով վնաս է պատճառվել մասնավոր անձի շահերին.
5) գույքային հայց է հարուցվել մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար.
6) սույն օրենսգրքով սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը հաստատելիս հսկող դատախազն իրավական կամ փաստական հիմնավորմամբ առարկել է դրա դեմ, այդ մասին նշում կատարելով մեղադրական եզրակացությունը հաստատելու որոշման մեջ.
7) մեղադրյալը գրավոր հրաժարվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելուց.
8) խախտվել է սույն օրենսգրքի 464.6.-րդ հոդվածով սահմանված կարգը:
Հոդված 464.8. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հարցի լուծումը
1. Դատավորը քրեական գործը ստանալուց հետո հավաստիանալով, որ առկա է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու հիմքը եւ բացակայում են սույն օրենսգրքի 464.7.-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքները, եռօրյա ժամկետում որոշում է կայացնում վարույթն ստանձնելու եւ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ հարուցելու մասին: Հակառակ դեպքում կայացվում է սույն օրենսգրքի 310-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը:
2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ այն կայացրած դատարանի եւ դատավորի, քրեական գործը ստանալու եւ որոշումը կայացնելու օրվա, վարույթը գրավոր ընթացակարգով իրականացնելու, ինչպես նաեւ դատավճռի կայացման օրվա մասին:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումը կայացնելուց հետո՝ երկօրյա ժամկետում, դատավորը դրա պատճենն ուղարկում է հանրային մեղադրողին եւ վարույթի մասնավոր մասնակիցներին:
4. Դատարանը որոշում է կայացնում համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը դադարեցնելու եւ նախնական դատալսումներ նշանակելու մասին, եթե ծանոթանալով քրեական գործին հանգում է հետեւության, որ՝
1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ.
2) մեղադրյալին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին.
3) առկա է սույն օրենսգրքի 464.7.-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանգամանքներից որեւէ մեկը:
Հոդված 464.9. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճիռ կայացնելը
1. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի արդյունքով դատարանը գրավոր ընթացակարգով կայացնում է մեղադրական դատավճիռ սույն օրենսգրքի 347-350-րդ հոդվածներով սահմանված կարգով՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները:
2. Դատավճիռը կայացվում է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին որոշումը կայացնելուց հետո հնարավորինս սեղմ ժամկետում, սակայն ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթի արդյունքով մեղադրական դատավճիռ կայացնելիս դատարանը նշանակում է պատիժ՝ հաշվի առնելով Հայաuտանի Հանրապետության քրեական օրենսգրքի 77-րդ հոդվածի վերաբերելի դրույթները:
4. Սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարութային ծախսերը մեղադրյալից ենթակա չեն բռնագանձման:
5. Դատավճիռը պետք է պարունակի պարզաբանում այն բողոքարկելու՝ սույն օրենսգրքով նախատեսված սահմանափակումների վերաբերյալ:
6. Դատավճիռը կայացնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, ուղարկվում է դատապարտված մեղադրյալին, նրա պաշտպանին, հանրային մեղադրողին:
Հոդված 464.10. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթով դատավճռի բողոքարկման սահմանները
1. Սույն օրենսգրքի 464.9-րդ հոդվածին համապատասխան կայացված դատավճիռը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով, սակայն այն չի կարող բողոքարկվել սույն օրենսգրքի 373-րդ հոդվածով, 375-րդ հոդվածի 1-3-րդ մասերով եւ 377-րդ հոդվածով նախատեսված հիմքերով:»:
Հոդված 30. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: