Armenian ARMSCII Armenian
Կ-7152-20.11.2023-ՊԻ-011/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2022 թվականի հունիսի 15-ի Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 152-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 152. Դատական վարույթի ընդհանուր պայմանները

1. Սույն գլխով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթն իրականացվում է գրավոր, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ բանավոր ընթացակարգով:

2. Բանավոր ընթացակարգով իրականացվում են սույն օրենսգրքի 153-րդ, 158.1-ին, 158.2-րդ, 159-րդ, 160.1-ին եւ 161-164-րդ հոդվածներով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթները:

3. Դատարանը սեփական նախաձեռնությամբ իրավասու է սույն հոդվածի 2-րդ մասում չնշված ցանկացած վարույթ իրականացնելու բանավոր ընթացակարգով կամ գրավոր ընթացակարգով իրականացվող վարույթն իր որոշմամբ փոխակերպելու բանավոր ընթացակարգով վարույթի:

4. Սույն գլխով նախատեսված հարցերի վերաբերյալ դատական վարույթն առաջին ատյանի դատարանում իրականացվում է միանձնյա:

5. Սույն գլխով նախատեսված դատավարական կարգի նկատմամբ վերաբերելի մասով (mutatis mutandis) կիրառելի են Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 17-19-րդ, 34-36-րդ գլուխների եւ 11-րդ բաժնի կարգավորումները:»:

Հոդված 2. Օրենսգրքի 156-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 156. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաեւ պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի լուծման կարգը

1. Համապատասխան միջնորդությունը, դիմումը կամ բողոքն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, դատարանը կայացնում է դատական վարույթ հարուցելու մասին որոշում, բացառությամբ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով սահմանված դեպքերի: Դատական վարույթ հարուցելու մասին որոշում դատարանը կայացնում է նաեւ սույն օրենսգրքի 153-րդ եւ 154-րդ հոդվածներով նախատեսված հարցերը սեփական նախաձեռնությամբ քննարկելու անհրաժեշտության դեպքում:

2. Վարույթի հարուցման մասին որոշմամբ դատարանը համապատասխան մարմիններից կամ պաշտոնատար անձանցից կարող է պահանջել դատարան ներկայացնել քննության ենթակա հարցին վերաբերող նյութեր, իսկ բանավոր ընթացակարգով քննությունն իրականացնելու դեպքում՝ նաեւ ներկայանալ դատական նիստին:

3. Բանավոր ընթացակարգով քննությունն իրականացվում է դատական նիստում` դատապարտյալի, իսկ այն դեպքում, երբ միջնորդությունը ներկայացրել է պատիժ կատարող հիմնարկը կամ մարմինը, ապա նաեւ վերջինիս ներկայացուցչի մասնակցությամբ: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում պարտադիր է նաեւ դատախազի, դատապարտյալի օրինական ներկայացուցչի եւ փաստաբանի մասնակցությունը: Հիվանդության հետեւանքով դատապարտյալին պատժից ազատելու կամ նրան հիվանդանոցում տեղավորելու հարցը կամ առողջական վիճակի փոփոխությամբ պայմանավորված պատիժը կրելու ուղարկելու հարցը դատարանի կողմից լուծվելիս պարտադիր է եզրակացություն տված համապատասխան բժշկական կամ հոգեբուժական հանձնաժողովի ներկայացուցչի ներկայությունը:

4. Բանավոր ընթացակարգով հարցի քննարկումը դատարանում սկսվում է նախագահողի կողմից միջնորդությունը, դիմումը կամ բողոքը հրապարակվելով, որից հետո դատարանը հետազոտում է ներկայացված նյութերը եւ լսում է դատական նիստին ներկայացած անձանց կարծիքները: Վերջինը ելույթ է ունենում դատապարտյալը կամ նրա փաստաբանը: Այնուհետեւ դատարանը հեռանում է առանձին սենյակ՝ որոշում կայացնելու համար:

5. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաեւ պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի քննության արդյունքով դատարանը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի վերաբերելի դրույթների կիրառմամբ կայացնում է համապատասխան միջնորդությունը, դիմումը կամ բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու կամ մերժելու մասին որոշում, ինչպես նաեւ սույն օրենսգրքով նախատեսված այլ որոշումներ:

6. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաեւ պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերը դատարանը քննում եւ որոշում է կայացնում դատական վարույթ հարուցելու պահից 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենսգրքի 158.1-ին հոդվածով, 158.2-րդ հոդվածով եւ 160-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի:

7. Սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված ժամկետը դատարանի հիմնավորված որոշմամբ կարող է երկարաձգվել ոչ ավելի, քան 15 օրով:

8. Դատական ակտերն ի կատար ածելու հետ կապված, ինչպես նաեւ պատժի կատարման ընթացքում ի հայտ եկող հարցերի վերաբերյալ դատարանի որոշումն ամբողջությամբ պատշաճ ձեւով հանձնվում կամ ուղարկվում է վարույթի մասնակիցներին ոչ ուշ, քան որոշումը հրապարակելու կամ կայացնելու հինգերորդ օրը:»:

Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 158.1-ին հոդվածով.

«Հոդված 158.1. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելը

1. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը դատարանը քննում է պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի միջնորդագրի կամ սույն օրենսգրքի 133-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքում դատապարտյալի բողոքի հիման վրա դատական վարույթ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին, Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայություններին, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի հրամանատարությանը:

2. Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`

1) դատախազը.

2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.

3) Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների ներկայացուցիչները, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի ներկայացուցիչը:

3. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաեւ տուժողը (տուժողի լիազոր ներկայացուցիչը, տուժողի օրինական ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար: Դատարանի նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ կայացված որոշմամբ դատական նիստին կարող է հրավիրվել պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը:

4. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննությունն անցկացվում է դռնբաց դատական նիստում: Քննությունն սկսվում է համապատասխանաբար Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայությունների կամ կարգապահական գումարտակի ներկայացուցիչների կողմից զեկույցները հրապարակելով: Այնուհետեւ դատարանը լսում է դատախազի, դատապարտյալի եւ նրա փաստաբանի դիրքորոշումները, եթե դատապարտյալը փաստաբան ունի, իսկ տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) ներկա լինելու դեպքում՝ նաեւ նրա դիրքորոշումը:

5. Դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի քննության համար անհրաժեշտ նյութերն իր տրամադրության տակ ունենալուց հետո դատարանը որոշում է կայացնում`

1) դատապարտյալին պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին կամ

2) պատժից պայմանական վաղաժամկետ ազատելը մերժելու մասին:

6. Դատարանի որոշումը սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին, Քրեակատարողական եւ Պրոբացիայի ծառայություններ, իսկ կարգապահական գումարտակում պահելու դեպքում՝ կարգապահական գումարտակի հրամանատարությանը:»:

Հոդված 4. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 158.2-րդ հոդվածով.

«Հոդված 158.2. Պատիժն ավելի մեղմ պատժով փոխարինելը կամ պատժից ազատելը

1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 88-րդ հոդվածով նախատեսված դեպքերում դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը կամ դրա չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու կամ դատապարտյալին պատիժը կրելուց ազատելու հարցը դատարանը քննում է դատախազի, պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի կամ դատապարտյալի միջնորդության հիման վրա դատական վարույթ հարուցելու պահից 10 օրվա ընթացքում՝ այդ մասին պատշաճ ծանուցելով դատապարտյալին, դատախազին, տուժողին եւ պատիժ կատարող մարմնին կամ հիմնարկին:

2. Հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`

1) դատախազը.

2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի.

3) պատիժը կատարող հիմնարկի կամ մարմնի ներկայացուցիչը:

3. Հարցի քննությանը կարող է մասնակցել նաեւ տուժողը (տուժողի լիազոր ներկայացուցիչը, տուժողի օրինական ներկայացուցիչը), սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար:

4. Հարցի քննության համար անհրաժեշտ նյութերն իր տրամադրության տակ ունենալուց հետո դատարանը որոշում է կայացնում`

1) դատապարտյալի նկատմամբ նշանակված հիմնական կամ լրացուցիչ պատիժը կամ դրա չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինելու մասին կամ

2) դատապարտյալին հիմնական կամ լրացուցիչ պատիժը կրելուց ազատելու մասին կամ

3) միջնորդությունը մերժելու մասին:

5. Դատարանի որոշումը սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում ուղարկվում է դատապարտյալին, դատախազին, տուժողին եւ պատիժ կատարող մարմին կամ հիմնարկ:»:

Հոդված 5. Օրենսգրքի 160-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 160. Պատիժ կատարող հիմնարկների եւ մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքների լուծման կարգը դատարանում

1. Այն դեպքում, երբ պատիժ կատարող հիմնարկների եւ մարմինների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած որոշումների դեմ ներկայացված բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում այն վերադարձնելու մասին՝ տրամադրելով եռօրյա ժամկետ բողոքի թերությունները շտկելու եւ կրկին ներկայացնելու համար: Թերությունները շտկելու եւ կրկին ներկայացնելու դեպքում բողոքը ներկայացված է համարվում դրա սկզբնական ներկայացման օրը:

2. Այն դեպքում, երբ բողոքը ներկայացվել է սույն օրենսգրքի 122-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգի խախտմամբ, կամ երբ վերադարձված բողոքը չի համապատասխանեցվել սույն օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ապա դատարանը եռօրյա ժամկետում որոշում է կայացնում դատական վարույթի հարուցումը մերժելու մասին:

3. Եթե ներկայացված բողոքում առերեւույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման, վատ վերաբերմունքի այլ դրսեւորման, ապա դատարանը բողոքը քննում եւ որոշում է կայացնում դատական վարույթ հարուցելու պահից 24 ժամվա ընթացքում:

4. Քննարկելով ներկայացված բողոքը՝ դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) բողոքն ամբողջությամբ կամ մասնակիորեն բավարարելու մասին.

2) բողոքը մերժելու մասին:

5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով սահմանված որոշումը կայացնելիս դատարանը հաստատում է դատապարտյալի իրավունքների եւ օրինական շահերի խախտման փաստը եւ

1) խախտման փաստի կապակցությամբ իրավական ընթացակարգ սկսելու նպատակով դիմում է իրավասու մարմիններ կամ պաշտոնատար անձանց կամ

2) իրավասու մարմիններին պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել դատապարտյալի իրավունքների խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ:

6. Բողոքի քննության ընթացքում ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իրավասու է կայացնելու որոշում` առանձին դատական ակտի տեսքով, դրանք պահանջելով այն անձանցից, որոնց ազդեցության ոլորտում են դրանք կամ պետք է լինեն` սահմանելով ժամկետ դրանք դատարան ներկայացնելու համար:

7. Բողոքի քննության արդյունքով կայացված որոշման պատճենը սույն օրենսգրքի 156-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված ժամկետում հանձնվում կամ ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին, բողոքարկվող որոշումը կայացրած կամ վիճարկվող գործողությունը (անգործությունը) իրականացրած պաշտոնատար անձին, նրա վերադաս մարմնին եւ դատախազին:

8. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դեպքում բողոքարկված որոշումը կայացրած կամ վիճարկվող գործողությունն իրականացրած կամ անգործությունը թույլ տված պաշտոնատար անձն անհապաղ միջոցներ է ձեռնարկում դատարանի հաստատած՝ դատապարտյալի իրավունքների եւ օրինական շահերի խախտումը վերացնելու ուղղությամբ եւ եռօրյա ժամկետում այդ մասին գրավոր տեղեկացնում որոշումը կայացրած դատարանին:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 160.1-ին հոդվածով.

«Հոդված 160.1. Դատական ակտի կատարման փուլում հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելը

1. Եթե առաջին ատյանի դատարանում դատական ակտ կայացնելիս Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի 11-րդ մասով կամ 75-րդ հոդվածով նախատեսված կարգով պատիժ նշանակելը հնարավոր չի եղել ժամանակագրական առումով դրան նախորդող դատական ակտի (ակտերի) օրինական ուժի մեջ մտած չլինելու պատճառով, ապա ժամանակագրական առումով վերջինը օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կատարման փուլում դատախազի, պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի կամ դատապարտյալի միջնորդությամբ դատարանը քննում է դատապարտյալի նկատմամբ հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու հարցը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հարցը քննում է ժամանակագրական առումով վերջինը օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կայացրած դատարանը:

3. Հարցի քննության մասին դատարանը պատշաճ ծանուցում է դատապարտյալին, դատախազին, տուժողին եւ պատիժ կատարող մարմնին կամ հիմնարկին:

4. Հարցի քննությանը պարտադիր մասնակցում են`

1) դատախազը.

2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը, եթե դատապարտյալը փաստաբան ունի:

5. Հարցի քննությանը կարող են մասնակցել նաեւ տուժողը (տուժողի լիազոր ներկայացուցիչը, տուժողի օրինական ներկայացուցիչը) եւ պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի ներկայացուցիչը, սակայն պատշաճ ծանուցված տուժողի (տուժողի լիազոր ներկայացուցչի, տուժողի օրինական ներկայացուցչի) եւ պատիժ կատարող մարմնի կամ հիմնարկի ներկայացուցչի չներկայանալն արգելք չէ հարցի քննության համար:

6. Քննարկելով ներկայացված միջնորդությունը՝ դատարանն ընդունում է հետեւյալ որոշումներից մեկը.

1) դատապարտյալի նկատմամբ հանցագործությունների կամ դատավճիռների համակցությամբ պատիժ նշանակելու մասին.

2) միջնորդությունը մերժելու մասին:»:

Հոդված 7. Օրենսգրքի 165-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն՝

1) դատախազը.

2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը.

3) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը՝ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ.

4) տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը՝ սույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ:».

2) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«4. Վճռաբեկ դատարան վերանայման բողոք բերելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը եւ նրա տեղակալները.

2) դատապարտյալը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը.

3) պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի վարչակազմը՝ սույն օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ.

4) տուժողը, նրա օրինական ներկայացուցիչը եւ փաստաբանը՝ սույն օրենսգրքի 160.1-ին հոդվածով նախատեսված հարցերի վերաբերյալ կայացված որոշումների դեմ:»:

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

2. Սույն օրենքով սահմանված դատական վարույթի պայմանները տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո դատարան ստացված միջնորդությունների, դիմումների կամ բողոքների վրա: