Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-716-20.11.2023-ՏՏԳՇ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Առեւտրի եւ ծառայությունների մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-134-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5.2-րդ եւ 5.3-րդ հոդվածները շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 5.2. Համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպումը կամ ծառայության մատուցումը

1. Համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի կետերի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայության մատուցման գործունեությունն իրականացնում են միայն իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը՝ համայնքի ղեկավարի տրամադրած թույլտվության հիման վրա, իսկ Երեւան քաղաքում՝ Երեւանի քաղաքապետի:

2. Թույլտվության տրամադրումը մերժվում է սույն հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված կարգավորումներին չհամապատասխանելու դեպքում: Թույլտվությունը տրամադրվում է, կամ թույլտվության տրամադրումը մերժվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի կողմից թույլտվության համար ներկայացված դիմումն ստանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում: Թույլտվության տրամադրման եւ մերժման կարգը սահմանում է համայնքի ավագանին:

3. Շրջիկ առեւտրի կետերին ներկայացվող պահանջները, պայմանները, շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը, դրանց տրամադրման (հատկացման) կարգը, ժամկետները, պայմանները եւ գործունեության իրականացման թույլատրելի ժամերը, ինչպես նաեւ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների չթույլատրվող տեսակները սահմանվում են համայնքի ավագանու որոշմամբ:

4. Երեւան համայնքի վարչական տարածքում շրջիկ առեւտրի իրականացման թույլատրելի վայրերը տրամադրվում են (հատկացվում են) բացառապես Երեւանի քաղաքապետարանի՝ հատուկ այդ նպատակով ստեղծված կայքէջի միջոցով՝ էլեկտրոնային ամրագրման եղանակով մինչեւ երեք օր ժամկետով: Միաժամանակ դրանց հատկացման տեւողությունը չի կարող գերազանցել օրական 14 ժամը եւ առավելագույնը մինչեւ ժամը 23:00-ն:

5. Շրջիկ առեւտրի իրականացման համար նախատեսված թույլատրելի վայրերը գծանշվում եւ համապատասխան նշանով կահավորվում են համայնքի ղեկավարի որոշմամբ, իսկ Երեւան քաղաքում՝ քաղաքապետի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն:

6. Նշված վայրերում կարող են կայանել միայն համապատասխան թույլտվություն ունեցող շրջիկ առեւտրի կետերը, որոնք շրջիկ առեւտրի իրականացման համար տրամադրված (հատկացված) վայրը պարտավոր են ազատել սահմանված ժամը լրանալուց հետո:

7. Շրջիկ առեւտուր իրականացնողները պետք է ապահովեն պայմաններ՝ վաճառվող ապրանքների կամ մատուցվող ծառայությունների սանիտարական կանոններին եւ նորմերին համապատասխան անվտանգությունը եւ որակը պահպանելու համար:

8. Համայնքի վարչական տարածքում ցանկացած տեսակի տրանսպորտային միջոցից եւ (կամ) դրանց կցորդներից ցանկացած ապրանքի վաճառք իրականացնելը կամ որեւէ ծառայություն մատուցելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, արգելվում է:

Հոդված 5.3. Շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը

1. Տեսուչն իրավունք ունի շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե՝

1) վաճառողը չունի շրջիկ առեւտրի իրականացման թույլտվություն, եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.

2) վաճառողը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է վաճառք կամ մատուցում է ծառայություններ, եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը կամ բացակայում է նշված վայրից.

3) վաճառողը գործունեություն է իրականացնում սահմանված պահանջների եւ պայմանների խախտմամբ, եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից, բացառությամբ Օրենքի 5.3-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքերի.

4) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) կայանել է ոչ իր կողմից ամրագրված՝ սահմանված վայրերից մեկում, եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից.

5) շրջիկ առեւտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առեւտրի իրականացման համար տրամադրված վայրը, եւ տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը եւ անհապաղ չի ազատում շրջիկ առեւտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից:

1.1. Շրջիկ առեւտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առեւտրի կետին կարող է թույլատրվել կայանել նաեւ սահմանված ժամը լրանալուց հետո:

2. Շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:

3. Տեսուչը կազմում է շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնում կամ ուղարկում է շրջիկ առեւտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը՝ վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում, եւ ոստիկանություն, ինչպես նաեւ համապատասխան հայտարարություն է տեղադրվում տվյալ համայնքի պաշտոնական կայքում:

4. Շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով եւ ժամերով՝ սկսած հատուկ տարածք այն տեղափոխելու պահից:

5. Շրջիկ առեւտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը սահմանում է համայնքի ավագանին:

6. Շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու եւ այնտեղ պահպանելու համար գանձվում են վճարներ, որոնց չափը սահմանում է համայնքի ավագանին:

7. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առեւտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում է այդ մասին արձանագրություն կազմելուց հետո հատուկ տարածք տեղափոխման եւ պահպանման ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո:

8. Շրջիկ առեւտրի կետերի կամ տրանսպորտային միջոցների՝ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված չլինելու դեպքում դրանց փաստացի սեփականատերը կրում է իր սեփականության իրավունքը համապատասխան ապացույցներով հիմնավորելու պարտավորություն:»

Հոդված 2. Անցումային եւ եզրափակիչ դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից մեկ ամիս հետո:

2. Համայնքի ավագանին սույն օրենքով նախատեսվող որոշումներն ընդունում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ չորսամսյա ժամկետում: