Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-717-20.11.2023-ԳԿ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ԳԼՈՒԽ 1.

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է թանգարանների գործունեության հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանում է թանգարանների տեսակները, գործառույթները, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձեւավորման, համալրման, հաշվառման, պահպանության եւ անվտանգության իրավական հիմքերը:

Հոդված 2. Օրենքում օգտագործվող հասկացությունները

1. Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հասկացությունները.

1) թանգարան` ոչ առեւտրային կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որը հավաքում, պահպանում, ուսումնասիրում եւ հանրայնացնում է նյութական եւ ոչ նյութական պատմամշակութային ժառանգության առարկաներ(օբյեկտներ): Այն հասանելի է հանրությանը եւ գիտական ու մասնագիտական հենքով է իրականացնում սոցիալ-մշակութային, գիտահետազոտական, կրթական գործունեություն՝ նպաստելով գիտության եւ կրթության զարգացմանը, հասարակության կենսամակարդակի բարձրացմանը, ժամանցի կազմակերպմանը.

2) մշակութային արժեք՝ մշակույթի եւ արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ եւ արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական եւ գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ եւ ձեւեր, լեզուներ, բարբառներ եւ խոսվածքներ, ազգային ավանդույթներ եւ սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ եւ մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ).

3) թանգարանային առարկա` թանգարանային հաշվառում անցած եւ կարգավիճակ ստացած բնօրինակ մշակութային արժեք եւ/կամ գիտական սկզբնաղբյուր, որի հատուկ որակական հատկանիշներն անհրաժեշտ են դարձնում վերջինիս ներառումը թանգարանային հավաքածուի մեջ, մշտական պահպանությունն ու կիրառումը գիտության, կրթության առաջընթացի, ինքնության, արժեհամակարգերի ձեւավորման եւ փոփոխության նպատակով.

4) մշակութային առարկա` մարդկային հասարակության կենսագործունեության արգասիք համարվող առարկաներ, ներառյալ` համարանիշային (սերիական) արտադրության կամ զանգվածային արտադրության առարկաներ, ինչպես նաեւ ստեղծագործություններ, որոնք, անկախ ստեղծման ժամանակից, մշակութային արժեք չեն ներկայացնում եւ չեն ընդգրկվում թանգարանային հավաքածուի մեջ.

5) թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառում՝ թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաստատված կարգով ու հերթական համարանիշներով գրանցում, ուսումնասիրություն եւ փաստաթղթավորում.

6) թանգարանի գլխավոր մատյան՝ թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառման հիմնական փաստաթուղթ, որը տվյալներ է պարունակում թանգարանային առարկայի եւ հավաքածուի մասին.

7) Թանգարանային հավաքածու՝ թանգարանի տիրապետության տակ գտնվող, թանգարանի` թանգարանային առարկաների հաշվառման գլխավոր մատյանում ներառված թանգարանային բոլոր առարկաների ամբողջություն, որն ունի գիտական, պատմական, գեղարվեստական եւ մշակութային արժեք:

8) Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածու. մշտապես Հայաստանի Հանրապետության պահպանության ներքո գտնվող, թանգարանների գլխավոր մատյաններում հաշվառված եւ շարունակաբար համալրվող թանգարանների առարկաների եւ հավաքածուների ամբողջություն, որն անօտարելի է եւ Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության անբաժանելի մասն է.

9) Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային հավաքածու` Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մաս կազմող բացառիկ թանգարանային առարկաներ, որոնք ենթակա են հաշվառման հատուկ պահպանության համապատասխան պայմանակարգով.

10) Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ներառված յուրաքանչյուր թանգարանային առարկայի եւ հավաքածուի մասին հիմնական տեղեկություններ պարունակող շտեմարան (ռեեստր).

11) թանգարանային առարկայի եւ հավաքածուի պահպանում, անվտանգության ապահովում՝ թանգարանային առարկայի եւ հավաքածուի ամբողջության ապահովման համար գիտականորեն հիմնավորված պահպանության հատուկ ռեժիմի ստեղծում, բոլոր տեսակի ռիսկերից պաշտպանում եւ վտանգների կանխարգելում.

12) թանգարանային առարկայի եւ հավաքածուի ուսումնասիրում՝ տարբեր գիտական մեթոդների կիրառմամբ թանգարանային առարկաների եւ հավաքածուների բովանդակության բացահայտում, արձանագրում եւ համակարգում.

13) թանգարանային առարկայի եւ հավաքածուի հանրայնացում՝ թանգարանային առարկաների եւ հավաքածուների ներկայացումը հասարակությանը հանրային ցուցադրման, գիտակրթական գործունեության, տպագիր եւ էլեկտրոնային վերարտադրման եղանակներով.

14) թանգարանի հիմնական ցուցադրություն` Թանգարանի հավաքածուից ընտրված թանգարանային առարկաների եւ դրանց բացահայտման օժանդակ ու աջակցող միջոցներից կազմված առարկայական-տարածական թանգարանային հաղորդակցության միջավայր, որը գիտական, գեղարվեստական նախագծման, միջմասնագիտական համագործակցության արդյունքում է ստեղծվում՝ որպես թանգարանային հավաքածուի տեւական նպատակային հանրայնացման հիմնական հարթակ եւ թանգարանի գիտակրթական առաքելության իրականացման առաջնային միջոց.

15) Թանգարանային գործ՝ սոցիալ-մշակութային գործունեության մասնագիտական ոլորտ, որը ներառում է գիտատեսական, մեթոդական գիտելիքների, գործնական հմտությունների, կազմակերպչական-կառավարման օղակների ձեւավորում եւ կիրառում, միջգիտակարգային ու միջմասնագիտական համագործակցություն՝ ուղղված թանգարանային առարկաների եւ հավաքածուների բացահայտմանը, ձեռքբերմանը, հաշվառմանը, պահպանմանը, ուսումնասիրմանը, հանրայնացմանը, թանգարանների արդյունավետ կառավարմանն ու դրանց հասարակական նշանակության բարձրացմանը, թանգարանային ոլորտի մասնագետների պատրաստմանն ու թանգարանային գործունեության տարբեր ուղղությունների մեթոդաբանության մշակմանն ու դրանց կատարելագործմանը, թանգարանների արդիականցմանը:

Հոդված 3. Թանգարանների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը

1. Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ԳԼՈՒԽ 2.

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ, ԹԱՆԳԱՐԱՆԻ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄԸ, ՀԱՄԱԼՐՈՒՄԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ, ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ, ՕՏԱՐՈՒՄԸ ՈՒ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՈՒՄԸ

Հոդված 5. Թանգարանների տեսակները

1. Ըստ սեփականության ձեւի` թանգարանները լինում են`

1) պետական թանգարաններ՝ հիմնադրված Հայաստանի Հանրապետության կողմից՝ ի դեմս կառավարության,

2) համայնքային թանգարաններ՝ հիմնադրված տեղական ինքնակառավարման մարմինների կողմից,

3) ոչ պետական թանգարաններ՝ հիմնադրված իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից:

2. Թանգարանները ըստ հավաքածուի բնույթի լինում են`

1) պատմության թանգարաններ, որոնք ներառում են երկրի, ազգի, ժողովրդի, որեւէ դարաշրջանի կամ երեւույթի պատմությանը վերաբերող թանգարանային առարկաներ ու հավաքածուներ (հնագիտական, ազգագրական, երկրագիտական, գրականության եւ ճարտարապետության, պատմության թանգարան եւ այլն).

2) արվեստի թանգարաններ, որոնք ներառում են համաշխարհային եւ ազգային արվեստի նմուշներ (պատկերասրահ, ժամանակակից արվեստի, դեկորատիվ- կիրառական արվեստի, ժողովրդական արվեստի, լուսանկարչական արվեստի թանգարան եւ այլն).

3) բնագիտական թանգարաններ, որոնք ներառում են երկրաբանական, բուսական եւ կենդանական աշխարհի նմուշներ, հնէաբանական գտածոներ, տեխնիկայի առաջընթացը ներկայացնող առարկաներ եւ այլ վավերագրեր, (բնության, երկրաբանության, բժշկության, տիեզերքի, կապի, տեխնիկայի թանգարան եւ այլն).

4) հուշային թանգարաններ, որոնք ներառում են մեկ կամ մի քանի անձանց նվիրված թանգարանային առարկաներ եւ հավաքածուներ, (տուն-թանգարաններ, հուշաթանգարաններ եւ այլն).

5) թանգարան-ինստիտուտներ, որոնք ցուցադրություններին զուգահեռ թանգարանագիտության բնագավառում իրականացնում են ծրագրեր եւ հետազոտություններ,

6) որոշակի կազմակերպության պատմությանը կամ գործունեությանը նվիրված:

3. Թանգարանների դասակարգումը կատարվում է համապատասխան չափորոշիչների՝ լիազոր մարմնին կից գործող թանգարանային խորհրդի եզրակացության հիման վրա` լիազոր պետական մարմնի սահմանած կարգով:

Հոդված 6. Թանգարանի գործունեության նպատակները եւ գործառույթները

1. Թանգարանի գործունեության նպատակներն են.

1) բնության, նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը եւ փոխանցումը սերունդներին.

2) գիտականորեն համակարգված, հաշվառված թանգարանային առարկաների եւ հավաքածուների ձեւավորումը.

3) ազգային արժեհամակարգի եւ քաղաքացիական հասարակության ձեւավորմանը նպաստելը:

2. Թանգարանի գործառույթներն են.

1), թանգարանային առարկաների եւ հավաքածուների հավաքումը, համալրումը, հաշվառումը, պահպանումը եւ պաշտպանումը,

2) թանգարանային առարկաների եւ հավաքածուների դասակարգումը, հետազոտումը, հրատարակումը եւ թվայնացումը,

3) թանգարանային առարկաների եւ հավաքածուների հանրայնացումը (ցուցադրում, հրապարակում),

4) ճանաչողական եւ մշակութային ծրագրերի իրականացումը,

5) գիտակրթական եւ կրթամշակութային ծառայությունների մատուցումը:

Հոդված 7. Թանգարանի առարկաների եւ հավաքածուների հաշվառում

1. Թանգարանի կողմից թանգարանային, մշակութային առարկաները եւ հավաքածուները ենթակա են հաշվառման: Դրանց հաշվառման կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը:

2. Պետական եւ համայնքային թանգարանների հավաքածուներում հաշվառված պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող թանգարանային առարկաները եւ հավաքածուները հիմնադրի կողմից ամրացվում են թանգարանին որոշակի ժամկետով կամ անժամկետ` անհատույց օգտագործման իրավունքով:

3. Պետական եւ համայնքային թանգարանի գործունեության դադարեցման դեպքում թանգարանի հաշվառած թանգարանային, մշակութային առարկաներն ու հավաքածուները հիմնադրի կողմից ամրացվում են այլ պետական կամ համայնքային թանգարանի:

4. Թանգարանի կողմից հաշվառված թանգարանային հավաքածուները բաժանման (մասնատման) ենթակա չեն:

Հոդված 8. Թանգարանի հավաքածուի ձեւավորումը եւ համալրումը

1. Թանգարանի հավաքածուն ձեւավորվում է մեկ կամ մի քանի թեմայի (կամ գաղափարի) շուրջ` ըստ անհրաժեշտության համալրվող թանգարանային առարկաների եւ հավաքածուների հիման վրա:

2. Պետական թանգարանի հավաքածուն համալրվում է օրենքով չարգելված միջոցներով՝ թանգարանի առաքելությանը եւ համալրման ռազմավարությանը համապատասխան, որը հաստատում է լիազոր պետական մարմինը, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի:

3. Պետական եւ համայնքային թանգարանի ղեկավարը իր հավաքածուների համալրման գործընթացը կազմակերպելու նպատակով ստեղծում է ֆոնդային-գնահատող հանձնաժողով, որի աշխատակարգի օրինակելի ձեւը հաստատում է լիազոր պետական մարմինը:

Հոդված 9. Պետական եւ համայնքային թանգարանի հավաքածուի համալրման հիմնական եղանակները

1. Պետական կամ համայնքային թանգարանների թանգարանային հավաքածուները համալրվում են հետեւյալ եղանակներով.

1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից թանգարանին թանգարանային առարկայի ամրացում,

2) թանգարանի կողմից գնում,

3) նվիրատվության ստացում,

4) հնագիտական պեղումներ իրականացնող անձի կամ կազմակերպության կողմից հայտնաբերված գտածոների անհատույց ստացում,

5) օրենքով չարգելված այլ եղանակներով:

Հոդված 10. Թանգարանի թանգարանային, մշակութային առարկաների եւ հավաքածուների պահպանությունը եւ անվտանգության ապահովումը

1. Թանգարանի թանգարանային, մշակութային առարկաները եւ հավաքածուները վերցվում են մշտական պահպանության:

2. Թանգարանի թանգարանային, մշակութային առարկաների եւ հավաքածուների պահպանությունն ապահովելու համար թանգարաններում սահմանվում է պայմանակարգ եւ պարբերաբար կամ ըստ անհրաժեշտության իրականացվում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների ամրակայում եւ վերականգնում:

3. Թանգարանի թանգարանային առարկաների եւ հավաքածուների ամրակայման եւ վերականգնման աշխատանքները իրականացնում է համապատասխան որակավորում ունեցող մասնագետը (վերականգնողը):

4. Թանգարանի ղեկավարը պարտավոր է ապահովել թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունն ու անվտանգությունը:

Հոդված 11. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների ժամանակավոր պահպանությունը

1. Թանգարանները կարող են պայմանագրի հիման վրա` վճարովի կամ անվճար հիմունքներով իրականացնել թանգարանային առարկաների եւ հավածաքուների ժամանակավոր պահպանություն՝ դրանք չընդգրկելով տվյալ թանգարանի գլխավոր մատյանում:

2. Պետական եւ համայնքային թանգարանները թանգարանային առարկաները եւ հավաքածուները կարող են ժամանակավոր պահպանության հանձնել այլ թանգարանների կամ կազմակերպությունների` պայմանագրի հիման վրա առավելագույն 3 տարով լիազոր մարմնի համաձայնությամբ:

3. Պետական թանգարանի թանգարանային առարկայի կամ հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնումն իրականացվում է լիազոր պետական մարմնի որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի կամ հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնումը` համայնքի ավագանու որոշմամբ:

4. Պետական թանգարանի թանգարանային եւ մշակութային առարկաները արարողակարգային եւ աշխատասենյակներիի ներքին ձեւավորման նպատակով՝ տրամադրվում են միայն Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին, փոխվարչապետի գրասենյակին եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը՝ պայմանով որ ապահովի թանգարանային առարկաների պահպանությունը եւ ջերմախոնավային ռեժիմը:

Հոդված 12. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների մատչելիության ապահովումը եւ հանրայնացման (հրապարակման) իրավունքը

1. Թանգարանային առարկաները եւ հավաքածուները հասանելի են հանրության համար` բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

2. Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային հավաքածույում ընդգրկված թանգարանային եւ մշակութային արժեք ներկայացնող առարկաների վերաբերյալ տեղեկությունները կարող են տրամադրվել միայն օրենքով` պետական անվտանգության, երկրի տնտեսական բարեկեցության, հանցագործությունների կանխման կամ բացահայտման, հասարակական կարգի պաշտպանության նպատակով:

3. Թանգարանից օգտվողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են թանգարանների ներքին կանոնակարգով: Թանգարանների ներքին կանոնակարգի օրինակելի ձեւը հաստատում է լիազոր պետական մարմինը:

4. Թանգարանի գույքամատյանը հասանելի է միայն թանգարանի ղեկավարին եւ գլխավոր ավանդապահին (ֆոնդապահ): Գլխավոր մատյանին հասանելիություն թույլատրում է պետական լիազոր մարմի կողմից: Գույքամատյանում գրանցումներ կատարում է միայն թանգարանի գլխավոր ավանդապահը:

5. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների հասանելիությունը կարող է սահմանափակվել`

1) դրանց պահպանվածության ոչ բավարար վիճակի դեպքերում,

2) դրանց վերականգնման ընթացքում լինելու դեպքում:

6. Բացառությամբ «Հեղինակային եւ հարակից իրավունքների մասին» օրենքով նախատեսված դեպքերի՝ թանգարանային առարկաների եւ հավաքածուների, թանգարանի շենքերի կամ նրա համալիրի մասերի գծապատկերները, տեսապատկերները, կրկնօրինակները եւ դրանց վերաբերյալ տեղեկույթը գովազդային նպատակով, որպես խորհրդանիշ` հուշանվերների կամ այլ ապրանքների արտադրության համար տրամադրելը ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կատարվում է պետական եւ համայնքային թանգարանների դեպքում լիազոր մարմնի համաձայնությամբ, իսկ ոչ պետական թանգարանների դեպքում՝ սեփականատիրոջ կամ գործադիր մարմնի ղեկավարի թույլտվությամբ:

7. Այն թանգարանային շենքերը, որոնք պատմամշակութային հուշարձաններ են, երրորդ անձանց կողմից դրանց ֆոտոպատկերները, տեսապատկերները կամ գծապատկերները գովազդային նպատակով որպես խորհրդանիշ, պիտակ, հուշանվերների եւ այլ ապրանքների արտադրության համար օգտագործելը կատարվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

8. Արգելվում է թանգարանին հանձնված շենքերում եւ տարածքներում իրականացնել այնպիսի գործունեություն, որը կարող է վտանգել թանգարանային առարկաները եւ հավաքածուն կամ հակասում է թանգարանի գործունեության նպատակներին:

Հոդված 13. Թանգարանային առարկաների եւ հավաքածուների օտարումը, նվիրատվությունն ու հաշվառումից հանելը,

1. Պետական կամ համայնքի uեփականությունը հանդիսացող թանգարանային առարկան կամ հավաքածուն օտարման ենթակա չէ: Թանգարանային առարկաները չեն կարող օգտագործվել որպես պարտքը մարելու միջոց կամ գրավի առարկա, ինչպես նաեւ օտարման վերաբերյալ չեն կարող կնքվել գործարքներ:

2. Արգելվում է պետական սեփականություն համարվող եւ հավաքածուներում հաշվառված թանգարանային առարկանների նվիրատվությունը:

3. Պետական կամ համայնքի uեփականությունը հանդիսացող թանգարանային առարկան կարող է փոխանակվել թանգարանային համարժեք այլ առարկայով թանգարանի միջնորդությամբ` մշակութաբանական եւ արվեստաբանական փորձաքննության եզրակացության հիման վրա, որը տրամադրվում է համապատասխան գործունեություն իրականացնող կազմակերպության կողմից:

4. Պետական թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումը իրականացվում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի փոխանակումը` համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

5. Պետական կամ համայնքի uեփականությունը հանդիսացող թանգարանային առարկան կամ հավաքածուն թանգարանի հավաքածուի հաշվառումից կարող են հանվել`

1) թանգարանային առարկայի կամ հավաքածուի ոչնչացման (քայքայման) դեպքում` մշակութաբանական եւ արվեստաբանական անկախ փորձաքննության եզրակացու թյան հիման վրա (բացառությամբ բնագիտական թանգարանների),

2) թանգարանային առարկայի կամ հավաքածուի` դատարանի որոշմամբ նախկին տիրապետողին վերադարձնելու դեպքում,

3) թանգարանային առարկայի կամ հավաքածուի փոխանակման եւ մեկ այլ թանգարանի փոխանցելու դեպքում:

6. Պետական սեփականութjուն համարվող թանգարանային առարկան կամ հավաքածուն (բացառությամբ բնագիտական թանգարանների) հաշվառումից հանվում է լիազոր պետական մարմնի ներկայացմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկան կամ հավաքածուն` համայնքի ավագանու որոշմամբ համայնքի ղեկավարի ներկայացմամբ:

7. Պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող թանգարանային հավաքածուներից կորած (գտնվելու վայրը անհայտ) առարկաները չեն կարող հանվել հաշվառումից եւ մնում են հաշվառված:

8. Ոչ պետական թանգարանի թանգարանային, մշակութային առարկաները եւ հավաքածուները կարող են օտարվել սեփականատիրոջ կամ հիմնադրի որոշմամբ:

9. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մեջ ընդգրկված ոչ պետական թանգարանի թանգարանային առարկաները եւ հավաքածուները (ամբողջական կամ առանձին) կարող են օտարվել` այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով լիազոր պետական մարմնին: Օտարման մասին տեղեկություն չհայտնելու դեպքում թանգարանային առարկան եւ հավաքածուն չեն հանվում Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուից:

10. Արգելվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մեջ ընդգրկված թանգարանային առարկաների կամ դրանց առանձին մասերի (պատկանելիքների) օտարումը եւ/կամ օգտագործումը՝ որպես պարտավորու թյունների կատարման ապահովման միջոց:

ԳԼՈՒԽ 3.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿԸ, ԱՌԱՐԿԱՅԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՈՒՄԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԿԱԶՄԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ եՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

Հոդված 14. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն` որպես Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ մաս

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության բաղկացուցիչ, անբաժանելի մասն է:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը (ռեեստրը) վարում է լիազոր պետական մարմինը:

3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մասին կանոնակարգը եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածույում թանգարանային առարկաները եւ հավաքածուները ընդգրկելու եւ հանելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված, պետական թանգարանների հիմնական հավաքածուներում ընդգրկված եւ համայնքներին հանձնված թանգարանային առարկաները, հավաքածուները համարվում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը, որի կառավարումն իրականացնում է լիազոր պետական մարմինը:

5. Պետական եւ համայնքային թանգարանների վերակազմակերպումից եւ գործունեության դադարեցումից հետո Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածույում ընդգրկված թանգարանային առարկաները եւ հավաքածուները մնում են Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:

Հոդված 15. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմը եւ այդ կազմում թանգարանների հավաքածուների ընդգրկումը

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուն կազմված է պետական, համայնքային եւ ոչ պետական թանգարանների հավաքածույում ընդգրկված թանգարանային առարկաներից եւ հավաքածուներից:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի համայնքային մասն են կազմում այն թանգարանների հիմնական հավաքածուներում ընդգրկված թանգարանային առարկաները եւ հավաքածուները, որոնց հիմնադիրն է հանդիսանում համայնքը:

3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմը համալրվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մասին կանոնակարգին համապատասխան թանգարանների հավաքածուի առարկայացուցակում գրանցվելու պահից:

4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածույում ընդգրկված թանգարանի հավաքածուի սեփականատիրոջը լիազոր պետական մարմնի կողմից տրվում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածույում ընդգրկելու մասին վկայական: Վկայականի ձեւը սահմանում է լիազոր պետական մարմնի կողմից:

5. Ոչ պետական թանգարանային առարկաների ընդգրկումը Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում իրականացվում է կամավոր սկզբունքով:

Հոդված 16. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը կազմված է պետական, համայնքային եւ ոչ պետական թանգարանների հավաքածուներում ընդգրկված թանգարանային առարկաներից եւ հավաքածուներից:

2. Առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվանշայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման եւ տրամադրման կարգը հաստատում է լիազոր պետական մարմինը:

Հոդված 17. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում փոփոխություն կատարելը

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմից թանգարանային առարկան հանված է համարվում Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում այդ մասին նշում կատարելու օրվանից:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի համայնքային մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է համայնքի ավագանու որոշմամբ՝ համայնքի ղեկավարի ներկայացմամբ, որի օրինակը ներկայացվում է լիազոր պետական մարմին Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում համապատասխան փոփոխություն կատարելու համար:

4. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ոչ պետական մասում ընդգրկված թանգարանային առարկան կամ հավաքածուն Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակից հանվում է սեփականատիրոջ դիմումի համաձայն:

5. Պետական ու համայնքային սեփականություն համարվող մշակութային արժեքները եւ հավաքածուները երեք տարին մեկ ենթակա են վերագնահատման, որի ընթացակարգը սահմանվում է լիազոր պետական մարմնի որոշմամբ:

Հոդված 18. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունը եւ ժամանակավոր արտահանումը

1. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանությունը ապահովում է Հայաստանի Հանրապետությունը:

2. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաները եւ հավաքածուները ենթակա չեն մշտական արտահանման Հայաստանի Հանրապետության տարածքից:

3. Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկանների ժամանակավոր արտահանման առավելագույն ժամկետը 1 տարի է՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված դեպքերի:

4. Թանգարանային առարկաների ժամանակավոր արտահանումը իրականացվում է «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով եւ միջազգային պայմանագրերով:

Հոդված 19. Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային հավաքածուի կազմը

1. Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկվում են պետական, համայնքային թանգարանների բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաները եւ հավաքածուները: Թանգարանների հավաքածուներից բացառիկ արժեք ունեցող թանգարանային առարկաների եւ հավաքածուների ընտրության չափորոշիչները, Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկելու կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

2. Ֆիզիկական եւ իրավաբանական անձանց սեփականությունը համարվող` բացառիկ արժեք ունեցող առարկաները եւ հավաքածուները, Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային հավաքածուի կազմում կարող են ընդգրկվել սեփականատիրոջ գրավոր համաձայնությամբ:

3. Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային հավաքածուի կազմում ընդգրկված թանգարանային առարկաները եւ հավաքածուները ենթակա չեն մասնավորեցման (սեփականաշնորհման), վաճառքի, փոխանակության, նվիրատվու թյան, նվիրաբերության, ինչպես նաեւ չեն կարող դառնալ այլ գործարքի առարկա:

Հոդված 20. Թանգարանների օգտագործումը

1. Թանգարանները գերազանցապես օգտագործվում են գիտական, կրթական, մշակութային, զբոսաշրջային եւ բնապահպանական նպատակներով, ինչպես նաեւ իրենց գործառնական նշանակությամբ:

2. Թանգարանների օգտագործումը տնտեսական նպատակներով թույլատրվում է, եթե այդպիսի օգտագործումը չի խոչընդոտում բուն թանգարանի գործունեությանը:

Հոդված 21. Թանգարանների ձեռնարկատիրական գործունեությունը

1. Թանգարանը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել միայն օրենքով կամ հիմնադրի որոշմամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում եւ գործունեության տեսակներով:

2. Ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է դրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար:

ԳԼՈՒԽ 4.

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ, ԼԻԱԶՈՐ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ, ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՈՒ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 22. Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) սահմանում է թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պահպանության եւ օգտագործման ոլորտում պետական քաղաքականության իրականացումը.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պետական մասի եւ Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային հավաքածուի պահպանությունը, համալրումը եւ օգտագործումը.

3) ստեղծում է թանգարաններ, արգելոց-թանգարաններ եւ թանգարան-ինստիտուտներ:

Հոդված 23. Թանգարանների բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմնի լիազորությունները

1. Լիազոր պետական մարմինը`

1) հսկողություն է իրականացնում իր ենթակայության պետական թանգարանների գործունեության նկատմամբ.

2) վարում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակը (ռեեստրը) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

3) հաստատում է պետական թանգարանների զարգացման հայեցակարգերը, ծրագրերը, հիմնական ցուցադրության գիտական պլանը եւ հիմնական ցուցադրության գեղարվեստական նախագծերը.

4) հսկողություն է իրականացնում թանգարանի թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանության կանոնների նկատմամբ.

5) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բռնագրավված, հօգուտ պետությանը տիրազուրկ ճանաչված եւ ժառանգության իրավունքով պետությանն անցած, անտնտեսվար պահվող թանգարանային առարկաների եւ հավաքածուների պետական թանգարաններ մշտական պահպանության հանձնումը.

6) ապահովում է թանգարանների թանգարանային առարկաների եւ հավաքածուների վերականգնումը.

7) սահմանում է թանգարանային աշխատողների մասնագիտական որակավորման չափանիշերը.

8) սահմանում է իր ենթակայության թանգարանի աշխատողների պաշտոնների օրինակելի նկարագիրը.

9) կազմակերպում է թանգարանի աշխատողների վերապատրաստման, որակավորման բարձրացման համակարգի զարգացման ծրագրերի մշակումը եւ դրանց իրականացումը.

10) հաստատում է թանգարանների ֆոնդային-գնահատող հանձնաժողովի աշխատակարգի օրինակելի ձեւը.

11) հսկողություն է իրականացնում թանգարաններին ամրացված պետական սեփականության օգտագործման եւ պահպանության նկատմամբ, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի.

12) հաստատում է թանգարանային աշխատողների ատեստավորման կարգի օրինակելի ձեւը.

13) հաստատում է թանգարանների, արգելոց-թանգարանների մշտական ցուցադրության այցելության տոմսերի, մասնագիտական լուսանկարման եւ տեսագրման սակագները, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի.

14) հաստատում է թանգարանի թանգարանային առարկաների եւ հավաքածուների պահպանության կանոնները.

15) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ,

16) հաստատում է թանգարաններից անվճար օգտվողների եւ թանգարանների կողմից մատուցվող ծառայությունների ցանկերը եւ սակագները, եթե այդ լիազորությունը թանգարանի կանոնադրությամբ վերապահված չէ այլ մարմնի.

17) իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական մշակութային արժեքների հաշվառման, ուսումնասիրման աշխատանքներ՝ այդ երկրի օրենսդրության, միջազգային իրավունքի սկզբունքների եւ նորմերի շրջանակներում.

18) սահմանում է թանգարանի թանգարանային, մշակութային առարկաների եւ հավաքածուների պահպանության պայմանակարգ.

19) սահմանում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների ժամանակավոր պահպանության ընթացակարգը.

20) իրականացնում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի պահպանության նկատմամբ հսկողություն.

21) հաստատում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների վերականգնողի որակավորման կարգը եւ չափորոշիչները.

22) հաստատում է ռազմական դրության ժամանակ եւ արտակարգ իրավիճակում Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածույում եւ Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային հավաքածույում ընդգրկված թանգարանային առարկաների եւ հավաքածուների տարհանման եւ դրանց պաշտպանության կարգը.

23) հաստատում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի եւ Հայաստանի Հանրապետության ազգային թանգարանային հավաքածուի մասին կանոնակարգը եւ վկայականի ձեւը.

24) հաստատում է Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի առարկայացուցակում ընդգրկված թանգարանային առարկաների ու հավաքածուների թվանշայնացված տեղեկույթի ստեղծման, վարման, օգտագործման եւ տրամադրման կարգը.

25) սահմանում է պետական եւ համայնքային թանգարանների հավաքածուի հասանելիության ապահովման կարգը.

26) հաստատում է թանգարանային առարկաների եւ հավաքածուների հաշվառման, պահպանության, անվտանգության, կոնսերվացման, ամրակայման եւ վերականգնման աշխատանքների իրականացման կարգը:

Հոդված 24. Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ոլորտում Տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները

1. Թանգարանային ոլորտում տեղական ինքնակառավարման մարմիններն իրականացնում են «Տեղական ինքնակառավարման մասին» եւ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված լիազորությունները:

Հոդված 25. Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ոլորտում Տարածքային կառավարման եւ այլ պետական մարմինների լիազորությունները

1. Տարածքային կառավարման եւ այլ պետական մարմինները`

1) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով եւ այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

Հոդված 26. Թանգարանների խորհրդի լիազորությունները

1. Թանգարանների խորհուրդը հասարակական հիմունքներով գործող խորհրդակցական մարմին է, որի նպատակն է թանգարանային գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելն է:

2. Թանգարանների խորհրդը կազմված է 15 անդամից: Խորհրդը բաղկացած է մշակույթի բնագավառի լիազոր պետական մարմնի հինգ, զբոսաշրջության բնագավառի լիազոր պետական մարմնի, տարածքային կառավարման բնագավառի լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի մեկական ներկայացուցիչներից, ինչպես նաեւ կարող են ռոտացիոն կարգով ընդգրկվել թանգարանների (անկախ ենթակայությունից եւ սեփականության ձեւից), մշակութային հասարակական կազմակերպությունների մեկական ներկայացուցիչներ, գիտնականներ, մասնագետներ: Ի պաշտոնե խորհրդի նախագահն է մշակույթի բնագավառի լիազոր պետական մարմնի ղեկավարը:

3. Թանգարանների խորհուրդը առաջարկություններ է ներկայացնում լիազոր պետական մարմին` թանգարանների գործունեության եւ գործունեությանը նպաստող պետական ռազմավարության մշակման, թանգարանային քաղաքականության, գիտական ծրագրերի վերաբերյալ:

4. Թանգարանների խորհրդի աշխատակարգը եւ անհատական կազմը հաստատում է ` լիազոր պետական մարմնը` 3 տարի ժամկետով:

ԳԼՈՒԽ 5.

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

Հոդված 27. Թանգարանների ֆինանսավորումը

1. Պետական թանգարանների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

2. Համայնքային թանգարանների ֆինանսավորումն իրականացվում է համայնքի բյուջեի եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

ԳԼՈՒԽ 6.

ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԽԱԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 28. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

1. Սույն օրենքի պահանջները խախտող անձինք կրում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն:

Հոդված 29. Թանգարանային եւ մշակութային առարկաներին վնաս պատճառելու դեպքում դրանց վերականգնումը ու վնասի հատուցումը

1. Թանգարանային եւ մշակութային առարկաների վնասի կամ պահպանության կանոների խախտման արդյունքում վնաս պատճառած իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը սեփական միջոցների հաշվին, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:



ԳԼՈՒԽ 7.

ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30. Օրենքի ուժի մեջ մտնելը

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են սույն օրենքի ուժի մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները

Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 18.11.2021թ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված 32-րդ կետի 32,2 ենթակետի ծրագրից: Միաժամանակ, ՀՀ-ԵՄ ՀԸԳՀ ճանապարհային քարտեզի միջոցառումների կատարման պահանջով:

Վերջին տարիներին նյութական եւ ոչ նյութական մշակութային ժառանգության վերաբերյալ ընդունվել են մի շարք ՀՀ օրենքներ («Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին», «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին», «Արխիվային գործի մասին», «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին», «Գրադարանների եւ գրադարանային գործի մասին»), որոնք կարգավորում են մեր մշակութային ժառանգության բնագավառները: Չկարգավորված է մնում թանգարանների ոլորտը: Օրենքի նախագիծը մշակելու նպատակով նախարարության կողմից ուսումնասիրվել է թանգարանային գործի զարգացվածության մակարդակով աչքի ընկնող մի շարք երկրների (Կանադա, ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա, Գերմանիա, Լատվիա, Ճապոնիա) թանգարանային ոլորտը կարգավորող օրենսդրական ակտերը, ինչպես նաեւ ԱՊՀ երկրների թանգարանային գործը կարգավորող օրենսդրությունը:

Օրենքի նախագծում կիրառվել է նաեւ Միավորված ազգերի կազմակերպության ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Թանգարանային միջազգային խորհրդի /այսուհետ` ԻԿՕՄ/ կողմից ընդունված Թանգարանների աշխատողների մասնագիտական վարքագծի կանոնագիրքը, ինչը եվրոպական պետությունների` Գերմանիայի Դաշնության, Լյուքսեմբուրգի, Իտալիայի թանգարանների ղեկավարման համար ճանաչվել է իրավական փաստաթուղթ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները

Կարգավորված չեն մշակութային ժառանգության անբաժանելի մաս կազմող Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի, ինչպես նաեւ յուրաքանչյուր թանգարանի հավաքածուի օգտագործման, տնօրինման, թանգարանների ստեղծման (անկախ սեփականության ձեւից) խնդիրները:

Սույն նախագծում սահմանվել եւ ճշգրտվել են օրենքի կարգավորման առարկան, օրենքի խնդիրները, թանգարանների ստեղծման նպատակները եւ սկզբունքները, հստակ սահմանվել են օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները: Ներկայացված նախագծով կարգավորվում են ոչ միայն պետական թանգարանային հավաքածուի հետ առնչվող հարաբերությունները, այլեւ ոչ պետական թանգարաններին առնչվող հարաբերությունները:

Նախագծում կարգավորվել են պետական uեփականություն չհանդիսացող մշակութային արժեքները Հայաստանի Հանրապետության պետական թանգարաններում ժամանակավոր պահպանության հանձնելու, թանգարանի ֆոնդերը թանգարանային առարկաներով համալրելու, հաշվառելու, հանրայնացնելու սկզբունքները, թանգարանների եւ հավաքածուների սեփականատերերին պետական աջակցության ձեւերը: Հստակեցվել է թանգարանների հավատարմագրման եւ կարգավիճակ ստանալու ընթացակարգը:

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում:

Հավելենք, նաեւ որ 2023 թվականի հուլիսի 17-18-ը Եվրոպական Միության ԹԱՅԵՔՍ տեխնիկական օժանդակության եւ տեղեկատվության փոխանակման գործիքի շրջանակում նախագիծը քննարկվել է փորձագիտական առաքելության կողմից՝ առցանց ձեւաչափով:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության եւ պաշտպանության համակարգված գործունեությունը, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունների կարգավորումը մշակույթի բնագավառում: Ուստի անհրաժեշտություն է դարձել «Թանգարանների եւ Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունումը:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից:

5. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվի մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության եւ անվտանգության համակարգված գործունեությունը, կկարգավորվեն թանգարանների ստեղծման, գործունեության, գործունեության դադարեցման, Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուի ձեւավորման, համալրման, հաշվառման եւ պահպանության հետ կապված հարաբերությունները, մշակույթի ոլորտում տնտեսական նոր մեխանիզմների եւ շուկայական հարաբերությունների զարգացումը, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց միջեւ ծագող հարաբերությունները մշակույթի բնագավառում:

Լրացուցիչ ֆինանսական սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն չի առաջանա:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերի ընդունումը կապված է 2021 թվականի օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության N 1363-Ա որոշմամբ հաստատված 2021-2026 թթ. ծրագրի 4.9 գլխի Հայկական պատմամշակութային ժառանգության /նյութական եւ ոչ նյութական/ պահպանության, ուսումնասիրության, օգտագործման եւ հանրայնացման շարունակականության ապահովում ու իրավական դաշտի կատարելագործում պարբերություններից:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


«Թանգարանների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն