ԳԼՈւԽ 1.
ԸՆԴՀԱՆՈւՐ ԴՐՈւՅԹՆԵՐ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է շաքարախտով հիվանդների բժշկասոցիալական պաշտպանության պետական երաշխիքների ապահովման, ինչպես նաեւ շաքարախտի կանխարգելմանն ու բուժմանը ուղղված միջոցառումների իրականացման առնչությամբ ծագող հարաբերությունները։
Հոդված 2. Շաքարախտով հիվանդների բժշկասոցիալական պաշտպանության հասկացությունը
Շաքարախտով հիվանդների բժշկասոցիալական պաշտպանությունը պետության կողմից երաշխավորված հատուկ տնտեսական, սոցիալական, իրավական, բժշկական եւ կազմակերպատեխնիկական միջոցների համակարգ է, որն ապահովում է շաքարախտով հիվանդների խնամքն ու կենսագործունեության պայմանները։
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները եւ սահմանումները
Սույն օրենքում օգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացություններն ու սահմանումները.
շաքարախտ՝ խրոնիկական հիվանդություն, որը բնութագրվում է ինսուլինի /ենթաստամոքսային գեղձի հորմոնի/ անբավարարության հետեւանքով արյան մեջ շաքարի պարունակության /գլյուկոզայի/ բարձր մակարդակով.
առաջին տիպի շաքարախտ՝ հիվանդություն, որի դեպքում ենթաստամոքսային գեղձը չի մշակում սեփական ինսուլինը, ինչն անհրաժեշտություն է առաջացնում ինսուլինի ամենօրյա բազմակի ներարկումների.
երկրորդ տիպի շաքարախտ՝ հիվանդություն, որի դեպքում ենթաստամոքսային գեղձը մշակում է ոչ բավարար քանակության ինսուլին, ինչն անհրաժեշտություն է առաջացնում շաքարիջեցնող դեղահաբ պատրաստուկների ընդունման կամ ինսուլինաբուժման նշանակման.
ինքնավերահսկողության միջոցներ՝ ախտորոշիչ թեստ-թերթիկներ եւ սարքեր /արյան մեջ շաքարի պարունակության չափիչներ/, որոնք թույլ են տալիս շաքարախտով հիվանդին ինքնուրույն որոշել արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը.
դիաբետային ռետինոպաթիա /աչքերի ախտահարումով շաքարախտ/՝ շաքարախտի անոթային բարդացում, որը հանգեցնում է աչքի ցանցենու շերտազատմանը եւ տեսողության կորստի.
դիաբետային նեֆրոպաթիա /երիկամների ախտահարումով շաքարախտ/՝ շաքարախտի հետեւանքով երիկամների ախտահարում, որը հանգեցնում է երիկամային սուր անբավարարության.
շաքարախտային ոտնաթաթի համախտանիշ՝ շաքարախտի հետեւանքով առաջացած ստորին վերջույթների ախտաբանական վիճակ, որը հաճախ հանգեցնում է ախտահարում, հաշմանդամություն եւ անդամահատում հարուցող սննդախանգար խոցերի առաջացմանը։
Հոդված 4. Շաքարախտով հիվանդների բժշկասոցիալական պաշտպանության մասին օրենսդրության գործողության ոլորտը
Շաքարախտով հիվանդների բժշկասոցիալական պաշտպանության մասին օրենսդրությունը տարածվում է առողջապահության ոլորտի լիազորված պետական մարմինների կողմից սահմանված կարգով հաստատված «շաքարախտ» ախտորոշմամբ բոլոր հիվանդների վրա։
Հոդված 5. Շաքարախտով հիվանդների բժշկասոցիալական պաշտպանության մասին օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինները
Շաքարախտով հիվանդների բժշկասոցիալական պաշտպանության մասին օրենսդրության պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող մարմիններն են առողջապահության ոլորտի լիազորված պետական մարմինը, արհեստակցական միությունները եւ շաքարախտով հիվանդների հասարակական կազմակերպությունները։
Հոդված 6. Շաքարախտով հիվանդների բժշկասոցիալական պաշտպանության հետ կապված ծախսերի ֆինանսավորումը
Շաքարախտով հիվանդների բժշկասոցիալական պաշտպանության հետ կապված ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ ՀՀ կառավարության կողմից հաստատած շաքարախտի կանխարգելման եւ բուժման ազգային ծրագրին համապատասխան։
Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված ծախսերի փոխհատուցումն իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին։
ԳԼՈւԽ 2.
ՇԱՔԱՐԱԽՏԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈւԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄԸ
Հոդված 7. Շաքարախտով հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերելու համակարգի կատարելագործումը
Շաքարախտով հիվանդներին բժշկական օգնություն ցուցաբերելու համակարգի կատարելագործման հիմնական ձեւերն են.
1. առաջին եւ երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների համար ազգային եւ տարածքային մասնագիտացված շաքարախտաբանական կենտրոնների կազմակերպումը, որը նախատեսում է ակնաբուժության, սրտաբանության եւ միզաբանության բաժանմունքների, ընտանիքի պլանավորման եւ շաքարախտային ոտնաթաթի կաբինետների առկայություն.
2. շաքարախտով հիվանդ երեխաների եւ անչափահասների համար տարածքային շաքարախտաբանական կենտրոնների կազմակերպումը.
3. «Շաքարախտ եւ հղիություն» տարածքային կենտրոնների կազմակերպումը.
4. շաքարախտով հիվանդների հաշվառման ազգային եւ տարածքային պետական գրանցամատյանների ստեղծումը.
5. միջազգային նորմերին եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ցուցումներին համապատասխան շաքարախտով հիվանդների բուժման ազգային չափորոշիչների մշակումը.
6. շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնության բրիգադներին արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը որոշող միջոցներով ապահովումը։
Հոդված 8. Շաքարախտաբանական ծառայության բարձրորակ կադրերի պատրաստումը
Շաքարախտաբանական ծառայության բարձրորակ կադրերի պատրաստումը նախատեսում է.
1. բարձրագույն բժշկական ուսումնական հաստատությունների ուսանողների համար ըստ «շաքարախտ» հիվանդության ուսումնական ծրագրերի մշակում.
2. բժիշկների եւ բուժաշխատողների հետբուհական կրթության ուսումնական հաստատություններում շաքարախտաբանության ամբիոնների հիմնադրում.
3. շաքարախատաբան-բժիշկների եւ շաքարախտային ոտնաթաթի մասնագետ- բժիշկների հետբուհական կրթության ազգային չափորոշիչների համաձայնեցում.
4. «շաքարախտաբան-բուժքույր» մասնագիտությամբ որակավորման չափորոշիչների հաստատում.
5. շաքարախտով հիվանդների հետ տարվող աշխատանքի նպատակով դիետաբույժների եւ հոգեբանների պատրաստման հետբուհական կրթության ուսումնական հաստատություններում համապատասխան ուսումնական դասընթացների կազմակերպում։
Հոդված 9. Խորհրդատվություն շաքարախտով հիվանդներին
Շաքարախտով հիվանդների ծանոթացումը ինքնավերահսկողության հիմունքներին իրականացվում է պետական բժշկական հաստատություններին կից մասնագիտացված խորհրդատվական կենտրոնների կազմակերպման միջոցով /յուրաքանչյուր երկու հարյուր հազար բնակչությանը՝ մեկ կենտրոն համամասնությամբ/։ Այդ կենտրոններում պարապմունքներն իրականացնում են մասնագետների խմբերը, որոնք բաղկացած են տվյալ կենտրոնի հաստիքացուցակում ընդգրկված շաքարախտաբան-բուժքրոջից, դիետաբույժից եւ հոգեբանից։
Շաքարախտով հիվանդների խորհրդատվական կենտրոնների բժշկատեխնիկական հանդերձումն իրականացվում է առողջապահության ոլորտի լիազորված պետական մարմնի հաստատած ցանկին համապատասխան։
ԳԼՈւԽ 3.
ՇԱՔԱՐԱԽՏԻ ԵՎ ՆՐԱ ԲԱՐԴՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւՄԸ
Հոդված 10. Շաքարախտի վաղ շրջանի ախտորոշումը
Շաքարախտի վաղ շրջանի ախտորոշումն իրականացվում է բնակչության զանգվածային հետազոտության /սքրինինգ/ իրականացնելու միջոցով՝ շաքարախտով հիվանդ կամ շաքարախտով հիվանդանալու ռիսկի խմբում ընդգրկված անձանց, ինչպես նաեւ շաքարախտի նկատմամբ հակվածությունը հայտնաբերելու համար՝ շտապ ախտորոշման մեթոդների կիրառմամբ։
Մանկահասակ բնակչության շրջանում զանգվածային հետազոտության իրականացումը առաջին հերթին նախատեսում է առաջին տիպի շաքարախտով հիվանդների հետ արյունակցական կապ ունեցող երեխաների հետազոտություն։
Հոդված 11. Շաքարախտի ծանր հետեւանքների կանխարգելումը
Վաղաժամ հաշմանդամության եւ վաղաժամ մահվան հանգեցնող շաքարախտի ծանր հետեւանքների կանխարգելումն իրականացվում է հետեւյալ միջոցառումների գործադրմամբ.
1. երիկամների ախտահարումով շաքարախտի նկատմամբ հակվածություն ունեցող շաքարախտով հիվանդների մոնիտորինգ, երիկամային անբավարարության զարգացումը կանխարգելող դեղորայքային բուժում,
2. «շաքարախտային ոտնաթաթ» համախտանիշով հիվանդ անձանց խմբի սահմանազատում, վերջույթների անդամահատման ռիսկի խմբի մեջ մտնող շաքարախտով հիվանդներին անհրաժեշտ դեղորայքային միջոցներով, օրթոպեդիկ կոշկեղենով եւ միջատակերով ապահովում.
3. տասը եւ ավելի տարի շաքարախտով հիվանդների աչքի հատակի ամենամյա հետազոտում՝ անհրաժեշտության դեպքում աչքի ցանցենու լազերաֆոտոմակարդում.
4. գլիկոգեն հեմոգլոբինի ուսումնասիրությունների իրականացում /առաջին տիպի շաքարախտով հիվանդների համար ոչ պակաս, քան տարեկան 4 անգամ եւ երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների համար ոչ պակաս, քան տարեկան մեկ անգամ/՝ արյան մեջ շաքարի պարունակության անբավարար մակարդակ ունեցող երկրորդ տիպի շաքարախտով հիվանդներին բժշկական ցուցումներին համապատասխան ինսուլինաբուժման նշանակմամբ.
5. խոլեստերինի մակարդակի ամենամյա հետազոտություն, շաքարախտով հիվանդների մոտ սիրտ-անոթային ախտաբանության բացահայտման նպատակով էլեկտրասրտագրության եւ սրտի ուլտրաձայնային հետազոտության իրականացում՝ զուգակցված դեղորայքային բուժմամբ։
Հոդված 12. Բնակչության հետ տարվող սանիտարակրթական աշխատանքը
Բնակչության հետ տարվող սանիտարակրթական աշխատանքը նախատեսում է.
1. շաքարախտի կանխարգելման եւ նրա վաղ շրջանի ախտորոշման թեմաներով տեղեկատվական նյութերի զանգվածային տպաքանակի թողարկում.
2. շաքարախտով հիվանդների համար դիետաբուժության, ինքնավերահսկողության եւ շաքարախտի հետեւանքների կանխարգելման հիմունքներով մեթոդական ձեռնարկների հրատարակում.
3. շաքարախտի թեմատիկ հեռուստահաղորդումների եւ ռադիոհաղորդումների կազմակերպում.
4. բնակչության համար շաքարախտի խնդիրներով պարբերական մասնագիտացված տպագիր հրատարակությունների /թերթեր, ամսագրեր/ թողարկում։
ԳԼՈւԽ 4.
ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ԲՈւԺՄԱՆ ԱՐԴՅՈւՆԱՎԵՏՈւԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈւՄԸ
Հոդված 13. Երաշխավորված ապահովումը դեղամիջոցներով
Երաշխավորված ապահովումը դեղամիջոցներով նախատեսում է.
1. ինսուլինաբուժում իրականացնող առաջին եւ երկրորդ տիպի շաքարախտով հիվանդների՝ բարձրորակ գենոինժեներական ինսուլինի եւ ինսուլինի ներարկման միջոցների պահանջմունքի լրիվ բավարարում.
2. ինսուլինի միջոցների որակի նկատմամբ պետական հսկողություն.
3. պետական մարմինների կողմից կեղծ դեղամիջոցների շրջանառության նկատմամբ հակազդեցության համակարգի կազմակերպում.
4. ինսուլինի մեկ տեսակից մյուսին շաքարախտով հիվանդների փոխադրում բացառապես բժշկական ցուցումներով՝ բացառելով տնտեսական կամ այլ նկատառումները.
5. բուժող բժշկի համաձայնությամբ շաքարախտով հիվանդի կողմից ինսուլինի ընտրության իրավունք.
6. շաքարախտի ծանր հետեւանքների /աչքերի ախտահարում, երիկամների ախտահարում, «շաքարախտային ոտնաթաթ», սիրտ-անոթային հիվանդություններ/ կանխարգելման եւ բուժման համար բժշկական ցուցումներով արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը իջեցնող դեղամիջոցների անվճար ստացում.
7. տարեկան պահանջարկի ծավալով հակաշաքարախտային միջոցների /գլխավորապես՝ ինսուլինի/ պետական պահուստի ստեղծում։
Հոդված 14. Երաշխավորված մատակարարումը ինքնավերահսկողության միջոցներով
Երաշխավորված մատակարարումը ինքնավերահսկողության միջոցներով նախատեսում է.
1. ինսուլինաբուժում իրականացնող առաջին եւ երկրորդ տիպի շաքարախտով հիվանդներին արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը որոշող չափիչներով եւ արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի որոշման օրական եռակի հնարավորություն տվող սպառման նյութերի քանակության ապահովում.
2. երկրորդ տիպի շաքարախտով թույլ տեսնող հիվանդներին արյան մեջ շաքարի պարունակության մակարդակը որոշող չափիչներով եւ արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի որոշման օրական մեկ անգամ հնարավորություն տվող սպառման նյութերի քանակության ապահովում.
3. երկրորդ տիպի շաքարախտով հիվանդներին արյան մեջ շաքարի պարունակության մակարդակի տեսողական որոշման օրական մեկ անգամ հնարավորություն տվող ախտորոշիչ թեստ-թերթիկների քանակության ապահովում։
ԳԼՈւԽ 5.
ՇԱՔԱՐԱԽՏՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԻՄՆԱԿԱՆ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԸ
Հոդված 15. Առողջության պահպանման երաշխավորված պետական ապահովությունից շաքարախտով տառապող անձանց օգտվելու իրավունքը
Շաքարախտով տառապող անձինք իրավունք ունեն օգտվելու առողջության պահպանման երաշխավորված պետական ապահովությունից։
Սույն հոդվածի առաջին պարբերությունում ամրագրված անձանց իրավունքն իրականացվում է սույն օրենքի 13-րդ եւ 14-րդ հոդվածներով նախատեսված մասնագիտացված բժշկական հաստատություններում եւ վերականգնողական կենտրոններում, ինչպես նաեւ այլ առողջապահական հաստատություններում անվճար բժշկական սպասարկման, շաքարախտի ծանր հետեւանքների կանխարգելման, դեղամիջոցներով եւ ինքնավերահսկողության միջոցներով ապահովման պետական երաշխիքներով։
Շաքարախտով հիվանդներն առողջապահական հաստատությունների բժշկական սպասարկման ծառայություններից, դեղատներից օգտվելիս, ինչպես նաեւ հերթական արձակուրդն իրենց համար հարմար ժամանակ օգտագործելիս օգտվում են առաջնահերթության իրավունքից։
Շաքարախատի ծանր հետեւանքների արդյունքում հաշմանդամություն ձեռք բերած անձինք օգտվում են հաշմանդամության կենսաթոշակի սահմանված չափի նկատմամբ 25 տոկոսի չափով հավելավճարի իրավունքից, եթե ՀՀ օրենքներով այլ բան նախատեսված չէ։
Հոդված 16. Շաքարախտով հիվանդ երեխաների ու անչափահասների սոցիալական պաշտպանությունը, բժշկական սպասարկումը եւ կազդուրումը
Եթե Հայաստանի Հանրապետության օրենքներով այլ բան նախատեսված չէ, ապա շաքարախտով տառապող մինչեւ 18 տարեկան երեխաներն ու անչափահասները սույն օրենքի 15-րդ հոդվածով նախատեսված արտոնություններից բացի օգտվում են հետեւյալ լրացուցիչ արտոնություններից.
1. բժշկական ցուցումներին համապատասխան մասնագիտացված բուժական-առողջարանական հաստատություններում ամենամյա անվճար բուժում.
2. ծնողներից մեկի կամ նրան փոխարինող անձի հետ ցանկացած տիպի ներհանրապետական տրանսպորտային միջոցով /բացառությամբ տաքսու/ բուժական-առողջարանական հաստատություն մեկնելու եւ վերադարձի անվճար տոմսի իրավունք՝ այն առաջնահերթության կարգով ձեռք բերելու սկզբունքով.
3. հաշմանդամության կենսաթոշակի սահմանված չափի նկատմամբ 50 տոկոսի չափով հավելավճարի իրավունք։
Շաքարախտով հիվանդ մինչեւ 14 տարեկան երեխաների ծնողներն օգտվում են հետեւյալ արտոնություններից.
1. հիվանդ երեխային խնամելու համար ծնողներից մեկին հիվանդության թերթիկների վճարում միջին աշխատավարձի նկատմամբ 100 տոկոսի չափով հավելավճարով.
2. հիվանդ երեխայի ծնողներից մեկին՝ բուժական հաստատությունում բժշկական ցուցումներին համապատասխան բուժման ամբողջ ժամանակահատվածի համար հիվանդության թերթիկների տրամադրում եւ վճարում։
ԳԼՈւԽ 6.
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈւՅԹՆԵՐ
Հոդված 17. Պատասխանատվությունը սույն օրենքի դրույթները խախտելու համար
Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված պատասխանատվություն։
Հոդված 18. Միջազգային պայմանագրերի գործողությունը
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերում սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը։
Հոդված 19. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից։