Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Համայնքային ծառայության պաշտոնների մասով համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը եւ (կամ) հաստիքացուցակը հաստատելու, ինչպես նաեւ փոփոխելու եւ (կամ) լրացնելու հարցում որոշում է կայացնում համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնին դիմելու մասին: Համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը եւ (կամ) հաստիքացուցակը հաստատված, ինչպես նաեւ փոփոխված եւ (կամ) լրացված է համարվում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ եւ (կամ) լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:»:
Հոդված 2. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասը «կառուցվածքները,» բառից հետո լրացնել «համապատասխան ստորաբաժանումներ նախատեսված լինելու դեպքում, ինչպես նաեւ » բառերով:
Հոդված 3. Օրենքի 30-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 30. ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ
1. Համայնքի ղեկավարի աշխատակազմն ապահովում է համայնքի ղեկավարի լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը, ինչպես նաեւ քաղաքացիական իրավահարաբերություններում նրա մասնակցությունը:
2. Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառավարումն իրականացնում է համայնքի ղեկավարը:
3. Համայնքի ղեկավարի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը ղեկավարում է աշխատակազմի քարտուղարը` օրենքով, իրավական այլ ակտերով, համայնքի ղեկավարի որոշումներով, աշխատակազմի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում, մասնավորապես`
1) ապահովում է համայնքի ավագանու նիuտերի նախապատրաuտումը, արձանագրումը եւ նիuտին ներկա ավագանու անդամների կողմից արձանագրության վավերացումը.
2) կազմակերպում եւ ապահովում է համայնքի ղեկավարի աշխատակազմի աջակցությունն ավագանու անդամների կողմից համայնքի ավագանու որոշման նախագծերի նախապատրաuտմանը.
3) ապահովում է աշխատակազմի գործավարության, նամակագրության եւ արխիվային գործի վարումը.
4) կազմակերպում եւ ապահովում է համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաuտումը.
5) ապահովում է ավագանու եւ համայնքի ղեկավարի որոշումների եւ ուղերձների հրատարակումը.
6) կազմակերպում է համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից քաղաքացիների ընդունելությունը, հսկողություն է իրականացնում նրանց առաջարկությունների, դիմումների ու բողոքների քննարկման եւ ընթացքի նկատմամբ.
7) վերահսկողություն է իրականացնում համայնքի ղեկավարի եւ ավագանու որոշումների կատարման, ինչպեu նաեւ համայնքի ղեկավարի աշխատակազմի աշխատանքային կարգապահության պահպանման նկատմամբ.
8) ապահովում է ավագանու որոշումների առաքումը համապատաuխան մարզպետարան` յոթնoրյա ժամկետում.
9) oրենքով, իրավական այլ ակտերով կամ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեuված իր լիազորությունների uահմաններում նշանակում եւ ազատում է աշխատակազմի աշխատակիցներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուuման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր.
10) oրենքով, իրավական այլ ակտերով եւ աշխատակազմի կանոնադրությամբ uահմանված իր լիազորությունների uահմաններում արձակում է հրամաններ, տալիu պարտադիր կատարման ցուցումներ.
11) իրականացնում է oրենքով, իրավական այլ ակտերով եւ աշխատակազմի կանոնադրությամբ նախատեuված այլ լիազորություններ:
4. Համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարը պատասխանատվություն է կրում օրենքների, իրավական այլ ակտերի, համայնքի ղեկավարի որոշումների, աշխատակազմի կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
5. Համայնքի ղեկավարի աշխատակազմի կառուցվածքում կարող են նախատեսվել միայն բաժին տեսակի կառուցվածքային եւ (կամ) առանձնացված ստորաբաժանումներ, որոնց հաստիքային միավորների նվազագույն թվաքանակը սահմանում է պետական լիազորված մարմինը:
6. Համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը կարող է ստեղծվել միայն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված լինելու դեպքում:
Համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի կանոնադրություն, որը հաստատում է համայնքի ղեկավարը:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածի`
ա) 1-ին մասի 4-րդ կետը «հաստատմանը» բառից հետո լրացնել «`սույն օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված դեպքում» բառերով.
բ) 1-ին մասի 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մասով.
«Համայնքային ծառայության մասով աշխատակազմի կառուցվածքների վերաբերյալ որոշման նախագիծը եւ դրանում առաջարկվող փոփոխությունները ընդունվում են սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի 2-րդ մասով սահմանված կարգով».
գ) 8-րդ կետը «կառուցվածքային» բառից հետո լրացնել «եւ առանձնացված» բառերով.
դ) 2-րդ մասում «16» եւ «17» թվերը փոխարինել համապատասխանաբար «17» եւ «18» թվերով:
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասում, 53-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ պարբերություններում, 54-րդ հոդվածի 1-ին պարբերությունում եւ 64-րդ հոդվածի 1-ին պարբերությունում «եռամյա» բառերը փոխարինել «քառամյա» բառերով:
Հոդված 6. Օրենքի 75-րդ հոդվածի 3-րդ մասը «աշխատակազմի» բառից հետո լրացնել «կառուցվածքային եւ (կամ) հաստիքացուցակի» բառերով:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով լուծվում են մի շարք խնդիրներ, որոնք պայմանավորված են տեղական ինքնակառավարման մարմինների` օրենսդրությամբ սահմանված առանձնահատկություններով, ինչպես նաեւ համայնքային ծառայության համակարգի ներդրման ու կայացման արդյունավետության բարձրացմամբ, մասնավորապես`
1. միասնականացվում է համայնքային ծառայության պաշտոնների խմբերի դասակարգումը ենթախմբերի, որի շրջանակներում համայնքային ծառայության գլխավոր պաշտոնների խումբը (որում` օրենքի գործող դրույթի համաձայն ընդգրկվում են միայն 15000-ից ավելի բնակչություն ունեցող համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարները, որոնք ՀՀ-ում 32-ն են) բաժանվում է 3 ենթախմբի, որով հնարավորություն կընձեռվի ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարներին, սոցիալական ծառայությունների տարածքային բաժինների ղեկավարներին, ինչպես նաեւ, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարին եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարներին նույնպես ընդգրկել գլխավոր պաշտոնների խմբում,
2. հստակեցվում են համայնքային ծառայության յուրաքանչյուր պաշտոնների խմբի յուրաքանչյուր ենթախմբում ընդգրկված պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողներին շնորհվելիք դասային աստիճանները (օրենքի գործող դրույթից պարզ չէ, թե յուրաքանչյուր խմբի կոնկրետ ենթախմբի պաշտոն զբաղեցնող անձանց ինչ դասային աստիճաններ կարող են շնորհվել),
3. համայնքային ծառայության առանձին պաշտոնների համալրվածությունն ապահովելու նպատակով անցումային հնարավոր լուծումներ են տրվում այդ պաշտոնները զբաղեցնելու համար համապատասխան չափանիշների հարցում (խոսքը վերաբերում է մինչեւ 1000 բնակիչ ունեցող համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարների պաշտոններին, որոնք զբաղեցնելու համար մինչեւ 2012 թվականը լիազոր մարմնի թույլտվությամբ կարող են չառաջադրվել աշխատանքային ստաժի եւ բարձրագույն կրթության չափանիշները),
4. հստակեցվում են համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի, ինչպես նաեւ համայնքային ծառայողների ատեստավորման կազմակերպման եւ անցկացման մեխանիզմները (սահմանվում է հանձնաժողովների կազմում ընդգրկվող ավագանու անդամների առավելագույն թիվը` ավագանու 5 անդամ, մրցույթի արդյունքների գնահատման 20 բալային համակարգը փոխարինվում է 5 բալային համակարգով, նախատեսվում է, որ մրցույթների եւ ատեստավորումների արդյունքների դեմ բերված բողոքները պետք է քննության առնի լիազորված մարմինը),
5. համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարներին վերապահվում են համայնքային ծառայության որոշ պաշտոններում նշանակելու, ազատելու, դասային աստիճաններ շնորհելու, ինչպես նաեւ կարգապահական տույժի ենթարկելու եւ խրախուսելու լիազորություններ (գործող օրենքի համաձայն աշխատակազմի քարտուղարները նման լիազորություններ չունեն),
6. միասնական ընդհանրական չափորոշիչներ են սահմանվում համայնքային ծառայողների վարձատրության հարցում (նախագծով նախատեսվում է, համանուն պաշտոն զբաղեցնող համայնքային ծառայողները ունեն հավասար պաշտոնային դրույքաչափի իրավունք, այսինքն` բաժինների պետերի, գլխավոր մասնագետների պաշտոնային դրույքաչափերը պետք է լինեն հավասար),
7. հստակեցվում են համապատասխան աշխատակազմի վերակազմակերպման, կառուցվածքային փոփոխության եւ հաստիքների կրճատման դեպքում աշխատանքը շարունակելու նախապատվության իրավունքի, ինչպես նաեւ այդ գործընթացների իրականացման արդյունքում առաջացած նոր պաշտոնների համալրման մեխանիզմները (սահմանվել են մեխանիզմներ, որոնց համաձայն արտարմցութային կարգով պետք է համալրվեն կառուցվածքային փոփոխությունների արդյունքում առաջացած նոր պաշտոնները),
8. նախատեսվում են համայնքային ծառայության կազմակերպման եւ ղեկավարման մարմիններ (այդպիսիք են` համայնքների ղեկավարների աշխատակազմերի քարտուղարները եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը) եւ սահմանվում են վերջիններիս լիազորությունները` համայնքային ծառայության բնագավառում ունեցած մասնակցության (մեթոդական ղեկավարում, վերահսկողության եւ այլն) առումով,
9. ՀՀ կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում են կենտրոնացվում համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ նախատեսված մի շարք ընդհանրական գործառույթների (կադրային ռեզերվի վարում, համայնքային ծառայողների գրանցամատյանի վարում, ծառայողական քննության անցկացում, մրցույթների եւ ատեստավորումների բողոքարկված արդյունքների քննություն) իրականացումը,
10. հստակեցվում են համայնքի ղեկավարի աշխատակազմի դերը, ինչպես նաեւ աշխատակազմի քարտուղարին վերապահված լիազորությունները (նախատեսվում է, որ աշխատակազմն ապահովում է համայնքի ղեկավարի լիազորությունների լիարժեք եւ արդյունավետ իրականացումը եւ քաղաքացիա-իրավական հարաբերություններում վերջինիս մասնակցությունը, իսկ աշխատակազմի քարտուղարը ղեկավարում է աշխատակազմի ընթացիկ գործունեությունը),
11. համայնքի ղեկավարի աշխատակազմի հաստիքացուցակում եւ կառուցվածքում փոփոխություններն ուղղակիորեն կապվում են համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունների կատարման հետ (նախատեսվում է, որ համայնքային ծառայության մասով աշխատակազմի կառուցվածքի եւ հաստիքացուցակի փոփոխություններն ուժի մեջ են մտնում ՀԾ պաշտոնների անվանացակում փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից):