ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 1. Սույն օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց՝ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու, Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկելու, Հայաստանի Հանրապետությունից ելքի, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությունում նրանց իրավական վիճակի հետ կապված այլ հարաբերությունները:
Հոդված 2. Օտարերկրյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներ են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, որոնք ունեն այլ պետության քաղաքացիություն:
Եթե օտարերկրյա քաղաքացին ունի մեկից ավելի քաղաքացիություն, ապա նա համարվում է այն պետության քաղաքացին, որի կողմից տրված անձնագրով կամ ճամփորդական փաստաթղթով մուտք է գործել կամ գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:
2. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձինք են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք, որոնք չունեն այլ պետության քաղաքացիություն:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները
Սույն օրենքում օգտագործվող հասկացություններն ունեն հետեւյալ նշանակությունը.
«անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ» - անձը հաստատող փաստաթուղթ, որը տրված է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից եւ իրավունք է տալիս հատել սահմանը.
«արտոնագիր» - Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի թույլտվություն, որը օտարերկրյա քաղաքացուն իրավունք է տալիս մուտք գործել Հայաստանի Հանրապետություն, տարանցիկ երթեւեկել Հայաստանի Հանրապետության տարածքով, գտնվել Հայաստանի Հանրապետությունում եւ դուրս գալ Հայաստանի Հանրապետությունից դրանում նշված նպատակներով, պայմաններով եւ ժամկետներում.
«կացության ժամանակավոր կարգավիճակ» - Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի թույլտվություն, որն իրավունք է տալիս օտարերկրյա քաղաքացուն բնակվել Հայաստանի Հանրապետության տարածքում որոշակի ժամկետով.
«կացության մշտական կարգավիճակ» - Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի թույլտվություն, որն իրավունք է տալիս օտարերկրյա քաղաքացուն մշտապես բնակվել Հայաստանի Հանրապետության տարածքում.
«կացության հատուկ կարգավիճակ» - Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի թույլտվություն, որն իրավունք է տալիս օտարերկրյա քաղաքացուն մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, գտնվել կամ բնակվել այդ տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.
«աշխատանքի թույլտվություն» - Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի թույլտվություն, որն իրավունք է տալիս օտարերկրյա քաղաքացուն աշխատել Հայաստանի Հանրապետությունում այն դեպքում, երբ նա Հայաստանի Հանրապետություն է մուտք գործել արտոնագրով, որը պարունակում է աշխատանքի անցնելու կամ կատարելու արգելքի պայման.
«ծագման պետություն» - պետություն, որի քաղաքացին է համարվում օտարերկրյա քաղաքացին կամ այն պետությունը, որում բնակվում է տվյալ անձը, որի քաղաքացիությունը հնարավոր չէ հաստատել կամ համարվում է քաղաքացիություն չունեցող անձ.
«հրավեր» - փաստաթուղթ, որը հիմնավորում է օտարերկրյա քաղաքացու մուտքը եւ գտնվելը Հայաստանի Հանրապետւթյան տարածքում՝ դրանում նշված նպատակներով.
«վտարում» - օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի հարկադիր հեռացումը Հայաստանի Հանրապետությունից նրա՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու կամ բնակվելու օրինական հիմքերի բացակայության դեպքում.
«կոլեկտիվ վտարում» - առնվազն երկուօտարերկրյա քաղաքացիներից բաղկացած խմբի, որպես այդպիսին վտարումը, առանց հաշվի առնելու խմբի յուրաքանչյուր անդամի անհատական տվյալները:
Հոդված 4. Սույն օրենքի գործողության ոլորտը
1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է օտարերկրյա քաղաքացիների վրա, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող անձանց վրա:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչություններում, հյուպատոսական հիմնարկներում, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններում կամ նրանց ներկայացուցչություններում աշխատելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում գտնվող օտարերկրյա քաղաքացիների եւ նրանց ընտանիքի անդամների վրա այնքանով, որքանով վերջիններիս հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունները սահմանված չեն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
3. Սույն օրենքը չի տարածվում Հայաստանի Հանրապետությունում ապաստան հայցող օտարերկրյա քաղաքացուն ապաստան եւ համապատասխան կարգավիճակ տալու կամ այն մերժելու, կորցնելու հիմքերի հետ կապված հարաբերությունների վրա:
Հոդված 5. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին օրենսդրությունը
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի հետ կապված հարցերը կարգավորող իրավական այլ ակտերով:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան սույն օրենքում, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 6. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի սկզբունքները
Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում օգտվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով եւ օրենքներով սահմանված իրավունքներից ու ազատություններից:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար իրավունքներ, ազատություններ եւ պարտականություններ, եթե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, օրենքներով եւ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
Օտարերկրյա քաղաքացիները, իրենց իրավունքներից եւ ազատություններից օգտվելիս, չպետք է վնաս հասցնեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների եւ այլ անձանց իրավունքներին, հասարակության եւ պետության շահերին:
Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են հարգել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, Հայաստանի Հանրապետության տարածքում գործող սովորույթներն ու ավանդույթները:
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիները կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին հավասար պատասխանատվություն՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:
ԳԼՈՒԽ 2
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԵԼՔԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՎ ՏԱՐԱՆՑԻԿ ԵՐԹԵՎԵԿԵԼԸ
Հոդված 7. Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը
1. Օտարերկրյա քաղաքացիները մուտք են գործում Հայաստանի Հանրապետություն պետական սահմանի անցման կետերով՝ վավերական անձնագրի կամ նրան փոխարինող՝ միջազգայնորեն ճանաչված ճամփորդական փաստաթղթի առկայության, արտոնագրի կամ կացության կարգավիճակը հավաստող փաստաթղթի հիման վրա եւ սահմանային հսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների թույլտվության դեպքում, եթե այլ կարգ նախատեսված չէ սույն օրենքով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
2. Սույն օրենքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա առանց արտոնագրի Հայաստանի Հանրապետություն ժամանող օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունում կարող են մնալ առավելագույնը 90 օր ժամկետով:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված օտարերկրյա քաղաքացիների անձնագրում կամ ճամփորդական փաստաթղթում հատուկ նշում է կատարվում նրանց՝ Հայաստանի Հանրապետություն ժամանման ամսաթվի վերաբերյալ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 8. Օտարերկրյա քաղաքացու՝ Հայաստանի Հանրապետություն արտոնագիր տալը կամ մուտք գործելն արգելող հանգամանքները
1. Օտարերկրյա քաղաքացուն արտոնագրի տրամադրումը մերժվում է, տրամադրված արտոնագիրն չեղյալ է համարվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է , եթե օտարերկրյա քաղաքացին՝
ա) վտարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից եւ վտարման պահից չի անցել երկու տարի կամ հինգ տարի (վտարման ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված լինելու դեպքում).
բ) դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար եւ դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել.
գ) գոյություն ունեն տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությանը.
- իրականացնել ահաբեկչական գործունեություն.
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվությամբ) տեղափոխել զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- մարդկանց անօրինական փոխադրումներ եւ օտարերկրյա քաղաքացիների անօրինական սահմանահատումներ իրականացնելը.
դ) տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ եթե նա մուտք է գործում Հայաստանի Հանրապետություն՝ նման հիվանդությունը բուժելու նպատակով: Նման վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ե) մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ
զ) նրա մուտքը անցանկալի է ազգային անվտանգության համար այլ սպառնալիքների հետ կապված կամ հասարակական կարգը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված անձանց մասին տվյալները մտցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում անցանկալի համարվող օտարերկրյա քաղաքացիների տվյալների բանկի մեջ:
Տվյալների բանկը վարող իրավասու մարմինը, տվյալների բանկում տեղեկություններ մտցնելու իրավունք ունեցող իրավասու մարմինների, ինչպես նաեւ տվյալների բանկից օգտվելու իրավունք ունեցող պետական մարմինների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Բացառության կարգով, սույն հոդվածի 1-ին մասի «ա» եւ «բ» կետերում նշված հիմքերի առկայության դեպքում օտարերկրյա քաղաքացիների մուտքը կարող է թույլատրվել խիստ հիմնավորված դեպքերում:
4. Սույն հոդվածով արտոնագրի կամ մուտքի մերժման մասին համապատասխան նշում է կատարվում օտարերկրյա քաղաքացու անձնագրում կամ ճամփորդական փաստաթղթում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հոդված 9. Հայաստանի Հանրապետության արտոնագիրը
1. Հայաստանի Հանրապետության արտոնագրի տեսակները՝ ըստ Հայաստանի Հանրապետություն ժամանելու նպատակների եւ վավերականության ժամկետների, արտոնագիր տրամադրող իրավասու մարմինները եւ արտոնագրի տրման կարգը, ինչպես նաեւ արտոնագրով Հայաստանի Հանրապետություն ժամանած օտարերկրյա քաղաքացիների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաեւ միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիների համար կարող է սահմանել առանց արտոնագրի այցելությունների ռեժիմ կամ որոշակի կատեգորիայի անձանց կարող է ազատել արտոնագրից:
Հոդված 10. Հայաստանի Հանրապետության արտոնագրի համար գանձվող վճարը
1. Հայաստանի Հանրապետության արտոնագիր ստանալու համար օտարերկրյա քաղաքացիներից գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Օրենքով փոխադարձության սկզբունքի հիման վրա կամ անհրաժեշտության դեպքում նաեւ միակողմանիորեն որոշ պետությունների քաղաքացիներ կամ որոշակի կատեգորիայի անձինք կարող են ազատվել մուտքի արտոնագրի համար սահմանված պետական տուրքից:
Հոդված 11. Հրավեր
1. Օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետություն այցելելու հրավեր կարող են տալ.
ա) Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացին.
բ) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացին.
գ) Հայաստանի Հանրապետության պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանությունները, հյուպատոսական հիմնարկները եւ միջազգային կազմակերպությունները կամ նրանց ներկայացուցչությունները.
դ) Հայաստանի Հանրապետությումում գրանցված իրավաբանական անձինք:
2. Հրավերը պարունակում է հրավիրվողի տվյալները, հրավիրողի տվյալները, հրավերի նպատակը, հրավիրվողի Հայաստանի Հանրապետությունում մնալու ժամկետները:
Հրավերի տիպային ձեւը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հրավերը վավերական է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից հաստատվելուց հետո, որի համար գանձվում է պետական տուրք «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով եւ չափով:
4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա», «բ» եւ «դ» նշված անձինք, հրավերն իրավասու մարմնի հաստատմանը ներկայացնելիս, ներկայացնում են սույն հոդվածի 1-ին մասում նշված անձ համարվելը հիմնավորող փաստաթղթեր, պարտավորություն՝ հրավիրվողի կեցության ծախսերը՝ այդ թվում նրա հնարավոր անհապաղ բուժօգնության եւ Հայաստանի Հանրապետության տարածքից վտարման ծախսերը հոգալու մասին եւ պետական տուրքի վճարման անդորրագիր:
5. Իրավասու մարմնի կողմից հրավերի հաստատումը կարող է մերժվել, եթե առկա են սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-րդ մասում նշված հիմքերը կամ հրավիրողը նախկինում խախտել է սույն հոդվածի 4-րդ մասում նշված իր պարտավորությունը:
6. Հրավերը հաստատող իրավասու մարմինները, ինչպես նաեւ հրավերների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 12. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում մուտքի թույլտվություն չունեցող անձանց պահումը
1. Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի արտոնագրի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրյա քաղաքացիները կարող են պահվել այդ նպատակով ստեղծված ժամանակավոր պահման վայրերում կամ տարանցիկ գոտում, եթե նրանք չեն դիմել Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանքով:
2. Ժամանակավոր պահման վայրերում կամ տարանցիկ գոտիներում օտարերկրյա քաղաքացիների պահելու ժամկետը չի կարող գերազանցել տասնօրյա ժամկետը:
3. Սահմանային հսկողություն իրականացնող լիազոր մարմինը ժամանակովոր պահման վայրերում օտարերկրյա քաղաքացիներին տեղավորելուց հետո 72 ժամվա ընթացքում դիմում է առաջին ատյանի դատարան՝ օտարերկրյա քաղաքացուն մինչեւ 10 օր պահելու թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:
4. 10-օրյա ժամկետում օտարերկրյա քաղաքացիները վերադարձվում են իրենց ծագման պետություն կամ այն պետություն, որտեղից ժամանել են:
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետում մուտքի արտոնագրի մերժում ստացած կամ սահմանային հսկողություն իրականացնող մարմնի կողմից մուտքի թույլտվություն չստացած օտարերկրյա քաղաքացիների միջոցների բացակայության դեպքում փոխադրողները, որոնք իրականացրել են այդ օտարերկրյա քաղաքացիների փոխադրումը Հայաստանի Հանրապետություն, ծածկում են նրանց վերադարձի ծախսերը:
5. Սահմանային անցման կետերում եւ տարանցիկ գոտիներում ժամանակավոր պահման վայրերի գործելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 13. Հայաստանի Հանրապետությունից ելքը
Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանի Հանրապետությունից կարող են դուրս գալ վավերական անձնագրի կամ նրան փոխարինող՝ միջազգայնորեն ճանաչված ճամփորդական փաստաթղթի առկայության դեպքում, եթե այլ կարգ չի նախատեսված օրենքով կամ միջազգային պայմանագրերով:
Հայաստանի Հանրապետությունից օտարերկրյա քաղաքացիների ելքն արգելվում է, եթե օրենքով սահմանված կարգով`
ա) օտարերկրյա քաղաքացին ձերբակալվել է հանցանք կատարելու մեջ կասկածվելու պատճառով կամ որի նկատմամբ մինչեւ մեղադրանք առաջադրելը խափանման միջոց ընտրելու մասին որոշում է կայացվել կամ որի նկատմամբ որոշում է կայացված որպես մեղադրյալ ներգրավելու մասին մինչեւ գործի վարույթի ավարտը կամ այդ անձին ազատ արձակելը.
բ) օտարերկրյա քաղաքացին դատապարտվել է՝ մինչեւ պատիժը կրելու ժամկետի ավարտը կամ պատժից ազատվելը, կամ.
Հոդված 14 . Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեկելը
Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկություն է համարվում որեւէ պետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտի միջոցներով դեպի երրորդ պետություն օտարերկրյա քաղաքացիների երթեւեկությունը:
Տարանցիկ երթեւեկության դեպքում օտարերկրյա քաղաքացիները ներկայացնում են դեպի երրորդ երկիր ուղետոմսեր եւ (կամ) երրորդ երկրի մուտքի արտոնագիր եւ կարող են մնալ Հայաստանի Հանրապետության տարածքում 72 ժամից ոչ ավել, բացառությամբ արտակարգ իրավիճակների դեպքում:
Եթե օտարերկրյա քաղաքացին գտնվում է տարանցիկ գոտում եւ չի մտնելու Հայաստանի Հանրապետության տարածք, ապա նա կարող է գտնվել տարանցիկ գոտում 48 ժամից ոչ ավել:
Տարանցիկ երթեւեկության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
ԳԼՈՒԽ 3
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Հոդված 15. Օտարերկրյա քաղաքացիների կացության կարգավիճակը
1. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների համար սահմանվում են հետեւյալ կացության կարգավիճակները՝
ա) ժամանակավոր.
բ) մշտական.
գ) հատուկ:
2. Հայաստանի Հանրապետության ժամանակավոր եւ մշտական կացության կարգավիճակի առկայությունը հաստատում են համապատասխանաբար ժամանակավոր կամ մշտական կացության քարտը, իսկ հատուկ կարգավիճակը՝ հատուկ անձնագիրը:
Կացության քարտի եւ հատուկ անձնագրի ձեւը, կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելու կարգը, դիմումը քննարկելու կարգն ու ժամկետները եւ իրավասու մարմինը, ինչպես նաեւ կացության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացիների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Կացության կարագավիճակ ստանալու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրյա քաղաքացին կարող է բողոքարկել դատական կարգով:
4. Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրյա քաղաքացին կրկին անգամ կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար մերժումից մեկ տարի հետո:
5. Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին կացության կարգավիճակ տալու համար գանձվում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով:
Հոդված 16. Կացության կարգավիճակ տալու հիմքերը
1. Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է յուրաքանչյուր օտարերկրյա քաղաքացու, եթե նա հիմնավորում է, որ գոյություն ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարի եւ ավել ժամկետով իր բնակվելը հիմնավորող հանգամանքներ: Այդպիսի հանգամանքներ կարող են լինել՝
ա) ուսումը.
բ) ձեռնարկատիրական գործունեությունը.
գ) աշխատանքային պայմանագրի առկայությունը կամ աշխատանքի անցնելու թույլտվությունը.
դ) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու հետ ամուսնությունը կամ
ե) Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության կարգավիճակ ունեցող օտարերկրյա քաղաքացու հետ ընտանեկան կապերի (ծնող, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) առկայությունը:
Ժամանակավոր կացության կարգավիճակը տրվում է մինչեւ մեկ տարի ժամկետով՝ նույն ժամկետով երկարաձգման հնարավորությամբ, բայց ոչ ավել քան 7 տարի ժամկետով:
2. Մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրյա քաղաքացուն, եթե նա ՝
ա) ապացուցում է Հայաստանի Հանրապետությունում ընտանեկան կապերի (ծնող, ամուսին, եղբայր, քույր, զավակ, տատ, պապ, թոռ) կամ տնտեսական շահերի առկայությունը.
բ) Հայաստանի Հանրապետությունում ապահովված է բնակարանով եւ գոյության միջոցներով.
գ) մինչեւ կացության մշտական կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելը առնվազն երեք տարի բնակվել է ժամանակավոր կացության կարգավիճակով:
Սույն մասի «բ» կետում նշված պայմանները համարվում են բավարար, եթե օտարերկրյա քաղաքացին ունի եկամուտ կամ գույք, որոնք բավարար են իր եւ իր խնամքի տակ գտնվող ընտանիքի անդամների գոյության ծախսերը ծածկելու համար, կամ ունի ընտանիքի անդամ կամ անդամներ, որոնք ի վիճակի են եւ պարտավորվել են միջոցներ հատկացնել նրա կեցության համար:
Մշտական կացության քարտը տրվում է 5 տարով:
3. Կացության հատուկ կարգավիճակ շնորհվում է ծագումով հայ օտարերկրյա քաղաքացիներին:
Կացության հատուկ կարգավիճակ կարող է տրվել նաեւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսական կամ մշակութային գործունեություն ծավալող այլ օտարերկրյա քաղաքացիների:
Կացության հատուկ կարգավիճակ տրվում է տասը տարի ժամկետով: Այն կարող է տրվել մեկից ավելի անգամ:
Հոդված 17. Կացության կարգավիճակ տալը մերժելու հիմքերը
Օտարերկրյա քաղաքացուն կացության կարգավիճակ տալը կարող է մերժվել, եթե՝
ա) վտարվել է Հայաստանի Հանրապետության տարածքից եւ վտարման պահից չի անցել երկու տարի կամ հինգ տարի (վտարման ծախսերը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից կատարված լինելու դեպքում).
բ) դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար, եւ դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել.
գ) գոյություն ունեն տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությանը.
- իրականացնել ահաբեկչական գործունեություն.
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվությամբ) տեղափոխել զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ
- մարդկանց անօրինական փոխադրումներ եւ օտարերկրյա քաղաքացիների անօրինական սահմանահատումներ իրականացնելը.
դ) տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը: Նման վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
ե) նրա գտնվելը անցանկալի է ազգային անվտանգության համար այլ սպառնալիքների հետ կապված կամ հասարակական կարգը պաշտպանելու անհրաժեշտությունից ելնելով.
.զ) կացության կարգավիճակ հայցելիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը:
Հոդված 18. Կացության կարգավիճակից զրկելու հիմքերը
Օտարերկրյա քաղաքացին կացության կարգավիճակից զրկվում է, եթե
ա) պարզվել է, որ կացության կարգավիճակ ստանալիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը:
բ) լուծվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացու հետ ամուսնությունը, որը հիմք է հանդիսացել օտարերկրյա քաղաքացուն կացության կարգավիճակ տալու համար.
գ) մշտական կացության կարգավիճակ ունենալու դեպքում առանց ոստիկանության թույլտվության 12 ամսից ավելի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից կամ մշտապես մեկնել է Հայաստանի Հանրապետությունից.
դ) դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում՝ ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների համար.
ե) նրա գտնվելը սպառնում է ազգային անվտանգությանը կամ հասարակական կարգի պաշտպանությանը:
ԳԼՈՒԽ 4
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՎՏԱՐՈՒՄԸ , ՀԱՆՁՆՈՒՄԸ ԵՎ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ ՁԵՎՈՎ ՀԵՏԱԳԱ ՊԱՏԻԺԸ ԿՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓՈԽԱՆՑՈՒՄԸ
Հոդված 19. Օտարերկրյա քաղաքացիների վտարման հիմքերը
Օտարերկրյա քաղաքացին վտարվում է Հայասատանի Հանրապետության տարածքից, եթե՝
ա) գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի.
բ) սույն օրենքի 18-րդ հոդվածում նշված հիմքերով զրկվել է կացության կարգավիճակից.
գ) չունի բավարար միջոցներ իր կեցությունը ապահովելու համար.
դ) աշխատանքի ընդունվել կամ կատարել է աշխատանք առանց համապատասխան աշխատանքի թույլտվության:
Հոդված 20. Օտարերկրյա քաղաքացիների վտարումն արգելող հանգամանքներ
1. Արգելվում է օտարերկրյա քաղաքացիներին վտարել այն պետություն, որտեղ լրջորեն խախտվում են մարդու իրավունքները, մասնավորապես եթե նրան սպառնում է հետապնդում ռասայական, կրոնական պատկանելության, սոցիալական ծագման կամ քաղաքական համոզմունքների պատճառով կամ եթե տվյալ քաղաքացիները կարող են ենթարկվել խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:
Հետապնման սպառնալիքի կամ խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի իրական վտանգի գոյության մասին ապացույցները վտարման վերաբերյալ գործը քննող մարմնին ներկայացնում է տվյալ օտարերկրյա քաղաքացին:
2. Արգելվում է վտարել Հայաստանի Հանրապետությում բնակվող օտարերկրյա քաղաքացուն, եթե նա.
- անչափահաս է եւ նրա ծնողները օրինական հիմքերով բնակվում են Հայաստանի Հանրապետությունում.
- իր խնամքի տակ ունի անչափահաս երեխա, կամ
- 80 տարեկանից ավել է:
3. Արգելվում է օտարերկրյա քաղաքացների կոլեկտիվ վտարումը:
Հոդված 21. Օտարերկրյա քաղաքացիների վտարման որոշումը
1. Օտարերկրյա քաղաքացու վտարման մասին գործը քննում է ոստիկանությունը:
2. Վտարման վերաբերյալ գործի հետ կապված օտարերկրյա քաղաքացիները տեղեկացվում են իրենց իրավունքների եւ պարտականությունների մասին:
Օտարերկրյա քաղաքացիներն իրավունք ունեն մասնակցել իրենց վտարման վերաբերյալ գործի քննությանը, ներկայացնել փաստարկներ գործի վերաբերյալ :
3. Վտարման որոշման մեջ նշվում են օտարերկրյա քաղաքացու ելքի ժամկետը, ինչպես նաեւ երթուղին, պետական սահմանի անցման կետը, վտարման ծախսերը հոգալու, մինչեւ Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրի, որոշակի պարբերականությամբ ոստիկանության համապատասխան ստորաբաժանում ներկայանալու պարտավորության, ինչպես նաեւ առանց թույլտվության բնակության վայրը թողնելու արգելքի մասին:
4. Վտարման որոշման մասին նշում է կատարվում օտարերկրյա քաղաքացիների անձնագրի կամ ճամփորդական փաստաթղթի մեջ:
5. Ոստիկանությունն իրականացնում է վտարված օտարերկրյա քաղաքացիների առանձին հաշվառում, որոնց մասին տվյալները մտցվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում նշված տվյալների բանկի մեջ:
6. Վտարման մասին տեղեկացվում է վտարվող օտարերկրյա քաղաքացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպաոսական հիմնարկը կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությունը:
7. Վտարման ծախսերը՝ օտարերկրյա քաղաքացու կողմից չհոգալու դեպքում, ծածկվում են Հայաստանի Հանրապետական պետական բյուջեից:
Հոդված 22. Վտարման նպատակով օտարերկրյա քաղաքացու ձերբակալումը
1. Օտարերկրյա քաղաքացին կարող է ձերբակալվել եւ պահվել ժամանակավոր պահման վայրում մինչեւ 90 օր ժամկետով, եթե բավարար հիմքեր կան կասկածելու, որ նա կարող է թաքնվել մինչեւ վտարման որոշման մեջ նշված ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը կամ եթե վտարման որոշման մեջ նշված ժամկետը օտարերկրյա քաղաքացին չի հեռացել Հայաստանի Հանրապետության տարածքից:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դեպքերում օտարերկրյա քաղաքացուն ձերբակալելիս՝ ոստիկանությունը ձերբակալման պահից սկսած 72 ժամվա ընթացքում պետք է դիմի ոստիկանության ստորաբաժանման գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան՝ ձերբակալման թույլտվության վերաբերյալ որոշում ստանալու համար:
3. Ձերբակալման մասին տեղեկացվում է ձերբակալված օտարերկրյա քաղաքացու ծագման պետության դիվանագիտական ներկայացուցչությունը կամ հյուպաոսական հիմնարկը կամ տվյալ պետության շահերը ներկայացնող այլ պետության դիվանագիտական ներկայացուցչությունը:
Հոդված 23. Վտարման որոշման բողոքարկումը
1. Վտարման մասին որոշումը օտարերկրյա քաղաքացին կարող է բողոքարկել դատական կարգով՝ որոշումը ստանալուց 10-օրյա ժամկետում:
2. Վտարման վերաբերյալ որոշման բողոքարկման դեպքում օտարերկրյա քաղաքացու վտարումը Հայաստանի Հանրապետությունից կասեցվում է, բացառությամբ այն դեպքերի, երբ որոշումը ենթակա է անհապաղ կատարման՝ ելնելով ազգային անվտանգության շահերից:
Հոդված 24. Օտարերկրյա քաղաքացիների հանձնումը եւ ազատազրկման ձեւով հետագա պատիժը կրելու համար փոխանցումը
1. Օտարերկրյա քաղաքացիների հանձնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեական դատարավարության օրենսգրքով եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով:
2. Օտարերկրյա քաղաքացիները, որոնք ազատազրկման են դատապարտվել Հայաստանի Հանրապետությունում, կարող են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով փոխանցվել իրենց քաղաքացիության պետություն՝ հետագա պատիժը կրելու նպատակով:
Հոդված 25. Օտարերկրյա քաղաքացիների հանձնումը բացառող հանգամանքներ
Օտարերկրյա քաղաքացիների հանձնումն արգելվում է, եթե այն արարքի համար, որի կատարման համար օտարերկրյա քաղաքացիները պատասխանատվության են կանչվում, նախատեսված է մահապատիժ կամ լուրջ հիմքեր կան կասկածելու, որ կարող են ենթարկվել խոշտանգումների, դաժան, անմարդկային կամ նվաստացնող պատժի կամ վերաբերմունքի:
ԳԼՈՒԽ 5
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԸ ԽԱԽՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Հոդված 26. Օտարերկրյա քաղաքացիների պատասխանատվությունը
Օտարերկրյա քաղաքացիները սույն օրենքը խախտելու համար (Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթեւեկության կարգը խախտելու դեպքում) ենթարկվում են պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով:
Հոդված 27. Հրավիրողի պատասխանատվությունը
Օտարերկրա քաղաքացուն Հայաստանի Հանրապետություն հրավիրած անձինք սույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պարտավորությունը խախտելու համար պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Հոդված 28. Գործատուների պատասխանատվությունը
Առանց կացության կարգավիճակի օտարերկրյա քաղաքացիներին աշխատանքի ընդունելու դեպքում գործատուները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
Եթե աշխատանքային պայմանագրի կնքումը կամ աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագիրը նախապայման է համարվում կացության կարգավիճակ ստանալու համար, ապա այդպիսի պայմանագիրն ուժի մեջ է մտնում միայն կացության կարգավիճակ ստանալուց հետո:
Հոդված 29. Նոտարների պատասխանատվությունը
Առանց արտոնագրի կամ կացության կարգավիճակի օտարերկրյա քաղաքացիների մասնակցությամբ գործարքներ վավերացնելիս՝ նոտարները պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ 6
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 30. Սույն օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1994 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
3. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը 1994 թվականի հունիսի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա տրված կացության կարգավիճակը գործում է մինչեւ դրա վավերականության ժամկետի ավարտը: Ժամկետի ավարտից հետո օտարերկրյա քաղաքացիները կարող են սույն օրենքով նախատեսված կացության կարգավիճակ ստանալ սույն օրենքով սահմանված համապատասխան հիմքերի առկայության դեպքում:
4. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա առանց մուտքի արտոնագրի Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են 90 օրվա ընթացքում հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից կամ դիմել սույն օրենքով նախատեսված կարգով համպատասխան կացության կարգավիճակ ստանալու նպատակով: