Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-722-27.11.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 33-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել 8.1-ին կետ՝ հետեւյալ բովանդակությամբ.

«8.1) հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց տրամադրել օրենքով նախատեսված հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր լինելու դեպքերում վճարված գումարը ստանալու, ստացված գումարի վերաբերյալ տեղեկությունը հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրելու եւ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրելու գործողությունների՝ օրենքով սահմանված դեպքերում իր կողմից կատարված տեսաձայնագրությունները կամ դրանց կրկնօրինակները: Սույն կետով նախատեսված տեսաձայնագրությունները կամ դրանց կրկնօրինակները (բարենպաստ փաստական հանգամանքներ) չտրամադրելու արդյունքում առաջացած բացասական հետեւանքի ռիսկը կրում է հարկ վճարողը.»:

Հոդված 2. Օրենսգրքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետում.

1) «բ» ենթակետում «կարգով վերցնել» բառերից հետո լրացնել «կամ առգրավել» բառերը եւ հանել «, եւ որոնք վերցնելը չի խոչընդոտում հարկ վճարողի բնականոն աշխատանքին» բառերը,

2) «է» ենթակետում «:» նշանը փոխարինել «,» նշանով,

3) լրացնել «ը» ենթակետ հետեւյալ բովանդակությամբ.

«ը. հարկային հսկողության ընթացքում իրականացնելու տեսաձայնագրում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 332-րդ հոդվածում լրացնել 5-րդ մաս հետեւյալ բովանդակությամբ.

«5. Հարկային մարմինը թեմատիկ հարկային ստուգումն իրականացնում է ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ: Ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ հարկային մարմինը՝ դրանց հաշվարկման եւ գնահատման կարգը, որում պարունակվող տեղեկատվությունը, այդ թվում՝ ռիսկերի պրոֆիլներում ու ցուցիչներում պարունակվող տեղեկատվությունը, գաղտնի է եւ ենթակա չէ հրապարակման:»:

Հոդված 4. Օրենսգրքի 335-րդ հոդվածում.

1) 2-րդ մասի 2-րդ կետում «առանձին պահանջի (պահանջների)» բառերը փոխարինել «պահանջների» բառով,

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Թեմատիկ հարկային ստուգման հարցերն են՝

1) հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտություն.

2) պետական տուրքի հաշվարկման եւ գանձման ճշտություն.

3) ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտություն.

4) աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու եւ (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտություն.

5) արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների գրանցման կարգի ու կանոնների պահպանման ճշտություն.

6) «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունման, այդ թվում՝ վճարային քարտերով անկանխիկ վճարումներ ընդունելու հնարավորության ապահովման կամ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումների պահպանման ճշտություն.

7) Հաշվարկային փաստաթղթերի (բացառությամբ՝ ՀԴՄ կտրոնի) դուրս գրման համար սահմանված կարգի ու կանոնների պահպանման ճշտություն.

8) Հարկման օբյեկտի հաշվարկման համար հիմք հանդիսացող ապրանքների, ծառայությունների եւ աշխատանքների գների ճշտություն.

9) Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ փակցնելը:»:

Հոդված 5. Օրենսգրքի 336-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1) ռիսկի վրա հիմնված համալիր հարկային եւ տրանսֆերային գնագոյացման ստուգումների մեթոդաբանությունը եւ ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ հարկային մարմինը՝ դրանց հաշվարկման եւ գնահատման կարգը, որում պարունակվող տեղեկատվությունը, այդ թվում՝ ռիսկերի պրոֆիլներում ու ցուցիչներում պարունակվող տեղեկատվությունը, գաղտնի է եւ ենթակա չէ հրապարակման.»:

Հոդված 6. Օրենսգրքի 339-րդ հոդվածում.

1) 3-րդ մասում լրացնել 2.1-ին կետ հետեւյալ բովանդակությամբ.

«2.1) Համալիր հարկային եւ տրանսֆերային գնագոյացման ստուգումների հանձնարարագիրը հարկ վճարողին ծանոթացման ներկայացնելու օրը հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը սույն օրենսգրքի 353-րդ հոդվածով նախատեսված կարգով իրավասու է վերցնել կամ առգրավել հարկ վճարողի հարկային հսկողությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթեր եւ իրեր, այդ թվում՝ համակարգչային ծրագրեր եւ էլեկտրոնային ֆայլեր:»,

2) 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Թեմատիկ ստուգման հանձնարարագիրը ներկայացվում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին ծանոթացման հետեւյալ կարգով.

1) թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով կամ դրանցից որեւէ մեկով սահմանված հարցերը ներառող հանձնարարագրի կնքված երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում ստուգման ընթացքում՝ մինչեւ ստուգման հանձնարարագրում նշված ստուգման ժամկետի վերջին օրը ներառյալ, բայց ոչ ուշ, յուրաքանչյուր անգամ խախտում հայտնաբերելուց անմիջապես հետո, իսկ թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 4-րդ եւ 9-րդ կետերով կամ դրանցից որեւէ մեկով սահմանված հարցերը ներառող հանձնարարագրի կնքված երկու օրինակն առձեռն ծանոթացման են ներկայացվում անմիջապես ստուգումը սկսելիս.

2) թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման դեպքում հարկային մարմինը կարող է իրականացնել հսկիչ գնում (գնումներ)՝ Օրենսգրքի 339.1-ին հոդվածով սահմանված կարգով.

3) թեմատիկ հարկային ստուգման շրջանակում Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 5-րդ եւ 6-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման դեպքում հայտնաբերված յուրաքանչուր խախտում համարվում է առանձին խախտում.

4) թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով կամ դրանցից որեւէ մեկով սահմանված հարցերը ներառող ստուգման դեպքում ստուգումը փաստացի սկսելու օրվա վերաբերյալ գրառումը հանձնարարագրում կատարում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք.

5) հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը պարտավոր է ստորագրել հանձնարարագրի կնքված երկու օրինակի վրա՝ հաստատելով, որ ծանուցված է թեմատիկ հարկային ստուգման անցկացման մասին, որոնցից մեկը (հարկային մարմնի օրինակը) վերադարձվում է հարկային մարմնի պաշտոնատար անձանց.

6) հանձնարարագիրը ստորագրելուց կամ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության դեպքում երկու աշխատանքային օրվա ընթացքում հանձնարարագրի՝ այն հրապարակելու լիազորություն ունեցող անձի էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը հարկ վճարողին է ուղարկվում սույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված կարգով:»,

3) 6-րդ մասում «հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների» բառերը փոխարինել « թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ. 6-րդ, 7-րդ, 8-րդ կետերով սահմանված հարցերի» բառերով, իսկ «այդ ստուգումների» բառերը՝ «այդ ստուգման հարցի» բառերով:

Հոդված 7. Օրենսգրքում լրացնել 339.1-ին հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 339.1. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ. 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված հարցերի թեմատիկ հարկային ստուգման շրջանակում իրականացվող հսկիչ գնման ընթացակարգը

1. Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ եւ 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված հարցերի թեմատիկ հարկային ստուգման ընթացքում կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում հանձնարարագրի ներկայացման օրը երկու օրինակից կազմվում է հարկային մարմնի սահմանած ձեւով արձանագրություն յուրաքանչյուր հսկիչ գնման ընթացքում կատարված խախտումների վերաբերյալ, որտեղ նշվում են՝

1) արձանագրությունը կազմելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը եւ համարը.

2) հանձնարարագրի ամսաթիվը, ամիսը, տարեթիվն ու համարը.

3) հարկ վճարողի լրիվ անվանումը եւ ՀՎՀՀ-ն.

4) հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի (անձանց) պաշտոնը, անունը եւ ազգանունը.

5) հսկիչ գնումն այլ անձի միջոցով (անձի գրավոր համաձայնությամբ) իրականացնելու դեպքում՝ այդ անձի տվյալները (ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը, անձնագրային տվյալները կամ հանրային ծառայության համարանիշը, կազմակերպության եւ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում՝ ՀՎՀՀ-ն, կազմակերպության լրիվ անվանումը, գտնվելու վայրը).

6) խախտումն արձանագրող յուրաքանչյուր հսկիչ գնման իրականացման փաստացի ժամկետը (պահը).

7) հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը.

8) հսկիչ գնման արդյունքները (խախտումների նկարագրությունը)

9) հարկ վճարողին հանձնարարագիրը հանձնելու օրվա վերաբերյալ համապատասխան գրառումը.

10) առարկությունների վերաբերյալ գրառումը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝ խախտումների վերաբերյալ յուրաքանչյուր արձանագրության երկու օրինակներն արձանագրությունը կազմելու օրը ներկայացվում են հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին: Արձանագրությունը ստորագրում են հսկիչ գնում կատարող անձը (անձինք) եւ հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը, ինչպես նաեւ հարկ վճարողի անունից ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող, ծառայություններ մատուցող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողը (աշխատողները): Հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն արձանագրության հարկային մարմնի օրինակի վրա կատարում է գրառում այն ստանալու մասին եւ հանձնում է հարկային մարմնի պաշտոնատար անձին, իսկ արձանագրության վերաբերյալ առարկություններ ունենալու դեպքում դրա մասին նշում է կատարում արձանագրությունում: Խախտումների վերաբերյալ արձանագրությունն ստորագրելուց եւ ստանալուց հրաժարվելու կամ հարկ վճարողի պաշտոնատար անձի բացակայության դեպքում այդ մասին հսկիչ գնում իրականացնող պաշտոնատար անձը (անձինք) համապատասխան գրառում է կատարում արձանագրության օրինակների վրա, եւ արձանագրության էլեկտրոնային ստորագրությամբ վավերացված կամ տեսաներածված տարբերակը, որպես թեմատիկ ստուգման ակտի նախագծի անբաժանելի մաս, կցվում է թեմատիկ հարկային ստուգման ակտի նախագծին:

3. Թեմատիկ ստուգման ընթացքում կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում, հսկիչ գնում իրականացրած հարկային մարմնի պաշտոնատար անձի կողմից հանձնարարագիրը ներկայացվելուց հետո, բայց ոչ ուշ, քան հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման համար սույն հոդվածի 6-րդ մասում նշված ժամկետները, հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ ապրանքներ մատակարարող (վաճառող), աշխատանքներ կատարող եւ (կամ) դրամական հաշվարկ կատարող աշխատողին են վերադարձվում հսկիչ գնմամբ (գնումներով) ձեռք բերված ապրանքը (ապրանքները), պայմանով, որ գնումից հետո չեն փոփոխվել դրանց ապրանքային տեսքը եւ սպառողական հատկանիշները՝ երկու օրինակից կազմելով հարկային մարմնի ղեկավարի սահմանած ձեւով ապրանքների հետ ընդունման ակտ:

4. Հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների եւ ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման, ինչպես նաեւ հսկիչ գնմամբ ձեռք բերված ապրանքների վերադարձման կարգը հաստատում է Կառավարությունը:»:

Հոդված 8. Օրենսգրքի 340-րդ հոդվածում.

1) 5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«5. Թեմատիկ հարկային ստուգման հարցերը ներառում են Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հարցերը՝ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող օրենսդրության պահանջներին դրանց կատարման համապատասխանության գծով: Թեմատիկ հարկային ստուգումների հարցերի համար ստուգվող ժամանակաշրջանի սկիզբ է համարվում նույն հարցով նախորդ համալիր հարկային կամ թեմատիկ հարկային ստուգմամբ ստուգված ժամանակաշրջանին հաջորդող օրը: Թեմատիկ հարկային ստուգումների հարցերի համար ստուգվող ժամանակաշրջանի ավարտ է համարվում ստուգման ավարտի օրը:»,

2) 6-րդ մասում «հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների» բառերը փոխարինել «Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված հարցերի» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 5-րդ մասերում «հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգումների» բառերը փոխարինել « Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ եւ 8-րդ կետերով սահմանված հարցերի ստուգման» բառերով:

Հոդված 10. Օրենսգրքի 342-րդ հոդվածում.

1) 2-րդ մասում առաջին նախադասությունից հետո լրացնել նոր նախադասություն՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Թեմատիկ հարկային ստուգման՝ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով սահմանված հարցերի ստուգման ակտի նախագծի վերաբերյալ առարկություններ ներկայացնելու դեպքում հարկ վճարողի կողմից ներկայացվում են նաեւ Օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված տեսաձայնագրությունները:»,

2) 4-րդ մասի 7-րդ կետի «ա» ենթակետում «(նկարագրական մաս)» բառերից հետո լրացնել « ստուգման ընթացքը տեսաձայնագրված լինելու դեպքում՝ վերջինիս վերաբերյալ, ինչպես նաեւ՝ Օրենսգրքի 352.1-ին հոդվածի 11-րդ մասով նախատեսված կարգով տեսաձայնագրությունը հարկ վճարողին տեղեկացնելու կամ հարկ վճարողի կողմից դիմումի բացակայության դեպքում՝ տեղեկացված չլինելու վերաբերյալ,» բառերը:

Հոդված 11. Օրենսգրքի 343-րդ հոդվածում.

1) 3-րդ մասի 1-ին կետն ուժը կորցրած ճանաչել,

2) 5-րդ մասի 3-4.1-ին կետերն ուժը կորցրած ճանաչել,

3) 8-րդ մասից հանել «, բացառությամբ հսկիչ գնումների, երբ գործում են Օրենսգրքի 345-րդ հոդվածի 5-րդ մասով այդ ուսումնասիրությունների համար սահմանված առանձնահատկությունները» բառերը,

4) 9-րդ մասում «1-ին եւ 2-րդ կետերով» բառերը փոխարինել «2-րդ կետով» բառերով,

5) 13-րդ մասում «2-6-րդ» թվերը փոխարինել «6-րդ» թվով:

Հոդված 12. Օրենսգրքի 345-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 13. Օրենսգրքում լրացնել 352.1-ին հոդված՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 352.1. Տեսաձայնագրումը թեմատիկ հարկային ստուգման ընթացքում

1. Թեմատիկ հարկային ստուգման շրջանակներում արձանագրված խախտման փաստը հաստատող հանգամանքները հիմնավորելու նպատակով հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք կարող են օգտագործել ծառայողական տեսաձայնագրող տեխնիկական միջոցներ (այսուհետ՝ տենիկական միջոցներ) հարկային հսկողության տվյալ լիազորությունների իրականացմամբ սահմանափակվող ժամկետում:

2. Հարկային մարմնի կողմից տեխնիկական միջոցները կարող են օգտագործվել ոչ գաղտնի եղանակով:

3. Թեմատիկ հարկային ստուգման ընթացքում իրականացվող հսկիչ գնման շրջանակում տեխնիկական միջոցներն օգտագործվում են մինչեւ հսկիչ գնում (գնումներ) կատարելու պահը եւ կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ խախտման արձանագրման ընթացքում:

4. Թեմատիկ ստուգման՝ աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձեւակերպելու եւ (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության հսկողության հարցի, ինչպես նաեւ կատարված հսկիչ գնման (գնումների) արդյունքում խախտումներ հայտնաբերելիս՝ խախտման արձանագրման դեպքում տեխնիկական միջոցներով տեսաձայնագրման մասին ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է բանավոր նախազգուշացնել հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին, ինչպես նաեւ իր հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում օգտագործվող տեխնիկական միջոցներով ամրագրած տեսաձայնագրությունը հանդիսանում է խախտումը հիմնավորող ապացույց վարչական կամ դատական կարգով բողոքարկման վարույթում՝ առանց այլ անձանց նույնականացնող տվյալների հրապարակման կամ դրանց նվազագույն հրապարակմամբ:

6. Սույն հոդվածով նախատեսված նպատակներից դուրս այլ նպատակներով տեսաձայնագրությունները օգտագործելը (այդ թվում՝ հրապարակելը) արգելվում է:

7. Եթե տեխնիկական միջոցներով արձանագրվել է խախտում, ապա տեսաձայնագրությունները հարկային մարմնի տեսաձայնագրությունների պահոցում պահվում են մինչեւ կայացված վարչական ակտի անբողոքարկելի դառնալը:

8. Տեխնիկական միջոցների կիրառմամբ խախտումներ հայտնաբերելու դեպքում դրանք արձանագրելուց հետո հարկ վճարողի (գործադիր մարմնի ղեկավարի) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի գրավոր պահանջով (դիմումը հարկային մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում) հարկային մարմինը դիմումատուի ցանկությամբ՝ տեսաձայնագրությունը տեղադրում է հարկ վճարողի անձնական գրասենյակում կամ տրամադրում է անհատական ծածկագիր՝ թվային եւ (կամ) տառային պայմանանշանների հաջորդականություն, որոնք մուտքագրելով հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում՝ հնարավոր է դիտել եւ պատճենահանել խախտումն ամրագրած տեսաձայնագրությունը:

9. Հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին հանձնվող (իրազեկվող, հարկային մարմնի պաշտոնական կայքում տեղադրվող)՝ խախտումն ամրագրած տեսաձայնագրության կադրում արձանագրված անձանց պատկերները մթնեցվում են:

10. Տեսաձայնագրությունների պահոց մուտք գործելու եւ տվյալներին ծանոթանալու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկը, տվյալներից օգտվելու, տվյալները պահպանելու, ոչնչացնելու կարգը, տեխնիկական միջոցների ցանկը, տեխնիկական միջոցներ օգտագործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը սահմանում է հարկային մարմնի ղեկավարը:»:

Հոդված 14. Օրենսգրքի 353-րդ հոդվածում.

1) վերնագրում «վերցնելը» բառից հետո լրացնել «եւ առգրավելը» բառերը,

2) 1-ին մասում «ստուգում» բառը փոխարինել «հսկողություն» բառով եւ «կրկնօրինակ» բառից առաջ լրացնել «, տեսաձայնագրությունների» բառերը եւ «մինչեւ ստուգման կամ ուսումնասիրության ժամկետի ավարտը վերադարձվում են հարկ վճարողին» բառերը փոխարինել «պահանջը վերանալուն պես, բայց ոչ ուշ, քան փաստաթղթերը վերցնելուց երեք տարի հետո դրանք վերադարձվում են հարկ վճարողին» բառերով,

3) լրացնել 1.1-1.5-րդ մասեր՝ հետեւյալ բովանդակությամբ՝

«1.1. Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձինք հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին առաջարկում են ներկայացնել հարկային հսկողությանն առնչվող սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրերը, փաստաթղթերը կամ դրանց կրկնօրինակները, իսկ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձի հրաժարվելու կամ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից գրավոր եղանակով առաջարկած ողջամիտ ժամկետում չտրամադրելու, ինչպես նաեւ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում, իրավասու են իրականացնել բացառապես հարկային հսկողությանն առնչվող իրերի եւ փաստաթղթերի առգրավում՝ Կառավարության սահմանած կարգով:

1.2. Առգրավումն իրականացվում է հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի պատճառաբանված գրավոր որոշման հիման վրա:

1.3. Առարկաների եւ փաստաթղթերի առգրավումն իրականացվում է այն անձանց մասնակցությամբ, ում մոտից իրականացվում է առգրավումը: Անհրաժեշտության դեպքում առգրավմանը կարող է ներգրավվել փորձագետ: Առգրավման ընթացքը տեսաձայնագրվում է հարկային մարմնի ղեկավարի կողմից հաստատված ցանկում ներառված տեխնիկական միջոցների օգտագործմամբ, բացառությամբ տեխնիկական միջոցների անսարքության եւ օգտագործման անհնարինության դեպքերի, ինչի մասին հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից կազմվում է համապատասխան արձանագրություն: Տեսաձայնագրությունը կամ տեսաձայնագրման իրականացման անհնարինության արձանագրությունը կցվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված արձանագրությանը: Առգրավված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննումը կատարվում է բացառապես դատարանի որոշման հիման վրա:

1.4. Առգրավումից առաջ հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է անձին, որի մոտ կատարվում է առգրավումը, ծանոթացնել որոշմանը եւ նրան հանձնել որոշման պատճենը: Այդ մասին նրանից վերցվում է ստորագրություն: Ստորագրելուց հրաժարվելու դեպքում կատարվում է նշում:

1.5. Առգրավում իրականացնելիս հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձն իրավունք ունի հարկադրաբար բացելու փակ գրասենյակային, առեւտրային, արտադրական, պահեստային, արխիվային տարածքները եւ հարկ վճարողի գործունեությունն իրականացնելու համար օգտագործվող այլ տարածքները ու շինությունները, եթե հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձը կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձը հրաժարվում է կամովին բացել դրանք, որի մասին նշվում է արձանագրությունում:»:

4) 2-րդ մասում «վերցնելու» բառից հետո լրացնել «կամ առգրավելու» բառերը, «վերցված» բառից հետո՝ «կամ առգրավված» բառերը, «պաշտոնատար անձը:» բառերից հետո՝ նոր նախադասություն հետեւյալ բովանդակությամբ՝

«Իրեր, փորձանմուշներ եւ փաստաթղթեր վերցնելու կամ առգրավելոը արձանագրության պատճենն ստորագրությամբ հանձնվում է այն հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին կամ հարկ վճարողի համապատասխան պաշտոնատար անձին:»,

5) 3-րդ մասում «առգրավված» բառը փոխարինել «վերցված» բառով:

Հոդված 15. Օրենսգրքի 411-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 411. Հարկ վճարողի գործունեության իրականացման հասցեում սահմանված տեղեկություններ չփակցնելը

1. Հարկ վճարողի կողմից իր գործունեության իրականացման յուրաքանչյուր հասցեում առավել տեսանելի տեղում (իսկ գտնվելու եւ (կամ) կառավարման որոշումների ընդունման, օպերատիվ ֆինանսական ղեկավարման վայրերում՝ համապատասխան ցուցանակների վրա) հարկային մարմնի սահմանած ձեւով հայտարարություն (նշելով հարկ վճարողի լրիվ անվանումը (անհատ ձեռնարկատերերի դեպքում՝ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը), ՀՎՀՀ-ն, գործունեության տվյալ վայրի հասցեն եւ տվյալ հասցեում իրականացվող գործունեության տեսակը (տեսակները)) չփակցնելու, կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցնելու դեպքում թեմատիկ հարկային ստուգմամբ, կամ արտագնա ուսումնասիրությամբ գանձվում է 100 հազար դրամի չափով տուգանք՝ յուրաքանչյուր հասցեում չփակցված կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցված տեղեկության մասով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը թեմատիկ հարկային ստուգմամբ կամ արտագնա ուսումնասիրությամբ արձանագրելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելու դեպքում գանձվում է տուգանք՝ յուրաքանչյուր չփակցված կամ ոչ ճշգրիտ տվյալներով փակցված տեղեկության մասով 200 հազար դրամի չափով:

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ խախտումը կրկին կատարել է համարվում թեմատիկ հարկային ստուգման ակտի, կամ արտագնա ուսումնասիրության արձանագրության ամսաթվից հետո՝ մեկ տարվա ընթացքում՝ մինչեւ հաջորդ թեմատիկ հարկային ստուգման ակտի կամ արտագնա ուսումնասիրության արձանագրության նախագծի ամսաթիվը սույն հոդվածի 1-ին մասով սահմանված խախտումը կատարելը:»:

Հոդված 16. Օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ակտի» բառից հետո «եւ» շաղկապը փոխարինել «կամ» շաղկապով,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձեւակերպելու (այսինքն՝ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի կամ գրավոր պայմանագրի բացակայության) եւ (կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելիս անձի նույնականացումը կարող է իրականացվել հարկային մարմնի կողմից սահմանված ցանկում ներառված անձանց նույնականացման հնարավորություն ունեցող ծառայողական (ոչ անձնական) տեխնիկական միջոցներով:»:

Հոդված 17. Օրենսգրքի 416-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասում «(բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասում նշված դեպքի)» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր» բառը,

2) 3-րդ մասում «345-րդ հոդվածի 6-րդ» բառերը փոխարինել «339.1 հոդվածի 1-ին» բառերով:

Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: