Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-7242-27.11.2023-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 4-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«4. Դրոշմանիշային վճարների պարտավորության գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված պարտավորությունների կատարման ապահովումը, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն ուղղված միջոցները իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանված կարգով:

Դրոշմանիշային վճարները սահմանված ժամկետից ուշ վճարելու դեպքում հարկային օրենսդրությամբ սահմանված տույժեր չեն հաշվարկվում:»:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ եւ 4-րդ մասերով.

«3. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարները հաշվարկում են՝ հիմք ընդունելով տվյալ ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի ամսական պարզեցված հաշվարկում ներառված աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները եւ (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց եկամուտները:

4. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող՝ սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ հարկային գործակալ չհանդիսացողից եկամուտ ստացող անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձինք, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները դրոշմանիշային վճարները հաշվարկում եւ արտացոլում են համապատասխանաբար եկամտային հարկի տարեկան հաշվարկում (հայտարարագրում), անհատ ձեռնարկատիրոջ եւ նոտարի սոցիալական վճարի հաշվարկում եւ (կամ) միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ:»:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածը լրացնել նոր 5-րդ մասով հետեւյալ բովանդակությամբ՝

«5. Դրոշմանիշային վճարի պարտավորությունների հաշվառման նպատակով հարկային մարմնում վարվում են անձնական հաշվի քարտեր: Անձնական հաշվի քարտի ձեւը եւ վարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն:»

Հոդված 5. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից: Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջացած պարտավորությունների վրա: Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած պարտավորությունների նկատմամբ սույն օրենքի 1-ին հոդվածը կիրառվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում եւ կարգով:

2. Մինչեւ սույն օրենքն ուժի մեջ մտնելը առաջացած եւ՝ չկատարված կամ չգանձված պարտավորությունների ապահովման՝ Օրենսգրքով սահմանված գանձման եւ (կամ) արգելանքի որոշման կայացման ժամկետը հաշվարկվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 10-րդ օրվանից եւ չկատարված պարտավորությունների ապահովման եւ հարկադիր կատարման նկատմամբ կիրառվում են Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգավորումները:

3. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանվող դրույթների կիրարկումն ապահովող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ընդունվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեցամսյա ժամկետում: