Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7246-27.11.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել նոր 8-րդ կետ հետեւյալ բովանդակությամբ.

«8) այն դեպքերի, երբ վիճարկվում է չվճարված հարկային պարտավորությունները գանձելու եւ (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ որոշումը:»

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1.Կարգավորման ենթակա խնդիրը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) նպատակն է՝ բարձրացնել հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության արդյունավետությունը՝ նվազեցնելով դրա վրա ծախսվող ռեսուրսները:

2. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Ներկայումս ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 398-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի, հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցվում է չվճարված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթ, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ:

Օրենսգրքի 430-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ չկատարված հարկային պարտավորության չափը 1 միլիոն 500 հազար դրամ կամ ավելի կազմելու դեպքում, եթե հարկային մարմնի իրականացրած վարչարարության ընթացքում արդեն իսկ ձեռք բերված ապացույցները բավարար հիմք են տալիս ենթադրելու, որ հարկ վճարողը կարող է թաքցնել, փչացնել կամ սպառել հարկային մարմնի ընդունած իրավական ակտի կատարման համար անհրաժեշտ գույքը, ապա հարկային մարմնի ղեկավարը Օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակելու:

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Այսինքն, ՀՀ Սահմանադրությունը որեւէ բացառություն չի նախատեսում հարկային պարտավորության չկատարման դեպքերի մասով, իսկ ՀՀ հարկային օրենսգրքի 45-րդ հոդվածը սահմանում է միայն հարկային պարտավորությունների դադարման դեպքերը:

ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածի համաձայն՝

1.Յուրաքանչյուր ոք ունի վարչական մարմինների կողմից իրեն առնչվող գործերի անաչառ, արդարացի եւ ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

2. Վարչական վարույթի ընթացքում յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող բոլոր փաստաթղթերին ծանոթանալու իրավունք, բացառությամբ օրենքով պահպանվող գաղտնիքների:

3. Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են մինչեւ անձի համար միջամտող անհատական ակտն ընդունելը լսել նրան, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

Վերոգրյալ իրավական նորմերի համակարգային վերլուծության արդյունքում հարկ է արձանագրել, որ գործող կարգավորումների համաձայն հարկային պարտավորության գանձման վարչական վարույթը հարկային մարմնի կողմից հարուցվում է այն դեպքում, երբ պարտավորությունն արդեն իսկ առաջացել է օրենքի ուժով՝ մասնավորապես՝ հարկ վճարողը հայտարարագրել է իր հարկային պարտավորությունը եւ վերջինս ընդունվել է հարկային մարմնի կողմից եւ հաշվառվել է հարկ վճարողի անձնական հաշվի քարտում: Նշված դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հայտարարագրած հարկային պարտավորությունները գանձելու վարչական վարույթը կրում է ձեւական բնույթ, քանի որ բացակայում է ՀՀ Սահմանադրության 50-րդ հոդվածով ամրագրված՝ վարչական մարմնի կողմից անձին լսելու անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ անձն ինքն է հայտարարագրել իր հարկային պարտավորությունները ինքնուրույն, իր կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկով:

Եվ հարկ է նշել, որ հարկ վճարողը Օրենսգրքի համապատասխան կարգավորումների համաձայն իրավունք ունի նաեւ իր կողմից ներկայացված հաշվարկով հայտարարագրած հարկային պարտավորությունները ճշտել, ինչի դեպքում դրա արդյունքները եւս արձանագրվում են հարկ վճարողի անձնական հաշվի քարտում, հետեւաբար հարկային մարմնի եւ հարկ վճարողի միջեւ հարկային պարտավորությունների առաջացման հիմքի, պարտավորության չափի, վճարման ժամկետների մասով հարաբերությունները արդեն իսկ կարգավորված են Օրենսգրքով եւ հարկային մարմնի կողմից փաստացի իրականացվող վարչական վարույթը՝ պարտավորությունների առկա լինելու, չափի, փոփոխությունների մասով որպես առանձին վարչական վարույթ կարգավորված է Օրենսգրքի համապատասխան դրույթներով: Նշվածը հնարավորություն է տալիս փաստելու, որ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունների համար հիմք հանդիսացող հարկային հաշվարկներ ներկայացնելու դեպքում հարկային մարմնի կողմից նշված հարկային պարտավորությունների գանձման վարչական վարույթը կրկնակի վարույթ է, ինչի կատարման անհրաժեշտությունը բացակայում է: Նշվածը վերաբերում է նաեւ ստուգման անբողոքարկելի ակտերով առաջադրված եւ չվճարված հարկային պարտավորությունների դեպքերին, երբ պարտավորությունը առաջադրվել է արդեն իսկ իրականացված վարչական վարույթի շրջանակում եւ վարչական ակտը դարձել է անբողոքարկելի:

Ելնելով վերոգրյալից, Նախագծով նախատեսվել է՝

1) Որպես առանձին օրենքով կարգավորման ենթակա վարույթ, հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները արձանագրող հարկային հաշվարկներ ներկայացնելու դեպքում չվճարված հարկային պարտավորությունների գանձման նպատակով հարկային մարմնի ղեկավարի կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձի կողմից ընդունվելու է չվճարված հարկային պարտավորությունները գանձելու եւ (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում (այսուհետ՝ Որոշում), որը պարտադիր է լինելու բոլոր առեւտրային բանկերի, շարժական կամ անշարժ գույքի կամ գույքային իրավունքների գրանցում իրականացնող լիազոր մարմինների եւ անձանց համար եւ ենթակա է կատարման Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:

Նախատեսվում է Որոշման հիման վրա արգելանքը կիրառել հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, մասնավորապես՝ եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ (բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի) :

Բացի այդ, Նախագծով նախատեսվում է, որ հարկային մարմինը 200 հազար դրամը գերազանցող պարտավորությունների դեպքում՝ պարտավորությունների առաջացման օրը, իսկ մինչեւ 200 հազար դրամ պարտավորությունների դեպքում՝ նշված պարտավորության առաջացման օրվանից հետո երկու ամիսը լրանալու օրը հարկ վճարողին հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջի միջոցով հարկային պարտավորությունների եւ հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված իրականացման ենթակա գործողությունների մասին հարկ վճարողին ուղարկելու է հիշեցում:

Հարկ է ընդգծել, որ հարկային մարմինը Որոշումը ուղարկելու է առեւտրային բանկերին, շարժական կամ անշարժ գույքի կամ գույքային իրավունքների գրանցում իրականացնող լիազոր մարմիններին եւ անձանց եւ արգելանք կիրառելու նպատակով, եթե հարկ վճարողին հիշեցումը ուղարկելուց հետո 7 օրացուցային օրվա ընթացքում հարկային պարտավորությունները չդադարեն Օրենսգրքով սահմանված կարգով կամ կայացվի հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունելու վերաբերյալ պատճառաբանված եզրակացություն: Որոշման կայացմանը օրը, այն Օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվելու է հարկ վճարողին:

Նշված ընթացակարգը նախատեսվում է կիրառել նաեւ ստուգման անբողոքարկելի ակտերով առաջադրված եւ չվճարված հարկային պարտավորությունների դեպքում:

Փաստացի, Նախագծի շրջանակում հարկային պարտավորությունները դիտարկվել են որպես անվիճելի պարտավորություններ հետեւյալ դեպքերում՝

ա. հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով առաջադրված պարտավորությունները, եթե նշված վարչական ակտերը դարձել են անբողոքարկելի.

բ. այն հարկային պարտավորությունները, որոնք հարկ վճարողը ինքն է հայտարարագրել իր կողմից ներկայացված հարկային հաշվարկներով:

2) Օրենքով հարկեր վճարելու պարտականություն ունեցող, օրենքով սահմանված հարկային հաշվարկ չներկայացրած եւ հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ չունեցող ֆիզիկական անձ հարկ վճարողների չվճարված հարկային պարտավորությունների գանձումն իրականացվելու է «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով: Նույն նորմով սահմանվում է նաեւ հարկ վճարողներին վարույթի շրջանակներում փաստաթղթերի ծանուցման կարգը: Միաժամանակ նախատեսվել է, որ չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմինը Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգով ձեռնարկում է չկատարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովող, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն ուղղված միջոցներ:

3) Հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո 30-օրյա ժամկետում հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը Որոշումը եւ չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով կներկայացնի Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայություն (այսուհետ՝ Ծառայություն)՝ չկատարված պարտավորությունները «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքով (Օրենք) սահմանված կարգով հարկադիր կատարելու նպատակով:

4) Ծառայության կողմից չկատարված պարտավորությունները Օրենքով սահմանված կարգով հարկադիր կատարելու նպատակով համապատասխան լրացումներ են կատարվել Օրենքում եւ նախատեսվել է, որ Օրենքով է կարգավորվելու նաեւ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան հարկային մարմնի կողմից հարկադիր կատարման ներկայացված չկատարված հարկային պարտավորությունների կատարման պայմանները եւ կարգը այնքանով, որքանով դրանք իրենց էությամբ (mutatis mutandis) կիրառելի են դրանց կատարման նկատմամբ:

5) Նաեւ նախատեսվում է վերանայել եւ համապատասխանեցնել Նախագծի կանոնակարգումներին Օրենսգրքով սահմանված արգելանքը դադարեցնելու հիմքերը:

6) Նախատեսվում է Օրենսգրքի 4-րդ հոդվածի 64-րդ կետով սահմանված պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերի ցանկից հանել Օրենսգրքի 398-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ չվճարված հարկային պարտավորությունների գանձման կամ հարկ վճարողի գույքի արգելանքի վարչական վարույթների շրջանակներում Օրենսգրքով եւ օրենքով նախատեսված փաստաթղթերը (արձանագրություններ, արգելանքի հանձնարարագրեր, որոշումներ, ծանուցագրեր) եւ փոխարենը որպես պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթեր սահմանել նաեւ հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակներում ինչպես թղթային եղանակով, այնպես էլ էլեկտրոնային համակարգի միջոցով ընդունվող Օրենսգրքով կամ օրենքով նախատեսված փաստաթղթերը:

7) Նախատեսվում է նաեւ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ եւ սահմանել, որ դրոշմանիշային վճարների պարտավորության գծով վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում հարկային մարմինը չվճարված պարտավորությունների կատարման ապահովումը, ինչպես նաեւ հարկադիր կատարմանն ուղղված միջոցները իրականացնում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով:

Նաեւ նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել վերոնշյալ օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասը եւ սահմանել, որ դրոշմանիշային վճարի պարտավորությունների հաշվառման նպատակով հարկային մարմնում վարվում են անձնական հաշվի քարտեր:

8) Նախատեսվում է նաեւ «Պետական տուրքի մասին» եւ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքներում կատարել համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ նշված օրենքների շրջանակներում պարտավորությունների կատարման վերաբերյալ կանոնակարգումները համապատասխանեցնելով Նախագծով նախատեսված կանոնակարգումներին:

9) Նախատեսվում է ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում եւ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում կատարել համապատասխան փոփոխություններ, մասնավորապես՝ չվճարված հարկային պարտավորությունները գանձելու եւ (կամ) չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաեւ օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ որոշման դատական կամ արտադատական կարգով բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:

Միաժամանակ, Օրենսգրքում նախատեսվում է կատարել վերոնշյալից բխող այլ փոփոխություններ:

Հարկ է նշել, որ Նախագծով նախատեսվող փոփոխությունների կատարումը հիմնավորվում է նաեւ դատական նախադեպով: Մասնավորապես՝ ՀՀ վճռաբեկ դատարանը 2022 թվականի մայիսի 10-ի թիվ ՎԴ/8932/05/18 որոշմամբ մերժել է քաղաքացի Գոհար Հակոբյանի վճռաբեկ բողոքն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի եւ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.02.2020 թվականի որոշումը թողել է անփոփոխ՝ պատճառաբանելով, որ «…սույն գործով վիճարկվող վարչական ակտն ընդունվել է նույն արարքի համար կրկնակի վարչարարության իրականացման արդյունքում, որի հետեւանքով ոչ իրավաչափ վարչական ակտով անձը ծանրաբեռնվել է հարկային պարտավորությունները հարկադիր կատարելու պարտականությամբ»:

Միաժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանը արձանագրել է, որ վարչական ակտերն ընդունվում են հենց օրենքի ուժով առաջացած հարկային պարտավորությունների գանձնման նպատակով, հետեւաբար ցանկացած հիմքով այդ վարչական ակտերն անվավեր ճանաչելու պարագայում դրանով առաջացած գումարները չեն կարող վարչական մարմնի կողմից նոր վարչական ակտ կայացնելու միջոցով գանձվել:

Բայցեւայնպես, անձը չի կարող ազատվել հարկային պարտավորության կատարումից:

Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանը նաեւ արձանագրել է, որ եթե վարույթն իրականացրած մարմնի կողմից թույլ տրված ընթացակարգային խախտումը գնահատվել է էական (որոշիչ), որն ազդեցություն է ունեցել ակտի նյութական իրավաչափության վրա՝ այդպիսով հանգեցնելով դրա անվավերությանը, ապա չի կարող հետագայում այդ խախտումը վերացվելու միջոցով նույն անձի նկատմամբ վերջինիս դրսեւորած վարքագծի հիման վրա վարչական մարմնի կողմից իրականացվել կրկնակի վարչարարություն եւ ընդունվել նոր վարչական ակտ:

Ուստի այն դեպքերում, երբ վարչական ակտն անվավեր է ճանաչվում վարչական մարմնի կողմից օրենսդրությամբ սահմանված ընթացակարգային նորմերի պահանջների խախտված լինելու հիմքով, որոնք ազդեցություն են ունեցել որոշման նյութական իրավաչափության վրա եւ խախտել շահագրգիռ անձանց հիմնական իրավունքները, ապա տվյալ դեպքում վարչական մարմինը չի կարող իրականացնել գործի կրկնակի քննություն եւ վերացնելով գործի քննության նախորդ վարույթի շրջանակներում թույլ տրված խախտումները՝ կայացնել նույնաբովանդակ վարչական ակտ:

Առաջանում է մի իրավիճակ, որում ընթացակարգային նորմերի խախտման հետեւանքով հնարավոր չի լինում իրականացնել չվճարված հարկային պարտավորությունների գանձումը:

Սակայն, քանի որ պարտավորությունը առաջանում է ոչ թե վարչական ակտի, այլ օրենքի ուժով եւ հարկ վճարողի կողմից իր հարկային պարտավորությունները փաստող հարկային հաշվարկներ ներկայացնելու դեպքում եւ դրա դադարման հիմք առկա չէ, ուստի նշված պարտավորությունները միեւնույն է ենթակա են կատարման, մինչդեռ բացակայում է համապատասխան գործիքակազմը:

3. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի եւ բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ««Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք.

Նախագծերը մշակվել է ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կողմից:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծերը կապված են ՀՀ կառավարության 2019թ. դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման եւ վարչարարության բարելավման ռազմավարությունը եւ դրանից բխող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1830-Լ որոշմամբ հաստատված հավելված 2-ի 2.1.14-րդ կետով սահմանված «ներդնել հարկային պարտավորություններ ի կատարումն ապահովող արգելադրման արդյունավետ գործիքակազմ» միջոցառման հետ:

6. Նպատակը եւ ակնկալվող արդյունքը.

Նախագծերով կնախատեսվի չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում նշված պարտավորությունների գանձման նպատակով արգելանք կիրառելու ընթացակարգ, մասնավորապես՝ հարկ վճարողի գույքի վրա արգելանք կիրառելուց հետո 30-օրյա ժամկետում հարկային պարտավորությունները չդադարելու դեպքում հարկային մարմինը Որոշումը եւ չկատարված պարտավորության չափի վերաբերյալ տեղեկատվությունն էլեկտրոնային եղանակով կներկայացնի ԴԱՀԿ՝ հարկադիր կատարման նպատակով:


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:


Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն