Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-7221-27.11.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 31.9-րդ գլխով.

«ԳԼՈՒԽ 31.9

ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԳՐԱՎՎԱԾ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍԱՐՔԵՐՈՒՄ ԿԱՄ ԿՐԻՉՆԵՐՈՒՄ ՊԱՐՈՒՆԱԿՎՈՂ ԹՎԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԶՆՆՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 222.28. Հարկային մարմնի կողմից առգրավված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերի քննության ընթացակարգը

1. Հարկային մարմնի կողմից առգրավված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերը վարչական դատարանը քննում է գրավոր ընթացակարգով:

2. Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարչական դատարանը քննում եւ գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո՝ տասնօրյա ժամկետում:

Հոդված 222.29. Դատական ակտերը

1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում  հարկային մարմնի պահանջը բավարարելու մասին դատական ակտ, եթե.

1) ներկայացված դիմումով հիմնավորվել է, որ հարկային մարմնի կողմից առգրավված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննության կատարումը բխում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով  սահմանված հարկային հսկողության շրջանակներից,

2) զննում կատարելու նպատակով հարկային մարմնի կողմից էլեկտրոնային սարքերի կամ կրիչների առգրավումը իրականացվել է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով  սահմանված  ընթացակարգերի համաձայն:

2. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտը վերջնական է, վերանայման ենթակա չէ եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

3. Գործն ըստ էության լուծող դատական ակտի օրինակը ոչ ուշ, քան հաջորդ օրն ուղարկվում է հարկային մարմնին եւ այն հարկ վճարողին, որին պատկանող էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննման վերաբերյալ կայացվել է դատական ակտը:»:

Հոդված 2.   Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» եւ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն