Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը հանել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՎԵՔՆՆԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հաշվեքննիչ պալատի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարությունը եւ պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների 2019-2023 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1716-Լ որոշման հավելված 2-ի 26-րդ բաղադրիչից, Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի» 24-րդ հոդվածի «դ» կետից, Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի օգոստոսի 7-ի «Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020-2023 թվականների ռազմավարական զարգացման ծրագիրը եւ դրա իրականացման միջոցառումների պլանը հաստատելու մասին» թիվ 150-Լ որոշման հավելված 1-ի 1.1.2 կետից, Հաշվեքննիչ պալատի 2022 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին պետական հաշվեքննության ոլորտի իրավական բարելավումների հայեցակարգը հաստատելու մասին» թիվ 187-Լ որոշմամբ հաստատված հայեցակարգից, 2011 թվականի դեկտեմբերի 22-ին ՄԱԿ-ի 66-րդ Գլխավոր վեհաժողովի ընդունած «Բարձրագույն հաշվեքննիչ մարմինների ուժեղացման միջոցով պետական կառավարման արդյունավետության, օգտավետության, հաշվետվողականության եւ թափանցիկության բարձրացման վերաբերյալ» թիվ A/66/209 որոշումից: Նախագիծը մշակելիս հաշվի են առնվել Եվրոպական միության եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ԵՄ/ՏՀԶԿ) համատեղ ՍԻԳՄԱ ծրագրի աջակցությամբ մշակված՝ «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի բարելավումների վերաբերյալ առաջարկությունների փաթեթը, ինչպես նաեւ ԱՄՆ Կառավարության հաշվետվողականության գրասենյակի (US GAO) կողմից օրենքի վերաբերյալ ներկայացված առաջարկությունները:
Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
«Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքի գործողության ուժի մեջ մտնելով 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում մեկնարկեց արտաքին պետական հաշվեքննության կամ այլ կերպ ասած՝ հանրային հատվածում աուդիտորական մարմնի գործունեությունը: Օրենքի կիրարկման ընթացքում բավականաչափ տեղեկատվություն է կուտակվել INTOSAI-ի ընդունած միջազգային ստանդարտներից ՀՀ-ում գործող իրավակարգավորումների շեղումների, օրենսդրական բացերի ու ներքին հակասությունների վերաբերյալ, որոնց բարելավումն անհրաժեշտ է արտաքին պետական հաշվեքննության գործառույթի կայացման եւ արդյունավետության հետագա բարձրացման համար:
Հաշվեքննության մանդատ
Հաշվեքննության ոչ համապարփակ մանդատը սահմանափակում է հանրային շահին միտված՝ հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտի վերաբերյալ մասնագիտական եւ անկողմնակալ տեղեկատվության տրամադրման Հաշվեքննիչ պալատի ներուժը: INTOSAI-ի Լիմայի հռչակագրի համաձայն, հանրային ֆինանսներին առնչվող բոլոր գործառնությունները ենթակա են հաշվեքննության՝ անկախ պետական եւ/կամ համայնքային բյուջեներում դրանց արտացոլված լինելու հանգամանքից կամ պետական եւ/կամ համայնքային բյուջեների վրա ազդեցություն ունենալու եղանակից (բաժին 18, կետ 3): Գործող իրավակարգավորումների պայմաններում Հաշվեքննիչ պալատի մանդատի շրջանակներից դուրս են գտնվում՝
Տեղեկատվության մատչելիություն
Oրենքով սահմանված տարատեսակ գաղտնիքներին եւ անհատական տվյալներին ՀՊ-ի հասանելիության սահմանափակումները կարող են հանգեցնել հաշվեքննությունների կասեցմանը եւ, ֆինանսական հաշվեքննության դեպքում, ընդհուպ մինչեւ հաշվեքննության կարծիքից հրաժարմանը՝ հարցականի տակ դնելով Սահմանադրությամբ նախատեսված արտաքին պետական հաշվեքննության գործառույթի իրականացման հնարավորությունը:
Լիմայի հռչակագրի 10-րդ բաժնի 1-ին կետի համաձայն. «ԲՀՄ-ները պետք է ունենան հասանելիություն ֆինանսական կառավարմանն հետ կապված բոլոր գրանցումներին ու փաստաթղթերին եւ պետք է լիազորված լինեն բանավոր կամ գրավոր կերպով պահանջել ԲՀՄ-ի կողմից անհրաժեշտ համարվող ցանկացած տեղեկություն»: Մեխիկոյի հռչակագրի 4-րդ՝ «Տեղեկությունների անսահմանափակ հասանելիություն» սկզբունքի համաձայն. «ԲՀՄ-ները պետք է ունենան բավարար լիազորություններ՝ ստանալու ժամանակին, անխափան, ուղիղ եւ անվճար հասանելիություն իրենց օրենսդրական պարտականությունների պատշաճ կատարման համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերին եւ տեղեկություններին»:
Հաշվեքննիչ պալատի կառավարում
ՀՊ-ի կառավարման կոլեգիալ մարմինը ներկայումս բաղկացած է 7 անդամից, որոնք բոլորը գործադիր իրավասություններով օժտված ղեկավարներ են եւ բացակայում են անկախ, գործադիր իրավասություններով չօժտված ղեկավարներ (non-executive directors): Արդյունքում, առկա չեն ներինստիտուցիոնալ հակակշիռների ու զսպումների արդյունավետ մեխանիզմներ, որոնք ինքնաշխատ կերպով կնպաստեն որակին միտված հաշվեքննության արդյունքների գեներացմանը:
Մարդկային ռեսուրսների կառավարում
Մարդկային ռեսուրսների կառավարման գործող կարգավորումները չեն պարունակում որեւէ մոտիվացիա՝ որակի համարժեք ստանդարտներին համապատասխանող մասնագետների ներգրավման եւ/կամ աշխատակազմի ներկայացուցիչների որակավորման բարձրացման ու աշխատանքային առաջընթացի ձգտելու համար: Հարկ է նկատել, որ աշխատաշուկայի աուդիտորական միասնական սեգմենտը ներառում է ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային հատվածներում աուդիտորական աշխատանքի առաջարկն ու պահանջարկը, տվյալ շուկայում գործում են համանման որակավորմամբ մասնագետներ: Այնուհանդերձ, պաշտոնների դասակարգման, մասնագիտական զարգացման ու առաջընթացի, ինչպես նաեւ աշխատանքի վարձատրության գործող կարգավորումների առումով պետական եւ մասնավոր հատվածում աուդիտորական աշխատանքի միջեւ առկա է էական խզում, որը շուկայական տնտեսակարգի պայմաններում էապես սահմանափակում է ՀՊ-ի՝ որպես ՀՀ բարձրագույն հաշվեքննիչ մարմին կայացման եւ որակյալ աուդիտորական ծառայությունների մատուցման հնարավորությունները:
Անկախություն
ԲՀՄ-ների անկախության վերաբերյալ միջազգայնորեն ընդունված սկզբունքների տեսանկյունից գործող իրավակարգավորումներում խնդրահարույց է կազմակերպչական անկախության սահմանափակումը, որն արտահայտվում է հաշվեքննողների՝ քաղաքացիական ծառայողներ հանդիսանալու հանգամանքով, գործառնական անկախության սահմանափակումները, որոնք արտահայտվում են Հաշվեքննիչ պալատի ներքին ընթացակարգերը ոչ ճկուն օրենսդրական մեխանիզմներով կանոնակարգվածության հանգամանքով:
Առաջարկվող կարգավորման բնույթը.
Վերոնշյալ խնդիրները հասցեագրվել են Նախագծում՝ առաջարկված հետեւյալ իրավական լուծումների միջոցով.
Նախագծով կարգավորվել են նաեւ մի շարք իրավական բացեր (օրինակ՝ հաշվեքննության դադարեցման մեխանիզմների, «խեղաթյուրում», «անհամապատասխանություն» հասկացությունների սահմանումների բացակայություն), շփոթ առաջացնող հասկացություններ (օրինակ՝ ծախսային արդյունավետություն, ընթացիկ եզրակացություն), առկա հասկացությունների, հաշվեքննության կարծիքների եւ այլ սահմանումները համապատասխանեցվել են INTOSAI-ի ստանդարտների պահանջներին, ինչպես նաեւ ներկայացվել են Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացմանը միտված այլ լուծումներ:
Ակնկալվող արդյունքը.
Սույն Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել հանրային ֆինանսների եւ սեփականության ոլորտում օրինականության եւ արդյունավետության սկզբունքների վերաբերյալ հանրությանն ու Ազգային ժողովին ներկայացվող տեղեկատվության որակը՝ մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված եւ անկողմնակալ արտաքին պետական հաշվեքննության մարմնի գործունեության արդյունավետության բարձրացման ճանապարհով: