Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-727-28.11.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 109-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի բ. ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ եւ 1-ին կետը լրացնել բ1, բ2, բ3, բ4 ենթակետերով.

«բ. դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում, եթե այլ բան նախատեսված չէ սույն կետի «բ1», «բ2», «բ3» եւ «բ4» ենթակետերով.

բ1. պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,

բ2. պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում, բացառությամբ սույն կետի բ3. ենթակետով նախատեսված դեպքերի,

բ3. պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,

բ4. օտարերկրյա պետությունների, միջազգային, միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվի ստացած նպատակային դրամական միջոցները  եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ այդ դրամական միջոցները կամ այդ դրամական միջոցներով ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ՝ անկախ այդ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից,»:

Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը, եւ կիրառվում է 2023 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցների գծով եկամտի որոշման առանձնահատուկ կանոնի սահմանումն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Ներկայումս պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակներում որպես արդեն իսկ կատարված ծախսերի կամ ստացված վնասների փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում դրանց ստացման հարկային տարում:

Խնդիրն այն է, որ պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում աջակցության գումարները տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվում են համապատասխան ծախսերը կատարած լինելու պայմաններում՝ որպես կատարված ծախսերի փոխհատուցում՝ նպատակ ունենալով կանխել հնարավոր չարաշահումները: Նման սխեմայով գումարների հատկացումը, սակայն, հարկային օրենսդրությամբ սահմանված վերոնշյալ կարգավորման համաձայն գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցություն ստացած հարկ վճարողների մոտ շահութահարկով հարկման հետեւանքներ է առաջացնում, ինչը տվյալ դեպքում արդարացված չէ՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն ազատված են շահութահարկով հարկումից:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահմանել, որ պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շրջանակներում շահութահարկ վճարողների կողմից որպես ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվների գծով արդեն իսկ կատարված ծախսերի փոխհատուցում ստացված նպատակային դրամական միջոցները եկամուտ են համարվում այն հարկային տարում, երբ ձեռք բերված, կառուցված, ստեղծված կամ մշակված ակտիվները ճանաչվում են որպես ծախս՝ անկախ այդ ծախսը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից:

4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով եկամտի առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններն են:

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

6. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պետության կողմից ֆինանսավորվող` գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերի շահառու համարվող տնտեսավարող սուբյեկտների հարկային միջավայրը եւ խթանել այս ուղղությամբ ձեռնարկատիրական գործունեությունը:

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի պահանջում:

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ.

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի հարկային օրենսդրության բարելավման միջոցով կարեւորվելու է ներդրողների համար արդար, ընկալելի եւ կանխատեսելի միջավայրի ձեւավորումը:
 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն