Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-730-28.11.2023-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածի 2-րդ մասը՝

1) 2-րդ կետում «դրամը» բառից հետո լրացնել «, եթե սույն մասի 2.1-րդ կետով այլ բան սահմանված չէ» բառերը,

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 2.1-ին կետով.

«2.1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոտեկային վարկի վարկառուին եւ առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը.»,

3) 4-րդ կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ «ե» եւ «զ» ենթակետերով.

«ե. 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայք մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,

զ. 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե սույն հոդվածի 1-ին մասով սահմանված անշարժ գույքը գտնվում է կամ կառուցվում է կամ կառուցվելու է սույն կետի «ե» ենթակետում չնշված մարզերի վարչական տարածքներում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը մարզերում քաղաքաշինական ու տնտեսական ակտիվությունը խթանող՝ տնտեսավարող սուբյեկտների եւ քաղաքացիների որոշումների կայացումը ժամանակի մեջ առաջ բերելը խրախուսելը, ինչպես նաեւ հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակի հետագա՝ երկարաժամկետ հեռանկարում ընդլայնումը զսպելն է:

2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները. Եկամտային հարկի վերադարձման համակարգի ներդրումը նպատակ է ունեցել բնակարանների եւ անհատական բնակելի տների նկատմամբ պահանջարկի աճի հաշվին նպաստել տնտեսության շինարարության ոլորտի աշխուժացմանը: Այս առումով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ շինարարության ոլորտը ՀՀ տնտեսության հիմնական ոլորտներից է, ակնկալվում է նշյալ գործիքի կիրառման միջոցով ոլորտում տնտեսական աճ ապահովել, իսկ տնտեսական աճից ստացվող հարկերի միջոցով՝ փոխհատուցել եկամտային հարկի գումարների վերադարձման արդյունքում պետական բյուջեի եկամուտների կորուստները:

Երեւան քաղաքի վարչական սահմաններում ձեռք բերվող կամ կառուցվող գույքերի մասով եկամտային հարկի վերադարձմամբ հիպոտեկային վարկերի սպասարկման համակարգի կիրառության ժամանակային սահմանափակումների կիրառության փորձը ցույց է տվել, որ տնտեսավարող սուբյեկտներն ու քաղաքացիները որոշակի վարքագծային արձագանք են դրսեւորում եւ ժամանակի մեջ առաջ են բերում համապատասխան որոշումների կայացումը: Արդյունքում ստեղծվում են քաղաքաշինական ու տնտեսական ակտիվության խթաններ:

Այս առումով, Կառավարության քաղաքականությունը կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում ուղղված է հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառությամբ քաղաքաշինական ու տնտեսական ակտիվության խթանմանը, տարածաշրջանային տնտեսական զարգացմանը: Միեւնույն ժամանակ, նախատեսվում է երկարաժամկետ հեռանկարում նեղացնել հիպոտեկային վարկերի մասով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը, քանի որ համակարգի՝ առանց ժամանակային սահմանափակման կիրառությունը մի կողմից հնարավորություն չի ընձեռի ազդել տնտեսավարող սուբյեկտների ու քաղաքացիների կողմից համապատասխան որոշումների կայացման վարքագծի վրա, իսկ մյուս կողմից՝ կձեւավորի եկամուտների վերաբաշխման եւ հարկաբյուջետային կարգավորումների հետ կապված որոշակի խնդիրներ:

3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառելի չէ՝

  • 2027 թվականի հունվարի 1-ից, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,
  • 2029 թվականի հունվարի 1-ից հետո, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի.


    Բացի այդ, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոտեկային վարկի վարկառուին եւ առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը դրամը:

    4. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակն ու ժամկետները, ինչպես նաեւ յուրաքանչյուր եռամսյակի ընթացքում վերադարձվող գումարի առավելագույն չափն է:

    5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

    6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային եւ/կամ այլ ռազմավարություններ:

    Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հարկաբյուջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղություններից, ըստ որի՝

  • Հարկաբյուջետային քաղաքականության հիմնական նպատակը պետական ֆինանսական համակարգի բարձր արդյունավետությունն է: Դրան հասնելու նպատակով Կառավարությունը շարունակելու է հարկային քաղաքականության այնպիսի բարեփոխումներ, որոնք նպաստելու են բիզնես միջավայրի մրցունակության բարձրացմանը եւ միաժամանակ պետական բյուջեով սահմանված հարկային եկամուտների ապահովմանը,
  • Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է լինելու տնտեսության ներդրումային գրավչության բարձրացմանն ու տնտեսական ակտիվության մակարդակի բարելավմանը՝ դրանով իսկ ստեղծելով կայուն նախադրյալներ արտահանման եւ երկարաժամկետ տնտեսական աճի, հանրային բարիքի վերաբաշխման եւ հարկաբյուջետային կայունության ամրապնդման համար,
  • լավարկվելու է հիպոտեկային վարկի տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգը եւ դրան հաղորդվելու է տարածքային համաչափ զարգացման եւ ավելի ընդգծված սոցիալական ազդեցության նշանակություն:

    ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

    «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

    «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է ըստ մարզերի եւ ըստ տարիների աստիճանաբար կրճատել հիպոտեկային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության շրջանակը: Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ եկամտային հարկը՝

    1) 2027 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է Երեւան քաղաքին հարակից՝ Արագածոտն, Արարատ, Արմավիր եւ Կոտայք մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված այդ մարզերի սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի,

    2) 2029 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոտեկային վարկերի մասով չի վերադարձվում, եթե գույքը գտնվում է այլ մարզերում, բացառությամբ Կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ բնակավայրերում գտնվող կամ կառուցվող անշարժ գույքի:

    Առաջարկվում է սահմանել նաեւ, որ ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2025 թվականի հունվարի 1-ից հետո ստացված եւ կառուցապատողից, պետությունից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոտեկային վարկի վարկառուին եւ առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը դրամը:

    Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծի ընդունման արդյունքում կզսպվի պետական բյուջեի եկամուտների կորստի աճը, իսկ նախագծի ընդունումը չի հանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման:


    Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

    Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

    Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

    Գրություն