Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 89-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 30.1-ին կետով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«30.1) սահմանում է դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման եւ դրանից օգտվելու կարգը, այն էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը, որոնք հնարավոր չէ դատարան ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգը.»:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վեցամսյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման եւ դրանից օգտվելու կարգը, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի, ինչպես նաեւ այն էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը, որոնք հնարավոր չէ ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Վերջին տարիներին դատավարական օրենսգրքերում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվեցին քաղաքացիական եւ վարչական դատավարություններում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, ներդրվեցին էլեկտրոնային գործիքներ դատավարությունը արագացնելու, գործերի քննության ողջամիտ ժամկետների առավել լիարժեք պահպանումը ապահովելու համար:
Սակայն, պետք է արձանագրել, որ ներկայումս առկա գործիքները բավարար չեն դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման համար, եւ կարիք կա գործուն քայլեր կատարել վարչական եւ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարելավման, էլեկտրոնային արդարադատության միասնական կառավարման համակարգի ներդրման համար, որոնք էապես կնպաստեն Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացմանը:
Պայմանավորված հասարակական հարաբերությունների առաջընթացով, դրանց շրջանակում թվային տեխնոլոգիաների ներդրմամբ եւ լայնորեն կիրառմամբ՝ օբյեկտիվորեն առաջ է գալիս նաեւ այդպիսի տեխնոլոգիաների եւ դրանցով պայմանավորված լուծումների օգտագործման անհրաժեշտությունն արդարադատության իրականացման համակարգի շրջանակներում:
Նշվածի հաշվառմամբ Կառվարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ որպես ռազմավարական ուղղություն նախատեսվել է ստեղծել «Էլեկտրոնային դատարան» եւ «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգեր:
Կառավարության նույն որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 6-րդ նպատակի 7-րդ գործողությամբ նախատեսվել է մշակել էլեկտոնային արդարադատության գործիքների ներդրման հիման վրա Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտի նախագիծ: Գործողությունների ծրագրի 7-րդ նպատակի 3-րդ գործողությամբ նախատեսվել է մշակել էլեկտոնային արդարադատության գործիքների ներդրման հիման վրա Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտի նախագիծ:
Ներկայումս գործարկվել է միայն «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի վճարման կարգադրության մոդուլը: Սակայն, դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ եւ մատչելի իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել նաեւ Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակ (e-justice), որը իր մեջ կներառի քաղաքացիական եւ վարչական գործերով էլեկտրոնային մոդուլը:
«Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի քաղաքացիական եւ վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակումը եւ ներդրումը հնարավորություն կտա քաղաքացիական եւ վարչական դատավարություններում իրականացվող մի շարք դատավարական գործողություններ կատարել էլեկտրոնային եղանակով, որի արդյունքում կբարձրանա վարույթի շրջանակներում իրականացվող դատական գործառույթների էլեկտրոնային եղանակով իրականցման տոկոսը, որը ներկայումս կազմում է մոտ 20 տոկոս:
Էլեկտրոնային եղանակով արդարադատության կազմակերպումը իրենից ենթադրում է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով Քաղաքացիական դատավարության եւ Վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված գործառույթների էլեկտրոնային եղանակով իրականացում: Այն առավելապես ուղղված է դատավարության մասնակիցների համար դատավարական գործողությունների իրականացման դյուրինացմանը՝ հնարավորինս քիչ ժամանակ եւ ռեսուրսներ ծախսելու միջոցով:
Էլեկտրոնային արդարադատությունը իրենից ենթադրում է դատավարության տարբեր գործընթացների էլեկտրոնային եղանակով կազմակերպման հնարավորության նախատեսում, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով գործերի վարում, փաստաթղթաշրջանառության ապահովում, դատական ծանուցումների կազմակերպում, ապացույցների ներկայացում եւ այլն:
Քաղաքացիական եւ վարչական դատավարություններում էլեկտրոնային արդարադատության հիմնական առավելություններից մեկն այն է, որ այն կարող է նպաստել դատական նիստերի ձգձգումների կրճատմանը եւ ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովմանը: Օրինակ, իրավական փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացումը կարող է վերացնել ֆիզիկական թղթային փաստաթղթերի անհրաժեշտությունը եւ նվազեցնել փաստաթղթերի մշակման եւ պահպանման համար անհրաժեշտ ժամանակը եւ ռեսուրսները:
Էլեկտրոնային գործավարությունը կարող է նաեւ նպաստել հնարավորին կարճ ժամկետում դատական գործի դատավարական փուլի, դատարանի գործողությունների եւ այլնի մասին հնարավորինս կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ տեղեկության ձեռքբերմանը:
Էլեկտրոնային դատավարության հասանելիությունը հնարավորություն է ստեղծում հեռակա կարգով հետեւել գործի ընթացքին, ինչը կարող է օգտակար լինել հատկապես այն անձանց համար, ովքեր ֆիզիկական, ֆինանսական կամ այլ սահմանափակումների պատճառով չեն կարող անձամբ ներկա լինել դատարանում:
Էլեկտրոնային գրառումները եւ սղագրությունները կարող են հեշտությամբ հասանելի լինել նաեւ գործին մասնակցող անձանց եւ հանրությանը, ինչը իր հերթին նպաստելու է դրանց թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմանը:
Շատ երկրներ քաղաքացիական կամ վարչական դատավարություններում այս կամ այն չափով ներդրել են արդարադատության էլեկտրոնային համակարգեր, ներառյալ էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացումը, գործերի կառավարումը՝ այդ թվում դատական նիստերին մասնակցություն՝ դատական նիստերի վիրտուալ դահլիճներում: Այս համակարգերը տարբերվում են իրենց շրջանակով եւ գործառույթներով, այնուամենայնիվ, դրանք ընդհանուր նպատակ ունեն՝ բարելավել դատավարության արդյունավետությունն ու մատչելիությունը նորարար տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:
Աշխարհի շատ երկրներում արդեն իսկ այս կամ այն չափով ներդրվել են արդարադատության էլեկտրոնային համակարգերը, մասնավորապես այդպիսի պետություններից են.
1) Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ բազմաթիվ նահանգային եւ դաշնային դատարաններում գործի ներկայացումը եւ քննությունը կազմակերպվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով: ԱՄՆ-ի տարբեր նահանգներում եւ դրանց իրավասություններում էլեկտրոնային արդարադատությունըան կիրառվում է ումը տարբեր կերպովէ, բայց ընդհանուր առմամբ այն դարձել է դատական գործընթացների արդյունավետության եւ մատչելիության բարձրացման կարեւոր գործիք:
ԱՄՆ-ում էլեկտրոնային արդարադատության հիմնական առանձնահատկություններից մեկը գրանցման եւ գործերի վարման էլեկտրոնային համակարգն է: Այս համակարգերը կողմերին հնարավորություն են տալիս փաստաթղթեր ներկայացնել եւ առցանց հետեւել իրենց գործերի ընթացքին: Շատ նահանգային եւ դաշնային դատարաններ ներդրել են դատավարական գործողությունների գրանցման եւ քննության էլեկտրոնային համակարգեր, որոնք, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, թույլ են տալիս խնայել ժամանակը եւ նվազեցնել ծախսերը ինչպես դատարանների, այնպես էլ դատական գործընթացում դատավարության մասնակիցների համար:
ԱՄՆ-ում էլեկտրոնային արդարադատության կարեւոր առանձնահատկություն է դատական գործընթացների հեռակա հասանելիությունը: Շատ դատարաններ օգտագործում են տեսակապի միջոցով դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը, որը թույլ է տալիս կողմերին մասնակցել դատական գործընթացներին՝ առանց դատարանի դահլիճում ֆիզիկապես ներկա լինելու: Սա հատկապես կարեւոր էր COVID-19 համաճարակի ժամանակ, քանի որ շատ դատարաններ ստիպված էին անցնել հեռավար դատավարության՝ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Այս առանձնահատկություններից բացի, ԱՄՆ-ում էլեկտրոնային արդարադատությունը ներառում է նաեւ դատական գործընթացների ընթացքում էլեկտրոնային ստորագրությունների եւ գրառումների օգտագործումը: Դաշնային եւ նահանգային օրենքները սահմանում են էլեկտրոնային ստորագրությունների եւ գրառումների վավերականությունը այնքան ժամանակ, քանի դեռ դրանք բավարարում են որոշակի պահանջներ, ինչպիսիք են դրանց ճշգրտությունն ու ամբողջականությունը ապահովող եղանակով ստեղծումն ու պահպանումը: Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային արդարադատությունը դարձել է կարեւոր գործիք Միացյալ Նահանգներում դատական գործընթացների արդյունավետության, մատչելիության եւ անվտանգության բարձրացման համար:
2) Կանադան, որի որոշ մարզային եւ տարածքային դատարաններում ներդրվել է դատական գործի գրանցման եւ գործերի քննության էլեկտրոնային համակարգեր: Որոշ դատարաններ թույլ են տալիս նաեւ էլեկտրոնային եղանակով իրականցնել մի շարք դատական գործընթացներ:
3) Միացյալ Թագավորությունը, որի որոշ դատարաններում, ներառյալ Բարձր եւ Վերաքննիչ դատարաններում, գործի ներկայացման եւ քննության էլեկտրոնային համակարգեր է ներդրել: Դատարանները թույլ են տալիս նաեւ ապացույցները ներկայացնել էլեկտրոնային եղանակով եւ դատավարության ընթացքին հետեւել հեռակա՝ համապատասխան համակարգ մուտք գործելով:
4) Սինգապուրը, որը ամբողջությամբ անցել է էլեկտրոնային արդարադատությանը: Այն իրենից ներկայացնում է դատական գործի էլեկտրոնային գրանցում, գործերի վարում, վիրտուալ լսումների կազմակերպում եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում:
5) Ավստրալիան, որի որոշ նահանգային եւ դաշնային դատարաններում ներդրվել ենէ դատական գործերի էլեկտրոնային գրանցման եւ գործերի քննության համակարգեր:
ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ նախատեսված դատավարությունների թվայնացման հրամայականը եւ այդ նպատակով համապատասխան էլեկտրոնային համակարգերի մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներն անխուսափելիորեն հանգեցնում են որոշակի օրենսդրական փոփոխությունների եւ/կամ լրացումների կատարման անհրաժեշտության՝ դատավարությունների էլեկտրոնային եղանակով իրականացման հնարավորությունն օրենսդրական մակարդակով ապահովելու տեսանկյունից:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ նաեւ՝ Նախագծեր) առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների եւ դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական ու վարչական գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը:
Նախագծերով առաջարկվող օրենսդրական փոփոխությունները հիմնվում են հետեւյալ հայեցակարգային սկզբունքների վրա.
1) Էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումն ինքնին չի հանգեցնելու ավանդական դատավարությունների վերացմանը: Ողջամիտ է նախատեսել, որ առնվազն մոտակա մի քանի տարիների ընթացքում դատավարության ֆիզիկական անձ մասնակիցները պետք է հնարավորություն ունենան «ընտրել»՝ օգտագործել համապատասխան էլեկտրոնային համակարգերը, թե ոչ՝ հաշվի առնելով վերջիններիս կարգավիճակը, հնարավորությունները եւ գիտելիքների մակարդակը: Այսինքն՝ առնվազն մոտակա մի քանի տարիների ընթացքում դատավարության ավանդական կարգը նշված դեպքերում մեծամասամբ շարունակելու է գործել:
Այս առումով, հարկ է նշել, որ օրենսդրական փոփոխությունները եւ լրացումները ընթանալու են ոչ թե ներկայումս գործող դատավարական նորմերը փոփոխելու, այլ՝ Քաղաքացիական դատավարության եւ Վարչական դատավարության օրենսգրքերում նոր գլուխ՝ «Էլեկտրոնային եղանակով իրականացվող դատավարական եւ այլ գործողությունների առանձնահատկությունները» ներդնելու ճանապարհով:
2) Կատարվելիք լրացումները վերջնարդյունքում պետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով, պատշաճ կերպով եւ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով ներկայացված հայցադիմումները, դիմումները եւ բողոքները դատարանի կողմից քննության ընդունելու (վարույթ ընդունելու) հարցում առկա չլինեն ձեւական դատավարական խոչընդոտներ:
3) Կատարվելիք լրացումները (իրավանորմերը) վերջնարդյունքում պետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով, պատշաճ կերպով եւ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողություն ունենա նույն դատավարական հետեւանքները, որը կունենար ավանդական եղանակով կատարված համանման գործողությունը:
4) Առաջարկվող լրացումներով մասնավորապես՝
1) սահմանվել է «էլեկտրոնային եղանակով վարվող գործ» հասկացությունը, ըստ որի «էլեկտրոնային վարվող գործը» իր մեջ ներառում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ձեւավորվել են (ստեղծվել են) կամ ներկայացվել են համակարգի միջոցով, ինչպես նաեւ բոլոր այն փաստաթղթերի «սքանավորված» (scanned) տարբերակները, որոնք ներկայացվել են «ավանդական» եղանակով:
2) սահմանվել է, որ քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը գործը վարում է էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով որեւէ գործողություն կատարած եւ հետագայում Համակարգից օգտվելու անհնարինության մասին գործը քննող դատարանին տեղյակ չպահած ֆիզիկական անձի կողմից կամ ուղարկվել են նրան, ինչպես նաեւ լրացվող գլխով նախատեսված այլ դեպքերում: Որպես այդպիսի դեպքեր կարող են նշվել, օրինակ, պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի ներկայացումը, կամ դատարանի պահանջով իրեղեն ապացույցի ներկայացումը:
3) Եթե գործին մասնակցող բոլոր անձինք գործի շրջանակներում օգտագործում են էլեկտրոնային համակարգը, ապա դատարանն իրավունք ունի որոշակի կազմակերպչական գործողությունների շրջանակ (օրինակ՝ դատական գործի ուղարկումը մեկ ատյանից մեկ այլ ատյան) կատարել միայն էլեկտրոնային եղանակով:
4) Անձը կարող է համարվել գործի շրջանակներում էլեկտրոնային համակարգն օգտագործող, եթե տվյալ գործի շրջանակներում էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել է առնվազն մեկ գործողություն եւ դրանից հետո չի ներկայացրել դիմում առ այն, որ իր մոտ առկա է էլեկտրոնային համակարգն օգտագործելու անհնարինության իրավիճակ: Ընդ որում, նախագծով հստակ սահմանվել է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր պետք է օգտագործեն էլեկտրոնային համակարգը, մասնավորապես իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները, արտոնագրված հաշտարարները, ինչպես նաեւ (միայն վարչական դատավարությունում) վարչարարություն իրականացնող մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների եւ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք (բացի հայցվորից), դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով հայցվորները, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հասարակական կազմակերպության ներկայացրած հայցով գործին մասնակցող անձինք, լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործով պատասխանողները, անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վարույթով պատասխանողները:
5) Նախագծերում հաշվի են առնվել հետեւյալ հանգամանքները.
1) դատավարական մի շարք պարտականություններ, որոնք կիրառելի են «ավանդական» եղանակով ընթացող դատավարություններում, չեն կարող կիրառելի լինել էլեկտրոնային եղանակով ընթացող դատավարություններում (օրինակ՝ այն պատճառով, որ այդ դատավարական պարտականություններն էլեկտրոնային համակարգն օգտագործելու դեպքում կատարվելու են ինքնաշխատ կերպով),
2) մի շարք դատավարական գործողությունների կատարումն էլեկտրոնային եղանակով տեխնիկապես անհնարին է:
6) Ի թիվս որոշ այլ դատավարական ինստիտուտների՝ կարգավորվել են հետեւյալ հարցերը.
- Դատավարական փաստաթղթերի ներկայացման եւ ուղարկման կարգը,
- Դատական ակտերի կայացման եւ ուղարկման կարգը,
- Դատական ծանուցումները եւ «պատշաճ ծանուցում» հասկացությունը,
- Պետական տուրքի վճարումները եւ պետական տուրքի «վճարումը հավաստող պատշաճ ապացույց» հասկացությունը,
- Ապացույցների ներկայացման կարգը եւ բնօրինակ հանդիսացող փաստաթղթերի կամ դրանց պատշաճ վավերացված պատճենների ներկայացման առանձնահատկությունները,
- Էլեկտրոնային ստորագրության կիրառման եւ դատավարական փաստաթղթերն ու դատական ակտերը պատշաճ ստորագրված եւ հաստատված համարելու վերաբերյալ կարգավորումները:
7) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով Բարձրագույն դատական խորհուրդը լիազորվել է սահմանել դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման եւ դրանից օգտվելու կարգը, այն էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը, որոնք հնարավոր չէ դատարան ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգը:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել եւ ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի մի դատարանից մեկ այլ դատարան եւ միեւնույն ատյանի դատարանի նստավայրերի միջեւ գործի նյութերի էլեկտրոնային եղանակով փոխանցումը, ինչպես նաեւ կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ եւ դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային համակարգերի ներդրումը կնպաստի ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ԵՄ «Թիրախային տեխնիկական օժանդակություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու համար» ծրագրի աջակցությամբ:
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
Նախագծերը ընդունվելու դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում, մասնավորապես՝ Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին նպատակի 1-ին գործողության կատարման ապահովման համար նախատեսվող ֆինանսավորման չափը կազմելու է շուրջ 500 մլն. ՀՀ դրամ, իսկ ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու վարկային կամ դրամաշնորհային միջոցները:
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2023 թվականի համար փոստային կապի ծառայության գծով բյուջեի չափը կազմել է 1.018.296.700 ՀՀ դրամ: Սակայն հստակ գումարի չափ, որն ակնկալվում է տնտեսել նախագծերի ընդունման դեպքում՝ փոստային կապի ծառայության գծով, հնարավոր չէ նշել, քանի որ հստակ չէ թե գործերի քանի տոկոսի դեպքում կկիրառվեն էլեկտրոնային արդարադատության գործիքները, կամ քանի տոկոսը կկազմեն Համակարգն օգտագործող անձինք:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ Կառվարության որոշման Հավելված 1-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որտեղ որպես ռազմավարական ուղղություն նախատեսվել է ստեղծել «Էլեկտրոնային դատարան» եւ «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգեր:
Նախագծերի ընդունումը բխում է նաեւ Կառավարության նույն որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 6-րդ նպատակի 7-րդ եւ 7-րդ նպատակի 3-րդ գործողություններից, որով նախատեսվել է մշակել, ներդնել եւ գործարկել «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի քաղաքացիական եւ վարչական գործերով էլեկտրոնային մոդուլը:
Բացի այդ, Նախագծերի ընդունումը բխում է նաեւ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից, մասնավորապես, նշված որոշման Հավելված 1-ի Արդարադատության նախարարության թիվ 4-րդ կետով նախատեսված («Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի (e-justice.am) մշակում եւ ներդնում») միջոցառումից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
Նախագծերն ընդունվելու դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում, մասնավորապես՝ Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին նպատակի 1-ին գործողության կատարման ապահովման համար նախատեսվող ֆինանսավորման չափը կազմելու է շուրջ 500 մլն. ՀՀ դրամ, իսկ ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու վարկային կամ դրամաշնորհային միջոցները:
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2023 թվականի համար փոստային կապի ծառայության գծով բյուջեի չափը կազմել է 1.018.296.700 ՀՀ դրամ: Սակայն հստակ գումարի չափ, որն ակնկալվում է տնտեսել նախագծերի ընդունման դեպքում՝ փոստային կապի ծառայության գծով, հնարավոր չէ նշել, քանի որ հստակ չէ թե գործերի քանի տոկոսի դեպքում կկիրառվեն էլեկտրոնային արդարադատության գործիքները, կամ քանի տոկոսը կկազմեն Համակարգն օգտագործող անձինք:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում