Հոդված 1. 2013 թվականի դեկտեմբերի 5-ի Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64.1-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.1-ին գլխով.
«ԳԼՈւԽ 11.1
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ԱՅԼ ԳՈՐԾՈՂՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 64.2. Սույն գլխի գործողության ոլորտը
1. Սույն գլխի նորմերը տարածվում են էլեկտրոնային համակարգի (այսուհետ՝ Համակարգ) միջոցով դատարանի եւ դատավարության մասնակիցների, ինչպես նաեւ՝ սույն օրենսգրքով նախատեսված այլ անձանց կողմից իրականացվող գործողությունների վրա:
2. Եթե սույն գլխով առանձնահատկություններ սահմանված չեն, ապա Համակարգի միջոցով իրականացվող գործողությունների վրա տարածվում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոնները:
3. Համակարգի միջոցով պատշաճ կերպով եւ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համապատասխան կատարված գործողությունն առաջացնում է նույն հետեւանքները, ինչ կառաջացներ սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով իրականացված համանման գործողությունը:
4. Համակարգի միջոցով չեն կարող կատարվել այնպիսի գործողություններ, որոնց կատարումը Համակարգի միջոցով տեխնիկական տեսանկյունից անհնարին է: Նման անհնարինությունը չի կարող գնահատվել որպես անձի դատավարական իրավունքների սահմանափակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ համապատասխան գործողությունը կարող է կատարվել սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:
5. Սույն գլխի նորմերը կիրառելի չեն այն դեպքերում, երբ դատարանը գործը կամ դրա մի մասը դռնփակ անցակացնելու մասին որոշում է կայացրել:
Հոդված 64.3. Սույն գլխում օգտագործվող հասկացությունները
1. Սույն գլխի իմաստով՝
1) էլեկտրոնային համակարգը էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման եւ գործի քննության համար անհրաժեշտ՝ սույն գլխով նախատեսված այլ գործողությունների իրականացման համար Դատական դեպարտամենտի կողմից վարվող էլեկտրոնային համակարգն է.
2) էլեկտրոնային եղանակով վարվող գործը դատական գործի՝ Համակարգում գտնվող եւ Համակարգի միջոցով հասանելի նյութերի ամբողջությունն է.
3) համակարգն օգտագործող անձ է համարվում.
ա. այն ֆիզիկական անձը, որը վարչական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով կատարել է որեւէ գործողություն եւ հետագայում գործը քննող դատարանին տեղյակ չի պահել Համակարգից օգտվելու անհնարինության մասին.
բ. իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, վարչարարություն իրականացնող մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների եւ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք (բացի հայցվորից), դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով հայցվորները, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հասարակական կազմակերպության ներկայացրած հայցով գործին մասնակցող անձինք, լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործով պատասխանողները, անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վարույթով պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, արտոնագրված հաշտարարները եւ նոտարները համարվում են համակարգն օգտագործող անձինք՝ անկախ տվյալ վարչական գործի շրջանակներում Համակարգի միջոցով առնվազն մեկ անգամ որեւէ գործողություն կատարած լինելուց կամ չլինելուց:
2. Սույն գլխի իմաստով, Համակարգի միջոցով հասանելի դարձված փաստաթղթեր (նյութեր) են համարվում այն փաստաթղթերը (այդ թվում՝ դատավարական փաստաթղթերը, ապացույցները, դատական ակտերը, դատական ծանուցագրերը), որոնք առկա են էլեկտրոնային եղանակով վարվող գործի նյութերում եւ տեղադրվել են համակարգն օգտագործող անձի անձնական էջում, որը հավաստվում է էլեկտրոնային համակարգի կողմից, եւ դրանք հնարավոր է դիտել եւ ներբեռնել Համակարգի միջոցով: Համակարգն օգտագործող անձին որեւէ փաստաթուղթ (նյութ) հասանելի դառնալու դեպքում Համակարգն օգտագործող անձը անմիջապես տեղեկացվում է Համակարգում մուտքագրված անձի բջջային հեռախոսահամարին կարճ հաղորդագրություն ուղարկելու միջոցով:
Հոդված 64.4. Էլեկտրոնային եւ նյութական եղանակով վարվող գործերը
1. Յուրաքանչյուր վարչական գործի շրջանակներում դատարանը գործը վարում է էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են սույն օրենսգրքի 119.2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» պարբերությամբ սահմանված ֆիզիկական անձի կողմից կամ ուղարկվել են նրան եւ սույն գլխով նախատեսված այլ դեպքերում:
2. Էլեկտրոնային եղանակով վարվող գործը ներառում է վարչական գործի բոլոր նյութերը, որոնք ստեղծվել կամ ներկայացվել են Համակարգի միջոցով, ինչպես նաեւ՝ Համակարգից դուրս ստեղծված կամ ներկայացված գործի բոլոր նյութերի սկանավորված տարբերակները (ներառյալ՝ իրեղեն ապացույցների լուսանկարները եւ տեսագրությունները, դատական ծանուցագրերը, զննման արձանագրությունները եւ դատական նիստերի արձանագրությունները):
Հոդված 64.5. Դատավարական փաստաթղթերի ներկայացման հետ կապված առանձնահատկությունները
1. Բոլոր դատավարական փաստաթղթերը (հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն եւ այլն) կազմվում եւ ներկայացվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան, բացառությամբ պետական գաղտնիք կազմող տեղեկությունների, որոնք ներկայացվում են միայն նյութական եղանակով:
2. Դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են դրանց սկանավորված տարբերակները համակարգի միջոցով ուղարկելու եղանակով: Այն դեպքում, երբ դատավարական փաստաթղթին կից ներկայացվող փաստաթուղթը էլեկտրոնային է, այն ներկայացվում է առանց սկանավորման:
3. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրա կից փաստաթղթերը համարվում են դատարան մուտքագրված, դատարանին ներկայացված կամ դատարան ուղարկված՝ Համակարգի միջոցով դրանց ուղարկման պահից:
4. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրա կից փաստաթղթերը համարվում են դատարանի կողմից ստացված՝ ներկայացնողի կողմից Համակարգի միջոցով դրանց ուղարկման պահից 1 աշխատանքային օր անց:
5. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրա կից փաստաթղթերը համարվում են Համակարգը չօգտագործող անձին ուղարկված, եթե Համակարգի միջոցով ներկայացվել է ուղարկման մասին համապատասխան ապացույցի սկանավորված տարբերակը:
6. Համակարգի միջոցով ներկայացված դատավարական փաստաթուղթը եւ դրա կից փաստաթղթերը համարվում են Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե համապատասխան փաստաթղթերը Համակարգի միջոցով հասանելի են դարձվել Համակարգն օգտագործող անձին: Այդ դեպքում դատավարական փաստաթուղթը ներկայացնող անձը դրան չի կցում փաստաթղթի ուղարկման մասին լրացուցիչ ապացույց: Դատավարական փաստաթուղթը Համակարգն օգտագործող անձ հանդիսացող հասցեատիրոջ կողմից համարվում է ստացված՝ այն իրեն հասանելի դարձվելու պահից 3 աշխատանքային օր հետո:
7. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթուղթը մի քանի օրինակից ներկայացնելու պարտականությունից (այն դեպքերում, երբ նման պարտականությունը նախատեսված է սույն օրենսգրքով):
8. Դատական ակտի դեմ Համակարգի միջոցով բողոք ներկայացվելու դեպքում բողոք բերող անձն ազատվում է բողոքի օրինակը դատական ակտ կայացրած դատարան ուղարկելու պարտականությունից:
9. Դատավարական փաստաթղթերը Համակարգի միջոցով ներկայացվելու դեպքում անձն ազատվում է համապատասխան փաստաթղթի էլեկտրոնային կրիչը ներկայացնելու պարտականությունից:
Հոդված 64.6. Դատարանի կողմից դատական ակտերի կայացման, հրապարակման եւ ուղարկման հետ կապված առանձնահատկությունները
1. Առանձին ակտի ձեւով կայացվող բոլոր դատական ակտերը կազմվում են Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան:
2. Առանձին ակտի ձեւով կայացված բոլոր դատական ակտերը եւ դրանց կապակցությամբ ներկայացված հատուկ կարծիքները տեղադրվում են Համակարգում:
3. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է հրապարակված (կամ կայացված), եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձվել Համակարգն օգտագործող անձին:
4. Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտը համարվում է վերջինիս ուղարկված, եթե այն Համակարգի միջոցով հասանելի է դարձվել Համակարգն օգտագործող անձին: Համակարգն օգտագործող անձի համար դատական ակտին կից ներկայացվող փաստաթղթերը համարվում են վերջինիս ուղարկված, եթե դրանք տեղադրված են Համակարգում եւ Համակարգի միջոցով հասանելի են Համակարգն օգտագործող անձին:
5. Դատական ակտերը եւ դրանց կից ներկայացված փաստաթղթերը համարվում են Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված՝ դրանք իրեն հասանելի դարձվելու պահից 3 աշխատանքային օր հետո:
6. Դատարանի եւ դատարանի աշխատակազմի կողմից ուղարկվող (վերադարձվող) փաստաթղթերի, պարզաբանումների, նախազգուշացումների, մատնանշումների, տեղեկացումների եւ առաջարկների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:
7. Համակարգում հրապարակված դատական ակտերի՝ դատարանների միջեւ շրջանառությունը կատարվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:
8. Դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն ուղարկվող կատարողական թերթերը եւ այլ փաստաթղթերը, ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտին ուղարկվող գրությունները եւ տեղեկացումները ուղարկվում են Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատավորի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:
Հոդված 64.7. Դատական ծանուցումների հետ կապված առանձնահատկությունները
1. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձին ուղարկված, եթե այն կազմվել է Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան, պարունակում է սույն օրենսգրքով սահմանված տեղեկատվությունը եւ Համակարգի միջոցով հասանելի է դարձվել Համակարգն օգտագործող անձին:
2. Դատական ծանուցագիրը համարվում է Համակարգն օգտագործող անձի կողմից ստացված՝ այն իրեն հասանելի դարձվելու պահից 3 աշխատանքային օր անց:
3. Սույն հոդվածով նախատեսված կարգով կատարված ծանուցումը համարվում է պատշաճ ծանուցում, եւ Համակարգն օգտագործող անձը կրում է իրեն հասանելի դարձած ծանուցագիրը չկարդալու անբարենպաստ հետեւանքները:
4. Դատական ակտի հրապարակման օրվա, ժամանակի եւ վայրի մասին ծանուցումների, ինչպես նաեւ՝ դատարանի կողմից ուղարկվող այլ ծանուցումների նկատմամբ կիրառվում են սույն հոդվածի կանոնները:
Հոդված 64.8. Դատավարական փաստաթղթերի ստորագրման հետ կապված առանձնահատկությունները
1. Դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողի կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է այն ներկայացնողի էլեկտրոնային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան եւ ներկայացվել է Համակարգի միջոցով՝ ներկայացնողի կողմից:
2. Համատեղ ստորագրված դատավարական փաստաթուղթը համարվում է ներկայացնողների կողմից ստորագրված, եթե այն վավերացվել է այն ներկայացնողների էլեկտրոնային թվային ստորագրություններով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան եւ ներկայացվել է Համակարգի միջոցով՝ ներկայացնողներից որեւէ մեկի կողմից:
3. Դատավորի կողմից կայացված դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված եւ կնքված նաեւ այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան եւ վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությամբ՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:
4. Դատարանի կոլեգիալ կազմի կողմից կայացված դատական ակտը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված եւ կնքված նաեւ այն դեպքերում, երբ դատական ակտը կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան եւ վավերացվել է այն կազմող դատավորների էլեկտրոնային թվային ստորագրություններով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:
5. Հատուկ կարծիքը համարվում է սույն օրենսգրքով սահմանված կարգով ստորագրված եւ կնքված նաեւ այն դեպքերում, երբ այն կազմվել է Համակարգի միջոցով՝ Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան եւ վավերացվել է այն կազմող դատավորի էլեկտրոնային թվային ստորագրությունով՝ «Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» օրենքին համապատասխան:
Հոդված 64.9. Ապացույցների ներկայացման հետ կապված առանձնահատկությունները
1. Ապացույցների ձեռքբերմանն ուղղված միջնորդությունները ներկայացվում են դատավարական փաստաթղթերի համար նախատեսված կարգով:
2. Գրավոր ապացույցները (այդ թվում՝ վարչական վարույթի նյութերը եւ դատարանի կողմից պահանջված փաստաթղթերը) ներկայացվում են՝ դրանց սկանավորված տարբերակները սույն օրենսգրքով նախատեսված դատավարական փաստաթղթերին կցելու եւ Համակարգի միջոցով ուղարկելու միջոցով:
3. Գրավոր ապացույցի ամբողջական տարբերակը, պատշաճ թարգմանությունը, բնօրինակը, կրկնօրինակը կամ պատշաճ վավերացված պատճենը համարվում է ներկայացված, եթե համապատասխան փաստաթղթի սկանավորված տարբերակը ներկայացվել է Համակարգի միջոցով: Փաստաթղթի սկանավորված լինելու պահանջը չի տարածվում էլեկտրոնային եղանակով կամ կապի այլ միջոցով ստացված գրավոր ապացույցի նկատմամբ:
4. Դատարանն իրավունք ունի գրավոր ապացույցի ամբողջական տարբերակի, պատշաճ թարգմանության, բնօրինակի, կրկնօրինակի կամ պատշաճ վավերացված պատճենի սկանավորված տարբերակը ներկայացրած անձից բանավոր կամ գրավոր (այդ թվում՝ Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) պահանջել ներկայացնել համապատասխան փաստաթղթի՝ նյութական եղանակով առկա օրինակը: Դատարանի պահանջի չկատարումը հանգեցնում է սույն օրենսգրքով նախատեսված հետեւանքներին:
5. Համակարգի միջոցով իրեղեն ապացույցի ներկայացմամբ իրեղեն ապացույց թույլատրելու մասին միջնորդությունը ներկայացվում է իրեղեն ապացուցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը ներկայացնելու միջոցով:
6. Իրեղեն ապացույցի պատճենը, լուսանկարը կամ տեսագրությունը համարվում է ներկայացված, եթե համապատասխան փաստաթղթի սկանավորված տարբերակը, լուսանկարը կամ տեսագրությունը պարունակող էլեկտրոնային ֆայլը ներկայացվել է Համակարգի միջոցով: Դատարանն իրավունք ունի համապատասխան ապացույցը ներկայացրած անձից բանավոր կամ գրավոր (այդ թվում՝ Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) պահանջել ներկայացնել համապատասխան իրեղեն ապացույցի՝ նյութական եղանակով առկա օրինակը:
7. Լուսանկարները, ձայնագրությունները եւ տեսագրությունները համարվում են ներկայացված, եթե համապատասխան տվյալները պարունակող էլեկտրոնային ֆայլերը ներկայացվել են Համակարգի միջոցով:
8. Ծավալուն էլեկտրոնային ֆայլերը, ինչպես նաեւ այն էլեկտրոնային ֆայլերը, որոնք հնարավոր չէ ներկայացնել Համակարգի միջոցով, ներկայացվում են Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով:
Հոդված 64.10. Ներկայացուցչի լիազորությունների հաստատման հետ կապված առանձնահատկությունները
1. Այն դեպքում, երբ սույն օրենսգրքով պահանջվում է դատավարական փաստաթղթին կից ներկայացնել ներկայացուցչի (այդ թվում՝ օրինական եւ ի պաշտոնե) լիազորությունները հավաստող փաստաթուղթ, այդ պահանջը համարվում է պահպանված, եթե նման փաստաթուղթը ներկայացվել է Համակարգի միջոցով, Համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին եւ առաջադրվող պահանջներին համապատասխան եւ պարունակում է սույն օրենսգրքով եւ այլ օրենքներով սահմանված բոլոր անհրաժեշտ վավերապայմանները:
2. Դատարանն իրավունք ունի գործին մասնակցող անձի ներկայացուցչից (այդ թվում՝ օրինական եւ ի պաշտոնե) գրավոր (այդ թվում՝ Համակարգի միջոցով ուղարկված հաղորդագրությամբ) կամ բանավոր պահանջել ներկայացնել լիազորությունները հավաստող փաստաթղթի կամ փաստաթղթերի՝ նյութական եղանակով առկա օրինակը: Դատարանի պահանջի չկատարման դեպքում ներկայացուցչի լիազորությունները չեն ճանաչվում դատարանի կողմից:
Հոդված 64.11. Գործի քննության հետ կապված վճարումների առանձնահատկությունները
1. Պետական տուրքը համարվում է վճարված, եւ պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը համարվում է ներկայացված, եթե պետական տուրքը վճարվել է Համակարգի միջոցով, եւ գործը քննող դատարանը Համակարգի միջոցով կարող է հավաստիանալ, որ վճարումը կատարված է:
2. Դատական ակտով բռնագանձման ենթակա գումարները (այդ թվում՝ դատական ծախսերը եւ դատական տուգանքները) համարվում են վճարված՝ սույն հոդվածով սահմանված կանոններով:
Հոդված 64.12. Գործի նյութերին ծանոթանալու եւ գործի նյութերի հասանելիության հետ կապված առանձնահատկությունները
1. Համակարգում առկա էլեկտրոնային գործի նյութերը (ներառյալ՝ դրանում կատարված փոփոխությունները եւ լրացումները) ամբողջ ծավալով պետք է հասանելի լինեն ոչ միայն գործը քննող դատավորին եւ նրա աշխատակազմին, այլեւ գործին մասնակցող անձանց եւ նրանց ներկայացուցիչներին:
2. Գործին մասնակցող անձի կամ ներկայացուցչի փոխարինման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունը դադարում է փոխարինված անձի եւ ներկայացուցչի համար, միաժամանակ ապահովվում է հասանելիություն նոր ներգրավված գործին մասնակցող անձի եւ ներկայացուցչի համար:
3. Գործին մասնակցող նոր անձի ներգրավման դեպքում էլեկտրոնային գործի նյութերի հասանելիությունն ապահովվում է նաեւ նոր ներգրավված գործին մասնակցող անձի համար:
4. Գործին մասնակցող անձի՝ գործին մասնակցող անձանց կազմից դուրս գալու դեպքում տվյալ անձի հասանելիությունը էլեկտրոնային գործի նյութերին դադարեցվում է:
5. Գործին մասնակցող անձի ներկայացուցչի՝ վարույթից հեռացվելու դեպքում տվյալ ներկայացուցչի հասանելիությունը էլեկտրոնային գործի նյութերին դադարեցվում է:
6. Դատավարության մասնակից հանդիսացող վկայի, փորձագետի եւ թարգմանչի հասանելիության ծավալը գործի նյութերին որոշվում է գործը քննող դատարանի կողմից՝ Համակարգի միջոցով:
Հոդված 64.13. Էլեկտրոնային գործի շրջանառության հետ կապված առանձնահատկությունները
1. Էլեկտրոնային գործի (կամ դրա մասի) շրջանառությունը տարբեր դատարանների (այդ թվում՝ տարբեր ատյանների դատարանների) միջեւ կատարվում է Համակարգի միջոցով՝ ինքնաշխատ կամ դատարանի աշխատակազմի կողմից Համակարգի համապատասխան գործիքակազմն օգտագործելու եղանակով:
2. Դատարանը համարվում է էլեկտրոնային գործը ստացած՝ այն պահից, երբ իրեն Համակարգի միջոցով հասանելի են դառնում էլեկտրոնային գործի նյութերը:
3. Եթե գործին մասնակցող բոլոր անձինք Համակարգն օգտագործող անձինք են, ապա սույն օրենսգրքով սահմանված դեպքերում դատարանների միջեւ շրջանառվում է միայն էլեկտրոնային գործը:
4. Համակարգի եւ էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջեւ տվյալների փոխանցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:
Հոդված 64.14. Դատավարական ժամկետների հետ կապված առանձնահատկությունները
1. Դատավարական ժամկետը համարվում է պահպանված, եթե դատավարական փաստաթուղթը ներկայացվել է կամ այլ գործողությունը կատարվել է Համակարգի միջոցով՝ մինչեւ դատավարական ժամկետի վերջին օրվա ժամը 24.00-ն:»:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Բարձրագույն դատական խորհրդի՝ Համակարգի գործարկման մասին հայտարարության հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 64.13-րդ հոդվածի 4-րդ մասի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
2. Համակարգի եւ էլեկտրոնային տեղեկատվական այլ համակարգերի միջեւ տվյալների փոխանցման կարգը Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է սույն օրենքի 2-րդ հոդվածով լրացվող՝ Օրենսգրքի 64.13-րդ հոդվածի 4-րդ մասը ուժի մեջ մտնելուց հետո վեց ամսվա ընթացքում:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.
Վերջին տարիներին դատավարական օրենսգրքերում կատարված փոփոխությունների արդյունքում ընդլայնվեցին քաղաքացիական եւ վարչական դատավարություններում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, ներդրվեցին էլեկտրոնային գործիքներ դատավարությունը արագացնելու, գործերի քննության ողջամիտ ժամկետների առավել լիարժեք պահպանումը ապահովելու համար:
Սակայն, պետք է արձանագրել, որ ներկայումս առկա գործիքները բավարար չեն դատարանների ծանրաբեռնվածության թեթեւացման համար, եւ կարիք կա գործուն քայլեր կատարել վարչական եւ քաղաքացիական դատավարության օրենսդրության բարելավման, էլեկտրոնային արդարադատության միասնական կառավարման համակարգի ներդրման համար, որոնք էապես կնպաստեն Հայաստանի Հանրապետության դատաիրավական համակարգի զարգացմանը:
Պայմանավորված հասարակական հարաբերությունների առաջընթացով, դրանց շրջանակում թվային տեխնոլոգիաների ներդրմամբ եւ լայնորեն կիրառմամբ՝ օբյեկտիվորեն առաջ է գալիս նաեւ այդպիսի տեխնոլոգիաների եւ դրանցով պայմանավորված լուծումների օգտագործման անհրաժեշտությունն արդարադատության իրականացման համակարգի շրջանակներում:
Նշվածի հաշվառմամբ Կառվարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությամբ որպես ռազմավարական ուղղություն նախատեսվել է ստեղծել «Էլեկտրոնային դատարան» եւ «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգեր:
Կառավարության նույն որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 6-րդ նպատակի 7-րդ գործողությամբ նախատեսվել է մշակել էլեկտոնային արդարադատության գործիքների ներդրման հիման վրա Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտի նախագիծ: Գործողությունների ծրագրի 7-րդ նպատակի 3-րդ գործողությամբ նախատեսվել է մշակել էլեկտոնային արդարադատության գործիքների ներդրման հիման վրա Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նորմատիվ իրավական ակտի նախագիծ:
Ներկայումս գործարկվել է միայն «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի վճարման կարգադրության մոդուլը: Սակայն, դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ եւ մատչելի իրականացումն ապահովելու համար անհրաժեշտ է ստեղծել նաեւ Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակ (e-justice), որը իր մեջ կներառի քաղաքացիական եւ վարչական գործերով էլեկտրոնային մոդուլը:
«Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի քաղաքացիական եւ վարչական գործերով էլեկտրոնային մոդուլի մշակումը եւ ներդրումը հնարավորություն կտա քաղաքացիական եւ վարչական դատավարություններում իրականացվող մի շարք դատավարական գործողություններ կատարել էլեկտրոնային եղանակով, որի արդյունքում կբարձրանա վարույթի շրջանակներում իրականացվող դատական գործառույթների էլեկտրոնային եղանակով իրականցման տոկոսը, որը ներկայումս կազմում է մոտ 20 տոկոս:
Էլեկտրոնային եղանակով արդարադատության կազմակերպումը իրենից ենթադրում է տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման միջոցով Քաղաքացիական դատավարության եւ Վարչական դատավարության օրենսգրքերով սահմանված գործառույթների էլեկտրոնային եղանակով իրականացում: Այն առավելապես ուղղված է դատավարության մասնակիցների համար դատավարական գործողությունների իրականացման դյուրինացմանը՝ հնարավորինս քիչ ժամանակ եւ ռեսուրսներ ծախսելու միջոցով:
Էլեկտրոնային արդարադատությունը իրենից ենթադրում է դատավարության տարբեր գործընթացների էլեկտրոնային եղանակով կազմակերպման հնարավորության նախատեսում, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով գործերի վարում, փաստաթղթաշրջանառության ապահովում, դատական ծանուցումների կազմակերպում, ապացույցների ներկայացում եւ այլն:
Քաղաքացիական եւ վարչական դատավարություններում էլեկտրոնային արդարադատության հիմնական առավելություններից մեկն այն է, որ այն կարող է նպաստել դատական նիստերի ձգձգումների կրճատմանը եւ ողջամիտ ժամկետներում գործերի քննության ապահովմանը: Օրինակ, իրավական փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացումը կարող է վերացնել ֆիզիկական թղթային փաստաթղթերի անհրաժեշտությունը եւ նվազեցնել փաստաթղթերի մշակման եւ պահպանման համար անհրաժեշտ ժամանակը եւ ռեսուրսները:
Էլեկտրոնային գործավարությունը կարող է նաեւ նպաստել հնարավորին կարճ ժամկետում դատական գործի դատավարական փուլի, դատարանի գործողությունների եւ այլնի մասին հնարավորինս կարճ ժամանակահատվածում անհրաժեշտ տեղեկության ձեռքբերմանը:
Էլեկտրոնային դատավարության հասանելիությունը հնարավորություն է ստեղծում հեռակա կարգով հետեւել գործի ընթացքին, ինչը կարող է օգտակար լինել հատկապես այն անձանց համար, ովքեր ֆիզիկական, ֆինանսական կամ այլ սահմանափակումների պատճառով չեն կարող անձամբ ներկա լինել դատարանում:
Էլեկտրոնային գրառումները եւ սղագրությունները կարող են հեշտությամբ հասանելի լինել նաեւ գործին մասնակցող անձանց եւ հանրությանը, ինչը իր հերթին նպաստելու է դրանց թափանցիկության եւ հաշվետվողականության բարձրացմանը:
Շատ երկրներ քաղաքացիական կամ վարչական դատավարություններում այս կամ այն չափով ներդրել են արդարադատության էլեկտրոնային համակարգեր, ներառյալ էլեկտրոնային փաստաթղթերի ներկայացումը, գործերի կառավարումը՝ այդ թվում դատական նիստերին մասնակցություն՝ դատական նիստերի վիրտուալ դահլիճներում: Այս համակարգերը տարբերվում են իրենց շրջանակով եւ գործառույթներով, այնուամենայնիվ, դրանք ընդհանուր նպատակ ունեն՝ բարելավել դատավարության արդյունավետությունն ու մատչելիությունը նորարար տեխնոլոգիաների օգտագործման միջոցով:
Աշխարհի շատ երկրներում արդեն իսկ այս կամ այն չափով ներդրվել են արդարադատության էլեկտրոնային համակարգերը, մասնավորապես այդպիսի պետություններից են.
1) Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ բազմաթիվ նահանգային եւ դաշնային դատարաններում գործի ներկայացումը եւ քննությունը կազմակերպվում է էլեկտրոնային համակարգերի միջոցով: ԱՄՆ-ի տարբեր նահանգներում եւ դրանց իրավասություններում էլեկտրոնային արդարադատությունըան կիրառվում է ումը տարբեր կերպովէ, բայց ընդհանուր առմամբ այն դարձել է դատական գործընթացների արդյունավետության եւ մատչելիության բարձրացման կարեւոր գործիք:
ԱՄՆ-ում էլեկտրոնային արդարադատության հիմնական առանձնահատկություններից մեկը գրանցման եւ գործերի վարման էլեկտրոնային համակարգն է: Այս համակարգերը կողմերին հնարավորություն են տալիս փաստաթղթեր ներկայացնել եւ առցանց հետեւել իրենց գործերի ընթացքին: Շատ նահանգային եւ դաշնային դատարաններ ներդրել են դատավարական գործողությունների գրանցման եւ քննության էլեկտրոնային համակարգեր, որոնք, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, թույլ են տալիս խնայել ժամանակը եւ նվազեցնել ծախսերը ինչպես դատարանների, այնպես էլ դատական գործընթացում դատավարության մասնակիցների համար:
ԱՄՆ-ում էլեկտրոնային արդարադատության կարեւոր առանձնահատկություն է դատական գործընթացների հեռակա հասանելիությունը: Շատ դատարաններ օգտագործում են տեսակապի միջոցով դատական նիստերին մասնակցելու հնարավորությունը, որը թույլ է տալիս կողմերին մասնակցել դատական գործընթացներին՝ առանց դատարանի դահլիճում ֆիզիկապես ներկա լինելու: Սա հատկապես կարեւոր էր COVID-19 համաճարակի ժամանակ, քանի որ շատ դատարաններ ստիպված էին անցնել հեռավար դատավարության՝ մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար:
Այս առանձնահատկություններից բացի, ԱՄՆ-ում էլեկտրոնային արդարադատությունը ներառում է նաեւ դատական գործընթացների ընթացքում էլեկտրոնային ստորագրությունների եւ գրառումների օգտագործումը: Դաշնային եւ նահանգային օրենքները սահմանում են էլեկտրոնային ստորագրությունների եւ գրառումների վավերականությունը այնքան ժամանակ, քանի դեռ դրանք բավարարում են որոշակի պահանջներ, ինչպիսիք են դրանց ճշգրտությունն ու ամբողջականությունը ապահովող եղանակով ստեղծումն ու պահպանումը: Ընդհանուր առմամբ, էլեկտրոնային արդարադատությունը դարձել է կարեւոր գործիք Միացյալ Նահանգներում դատական գործընթացների արդյունավետության, մատչելիության եւ անվտանգության բարձրացման համար:
2) Կանադան, որի որոշ մարզային եւ տարածքային դատարաններում ներդրվել է դատական գործի գրանցման եւ գործերի քննության էլեկտրոնային համակարգեր: Որոշ դատարաններ թույլ են տալիս նաեւ էլեկտրոնային եղանակով իրականցնել մի շարք դատական գործընթացներ:
3) Միացյալ Թագավորությունը, որի որոշ դատարաններում, ներառյալ Բարձր եւ Վերաքննիչ դատարաններում, գործի ներկայացման եւ քննության էլեկտրոնային համակարգեր է ներդրել: Դատարանները թույլ են տալիս նաեւ ապացույցները ներկայացնել էլեկտրոնային եղանակով եւ դատավարության ընթացքին հետեւել հեռակա՝ համապատասխան համակարգ մուտք գործելով:
4) Սինգապուրը, որը ամբողջությամբ անցել է էլեկտրոնային արդարադատությանը: Այն իրենից ներկայացնում է դատական գործի էլեկտրոնային գրանցում, գործերի վարում, վիրտուալ լսումների կազմակերպում եւ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության ապահովում:
5) Ավստրալիան, որի որոշ նահանգային եւ դաշնային դատարաններում ներդրվել ենէ դատական գործերի էլեկտրոնային գրանցման եւ գործերի քննության համակարգեր:
ՀՀ դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարությամբ նախատեսված դատավարությունների թվայնացման հրամայականը եւ այդ նպատակով համապատասխան էլեկտրոնային համակարգերի մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներն անխուսափելիորեն հանգեցնում են որոշակի օրենսդրական փոփոխությունների եւ/կամ լրացումների կատարման անհրաժեշտության՝ դատավարությունների էլեկտրոնային եղանակով իրականացման հնարավորությունն օրենսդրական մակարդակով ապահովելու տեսանկյունից:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով (այսուհետ նաեւ՝ Նախագծեր) առաջարկվող իրավակարգավորումները նպատակ են հետապնդում թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը, նպաստել էլեկտրոնային գործիքների կիրառմամբ գործերի առավել արագ քննությանը, դատարանների եւ դատավարության մասնակիցների ռեսուրսների խնայմանը, քաղաքացիական ու վարչական գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովմանը:
Նախագծերով առաջարկվող օրենսդրական փոփոխությունները հիմնվում են հետեւյալ հայեցակարգային սկզբունքների վրա.
1) Էլեկտրոնային դատավարության համակարգերի ներդրումն ինքնին չի հանգեցնելու ավանդական դատավարությունների վերացմանը: Ողջամիտ է նախատեսել, որ առնվազն մոտակա մի քանի տարիների ընթացքում դատավարության ֆիզիկական անձ մասնակիցները պետք է հնարավորություն ունենան «ընտրել»՝ օգտագործել համապատասխան էլեկտրոնային համակարգերը, թե ոչ՝ հաշվի առնելով վերջիններիս կարգավիճակը, հնարավորությունները եւ գիտելիքների մակարդակը: Այսինքն՝ առնվազն մոտակա մի քանի տարիների ընթացքում դատավարության ավանդական կարգը նշված դեպքերում մեծամասամբ շարունակելու է գործել:
Այս առումով, հարկ է նշել, որ օրենսդրական փոփոխությունները եւ լրացումները ընթանալու են ոչ թե ներկայումս գործող դատավարական նորմերը փոփոխելու, այլ՝ Քաղաքացիական դատավարության եւ Վարչական դատավարության օրենսգրքերում նոր գլուխ՝ «Էլեկտրոնային եղանակով իրականացվող դատավարական եւ այլ գործողությունների առանձնահատկությունները» ներդնելու ճանապարհով:
2) Կատարվելիք լրացումները վերջնարդյունքում պետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով, պատշաճ կերպով եւ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով ներկայացված հայցադիմումները, դիմումները եւ բողոքները դատարանի կողմից քննության ընդունելու (վարույթ ընդունելու) հարցում առկա չլինեն ձեւական դատավարական խոչընդոտներ:
3) Կատարվելիք լրացումները (իրավանորմերը) վերջնարդյունքում պետք է ստեղծեն այնպիսի իրավիճակ, որ էլեկտրոնային համակարգի միջոցով, պատշաճ կերպով եւ համակարգի կողմից տրամադրվող գործիքակազմին համահունչ եղանակով կատարված ցանկացած գործողություն ունենա նույն դատավարական հետեւանքները, որը կունենար ավանդական եղանակով կատարված համանման գործողությունը:
4) Առաջարկվող լրացումներով մասնավորապես՝
1) սահմանվել է «էլեկտրոնային եղանակով վարվող գործ» հասկացությունը, ըստ որի «էլեկտրոնային վարվող գործը» իր մեջ ներառում է բոլոր այն փաստաթղթերը, որոնք ձեւավորվել են (ստեղծվել են) կամ ներկայացվել են համակարգի միջոցով, ինչպես նաեւ բոլոր այն փաստաթղթերի «սքանավորված» (scanned) տարբերակները, որոնք ներկայացվել են «ավանդական» եղանակով:
2) սահմանվել է, որ քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը գործը վարում է էլեկտրոնային եղանակով, բացառությամբ այն փաստաթղթերի (նյութերի), որոնք ստացվել են քաղաքացիական գործի շրջանակներում առնվազն մեկ անգամ Համակարգի միջոցով որեւէ գործողություն կատարած եւ հետագայում Համակարգից օգտվելու անհնարինության մասին գործը քննող դատարանին տեղյակ չպահած ֆիզիկական անձի կողմից կամ ուղարկվել են նրան, ինչպես նաեւ լրացվող գլխով նախատեսված այլ դեպքերում: Որպես այդպիսի դեպքեր կարող են նշվել, օրինակ, պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի ներկայացումը, կամ դատարանի պահանջով իրեղեն ապացույցի ներկայացումը:
3) Եթե գործին մասնակցող բոլոր անձինք գործի շրջանակներում օգտագործում են էլեկտրոնային համակարգը, ապա դատարանն իրավունք ունի որոշակի կազմակերպչական գործողությունների շրջանակ (օրինակ՝ դատական գործի ուղարկումը մեկ ատյանից մեկ այլ ատյան) կատարել միայն էլեկտրոնային եղանակով:
4) Անձը կարող է համարվել գործի շրջանակներում էլեկտրոնային համակարգն օգտագործող, եթե տվյալ գործի շրջանակներում էլեկտրոնային համակարգի միջոցով կատարել է առնվազն մեկ գործողություն եւ դրանից հետո չի ներկայացրել դիմում առ այն, որ իր մոտ առկա է էլեկտրոնային համակարգն օգտագործելու անհնարինության իրավիճակ: Ընդ որում, նախագծով հստակ սահմանվել է այն սուբյեկտների շրջանակը, ովքեր պետք է օգտագործեն էլեկտրոնային համակարգը, մասնավորապես իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերերը, պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները, գնումների հետ կապված վեճերով վարույթում պատասխանողները, ներկայացուցիչ հանդիսացող փաստաբանները, սնանկության գործով կառավարիչները, նոտարները, արտոնագրված հաշտարարները, ինչպես նաեւ (միայն վարչական դատավարությունում) վարչարարություն իրականացնող մարմինները, դրանց պաշտոնատար անձինք, նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների եւ գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք (բացի հայցվորից), դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ գործով հայցվորները, անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ գործին մասնակցող անձինք, հասարակական կազմակերպության ներկայացրած հայցով գործին մասնակցող անձինք, լիցենզիայի հետ կապված լիազոր մարմնի որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունները փաստի հիմքով վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործին մասնակցող անձինք, կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործով պատասխանողները, անհետաձգելի միջամտության որոշման բողոքարկման վարույթով պատասխանողները:
5) Նախագծերում հաշվի են առնվել հետեւյալ հանգամանքները.
1) դատավարական մի շարք պարտականություններ, որոնք կիրառելի են «ավանդական» եղանակով ընթացող դատավարություններում, չեն կարող կիրառելի լինել էլեկտրոնային եղանակով ընթացող դատավարություններում (օրինակ՝ այն պատճառով, որ այդ դատավարական պարտականություններն էլեկտրոնային համակարգն օգտագործելու դեպքում կատարվելու են ինքնաշխատ կերպով),
2) մի շարք դատավարական գործողությունների կատարումն էլեկտրոնային եղանակով տեխնիկապես անհնարին է:
6) Ի թիվս որոշ այլ դատավարական ինստիտուտների՝ կարգավորվել են հետեւյալ հարցերը.
- Դատավարական փաստաթղթերի ներկայացման եւ ուղարկման կարգը,
- Դատական ակտերի կայացման եւ ուղարկման կարգը,
- Դատական ծանուցումները եւ «պատշաճ ծանուցում» հասկացությունը,
- Պետական տուրքի վճարումները եւ պետական տուրքի «վճարումը հավաստող պատշաճ ապացույց» հասկացությունը,
- Ապացույցների ներկայացման կարգը եւ բնօրինակ հանդիսացող փաստաթղթերի կամ դրանց պատշաճ վավերացված պատճենների ներկայացման առանձնահատկությունները,
- Էլեկտրոնային ստորագրության կիրառման եւ դատավարական փաստաթղթերն ու դատական ակտերը պատշաճ ստորագրված եւ հաստատված համարելու վերաբերյալ կարգավորումները:
7) «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի նախագծով Բարձրագույն դատական խորհուրդը լիազորվել է սահմանել դատարաններում էլեկտրոնային համակարգի վարման եւ դրանից օգտվելու կարգը, այն էլեկտրոնային ֆայլերի ներկայացման կարգը, որոնք հնարավոր չէ դատարան ներկայացնել էլեկտրոնային համակարգի միջոցով, ծավալուն էլեկտրոնային ֆայլերի էլեկտրոնային եղանակով դատարան ներկայացնելու կարգը:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունումը հնարավորություն կընձեռի ստեղծել եւ ներդնել դատական միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որը կապահովի մի դատարանից մեկ այլ դատարան եւ միեւնույն ատյանի դատարանի նստավայրերի միջեւ գործի նյութերի էլեկտրոնային եղանակով փոխանցումը, ինչպես նաեւ կողմ-կողմ, կողմ-դատարան ծանուցման արդյունավետ համակարգի գործարկումը, որի արդյունքում հնարավոր կդառնա դատարան ապացույցներ ներկայացնելը, միջնորդություններ եւ դատավարական այլ գործողություններ կատարելն էլեկտրոնային եղանակով:
Էլեկտրոնային համակարգերի ներդրումը կնպաստի ժամանակի խնայմանը, ծախսերի նվազեցմանը ինչպես դատարանների, այնպես էլ դատավարության մասնակիցների համար:
4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից՝ ԵՄ «Թիրախային տեխնիկական օժանդակություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին աջակցելու համար» ծրագրի աջակցությամբ:
5. Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների եւ ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին.
Նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
Նախագծերը ընդունվելու դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում, մասնավորապես՝ Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին նպատակի 1-ին գործողության կատարման ապահովման համար նախատեսվող ֆինանսավորման չափը կազմելու է շուրջ 500 մլն. ՀՀ դրամ, իսկ ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու վարկային կամ դրամաշնորհային միջոցները:
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2023 թվականի համար փոստային կապի ծառայության գծով բյուջեի չափը կազմել է 1.018.296.700 ՀՀ դրամ: Սակայն հստակ գումարի չափ, որն ակնկալվում է տնտեսել նախագծերի ընդունման դեպքում՝ փոստային կապի ծառայության գծով, հնարավոր չէ նշել, քանի որ հստակ չէ թե գործերի քանի տոկոսի դեպքում կկիրառվեն էլեկտրոնային արդարադատության գործիքները, կամ քանի տոկոսը կկազմեն Համակարգն օգտագործող անձինք:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծերի ընդունումը բխում է 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ Կառվարության որոշման Հավելված 1-ով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից, որտեղ որպես ռազմավարական ուղղություն նախատեսվել է ստեղծել «Էլեկտրոնային դատարան» եւ «Էլեկտրոնային արդարադատություն» միասնական կառավարման համակարգեր:
Նախագծերի ընդունումը բխում է նաեւ Կառավարության նույն որոշման Հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 6-րդ նպատակի 7-րդ եւ 7-րդ նպատակի 3-րդ գործողություններից, որով նախատեսվել է մշակել, ներդնել եւ գործարկել «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի քաղաքացիական եւ վարչական գործերով էլեկտրոնային մոդուլը:
Բացի այդ, Նախագծերի ընդունումը բխում է նաեւ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշումից, մասնավորապես, նշված որոշման Հավելված 1-ի Արդարադատության նախարարության թիվ 4-րդ կետով նախատեսված («Էլեկտրոնային արդարադատության միասնական հարթակի (e-justice.am) մշակում եւ ներդնում») միջոցառումից:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» սահմանադրական, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» եւ «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում չի նախատեսվում:
Նախագծերն ընդունվելու դեպքում նախատեսվում է պետական բյուջեի ծախսերի ավելացում, մասնավորապես՝ Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի N 1133-Լ որոշման հավելված 2-ով հաստատված Հայաստանի Հանրապետության դատական եւ իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունից բխող գործողությունների ծրագրի 1-ին նպատակի 1-ին գործողության կատարման ապահովման համար նախատեսվող ֆինանսավորման չափը կազմելու է շուրջ 500 մլն. ՀՀ դրամ, իսկ ֆինանսավորման աղբյուր են հանդիսանալու վարկային կամ դրամաշնորհային միջոցները:
Միաժամանակ հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2023 թվականի համար փոստային կապի ծառայության գծով բյուջեի չափը կազմել է 1.018.296.700 ՀՀ դրամ: Սակայն հստակ գումարի չափ, որն ակնկալվում է տնտեսել նախագծերի ընդունման դեպքում՝ փոստային կապի ծառայության գծով, հնարավոր չէ նշել, քանի որ հստակ չէ թե գործերի քանի տոկոսի դեպքում կկիրառվեն էլեկտրոնային արդարադատության գործիքները, կամ քանի տոկոսը կկազմեն Համակարգն օգտագործող անձինք:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալՀայաստանի Հանրապետության կառավարության որոշում